Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:Կոնվերս Բանկից հայտնել են, որ թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5% է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:Պարտատոմսեր գնել հնարավոր է նաեւ Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» եւ հետեւելով հրահանգներին:«Ուրախ ենք հայտարարել բանկի նոր B2B եւ B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաեւ նշել այս գործընթացի կարեւորությունը բորսայական առեւտրի աշխուժացման եւ կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարեւոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:«Եվրոթերմ» ընկերությունում նշել են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների եւ կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաեւ ընկերության կազմաիրավական ձեւի փոփոխությանը:«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասել է, որ ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։ «Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը եւ նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության եւ մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»,- ասել է նա: Նշվում է, որ տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2837