Կապիտալի շուկայում հարկային արտոնություններն ու բիզնեսի հնարավորությունները

25.02.2020 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Նաիրա Մարգարյան #ՖԻՆԱՐՄ #կապիտալի շուկա
Հայաստանում ԱՄՆ առեւտրի պալատը եւ ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիան ԱՄՆ առեւտրի պալատի անդամների համար անցկացրել են «Հարկային արտոնություններ կապիտալի շուկայում. նոր հնարավորություններ բիզնեսի համար» թեմայով աշխատանքային հանդիպում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպմանը տեղեկացրել է, որ կազմվել եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային ծրագիրը։

«Այն ճանապարհային քարտեզի ձեւաչափով անդրադառնում է արձանագրված խնդիրներին եւ դրանց հավանական լուծումներին՝ առանձին-առանձին»,- նշել է փոխնախարարը:


Նա թվարկել է ծրագրի հիմքում որպես առաջնահերթություն ընկած նպատակները՝ տնտեսության իրական հատվածում ներդրումային գործունեության ակտիվացում, ավելի թափանցիկ կառավարման մշակույթի զարգացում, Հայաստանի բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ ֆինանսական շուկայի գործիքների կիրառության միջոցով (տնտեսությունում ստեղծվող ավելացված արժեքի բաշխման հարթեցում)։

Փոխնախարարը կարեւորել է կապիտալում ներդրումների եւ կապիտալի շուկայի օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացումը:

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ այս ուղղությամբ լուրջ խթան է օրենքի վերջին փոփոխությունը, որի համաձայն՝ 2024-ի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ ցուցակված արժեթղթերի դիմաց ստացված եկամուտները ազատված են եկամտահարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։

«Օրենքի այս  փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա մարտի 1-ից, առանցքային նշանակություն ունի արժեթղթերի շուկայի կայացման համար, որի շնորհիվ ձեռնարկությունները կարող են ազգաբնակչությունից ուղիղ խնայողություններ ներգրավել»,- ասել է փոխնախարարը:


ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանն էլ մանրամասն ներկայացրել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները եւ հարկային արտոնությունները բաժնետոմսերի եւ պարտատոմսերի համար:


Հայաստանի արժեթղթերի բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանն անդրադարձել է բորսայի գործունեությանը եւ հեռանկարներին, նաեւ իր հերթին պարզաբանել, թե փոփոխված օրենսդրությամբ ինչպես կարելի է ստանալ հարկային արտոնություններ:
Դիտում՝ 3743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW