Կարեն Զաքարյան. ՖԻՆԱՐՄ-ը նոր որակ ու շունչ կհաղորդի կապիտալի շուկային

14.01.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Կարեն Զաքարյան #ՖԻՆԱՐՄ
2018թ. վերջին Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծվեց նոր կառույց՝ ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիան, որը նպատակ ունի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել շուկայի մասնակիցներին հուզող խնդիրների բարձրաձայնումն ու դրանց հետեւողական լուծմանն ուղղված ջանքերը։

Կառույցի ստեղծման նախադրյալների, նպատակների եւ ֆինանսական շուկայի զարգացման գործում ունեցած դերի մասին Banks.am-ը զրուցել է ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԵՍ Արմենիա»-ի նախկին փոխտնօրեն Կարեն Զաքարյանի հետ:

- Պրն Զաքարյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս առաջացավ ՖԻՆԱՐՄ ասոցիացիան ստեղծելու գաղափարը:

- Կապիտալի կամ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա ստեղծելու գաղափարը, ինչպես ասում են, օդում սավառնում էր երկար տարիներ, սակայն, ինչպես հաճախ է լինում, պակասում էր վերջին վճռական քայլը:

2018-ին մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները եւս մեկ անգամ հուշեցին, որ փոփոխություններ կատարելը բոլորիս գործն է եւ պետք չէ ձեռքերը ծալած անվերջ սպասել, թե երբ են կառավարությունն ու պատկան մարմինները երկիրը շենացնելու։

Հայաստանի ֆինանսական շուկայում կան մասնագիտական լուրջ գիտելիքներ ու փորձ ունեցող մասնագետներ, որոնք, գուցե, չհամաձայնեն աշխատել պետական օղակներում՝ նաեւ համեմատաբար ցածր աշխատավարձերի պատճառով, սակայն իրենց գիտելիքներն ու պոտենցիալը չօգտագործելը, այդ թվում՝ պետական քաղաքականության մշակման ընթացքում, հանցավոր շռայլություն կլիներ մեր պետության համար։ ՖԻՆԱՐՄ-ի նպատակը նաեւ իր անդամների կազմում առկա այդ պոտենցիալը երկրի զարգացմանը ծառայեցնելուն նպաստելն է։

Ընդհանուր առմամբ, ասոցիացիան մտադիր է խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումների, նոր գործիքների ու մեխանիզմների ներդրումը եւ բարձրացնել հանրության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը:

- Ովքե՞ր են անդամակցում ասոցիացիային:

- Մենք միավորում ենք ֆինանսական շուկայի բոլոր հատվածները եւ, ըստ էության, ֆինանսական շուկայի ամենաներկայացուցչական կառույցն ենք:

Ասոցիացիայի կազմում են բանկեր, ներդրումային ընկերություններ, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքները ներկայացնող ընկերություններ, ինստիտուցիոնալ այլ ներդրողներ, որոնք, իրենց հերթին, ներառում են հետեւյալ կարգավիճակներով շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների՝ պետական պարտատոմսերի շուկայի գործակալներ, կորպորատիվ արժեթղթերի շուկա ստեղծողներ, արժեթղթերի տեղաբաշխողներ, հրապարակայնորեն վաճառվող բաժնետոմսերի եւ պարտատոմսերի թողարկողներ, ֆոնդային բորսա, կենտրոնական դեպոզիտարիա։

Առաջիկայում ակնկալում ենք, որ այս կազմը կընդլայնվի եւ կներառի նաեւ ֆոնդի կառավարիչներ: Միաժամանակ, ձգտելու ենք ունենալ հայաստանյան շուկայով հետաքրքրված օտարերկրյա անդամներ։

Մեր նպատակների թվում է ակտիվ համագործակցությունն այլ ասոցիացիաների, օրինակ՝ Հայաստանի բանկերի միության հետ, եւ չի բացառվում, որ ապագայում հանդես գանք համատեղ որոշ նախաձեռնություններով։

Համագործակցության ահռելի ներուժ ենք տեսնում նաեւ ՏՏ ոլորտի, մասնավորապես՝ ԱՏՁՄ-ի հետ: Այս դեպքում գործակցությունը կարող է վերաբերել, օրինակ, ֆինտեխ ոլորտին։

Կարեն Զաքարյանը

- Կխնդրեի մի փոքր բացել փակագծերը. կոնկրետ ի՞նչ խնդիրներով է զբաղվելու ասոցիացիան առաջիկայում:

- Մեր երկրում կան խնդիրներ, որոնք, երկար տարիներ չլուծվելով եւ մոռացվելով, վերածվել են «ծախսի»։ Մենք այդ «ծախսերը» կատարում ենք եւ արդեն չենք էլ հիշում, թե ինչու։ Դրանք դարձել են անարդյունավետ գործարար սովորույթ, ներծծվել համակարգի աշխատող մեխանիզմի մեջ ու դանդաղեցրել դրա զարգացումը:

Մենք վեր ենք հանելու այդ խնդիրները, մաքրելու ենք դրանց տարիների փոշին ու ժանգը, առաջարկելու ենք արդյունավետ եւ, ըստ հնարավորության, նորարարական, երբեմն էլ՝ ոչ ստանդարտ լուծումներ եւ, որ ամենակարեւորն է՝ ակտիվորեն մասնակցելու ենք այդ լուծումների ներդրմանը։

- Իսկ կարո՞ղ եք Ձեր նշած խնդրի մեկ օրինակ բերել։

- Օրինակ, չի կարող շուկան զարգանալ, եթե դրա ամենաակտիվ մասնակիցները ոչ բավարար հարմարավետ պայմաններում են։ Խոսքը, մասնավորապես, շուկա ստեղծողների կամ մարքեթ-մեյքերների մասին է: Դրանք շուկայի այն խաղացողներն են, որոնք պարտավորություն են ստանձնել անընդհատ երկկողմանի առքի եւ վաճառքի գնանշումներով իրացվելիություն ապահովել շուկայում։

Այստեղ մի կողմից՝ կան տրամաբանական պահանջներ այդ գնանշումների նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ չկան համապատասխան տեխնոլոգիական լուծումներ, որպեսզի օգնեն շուկա ստեղծողներին վերահսկել իրենց կողմից այդ պահանջների պահպանումը։

21-րդ դարում այդպիսի մեխանիկական աշխատանքը թողնել որակավորված թրեյդերների վրա եւ նրանց պահել աշխատանքային լարվածության մեջ՝ պարզապես անթույլատրելի է եւ վատնում է այդ մասնագետների ժամանակը։

Մենք մտադիր ենք մշակել այս խնդրի տեխնոլոգիական լուծումը՝ ծրագրային մոդուլի տեսքով, եւ այն տրամադրել մեր անդամներին՝ միաժամանակ օգնելով, որպեսզի իրենց թրեյդերների ժամանակն ավելի ստեղծագործական ու իրապես որակավորում պահանջող աշխատանքների կատարմանն ուղղեն։

Եվ այս խնդիրը միակը չէ։

- Պրն Զաքարյան, ներկայացված խնդիրների լուծումներից բացի, կա՞ն արդյոք զարգացման այլ նախաձեռնություններ։

- Այո։ Մեզ պետք է ամեն կերպ խթանել ներքին ներդրումները եւ շատ ուրախացնող է, որ իշխանության ներկայացուցիչները այս մասին պարբերաբար խոսում են։

Մենք մտադիր ենք գործնական աջակցություն ցուցաբերել այս հարցում մեր կառավարությանը եւ պատրաստվում ենք մշակել, այսպես կոչված, «անհատական ներդրումային հաշիվների» հայեցակարգ, որը որոշակի բարենպաստ ռեժիմի սահմանման պարագայում բավական գրավիչ կդառնա մեր ֆիզիկական անձ պոտենցիալ ներդրողների համար եւ գրագետ մարքեթինգային քաղաքականության կիրառմամբ թույլ կտա ունենալ մանրածախ ներդրողների կայուն բանակ, ինչն էլ զգալիորեն կաշխուժացնի կապիտալի շուկան։ Սա, իր հերթին, վստահություն կներշնչի մեր բիզնեսին, որ կապիտալի շուկա մուտք գործելու պարագայում իրենց արժեթղթերը գնորդներ կունենան եւ մենք դուրս կգանք հավի եւ ձվի պատմություն հիշեցնող՝ ներքին ներդրումների բացակայության սկզբնապատճառի փնտրտուքի անվերջանալի ցիկլից։

Իհարկե, այս նախաձեռնությունը բոլոր հարցերը չի լուծի, սակայն հնարավորություն կտա նոր որակ ու շունչ հաղորդել կապիտալի շուկային։

Մենք վերջին տարիներին, շնորհիվ Կենտրոնական բանկի գրագետ եւ խթանող քաղաքականության, ականատես ենք լինում բանկային հատվածի կողմից պարտատոմսերի թողարկման իսկական բումի։ Սա հրաշալի օրինակ է բոլորին բացատրելու եւ ապացուցելու, որ մեր բիզնեսը բավական խելամիտ է արձագանքում կարգավորման դաշտի կողմից տրվող հստակ ազդակներին եւ պատրաստ է տրանսֆորմացնել իր գործունեությունը նոր պահանջներին բավարարելու համար, եթե դա իր համար շահավետ է։

Կարեն Զաքարյանը

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է շահավետ դարձնենք բարեխիղճ տնտեսավարությունն ու թափանցիկ գործելաոճը, եւ պետությունը կարող է դրա հստակ ազդակները տալ բիզնեսին, մասնավորապես, հետեւյալ քայլերով.

-    Կորպորատիվ կառավարման եւ թափանցիկության ստանդարտներ ներդրած ընկերությունների համար նախատեսել կարգավորման եւ վերահսկողության ավելի մեղմ ռեժիմ եւ այլ հավասար պայմանների դեպքում, օրինակ, պետական գնումներում նախապատվություն տալ այդպիսի ընկերություններին:

-    Հրապարակային վաճառվող եւ բորսայում շրջանառվող բաժնետոմսերի դիմաց վճարվող դիվիդենտներն ազատել հարկերից, քանի որ այդ ընկերություններն ի հաշիվ իրենց շահույթի հավելյալ ծախսեր են կատարում թափանցիկության ապահովման համար:

-    Վերացնել պետական եւ ոչ պետական պարտատոմսերի միջեւ գոյություն ունեցող արհեստական տարբերությունը եւ ոչ պետական պարտատոմսերի գծով վճարվող տոկոսագումարները նույնպես ազատել եկամտահարկից:

-    Ֆինանսական միջնորդություն ենթադրող բրոքերային եւ նմանատիպ ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից, որը ներդրվել է 2018-ին եւ չնչին եկամուտներ է ապահովել պետբյուջեին՝ ահռելի անարդյունավետ բեռ դառնալով շուկայի համար եւ նվազեցնելով ներդրողներ ներգրավելու մեր մրցակցային առավելությունները:

-    Հանքարդյունաբերության նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով սահմանել բաց բաժնետիրական ընկերություն լինելու/դառնալու եւ հայաստանյան բորսայում ցուցակվելու պահանջ՝ միաժամանակ սահմանելով, որ բաժնետոմսերի առնվազն 30%-ը պետք է պատկանի հանրությանը (free float), հակառակ պարագայում՝ շեշտակի ավելացնելով հարկային բեռը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ընդերքը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ուղղակիորեն մաս կազմել իր սեփականության շահագործումից ստացվող օգուտներին՝ այդ թվում շահագործող ընկերության բաժնետեր դառնալով։ Սա նաեւ հնարավորություն կտա ունենալ ավելի պատասխանատու եւ թափանցիկ հանքարդյունաբերություն։

Մեր առաջարկներն այսքանով չեն սահմանափակվում: Այս եւ այլ հարցերը կքննարկենք պետական կառավարման մարմինների մեր գործընկերների հետ եւ հուսով ենք, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

- Այս համատեքստում, Ձեր կարծիքով, ո՞րն է ՖԻՆԱՐՄ-ի դերը ֆինանսական շուկայի զարգացման գործում:

- Մեր ֆինանսական համակարգի բանկային հատվածը բավականին զարգացած եւ կայունության պաշար ունեցող սեգմենտ է, որն իր բացառիկ կայունությունն ապացուցեց նաեւ հեղափոխության օրերին՝ դիմակայելով բավական լուրջ ծանրաբեռնվածության։

Այժմ ժամանակն է զարգացնել ֆինանսական համակարգի ոչ բանկային հատվածը եւս՝ կապիտալի շուկան եւ ֆինանսական շուկայի այլ հատվածները, որպեսզի մեր տնտեսական զարգացումը տեղի ունենա հավասարակշռված եւ առանց դեֆորմացիաների։

Պետության ամրության համար անհրաժեշտ է նաեւ կազմակերպված եւ ինստիտուցիոնալ կառույցների աջակցությունը, որին ուղղված կոչերը վերջերս ավելի հաճախ են հնչում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից։

Կարող ենք համարել, որ ՖԻՆԱՐՄ-ի ստեղծմամբ եւս մեկ սյուն ավելացրինք մեր տուն-հայրենիքի պատերին, որը կօգնի ավելի ամուր պահել մեր պետականության տանիքը։

Կարեն Զաքարյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 48361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW