Ինեկոբանկը 2018թ. նոյեմբերի 15-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել $5 մլն-ի եւ 1,5 մլրդ դրամի 3 տարեկան արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։ Բանկում նշել են, որ պարտատոմսերի արժեկտրոնը կազմում է 5,25%՝ դոլարի եւ 9,75%՝ դրամի համար։2-րդ եւ 3-րդ թողարկման պարտատոմսերի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է 100 դոլար եւ 10 000 դրամ։ Արժեկտրոնների վճարումը կկատարվի կիսամյակային պարբերականությամբ՝ 6 վճարմամբ։«Պարտատոմսերի թողարկմամբ բանկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց ներդրումները դիվերսիֆիկացնելու, ինչպես նաեւ ավելացնելու եկամուտները` օգտվելով ոչ միայն ավանդային կամ խնայողական հաշիվներից, այլեւ`պարտատոմսերից»,- ասված է հաղորդագրությունում։ «Պարտատոմսն ազատ միջոցների ներդրման բավականին ճկուն գործիք է, ինչը ցանկացած պահի հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում եւ, ի տարբերություն այլ ներդրումային գործիքների, որոնց դեպքում ժամկետից շուտ մարումը ենթադրում է կուտակված տոկոսների վերահաշվարկ, ապահովել ընթացիկ շուկայական եկամտաբերությունը։ Պարտատոմսի արժեկտրոնային եկամուտը էականորեն բարձր է բանկի կողմից առաջարկվող այլ գործիքներից, այս առավելությունները անհամեմատ գրավիչ են դարձնում դրանք։ Պարտատոմսերը ցուցակվելու են բորսայում եւ ունենալու են մարքեթ մեյքեր, որը պարտավորվում է ապահովել պարտատոմսի առքն ու վաճառքը պարտատոմսի շրջանառության ամբողջ ընթացքում»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։ Նա հիշեցրել է, որ Ինեկոբանկը կապիտալի շուկա իր մուտքն ազդարարել էր հունիսին թողարկված դոլարային պարտատոմսերով, որոնք այժմ ցուցակված են եւ շրջանառվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում։ «Երկու նոր թողարկումները գալիս են ապահովելու մեր հաճախորդների կողմից ներկայացված պահանջարկը, քանի որ եղան հաճախորդներ, որոնք չհասցրեցին ներդրում կատարել մեր կողմից թողարկված առաջին տրանշում, ինչպես նաեւ հարցումներ ստացանք դրամային պարտատոմսերի մասին»,- հավելել է Հայկ Ոսկանյանը:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում: Նախատեսվում է տեղաբաշխումը ավարտել 2019թ. փետրվարի 15-ին։«Ծրագրային ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ թղթային տարբերակները ներդրողները կարող են ձեռք բերել՝ այցելելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք.Երեւան, Թումանյան 17 հասցեով»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 4987