Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) օֆշորային հայկական դրամային պարտատոմսերի նոր թողարկումից ստացել է 2,66 մլրդ դրամ (մոտ $5,4 մլն): ԱԶԲ-ում նշել են, որ գործարքը ձեւակերպվել էր որպես 5-ամյա ֆիքսված փոխարժեք ունեցող պարտատոմս, որի մարման ժամկետը 2023թ. ապրիլն է:Այս գործարքը ԱԶԲ-ի առաջին դրամահավաքն է հայկական դրամով, եւ ԱԶԲ-ի՝ զարգացող երկրներում տեղական արժույթով ֆինանսավորման ռազմավարության եւս մեկ կարեւոր քայլ է:«Արտարժութային ռիսկը միշտ մարտահրավեր է զարգացող երկրների վարկառուների համար,- ասել է ԱԶԲ-ի գանձապետ Պիեր Վան Պետեգեմը: -Հայկական դրամով պարտատոմսերի առաջին թողարկումը հնարավորություն կտա ԱԶԲ-ին Հայաստանում տեղական արժույթով վարկեր տրամադրել՝ միեւնույն ժամանակ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ եւ աջակցելով հայկական կապիտալի շուկայի զարգացմանը»:Հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի համար վճարման արժույթը դոլարն է, եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ հանրային սահմանափակ ընկերությունը՝ որպես միանձնյա կառավարիչ, երաշխավորել է դրանք: Նոր թողարկումն ունի 7,2392% կիսամյակային տոկոսադրույք: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ներդրողների միջեւ Եվրոպայում:Պարտատոմսերից ստացվող եկամուտները կուղղորդվեն Հայաստանում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող՝ տեղական արժույթով վարկավորմանը: 2017թ. ԱԶԲ-ն Հայաստանում վարկերի տեսքով տրամադրել է $40 մլն պետությանը եւ $86 մլն՝ մասնավոր հատվածին: Tweet Դիտում՝ 4934