2014 թվականի դեկտեմբերի 9-ին Արդշինբանկը առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում եւ ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ: Արդշինբանկը տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման Գլխավոր Տեղաբաշխողը: Moody's վարկանշային գործակալությունը Արդշինբանկի պարտատոմսերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի եւ Clearstream-ի համակարգերում: Պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են բանկի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայնմանը:«Մենք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է պարտատոմսեր տեղաբաշխել միջազգային կապիտալի շուկաներում: Սա կարեւոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլեւ մեր երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գտնել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզի» վրա», - ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 28609