Զորիկ Ղարիբյան. «Իմ գինիների էությունը դրանց հայկական արմատների մեջ է»

22.08.2014 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեր այցելությունը Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերություն համընկավ խորհրդանշական իրադարձության հետ. ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը որդու եւ օտարերկրյա լրագրողների ուղեկցությամբ օրեր առաջ նվաճել էին Արարատ լեռան գագաթը: «Վերադարձ դեպի արմատներ» անվանումը կրող արշավի հիմնական նպատակն էր յուրովի ներկայացնել «Զորահ»-ի գինու նոր՝ «Երազ» տեսականին, որի մուտքը շուկա սպասվում է արդեն հաջորդ տարի:


Լուսանկարը՝ Զորիկ Ղարիբյանի անձնական արխիվից

Զորիկ Ղարիբյանը ծնվել է Թեհրանում, 1980 թ-ին տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, 1984-ից բնակվում է Միլանում: Առաջին ծանոթությունը Հայաստանի հետ կայացել է 1998 թ-ին, ինչն էլ առիթ է հանդիսացել վերանայելու Իտալիայում գինեգործությամբ զբաղվելու նրա սկզբնական մտադրությունը:

Հայաստանում գործունեություն ծավալելու շարժառիթների եւ գինեգործության ոլորտում հաջողության հասնելու սեփական փորձի մասին Զորիկ Ղարիբյանը պատմել է Banks.am-ին տված հարցազրույցում:

 - Բնակվելով գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Իտալիայում՝ Դուք, այնուամենայնիվ, որոշում կայացրեցիք զբաղվել գինու արտադրությամբ Հայաստանում: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը, եւ որքանո՞վ եք այն այսօր արդարացված համարում:

- Սերը գինու նկատմամբ ծագել էր Իտալիայում: Տարիներ շարունակ, որպես գինու մեծ սիրահար, Իտալիայի տարբեր շրջաններում մասնակցել եմ գինուն նվիրված բազմաթիվ միջոցառումների: Բայց սրտիս խորքում միշտ Տոսկանան է եղել, որտեղ էլ նախատեսում էի հիմնել գինու արտադրությունը:

Պատմական հայրենիքում աշխատելու հուզական պահը, բնականաբար, մեծ դեր է խաղացել, սակայն որոշում կայացնելու հարցում որոշիչ էին նաեւ մասնագիտական հիմնավորումները: Վայոց Ձորի ընտրությունը միանգամից չեղավ՝ մոտ 3 տարի մանրամասն ուսումնասիրել եմ Հայաստանի տարբեր շրջաններ եւ, ի վերջո, կանգ առել Ռինդ գյուղի վրա: Վերջինիս աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, հողի որակը մանրակրկիտ ձեւով ուսումնասիրվել են Միլանի եւ Ֆլորենցիայի համալսարանների համապատասխան մասնագետների կողմից: Հետազոտությունների վերջնական եզրակացությունը վկայում էր, որ ընտրված է շատ ճիշտ տեղ, ընդ որում՝ համաշխարհային մասշտաբով: Հիմքերը կային, մնում էր անձնական մոտեցումը. կամ դու կարող ես ստանալ լավ գինի, կամ ոչ:

Սեփական հումքով ապահովված լինելու նպատակով գնեցի 40 հեկտար հողատարածք, անմիջապես դրա հարեւանությամբ հիմնեցի գինու արտադրամասը: Բավական երկար ժամանակ պահանջվեց «Արենի» խաղողի ընտանիքի սորտերի հետազոտությանը, որոնք իրենց որակային հատկանիշներով կհամապատասխանեին համաշխարհային բարձր նիշին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում գործունեություն ծավալելու որոշումն արդարացված եմ համարում, քանի որ այստեղ մեծ ներուժ կա, առաջին հերթին՝ պայմանավորված խաղողի բնիկ հայկական սորտերի առկայությամբ: Իսկ ամենից մեծ ներուժը մեր 6000 տարվա գինեգործության պատմությունն է: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է Հայաստանին եւ հայությանն ուղղված քայլ անի: Ի վերջո, իմ գինիների էությունն ու գաղափարը դրանց հայկական արմատների մեջ են:

- Արդյո՞ք միայն այդ «արմատների» շնորհիվ է, որ Ձեզ հաջողվում է մուտք գործել գերհագեցած արտաքին շուկաներ եւ ներկայացնել «Զորահ»-ի արտադրանքը որակյալ գինուն քաջատեղյակ օտարերկրյա սպառողներին:

- Ցավոք սրտի, երկրների մեծ մասում, որտեղ վաճառվում է «Զորահ»-ի գինին, Հայաստանը ճանաչված չէ՝ թե իր գինեգործության հարուստ պատմությամբ, թե, ընդհանրապես, որպես երկիր: Արտասահմանցի սպառողների համար արմատները որեւէ նշանակություն չունեն, ուստի մեր արտադրանքն ուղղված է գինու մեծ սիրահարներին, որոնց համար գլխավորը որակն է: Իսկ նրանք մշտապես փնտրտուքի մեջ են՝ նոր ու որակյալ գինի վայելելու առումով:

Եվ բնական է, որ մեր ուշադրության կենտրոնում միշտ եղել եւ մնում է որակը: Առաջին արտադրանքը շուկա հանեցինք 2012 թ-ին, դա 2010-ի բերքի գինին էր՝ «Զորահ կարասի արենի նոյրը»: Շատ պարտավորեցնող է, որ մեր առաջին իսկ արտադրանքը մեծ գնահատանքի արժանացավ. Bloomberg-ի վարկածով այն տեղ գտավ աշխարհի լավագույն գինիների տասնյակում:

Այսօր «Զորահ կարասի արենի նոյր» գինին վաճառվում է Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բելառուսում, Լիտվայում: Հաջորդ տարվանից պատրաստվում ենք արտահանել Ավստրալիա եւ Գերմանիա: Արտասահմանցի գործընկերների հետ անձամբ եմ աշխատում, պարտադիր ներկա եմ գտնվում տվյալ երկրում, տեղում ծանոթանում վաճառքի պայմաններին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Մտադրություն չունե՞ք «Զորահ» բրենդն ավելի ճանաչելի դարձնել տեղացի սպառողների շրջանում:

- Արդեն այս տարվանից համեմատաբար ավելի մեծ ներկայություն կապահովենք Հայաստանում: Մեծամասամբ սա պայմանավորված է տեղական սպառողների կողմից եկող ազդակներով: Միեւնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ մենք մասսայական գինի չենք արտադրում, մեր նպատակն է գրավել սիրահարներին, ովքեր գնահատում են լավ գինին: Մեր արտադրանքը դասվում է այսպես կոչված բուտիկ գինիների շարքին, որոնց տարեկան արտադրական ծավալները, որպես կանոն, չեն գերազանցում 150 000 շիշը: Այսօր «Զորահ»-ի ծավալները կազմում են 40-50 հազար շիշ: Մեր ունեցած ծրագրով նախատեսում ենք հասցնել այդ ցուցանիշը տարեկան 100 հազարի:

Մեր գլխավոր մոտեցումն է ավելացնել ծավալները՝ պահպանելով բարձր որակը: Ամեն ինչը քայլ առ քայլ ենք անում, շատ կամաց ենք առաջ գնում: Գինեգործության մեջ առաջին 200 տարին է դժվար, հետո հեշտանում է (ծիծաղում է – հեղ.): Բիզնեսի տեսանկյունից արածս կարճաժամկետ կտրվածքով կարող է եւ շոշափելի արդյունք չտալ, բայց, համոզված եմ, երկարաժամկետ ապագայում այս մոտեցումն արդարացված կլինի թե ինձ համար, թե Հայաստանի՝ աշխարհի քարտեզի վրա ներկայանալով որպես որակյալ գինի արտադրող երկիր:


Զորիկ Ղարիբյանը որդու հետ
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Միջազգային դասակարգման մեջ ո՞ր գնային դասին են դասվում Ձեր գինիները, եւ կիրառո՞ւմ եք արդյոք այս հարցում տարբերակված մոտեցում տեղական եւ արտասահմանյան շուկաների համար:

- Վերջին հաշվով գինը շուկան է որոշում, եւ գինու թանկ կամ էժան լինելը շատ հարաբերական է: Այսպես, «Զորահ կարասի արենի նոյր» գինու գործարանային գինը շուրջ 50 դոլար է՝ ընդ որում թե տեղացի, թե արտասահմանցի մեր գործընկերների համար: Սակայն, շատ շուկաներում այդ գինը անկախ մեզանից ավելանում է: Մեր գնային քաղաքականության հիմքում այն մոտեցումն է, որ արտադրողի համար շատ կարեւոր է պահել գինը նույն մակարդակի վրա՝ չավելացնելով այն:

Ինչ վերաբերում է մեր նոր՝ 3 տարի հնեցում ունեցող «Երազ» տեսականուն, որի վրա աշխատում ենք 2 տարի եւ եւս 1 տարվա աշխատանք ունենք, ապա այն՝ դասվելով թոփ գինիների շարքին, շատ ավելի թանկ է լինելու: Զուգահեռաբար աշխատում ենք նաեւ սպիտակ գինու արտադրության ուղղությամբ, որը նախատեսում ենք ներկայացնել շուկայում 2016 թ-ին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Հայաստանում Ձեր հիմնական թիմակիցները՝ խաղողագործն ու գինեգործը, իտալացի են: Իսկ ի՞նչ կարծիք եք կազմել հայ մասնագետների մասին:

- Նախքան թիմակից լինելը, իրենք իմ հին ընկերներն են, կողքիս ես եղել այս գործը սկսելու առաջին իսկ օրվանից, երբ քչերն էին հավատում մեր հաջողությանը: Շատ պահեր են լինում, երբ զգում եմ, որ իրենք շատ ավելի են սիրահարված «Զորահ»-ին, քան ես (ծիծաղում է - հեղ.): Ընդհանուր առմամբ, հոգեկերտվածքով եւ որակի նկատմամբ եղած մոտեցումներով ես ավելի շատ իտալացիների հետ եմ կարողանում կապ ստեղծել:

Տեղացի մասնագետների հետ շատ չեմ առնչվել, որքան հասցրել եմ տեղեկանալ, այստեղի համալսարաններում ավելի շատ տեսությունն է զարգացած, քան պրակտիկան:

- Շրջանառու միջոցների համալրման տեսանկյունից, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան վարկատու ընկերությունների առաջարկները եւ օգտվո՞ւմ եք արդյոք դրանցից:

- Կարծում եմ, հայաստանյան բանկային համակարգը աշխատում է միջազգային չափանիշներով: Oգտվում եմ բիզնես վարկավորումից, միակ ցանկությունս, որ վարկերն ավելի էժան լինեն: Լուծում է պահանջում նաեւ գյուղատնտեսության ապահովագրության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղողագործության, հետեւաբար՝ նաեւ գինեգործության զարգացման վրա:

Օգտվելով առիթից՝ պետք է նշեմ, որ Հայաստանում մեզ միայնակ չենք զգում՝ մշտական կապի մեջ ենք ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի եւ Էկոնոմիկայի նախարարության հետ:

Զորիկ Ղարիբյանի հետ զրուցել են Խորեն Օրմանյանը եւ Կարեն Անտոնյանը:

Դիտում՝ 12512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW