Գործունյա կնոջ կերպարը հատուկ հարգանքի է արժանի, քանի որ, չնայած այսօրվա առաջադեմ հայացքներին, գործարար աշխարհը տղամարդկանց է պատկանում, կինն էլ առաջնահերթ ընկալվում է որպես օջախի պահապան: Երբ տեղեկանում ես, որ գործունյա կինը նաեւ բազմազավակ մայրիկ է՝ հարգանքը վերաճում է անկեղծ հիացմունքի: Եվ պարզվում է, որ երեխաները ոչ միայն չեն խոչընդոտում հաջողություններին, այլ ընդհակառակը՝ յուրահատուկ խթան են հանդիսանում: Մեդիամաքսը որոշել է ներկայացնել մեր կողքին ապրող այդպիսի մայրիկներից մի քանիսին: Հնարավոր է, որ նրանք՝ մարմնավորելով ժամանակակից հայ կնոջ կերպարը, օրինակ ծառայեն այլ կանանց եւ աղջիկների համար: Կարինե Պետրոսյան`44 տարեկան, «Նիկոլ» ֆլորիստական արվեստանոցի տնօրենՉորս երեխա ունի. Լիլիթ՝ 23 տարեկան, Էդիտա՝ 21 տարեկան, Էսֆիրա՝ 17 տարեկան, Բեատրիչե՝ 9 տարեկան: - Երբեւէ մտածու՞մ էիք, որ բազմազավակ մայրիկ կլինեք: - Ամուսնացել եմ 19 տարեկանում, եւ 20 տարեկանում ունեցել եմ առաջին աղջկաս: Ի սկզբանե չորս երեխայի մասին չեմ մտածել, սակայն միշտ վստահ էի, որ երեքից պակաս չեն լինելու, քանի որ ինքս մեծ ընտանիքում եմ մեծացել: Ամուսինս էլ ասում էր, որ «յոթ որդու հետ պետք է սեղան նստի»: - Երբ իմացաք, որ մայրանալու եք չորրորդ անգամ, որդո՞ւ էիք սպասում: - Իհարկե, տղայի ակնկալիքներ միշտ էլ կային, բայց գիտեինք, որ աղջիկ է ծնվելու եւ մեծ անհամբերությամբ սպասում էինք նրա լույս աշխարհ գալուն: Այժմ տղա թոռնիկ ունեմ՝ Լիլիթի առաջնեկն է: Հոկտեմբերին նրանց ընտանիքում նորից համալրում է սպասվում: - Ինչպե՞ս որոշեցիք սեփական գործ սկսել եւ ինչու՞ ընտրեցիք հենց ֆլորիստիկան: - Սեփական գործ սկսելու մտադրություն չունեի, ամեն ինչ շատ անսպասելի կատարվեց: Երեւի, ճակատագիրն էր՝ ծաղիկներ մանկուց շատ եմ սիրել եւ անտարբեր չեմ անցել ոչ մի ծաղկի կողքով: Դեռ պատանեկան տարիներին տանը իկեբանաներ էի պատրաստում, իսկ առաջին լուրջ աշխատանքս իմ հարսանեկան փունջն էր: Կարինե ՊետրոսյանըԼուսանկարը՝ Մեդիամաքս2000 թվականին ընտանիքով բնակվում էինք Մոսկվայում: Մի օր, փողոցով քայլելիս, ուշադրությունս գրավեց մի ֆլորիստական սրահի ցուցափեղկը՝ շատ գեղեցիկ ծաղկե կոմպոզիցիաներով: Ներս մտա եւ սկսեցի ուսումնասիրել: Վաճառողը նկատեց հետաքրքրությունս եւ ասաց, որ եթե ֆլորիստական արվեստին ծանոթանալու ցանկություն ունեմ, կարող եմ հաճախել սկսնակների համար նախատեսված դասընթացներին, որոնք վարում է հայտնի ֆլորիստ Ստաս Զուբովը: Երկար մտածելուց հետո ամուսնուս ասացի, որ անպայման պետք է հաճախեմ այդ դասընթացներին: Նրա հարցին, թե ինչպե՞ս եմ պատրաստվում համատեղել դա երեք երեխաներ պահելու հետ, պատասխանեցի, որ ամեն ինչ ճիշտ կերպով կծրագրեմ: Վաղ առավոտյան արթնանում էի, անում էի բոլոր տնային գործերը, երեխաներին տանում էի դպրոց կամ մանկապարտեզ եւ շտապում էի դասերին: Այդ դասընթացներից շատ մեծ բավականություն ստացա՝ նոր, շատ գեղեցիկ աշխարհում էի հայտնվել: Ավարտելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ իմանալ ավելին: Երկու ամիս անց պետք է սկսվեին 2 տարի տեւող հիմնական դասընթացները, որոնք վարելու էր ֆլորիստիկայի ամենամեծ վարպետներից մեկը` Փիթեր Հեսը: Այս անգամ ամուսնուս համոզելը շատ ավելի դժվար էր, սակայն խնդրեցի, որ ներկա գտնվի դասերին եւ տեսնի, թե ինչով եմ այդպես տարվել: Եվ նա անչափ շատ հավանեց այդ ամենը, հատկապես` Փիթերի դասերը, որոնցից յուրաքանչյուրը ոչ միայն ֆլորիստիկայի, այլեւ հոգեբանության եւ փիլիսոփայության դաս էր: Այսօր ամուսինս իմ գործի ամենախիստ եւ ամենավստահելի գնահատողն է, առաջին հերթին իրեն եմ ցույց տալիս պատրաստի աշխատանքը: Կարինե Պետրոսյանը ամուսնու հետԼուսանկարը՝ Կ.Պետրոսյանի արխիվիցՖլորիստիկայից բացի ուսումնասիրում էինք բուսաբանություն, արվեստների պատմություն, նկար եւ գունատեսություն: Ավարտական քննությունը երկու օր տեւեց: Դեռ ուսման ընթացքում տարբեր մասնավոր պատվերներ էինք կատարում: Մարտի 8-ին մեծ պատվեր ստացա Beeline-ից`ծաղիկներով ապահովել իրենց գրասենյակները: Կազմակերպեցի, որ գրասենյակներից յուրաքանչյուրում ներկա էին երկու-երեք ֆլորիստներ, որոնք տեղում հավաքում էին ծաղկեփնջերը եւ վաճառում դրանք: Մոսկվայում իմ ամենախոշոր մշտական պատվիրատուն «Իտերա» ընկերությունն էր: Աշխատում էի որպես անհատ, օգնականներն էլ հենց մեր խմբի աղջիկներն էին. նույն դպրոցն էինք անցել եւ կես բառից հասկանում էինք միմյանց: Բացի այդ, շատ էինք մտերմացել եւ մինչ օրս ընկերություն ենք անում: - Երեւան վերադառնալուց հետո միանգամից շարունակեցի՞ք Ձեր գործունեությունը: - 2004 թվականին, երբ վերադարձանք Երեւան, Աբովյան փողոցի վրա փոքրիկ խանութ բացեցի`ապակե տաղավարի տեսքով: Այն կոչվում էր «Նիկոլ»՝ այդպես է կոչվում երկգույն վարդի տեսակներից մեկը: Բացումից որոշ ժամանակ անց տաղավարի կողքով անցնում էր ԱԳՆ-ի աշխատակցուհին, որի ուշադրությունը գրավեցին ցուցադրված աշխատանքները: Ծանոթացանք եւ միանգամից համագործակցելու առաջարկություն ստացա: Պատրաստակամությամբ համաձայնեցի եւ արդեն տասը տարի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իմ պատվիրատուն է: «Նիկոլը» գործեց երկու տարի: 2005թ-ին ծնվեց չորրորդ աղջիկս եւ ես աստիճանաբար սկսեցի տանը աշխատել` նկուղային հարկում գտնվող արվեստանոցում: Երբ իջնում եմ այնտեղ, մոռանում եմ ամեն ինչի մասին: Մեծ պատվերների դեպքում աշխատողների եմ հրավիրում, եթե պատվերը մեծ չէ՝ ինքս եմ ամեն ինչ պատրաստում, դա ինձ համար մեծագույն հաճույք է: Կարինե ՊետրոսյանըԼուսանկարը՝ ՄեդիամաքսՄասնագիտությամբ ինժեներ եմ եւ դա ինձ շատ է օգնում`կարկաս հավաքելու, կոնստրուկցիաներ նախագծելու հարցում: Պետական եւ մասնավոր հաստատությունների հետ աշխատելուց բացի, կատարում ենք նաեւ մասնավոր պատվերներ՝ ծաղկեփնջերի պատրաստում, տարբեր միջոցառումների ձեւավորում` հարսանիք, խանութի բացում, շնորհանդես եւ այլն:- Տանը աշխատելով՝ ստացվու՞մ է ավելի ազատ գրաֆիկով ապրել: - Միեւնույն է, ամբողջ օրս նախապես պլանավորում եմ, որպեսզի բոլոր գործերս հասցնեմ, այդ թվում՝ կենցաղային: Յուրաքանչյուր երեկո հավաքվում ենք ամբողջ ընտանիքով, գալիս են նաեւ մեծ աղջիկներս` իրենց ամուսինների հետ: Ես պետք է անընդհատ զբաղված լինեմ, այդպես ինձ ավելի լավ եւ վստահ եմ զգում: Կարինե Պետրոսյանը ընտանիքի անդամների հետԼուսանկարը՝ Կ.Պետրոսյանի արխիվիցՇատ ուրախ եմ, որ աղջիկներս ինքնուրույն են եւ ամեն մեկն իր ապագա մասնագիտության մեջ կայանալու մեծ ձգտում ունի: Կարինե Պետրոսյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը«Բազմազավակ ու գործունյա» շարքում կարդացեք նաեւ հարցազրույցներ «Baby Town» մանկական հագուստի խանութի տնօրեն Գայանե Պողոսյանի, «Հրաշք Մանկիկ» մանկապարտեզի տնօրեն Սոնա Մարկոսյանի եւ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի հետ: Tweet Դիտում՝ 6962