Աշխատակիցների առողջության ապահովագրությունը կորպորատիվ մշակույթի սովորական դարձած տարրերից է: Գործատուի խնամքը աշխատողների եւ, շատ դեպքերում, նրանց ընտանիքների անդամների առողջության նկատմամբ, զգալիորեն նպաստում է վերջիններիս` ապագայի հանդեպ վստահությանը եւ, որպես կանոն, տվյալ աշխատանքի հանդեպ հավատարմությանը:Հայաստանում, սակայն, տեղական կապիտալով աշխատող ընկերությունների մեծամասնությունը չի շտապում միջոցներ ներդրել աշխատակիցների առողջությունը ապահովագրելու մեջ: Խնդրի շուրջ Մեդիամաքս-ը եւ Banks.am պորտալը զրուցել է Հայաստանում կորպորատիվ բուժապահովագրության ակունքներում կանգնած մասնագետի` Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության ղեկավար Արմեն Շահինյանի հետ:- Ե՞րբ է Հայաստանում սկիզբ առել առողջության կորպորատիվ ապահովագրությունը եւ ովքե՞ր էին այս հարցում առաջինները:- Առողջության ապահովագրության կորպորատիվ մոտեցումը Հայաստանի ապահովագրական շուկայում սկսվել է կիրառվել վերջին տասնամյակում: Այդ ժամանակ առողջության ապահովագրության ծառայությունից, ըստ մեր ունեցած տվյալների, օգտվում էր ՀՀ բնակչության 0.5%-ը: Աշխատակիցների առողջությունը ապահովագրողներից առաջինն էին Հայաստանում արևմտյան կապիտալով աշխատող մի շարք ընկերություններ, մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերություններ, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող դեսպանատներ ու խոշոր հասարակական կազմակերպություններ: Այդ տարիներին տեղական գործատուներն անգամ չէին հետաքրքրվում նման ծառայություններով: Ավելի ուշ աշխատակիցների առողջության ապահովագրությամբ հետաքրքրվեցին ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները: Դրանցից առաջինն էր ԱրմենՏելը, որը ապահովագրական շուկայի համար հանդիսանում է առաջին խոշոր նվաճում: Մինչեւ վերջին տարիները առողջության ապահովագրությունը իրականացվում էր «դասական» եղանակով, այսինքն` ապահովագրված անձինք անցնում էին նախնական պարտադիր բուժզննում, որի ընթացքում արձանագրված առողջական խնդիրները ենթակա չէին հատուցման:Շուկայի պահանջներից ելնելով փոփոխվեց նաև «դասական» եղանակով ապահովագրությունը, առաջ եկավ առանց նախնական բուժզննման ապահովագրության եղանակը, այսինքն՝ ապահովագրվում են առկա հիվանդությունները: Այս եղանակով ապահովագրության իրականացումը հիմա ավելի պահանջված է քան «դասականը»: Այսպիսով` ձեւավորվեց առողջության ապահովագրության նոր մշակույթ, որը հետաքրքրեց մյուս ընկերություններին, եւ դրանից հետո գործատուների մոտ սկսվեց ձեւավորվել աշխատակիցների առողջության ապահովագրության տենդենց: - Տարեսկզբին ՀՀ կառավարությունը պետական ծառայողների համար սոցիալական փաթեթ է ներդրել, որի մի մասը պարտադիր ուղղվում է առողջության ապահովագրությանը: Արդյունքում, եթե նախկինում ապահովագրական ընկերություններն ընտրում էին առավել հեղինակավոր բուժհաստատություններ, այժմ դուք ստիպված եք աշխատել բոլոր բուժհաստատությունների հետ: Ինչպիսի՞ հարցեր է դա առաջ քաշել:- Բուժհաստատություններում, ինչպես գիտեք, առկա են բազմաթիվ խնդիրներ. ձեւավորված չէ ապացուցողական բժշկությունը, չկան հստակ գնացուցակներ: Եթե բուժհաստատությունների գնային քաղաքականությունը հստակեցված լիներ և այլ կազմակերպչական հարցերը կանոնակարգված լինեին, ապահովագրական ընկերությունները ավելի քիչ աշխատանքային ռեսուրս կծախսեին առողջության ապահովագրության գծով ներկայացված հայտերի սպասարկման կազմակերպչական հարցերի վրա: Ուստի ապահովագրական ընկերության համար առաջնային հանդիսացող մեկ ապահովագրված անձի սպասարկումը հնարավոր կլինի ավելի քաղաքակիրթ և որակյալ կազմակերպելը: - Կարելի՞ է արդյոք ասել, որ պետծառայողներին հատկացված սոցփաթեթի շրջանակներում պարտադիր առողջության ապահովագրությունը որոշ առումով ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման նախապատրաստական քայլ է հանդիսանում, եւ ի՞նչ եք կարծում, ե՞րբ կհասունանա առողջության պարտադիր ապահովագրության հարցը:- Այո, պետծառայողների առողջության պարտադիր ապահովագրության իրականացումը ապահովագրական ընկերություններն օգտագործում են որպես նախապատրաստական քայլ՝ պարտադիր ապահովագրության ներդրման գործընթացի կազմակերպման համար: - Վերջերս Նաիրի Ինշուրանսը Հայաստանի համար աննախադեպ ծավալի կորպորատիվ բուժապահովագրության փաթեթ վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Կարելի՞ է արդյոք այն օրինակ համարել ամբողջ շուկայի համար:- Նախաձեռնությունը համատեղ էր: Կոմբինատում ընդունված էր աշխատակցի կողմից, առողջական խնդրի առկայության դեպքում, ներկայացված դիմումի համաձայն ֆինանսական օգնության հատկացումը: Նաիրի Ինշուրանսը ներկայացված խնդրի լուծման ավելի հարմարավետ տարբերակ առաջարկեց ` ապահովագրելով կոմբինատի շուրջ 3000 աշխատակիցներին իրենց ընտանիքի անդամների հետ միասին, այսինքն, գրեթե ամբողջ Քաջարան քաղաքը եւ Կապանի մոտ 3000 բնակչի: Կարծում եմ, Նաիրի Ինշուրանսի այս նախաձեռնությունը պետք է օրինակ ծառայի բոլորի համար: Սա աննախադեպ էր Հայաստանի համար: Մեր երկրի ապահովագրության պատմության մեջ չկա մի դեպք, երբ ապահովագրվում է գրեթե մի ամբողջ քաղաք: - Իսկ Սյունիքի հիվանդանոցների հետ խնդիրներ չե՞ն ծագում:- Նաիրի Ինշուրանսի կողմից այս պայմանագիրը սպասարկելու պահանջից ելնելով՝ վերակենդանանում են այդ տարածաշրջանի բուժհաստատությունները, այնտեղ են գործուղվում լավագույն մասնագետներ, առողջության ապահովագրության սպասարկման կազմակերպման դասընթացներ են իրականացվում, մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջանում տեղական բուժհաստատություններից օգտվելու նկատմամբ:- Պատահո՞ւմ են արդյոք դեպքեր, երբ ապահովագրված անձից բուժհաստատությունում լրացուցիչ գումար են պահանջում:- Քանի որ մենք աշխատում ենք առավելագույնս թափանցիկ, հիվանդանոցները չեն կարող այլ կերպ աշխատել մեզ հետ: Նաիրի Ինշուրանսի աշխատաոճը ստիպում է հիվանդանոցներին տրամադրել ապահովագրված անձանց լիարժեք սպասարկում՝ առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության:Մեր կազմակերպության բժիշկ-փորձագետները առողջության ապահովագրության պահանջի առաջացման դեպքում վերահսկում են ողջ գործընթացը եւ զուգահեռ կատարում նաև որակի ստուգում հաճախորդների հարցման միջոցով: Խնդիրների հայտնաբերման դեպքում դրանք սեղմ ժամկետում վերանում են եւ քննարկվում բուժհաստատության ղեկավարության հետ: - Կարծրատիպ կա, որ առողջության ապահովագրությունից կարող են օգտվել հիմնականում խոշոր ընկերության աշխատակիցները, իսկ փոքրերը` ոչ: Այդպե՞ս է արդյոք: - Բնականաբար, մինչեւ 50 հոգանոց ընկերությունների շրջանում հետաքրքրվածությունը բուժապահովագրության նկատմամբ մեծ չէր` մեկ աշխատակցի հաշվով պրոդուկտի համեմատական թանկության պատճառով, բայց վերջին 2-3 տարվա ընթացքում փոքր ու միջին ընկերություններն այդ հարցում բավականին ակտիվացել են: Կարծում եմ` գործատուները պետք է մեծ ուշադրություն հատկացնեն աշխատակիցների առողջության պահպանմանը: Փոքր ընկերությունների աշխատակիցների ապահովագրությամբ սկիզբ է դրվում առողջության անհատական ապահովագրության զարգացմանը: Արմեն Շահինյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: Tweet Դիտում՝ 30237