ՍԹԱՐ. «Սպասարկման հարցը մեզ համար ամենալուրջ մարտահրավերներից է»

06.04.2012 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

- Պարոն Քերոբյան, դեռ անցյալ տարի ամռանը հայտարարվել էր, որ «ավարտվել են Viest Assets օֆշորային ընկերության կողմից ՍԹԱՐ առեւտրային ցանցի 100% բաժնետոմսերի գնման գործընթացի բոլոր իրավաբանական ձեւակերպումները» : Ի վերջո, ո՞վ է դարձել ՍԹԱՐ-ի նոր բաժնետերը:

- Եթե համեմատության մեջ դիտարկենք Հայաստանում եւ արտասահմանում գործող ընկերությունները, ապա կարող եմ վստահեցնել, որ այնտեղ երբեւիցե նման հարց չէր առաջանա: Կարծում եմ, կապ չունի, թե ով է բաժնետերը, շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին է ընկերությունը:

Միայն կարող եմ ասել, որ Viest Assets օֆշորային ընկերության շահառուները հայ գործարարներ են: Չեմ ուզում բացահայտել նրանց անունները, քանի որ, մի կողմից, չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ, կարող եմ ասել, որ ՍԹԱՐ-ը գործում է ՀՀ օրենքներով, գտնվում է մեր երկրի օրենսդրական դաշտում եւ որեւէ կապ չունի, թե ով է բաժնետերը: Պարզապես, ելնելով կազմակերպչական կառուցվածքից, որոշվել է, որ բաժնետերը պետք է լինի օֆշորային ընկերություն` բրիտանական Viest Assets-ը:

- Հայտարարվել էր նաեւ, որ նոր բաժնետերն արդեն իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում, որի արդյունքում վերակառուցվել է ընկերության վարկային պորտֆելը եւ կարգավորվել են հարաբերությունները բոլոր մատակարարների հետ: Խնդրում եմ մանրամասնեք:

- Առքուվաճառքի բանակցությունները շատ ծանր էին, դրանցում ընդգրկված էին բոլոր շահառուները` հին բաժնետերերը, որոնցից մեկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն էր (EBRD), որը մեզ համար միաժամանակ հանդիսանում էր վարկատու կազմակերպություն, ինչպես նաեւ տեղական առեւտրային բանկերը, մի շարք մատակարարներ եւ, բնականաբար, նոր բաժնետերերն ու ընկերության մենեջմենթը:

Ընկերության առողջացման գործում բոլորի մասնաբաժինը շատ կարեւոր էր, քանի որ կարիք կար ընկերությանը նոր շունչ հաղորդելու: Բոլոր շահառուներից ընկերության առողջացման գործընթացում ամենամեծ ներդրումն է ունեցել EBRD-ին, որը, հասկանալով առողջացման անհրաժեշտությունը, իր վարկերի մի մասը պարզապես դուրս գրեց, ինչը չարեցին տեղական բանկերը: Բայց եւ այնպես, վերջինները տրամադրեցին արտոնյալ ժամանակահատված վարկերի եւ տոկոսների մարման առումով:

Ինչ վերաբերում է մատակարարներին, ապա նրանք տվեցին իրենց համաձայնությունը սպասել որոշ ժամանակ, մինչեւ մենք կկարգավորեինք մեր գործընթացները եւ կվերադառնայինք վճարումների ընթացիկ մակարդակին:

- Որպես շարքային սպառող, երբեմն հանդիպում եմ այնպիսի դեպքերի, երբ կարծիք է ձեւավորվում, որ սպասարկող անձնակազմի մոտ «ինքնասպասարկում» հասկացությունն ասոցացվում է «սպասարկման բացակայության» հետ: Ես առաջի՞նն եմ, ով Ձեզ նման կարծիք է հայտնում:

- Ոչ , առաջինը չեք: Սպասարկման հարցը մեր ընկերության համար ամենալուրջ մարտահրավերներից է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ: Անչափ կարեւորում ենք մեր հաճախորդների կարծիքը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՍԹԱՐ-ում աշխատում է ավելի քան 1800 հոգի, որոնց մեծ մասը, ըստ էության, սոցիալական առումով ամենաստորին խավի ներկայացուցիչներ են, պետք է ընդունենք, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնց պետք է զրոյից կրթենք, սովորեցնենք շփվել հաճախորդների հետ, եւ այլն:

Դա շատ ժամանակատար եւ դժվար գործընթաց է, այստեղ մենք գործ ունենք աշխատակիցների մեծ զանգվածի հետ, որոնց պետք է հասցնենք նույն մասնագիտական մակարդակի:

Ես հասկանում եմ Ձեր հարցը եւ ընդունում եմ նկատողությունը, բայց կարող եմ վստահեցնել, որ ընկերությունը ամեն օր մեծ ծավալի ջանքեր է ներդնում սպասարկման որակը լավացնելու ուղղությամբ: Մասնավորապես, օրական 300 աշխատակից մասնակցում են այս կամ այն ուղղվածության թրենինգների, ընդ որում՝ թրենինգները կազմակերպվում են թե կենտրոնական գրասենյակում, թե խանութներում: Մենք ունենք ներքին թրեյներներ, լինում են նաեւ հրավիրված մասնագետներ, այդ թվում նաեւ արտասահմանից:

- Իսկ կատարվե՞լ է արդյոք հաշվարկ, թե միջին հաշվով որքա՞ն ժամանակ է ծախսում հաճախորդը ՍԹԱՐ-ում գնումներ կատարելու համար:

- Այո: Հաշվի առնելով, որ մեր խանութները բազմաֆորմատ են, այսինքն` կան մեծ եւ փոքր չափի խանութներ, բնականաբար, հաճախորդներից տարբեր ժամանակ է պահանջվում: Փոքր խանութների համար դա մոտ 10 րոպե է, իսկ մեծ խանութներում կարող է տեւել 20-ից մինչեւ 40 րոպե (ամենամեծերի դեպքում): Այս ցուցանիշները տեղավորվում են ընդունված ստանդարտների շրջանակում:

- Ձեր ցանցի խանութները վարձակալվո՞ւմ են, թե՞ հանդիսանում են ընկերության սեփականությունը: Ի՞նչ ստանդարտներով են ընտրվում տարածքները, արդյոք չե՞ք կարծում, որ որոշ խանութների ենթակառուցվածքներն անհարմարություններ են ստեղծում ՍԹԱՐ-ի հաճախորդների համար:

- Սովորաբար վարձակալում ենք եւ անում ենք դա այն տրամաբանությունից ելնելով, որ առեւտուրն ու անշարժ գույքն երկու տարբեր բիզնեսներ են, եւ եթե մենք ներդրում ենք կատարում անշարժ գույքի մեջ, դա արդեն կնշանակի, որ մենք գործ ունենք անշարժ գույքի բիզնեսի, այլ ոչ թե առեւտրի հետ: Խանութները պետք է եկամտաբեր լինեն: Նույնիսկ այն խանութներում, որոնք հանդիսանում են ընկերության սեփականությունը, մենք ներդնում ենք կանխատեսվող վարձակալության գաղափարը` փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին կլիներ այդ խանութը, եթե վարձակալեինք այն: Եվ, եթե պարզում ենք, որ այդ խանութն եկամտաբեր է զուտ այն առումով, որ հանդիսանում է սեփականություն, ապա կարող ենք փաստել, որ աշխատում ենք ոչ թե առեւտրի բիզնեսի, այլ անշարժ գույքի ոլորտում:

Մենք նախընտրել ենք մեր զարգացումը 200-400 ք.մ. խանութների միջոցով, քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ դրանք ամենարդյունավետն են` մեր հաճախորդների գնողունակությունն այնպիսին է, որ 200-400 ք.մ.-նոց խանութները լրիվ բավարար են իրենց առօրյա կարիքները հոգալու համար:

- Բայց եւ այնպես, կոնկրետ օրինակի վրա շատ ավելի պատկերավոր է դառնում հարմարավետության աստիճանը: Մասնավորապես, քաղաքի կենտրոնում` Թումանյան-Մաշտոցի պողոտա անկյունում գտնվող ՍԹԱՐ-ում դրամարկղների դասավորվածությունը հեռու է հարմարավետ կոչվելուց…

- Այդ խանութը մենք գործարկել ենք 2007 թվականին, ինչից հետո ձեւափոխել ենք այն 3 անգամ, որոշ չափով ձեւափոխվել է նաեւ դրամարկղերի դասավորվածությունը: Հիմա նորից ենք փոխելու եւ պարտադիր անդրադառնալու ենք այդ հարցին: Հայաստանի մանրածախ շուկան այնքան արագ է փոխվում, որ մշտապես առաջ է գալիս փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ մեր սպառողը եւս դառնում է ավելի պահանջկոտ, ինչը շատ ուրախալի է, որովհետեւ դա ցույց է, որ աճում է հասարակությունը՝ մենք պատրաստ ենք մեզ ուղղել եւ շտկել հաճախորդների պահանջներին համահունչ: Եվ այն բանը, որի վրա 2 տարի առաջ ոչ ոք երեւի ուշադրություն չդարձներ, այսօր լուրջ քննարկման առարկա է դառնում:

Ձեր կողմից նշված խանութը շատ յուրահատուկ է` շատ քիչ կան նման չափի խանութներ, նույնիսկ արտասահմանյան մեծ քաղաքներում, որոնք օրական 3000 հաճախորդ կսպասարկեն: Խանութների դասավորվածության առումով ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը եւ ձգտում ենք հնարավորինս բավարարել մեր հաճախորդների պահանջները:

- Իսկ ինչպե՞ս են ընթանում գործերը մարզերում:

- Վերջերս բացեցինք մեր 29-րդ խանութը Բյուրեղավան քաղաքում, ինչն ինձ համար շատ ուրախալի փաստ է, քանի որ 4 տարվա ընդմիջումից հետո վերսկսեցինք տարածաշրջանային զարգացումը: 2008 թվականին բացել էինք Հրազդանի խանութը, մեզանից պահանջվեց 4 տարի Երեւանից դուրս խանութների ճիշտ ձեւաչափը հասկանալու համար: Այս տարի կբացենք եւս մի քանի մարզային խանութներ, 2012 թվականին բացվող խանութների կեսը, գուցե նաեւ ավելին, կլինեն մայրաքաղաքից դուրս:

Ես անհամբերությամբ եմ սպասում այս զարգացումներին, քանի որ կարծում եմ, որ Հայաստանը չափազանց շատ է կենտրոնացած Երեւանում, եւ ապակենտրոնացումը, նաեւ իր լայն իմաստով, շատ կարեւոր է երկրի համար:

- Պարոն Քերոբյան, անկախ ամեն ինչից, պարզ գիտակցում եմ, որ ՍԹԱՐ-ի նման կառույց ղեկավարելը պահանջում է ահռելի մեծ ծավալի աշխատանք, հասկանում եմ նաեւ, որ սա այն ոլորտն է, ուր անգամ կատարյալին մոտ որակ ապահովելու դեպքում էլ միշտ կհնչեն դժգոհություններ: Դուք ունե՞ք այն բանաձեւը, որի շնորհիվ, անկախ բոլոր դժվարություններից, աշխատանքը Ձեզ առաջին հերթին հաճույք կպարգեւի:


- Ունեմ ընկերներ, որոնք ինձ հարցնում են` արդյոք այսօր նույն ոգեւորությամբ եմ գնում աշխատանքի, ինչպես դա անում էի 6 տարի առաջ: Ես միանշանակ պատասխանում եմ` այո, քանի որ retail-ն ամենահետաքրքիր ոլորտներից է: Պարզաբանեմ. այսօր ՍԹԱՐ-ում խաչվում են օրական 50 000 հաճախորդ մի կողմից, 1800 աշխատակից՝ մյուս կողմից: Դրան գումարած մոտ 1000 մատակարար, որոնց աշխատակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 200 000 մարդ, դրան էլ գումարած պետությունը, հասարակությունը, բաժնետերերը, լրատվամիջոցները:

Նաեւ, հաշվի առնելով, որ մեր ընկերությունն իր բնույթով առաջադեմ է, մենք ամեն օր փոխվում ենք, ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ, երեւացող կամ չերեւացող, կարող եմ ասել, որ դեռ չեմ զգացել, թե երբ կարող է ավարտվել իմ հետաքրքրությունն աշխատանքիս նկատմամբ: Հաճույքով եմ գալիս աշխատանքի, անկախ նրանից, որ լինում են նաեւ խորը հիասթափության պահեր: Կարծում եմ, մեծ նշանակություն ունի նաեւ կյանքի նկատմամբ իմ լավատեսությունը, հավատը, որ մեր երկիրն ու տնտեսությունը միեւնույն է պետք է առաջ գնան, ինչպես նաեւ վստահությունս գործի հաջողության նկատմամբ:  

Վահան Քերոբյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 8913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW