Հայաստանյան Գրանթ Թորնթոնը կստանձնի առաջնորդի դերը ԱՊՀ-ում բիզնեսի զարգացման գործում

27.06.2011 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
“Գրանթ Թորնթոն” ՓԲԸ-ն՝ Grant Thornton International-ի (GTI) անդամ ընկերությունը, աշխատում է Հայաստանում 90-ականների սկզբից եւ հաշվապահական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում մասնավոր եւ պետական հատվածներին: Ընկերությունն աշխատում է ոչ միայն տեղական շուկայում, այլ նաեւ ներգրավված է միջազգային աշխատանքներում՝ Վրաստանում եւ Տաջիկստանում իր դուստր ընկերությունների միջոցով: Հունիսի 22-ից 24-ը Հայաստան էր այցելել GTI գլոբալ կառավարման թիմի անդամ Գերնոտ Հեբեշթրայթը, որը ծանոթացավ Գրանթ Թորնթոնի գործունեությանը եւ ծրագրերին, ինչպես նաեւ կիսվեց GTI-ի գլոբալ ռազմավարությամբ հայաստանյան գործընկերների հետ:

Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Գերնոտ Հեբեշթրայթը պատմել է այցի նպատակների մասին:

- Որոնք են ձեր՝ Հայաստան կատարած այցի նպատակները եւ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք այստեղ անցկացրած հանդիպումների արդյունքում: 
 

- Հայաստանն այցելելու եւ այստեղի մեր գործընկերների հետ հանդիպելու հրավերը ստացել էի վաղուց: Երկրորդը՝ այցն, իհարկե գործնական բնույթ է կրում եւ կապված է մեր գլոբալ ռազմավարության հետ, որով նախատեսվում է մինչեւ 2015թ. կրկնապատկել մեր հասույթն այսօրվա $3.4 մլրդ-ից մինչեւ $8 մլրդ: Սա էլ լինելու է մեր անդամ ընկերությունների նպատակը: Այսպիսով` այցիս հիմնական նպատակներից մեկը մեր հայկական ընկերության հետ մոտակա 5 տարիների նրա զարգացումների եւ բիզնես-պլանի քննարկումն է, ինչպես նաեւ այն, թե ինչպիսին է լինելու նրա ներդրումը մեր գլոբալ ռազմավարության մեջ:

- Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան անդամ ընկերության գործունեությունը:


- Մենք շատ գոհ ենք Հայաստանում Գրանթ Թորնթոնի գործունեությամբ, այն միանշանակ շուկայի առաջատարն է: Սա այն է, ինչի մասին կարելի է երազել ցանկացած շուկայում, բայց, իհարկե, շուկայում առաջատար լինելը ենթադրում է պատասխանատվություն տվյալ շուկայի հանդեպ, եւ շատ ավելի դժվար է պահպանել առաջատարի դիրքը, քան նվաճել այն: Հայաստանյան Գրանթ Թորնթոնը կստանձնի առաջնորդի դերը ԱՊՀ-ում GTI-ի բիզնեսի զարգացման գործում; հայկական ընկերությունն արդեն ունի դուստր ձեռնարկություններ Վրաստանում եւ Տաջիկստանում, սակայն Ղազախստանում եւ Ուզբեկստանում տեղակայված մեր անդամ ընկերությունների հետ միասին մենք ուզում ենք հաստատել մեր ներկայությունը Կենտրոնական Ասիայի մնացած երկրներում եւս, եւ մեր ներկայության հաջորդ երկրները կլինեն Թուրքմենստանն ու Ղրղըզստանը:

Այսպիսով, տեսնելով հայկական, վրացական եւ տաջիկական շուկաների հնարավորությունները, գումարած նաեւ այն ներուժը, որը կա մեր ներկայության 2 նոր երկրներում, մենք շատ լավատես ենք եւ մոտակա 5 տարիների համար կանխատեսում ենք հայկական ընկերության զգալի աճ:

- Հայաստանում գործում են 3 աուդիտորական ընկերություններ, որոնք մտնում են համաշխարհային աուդիտորական ընկերությունների “Մեծ Քառյակի” մեջ: Դժվար չէ՞ արդյոք աշխատել նման մրցակցային պայմաններում, մանավանդ հիմա, երբ ավելանում է տեղական աուդիտորական ընկերությունների թիվը՝ կապված Հայաստանում պարտադիր աուդիտի ներդրման հետ:

- Այո, ցանկացած շուկայում առաջատար դիրքին հասնելը մարտահրավեր է, բայց երբ մենք նոր էինք մուտք գործել հայաստանյան շուկա, մեզանից բացի այստեղ գործում էր ընդամենը մեկ այլ միջազգային աուդիտոր: Մենք սկսեցինք գրեթե միաժամանակ, սակայն մեր մենեջմենթի տաղանդը, նվիրվածությունը եւ վերջին 12-13 տարիների ընթացքում կատարված մեծ աշխատանքն օգնեցին մեզ դառնալ աուդիտի ոլորտում Հայաստանի առաջատարը: Իհարկե, դա պահանջեց նաեւ Grant Thornton International-ի օժանդակությունը, ինչպես նաեւ զգալի ներդրումներ գործընկերների կողմից:

- 2011-ին արդեն նախորդ տարվա արդյունքներով Հայաստանում պարտադիր աուդիտ են անցնում 1 մլրդ եւ ավելի դրամի ակտիվներ ունեցող ընկերությունները: Տնտեսության մեջ ստվերի բարձր մակարդակի պայմաններում ձեռնարկություններն ավելի շատ հակված են ընկալել աուդիտը՝ որպես բացասական երեւույթ: Ինչպե՞ս փոխել նման վերաբերմունքը եւ, առհասարակ, ինչո՞ւմ է կայանում ըստ նախաձեռնության աուդիտ (Initiative audit) անցկացնող ընկերությունների մոտիվացիան:


- Ձեր հարցը վերաբերում է մի խնդրի, որի հետ մենք առնչվում ենք այստեղ եւ ամենուր: Հարցը հետեւյալն է՝ ո՞րն է աուդիտի արժեքը: Կարծում եմ, ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ աուդիտն իր մեջ մեծ արժեք է պարունակում: Բոլոր հետաքրքրված կողմերը՝ ներդրողները, կարգավորողները, կառավարությունները, մտորումներից հետո եկան այն եզրակացությանը, որ ֆինանսական կայունությունը պահանջում է ավելի վստահելի ֆինանսական տեղեկատվություն: Դրանում կասկած անգամ լինել չի կարող: Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել՝ ներդրողների եւ շուկաների փոփոխվող պահանջներին հարմարվելու համար: Եվ եթե նայենք խնդիրին մեկ առանձին կազմակերպության տեսանկյունից, հեղինակավոր աուդիտորական ընկերության եզրակացության առկայությունը բարձրացնում է տվյալ ընկերության համար ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը: Դա վստահություն է ներշնչում ձեր ներդրողներին եւ ամրապնդում է ձեր հեղինակությունը շուկայում:

Բացի այդ, որակյալ աուդիտի արդյունքում դուք սկսում եք ավելի լավ հասկանալ ձեր բիզնեսը: Մենք չենք զբաղվում լոկ աուդիտորական եզրակացությունների տրամադրմամբ. Grant Thornton International-ի եւ Հայաստանում մեր անդամ Գրանթ Թորնթոն փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ մեր կողմից բիզնեսի ուսումնասիրությունը չի սահմանափակվում միայն աուդիտորական եզրակացության թողարկմամբ. մենք փորձում ենք ունենալ մեր ներդրումը տվյալ ընկերության զարգացման գործում, քանի որ մենք հասկանում ենք բիզնեսը, ունենք հարուստ փորձ եւ կարող ենք ներկայացնել հաճախորդ ընկերությունների մենեջմենթին, թե բիզնեսի որ կողմերն է կարելի կատարելագործել:    

- Մեր գործակալությանը տրված հարցազրույցում Գրանթ Թորնթոն-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը առաջարկում էր, որպեսզի կառավարության կողմից ընդունվի աուդիտորական ընկերությունների «կարճ ցուցակ», որոնց կվստահվի աշխատանքը խոշոր ընկերությունների հետ: Այս կարծիքի ընդդիմախոսները նշում են, որ շուկայական մրցակցության պայմաններում հաճախորդները ինքնուրույն պետք է որոշեն, թե ո՞ր ընկերության ծառայություններից օգտվել: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ: 

- Մտահոգությունը, որ դուք բարձրացրեցիք, մի կողմից կապված է աուդիտորական ընկերության անկախության, եւ մյուս կողմից՝ ծառայության պահանջված որակի ապահովման հետ: Ես կարծում եմ, որ աուդիտորական ընկերությունների անկախության միջազգային կանոնները շատ լավն են եւ կհորդորեի Հայաստանին հետեւել դրանց: Դրանք ենթադրում են, որ  աուդիտորական ընկերությունը չպետք է ունենա անձնական կամ ֆինանսական հարաբերություններ այն կազմակերպության հետ, որի աուդիտն է իրականացնում:

Այսպես կոչված “կարճ ցուցակը” ենթադրում է առավել կարեւոր գործընթացներում սահմանափակ թվով ընկերությունների ներգրավվածություն եւ դա կարող էր լինել լավ միջանկյալ փուլ: Ես կցանկանայի տեսնել լավ աշխատող շուկա, որտեղ ներդրված են որակի ապահովման նվազագույն ստանդարտները: Կառավարության դերն այստեղ կայանում է աուդիտի որակի մշտական մոնիթորինգի ապահովման մեջ, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում:

- Ընթանո՞ւմ են արդյո՞ք համապատասխան բանակցություններ Հայաստանի կառավարության հետ:

- Մենք քննարկում ենք կառավարության հետ, թե ինչպես կարելի է բարելավել Հայաստանում մատուցվող աուդիտորական ծառայությունների որակը: Քննարկումները ներկայումս շարունակվում են: Մենք շատ կուզենայինք տեսնել նաեւ մյուս բոլոր հետաքրքրված կողմերի, մասնավորապես, մյուս աուդիտորական ընկերությունների ակտիվ մասնակցություն այս գործընթացին: Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարության` այս բնագավառին վերաբերող  բոլոր նախաձեռնություններին: Մենք նաեւ կցանկանայինք, որպեսզի քննարկումներին միանային նաեւ Հայաստանի խոշոր տնտեսվարողները, որպեսզի բոլորս միասին գանք Հայաստանի համար ամենաճիշտ լուծմանը:

- Վերոհիշյալ խնդիրները հատուկ չեն սոսկ Հայաստանի համար, այնպես չէ՞: Ինչպե՞ս են դրանք լուծվում այլ երկրներում:

- Դրանք լուծվում են կառավարության, աուդիտորական եւ գործարար համայնքների առաջնորդների համատեղ աշխատանքի արդյունքում: Գրանթ Թորնթոն Հայաստանը պատրաստակամ է ունենալ իր ներդրումը եւ վերցնել իր վրա առաջնորդի դերն այս գործընթացում, ինչպես մենք արել ենք դա անցյալում: Պետք է ուղղակի հավաքել թիմ, որը նվիրված է այս խնդիրների հաղթահարման գործին:

- Վերադառնանք «կարճ ցուցակներին». կա՞ արդյո՞ք նման պրակտիկա այլ երկրներում:


- Աշխարհում կան բազմաթիվ լուծումներ: Ես գերմանացի եմ եւ ես կարող եմ խոսել գերմանական փորձի մասին: Գերմանիայում կա մի պրակտիկա, որը կոչվում է «հավասար զննում», երբ մի աուդիտորական ընկերությունը ուսումնասիրում է այլ ընկերության աուդիտի որակը: Ցուցակված ընկերությունների աուդիտն իրականացնելու միակ ճանապարհը որեւէ հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից համապատասխան սերտիֆիկատ ստանալն է: Իսկ ընկերությունները, որոնք կարող են տրամադրել այդպիսի սերտիֆիկատներ, խմբավորված են հենց կարճ ցուցակում:

- Սա ձեր առաջի՞ն այցն է Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններով եք հեռանում այստեղից:


- Այո, առաջին այցս է: Ես տպավորված եմ այն հյուրասիրությամբ, որով ինչ դիմավորեցին ոչ միայն Գրանթ Թորնթոնի իմ գործընկերները, այլ նաեւ ֆինանսների նախարարը, այլ պաշտոնատար անձինք եւ Գրանթ Թորնթոնի հաճախորդները: Ես տպավորված եմ նաեւ անկեղծությամբ եւ ընկերասիրությամբ, որ հանդիպեցի այստեղ: Անցկացնելով Հայաստանում երկու օր, ես տեսնում եմ մի միջավայր, որում ինքս ինձ շատ հարմարավետ եմ զգում: Երեւանի մթնոլորտն իրոք ինձ շատ դուր եկավ:


Դիտում՝ 13548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW