Սեպտեմբերի 23-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը նշում է 15-ամյա տարեդարձը: Հոբելյանի նախաշեմին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը պատասխանեց Մեդիամաքս գործակալության եւ Banks.am պորտալի հարցերին:
- «Մաթեմատիկայում, ինչպես եւ բիզնեսում, կարեւոր են ոչ թե էմոցիաները, այլ ճշգրիտ հաշվարկները», - կարելի՞ է արդյոք «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գովազդից այս հատվածը վերագրել բանկի 15-ամյա գործունեության եզրահանգումներին:
- Երեւի այո, քանի որ բանկային գործում ճշգրիտ հաշվարկն ունի շատ կարեւոր դեր. մեր գործունեությունն ամբողջությամբ պլանավորվում է, մենք ունենք կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլաններ, եւ մեզ հաջողվում է բավականին ճշգրիտ կերպով պլանավորել մեր հետագա անելիքները եւ իրագործել դրանք:
Բացի ճշգրիտ հաշվարկից կարեւորում եմ նաեւ էնտուզիազմը. մեր հաջողությունները նաեւ մեր անձնակազմի էնտուզիազմի արդյունք են: Այնպես որ, ամեն ինչ պետք է լինի հավասարակշռված` ինչպես ճշգրտությունը, այնպես էլ էմոցիաները:
Բանկի 15-ամյա ուղին եղել է շատ դժվար, բայց միաժամանակ շատ հետաքրքիր, ինչն առաջին հերթին պայմանավորվում է մեր գործունեության սպեցիֆիկ բնույթով, անմիջական կապվածությամբ գյուղատնտեսությանը եւ մարզերի խնդիրներին:
- Ո՞ր իրադարձություններն են 15-ամյա պատմության ընթացքում համարվում առավել նշանավոր:
- 15 տարվա ընթացքում մեր աշխատանքը եղել է չափազանց հագեցած եւ ինտենսիվ:
Ամենանշանակալից իրադարձություններից կհիշատակեմ 1995թ . կայացած մեր
հիմնադիր համագումարը, որով հիմնադրվեց բանկը; բանկային գործունեության արտոնագրի ստացումը; 1996թ. մայիսը, երբ մենք սկսեցինք տրամադրել մեր առաջին վարկերը; ԱԿԲԱ-Լիզինգի հիմնադրումը 2003 թ-ին:
Չափազանց նշանավոր իրադարձություն մեզ մոտ տեղի ունեցավ 2006թ-ին, երբ ֆրանսիական Credit Agricol Խումբը դարձավ «ԱԿԲԱ Բանկի» բաժնետեր: Այս գործարքը բարձրացրեց վստահությունը մեր հանդեպ նոր մակարդակի վրա:
Բանկի պատմության ողջ ընթացքում մենք հաջողակ ենք գտնվել, ունեցել ենք լավ գործընկերներ եւ առաջ ենք շարժվել ըստ նախանշված պլանների:
- Անցյալ տարի Դուք արժանացել եք Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքների համար շքանշանին»: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս պարգեւը եւ ինչի՞ն է այն պարտավորեցնում:
- Այդ շքանշանն ինձ համար անակնկալ էր: Ֆրանսիական պետական համակարգում շնորհվում է ընդամենը 2 շքանշան` «Արժանիքների համար» եւ «Պատվո լեգիոնի» շքանշանները, որոնք, ի դեպ, շատ հազվադեպ են տրվում օտարերկրացիներին:
Կարծում եմ` այս պարգեւը մեր եւ ֆրանսիական Credit Agricol Խմբի կողմից Հայաստանում ծավալված գործունեության արդյունքն է, որն ինձ համար շատ հաճելի է եւ պարտավորեցնող:
Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամության համատեքստում մեր եւ Credit Agricol-ի համագործակցությունը կարելի է դիտարկել որպես լավագույն օրինակներից մեկը: Այս շքանշանը պարտավորեցնում է մեզ բերել այս համագործակցությունը նոր մակարդակի, ինչը կարծես թե, ստացվում է:
- 2009թ. արդյունքներով Հայաստանի բանկային համակարգի համախառն շահույթի շուրջ կեսը բաժին է ընկել “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին”: Ինչի՞ հաշվին է բանկին հաջողվում առաջատար մնալ մի հատվածում, որը համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցայիններից մեկը:
Չնայած անցած տարին ճգնաժամային էր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այնուամենայնիվ մեր երկրում ֆինասնական ճգնաժամ ըստ էության տեղի չունեցավ: Փոխարենը մենք ականատես եղանք միայն տնտեսական ճգնաժամի:
Այնուամենայնիվ հայաստանյան բանկերը զգում էին ճգնաժամն իրենց հաճախորդների միջոցով: Մեզ, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել լուրջ վնասներից: Այն փաստը, որ Հայաստանում չի փակվել որեւէ բանկ, կարելի է ձեռքբերում համարել:
Ինչ վերաբերում է մեր բանկին, ապա մենք չփոխեցինք ոչ մի պլան, ոչ մի պահ չենք դադարեցրել վարկավորումը, ինչպես նաեւ խուսափել ենք աշխատակազմի եւ աշխատավարձերի կրճատումից: Արդյունքում մեզ հաջողվել է լինել նաեւ շահութաբեր:
Մեր եկամուտներն իհարկե նախատեսվածից ավելի քիչ էին, սակայն, հաշվի առնելով 2009թ. իրողությունները, արձանագրվել են լավ արդյունքներ: Ճգնաժամը դեռ չի ավարտվել, բայց կարծում եմ, ամենադժվարն արդեն անցյալում է:
- Տարեսկզբին բանկը ստացել է American Express քարտերի սպասարկման բացառիկ իրավունք: Այն ժամանակ Դուք նշում էիք, որ բանկը մտադիր է սկսել American Express քարտերի թողարկումը ընթացիկ տարվա 2-րդ կամ 3-րդ եռամսյակներում: Մեկնարկե՞լ է արդյոք այս քարտերի թողարկումը:
- American Express քարտերի եւ ճանապարհային չեկերի սպասարկումը մենք սկսել ենք դեռեւս առաջին եռամսյակից: Քարտերի թողարկումը կսկսենք հոկտեմբերից. դա բավականին աշխատատար եւ ռեսուրսատար գործընթաց է եւ կարծում ենք, պահանջարկի տեսակետից կլինի արդարացված:
- Հանդես գալով «Management Mix – տաղանդների կառավարում» առաջին ազգային համաժողովին, Դուք ասացիք, որ բանկի հաջողության հիմնական գործոնն է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը: Ինչու՞մ են կայանում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի առանձնահատկությունները:
- Մեր բոլոր հաջողությունները անձնակազմի աշխատանքի եւ մասնագիտական որակների արդյունք են: Պատահական չէ, որ մենք օգտագործում ենք ոչ թե «մարդկային ռեսուրսների կառավարում», այլ «տաղանդների կառավարում» տերմինը. մեր աշխատակիցները տաղանդներ են ամեն մեկն իր բնագավառում:
Դժվար է նկարագրել, թե ինչով է աշխատնքային մթնոլորտը մեր բանկում տարբերվում մյուսներից, բայց այն միանշանակորեն յուրահատուկ է:
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն ավանդաբար համարվում է մեր բանկային համակարգի ամենաերիտասարդ անձնակազմ ունեցող բանկերից մեկը: Երբ մենք սկսում էինք, բանկի աշխատակիցների միջին տարիքը 26-27 տարեկան էր, եւ այդ չափանիշը պահպանվում է մինչ այսօր. բանկի աշխատակիցների միջին տարիքը չի գերազանցում 30-ը, չնայած այն հանգամանքին, որ մասնագետների այն «կորիզը», որը մեզ հետ էր բանկի առաջին օրերից, մեզ հետ է մինչ օրս:
Աճին զուգընթաց, մենք աշխատանքի ենք ընդունում հիմնականում համալսարանների շրջանավարտներին, եւ այս ներհոսքի շնորհիվ է, որ բանկի աշխատակիցների միջին տարիքը պահպանվում է: Նշեմ, որ բանկի աշխատակիցների թիվն այսօր շուրջ 900 է:
- Հայտնի է, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» նպատակներից է 2013թ-ին ընդգրկվել աշխարհի լավագույն 1000 բանկերի ցուցակում: Որքանո՞վ է այս նպատակը իրատեսական` Հայաստանի տնտեսության 2009թ. բացասական զարգացումների լույսի ներքո:
- Իհարկե, անցած տարվա մեր տնտեսությունում ի հայտ եկած դժվարություններն ազդեցին ընդհանուր տնտեսական մթնոլորտի` այդ թվում նաեւ բանկային ոլորտի վրա:
1000 լավագույն բանկերի ցանկում ընդգրկվելը շատ սիմվոլիկ եւ ինդիկատիվ նշանակություն ունի, դա հստակ եւ ֆիքսված խնդիր չէ, որի լուծումը կարելի պլանավորել ըստ ժամկետի:
Ճգնաժամի ժամանակ մենք ականատես եղանք աշխարհի խոշորագույն բանկերի սնանկացումների, եւ այս համատեքստում որեւէ կանխատեսում անելը չափազանց դժվար է:
- «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» Գյուղատնտեսական բանկերի միջազգային միության անդամներից մեկն է: Ինչու՞մ է կայանում բանկի առաքելությունն այս ոլորտում:
- Մենք հանդիսանում ենք նշված միության անդամ 1996թ-ից, իսկ 1998-ից ես հանդիսանում եմ այդ կազմակերպության փոխնախագահը եւ ակտիվորեն մասնակցում եմ նրա աշխատանքներին:
Տարեկան 2-3 անգամ մենք ժողովներ ենք անցկացնում տարբեր երկրներում, ինչը թույլ է տալիս փոխանակել առաջավոր փորձը եւ գիտելիքները թե՛ գյուղատնտեսության եւ թե՛ ֆինանսների բնագավառներում:
2-3 տարին մեկ միությունը կազմակերպում է համաշխարհային կոնգրեսներ, որոնցում մենք եւս ցուցաբերում ենք ակտիվ մասնակցությունը:
Սա լրացուցիչ հնարավորություն է մեզ եւ մեր հաճախորդների համար` իմանալ ոլորտի վերջին զարգացումները եւ կիրառել լավագույն փորձը Հայաստանում:
Ի դեպ նշեմ, որ մեր հայկական փորձը եւս շատ պահանջված է արտերկրում: Շատ հաճախ մեզ խնդրում են ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման փորձը: Ես ներկայացրել եմ Հայաստանի փորձը Միլանում եվրոպական երկրների համար կազմակերպված համաժողովին, Հարավաֆրիկյան Յոհանեսբուրգում` Համաշխարհային բանկի կազմակերպած համաժողովին, Մակեդոնիայում, Հունգարիայում եւ այլն:
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի փորձը ուսումնասիրվել է այնպիսի հեղինակավոր կառույցների կողմից, ինչպիսիք են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) եւ Հարվարդի համալսարանը:
- Ինչպե՞ս եք նախատեսում նշել բանկի հոբելյանը:
- Հոբելյանը նշելու ենք բարձր տրամադրությամբ` մեր աշխատակիցների, բաժնետերերի եւ հաճախորդների հետ միասին:
Քանի որ մեր բանկն այսօր դարձել է համակարգաստեղծ կառույց եւ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ, մենք ցանկանում ենք կիսել մեր տոնը ողջ հասարակության հետ եւ այս նպատակով նախատեսում ենք բացօթյա համերգ կազմակերպել Կասկադին հարակից տարածքում:
Հոբելյանի առթիվ ես կցանկանայի խաղախություն եւ ֆինանսական բարեկեցություն մաղթել մեր բաժնետերերին, հաճախորդներին եւ ողջ հասարակությանը, իսկ մեր աշխատակիցներին մաղթում եմ ծանրաբեռնված, բայց միաժամանակ հետաքրքիր եւ հաճելի աշխատանք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: