Բրայան Ջաջը Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի ֆինանսների եւ ժողովրդավարության ծրագրի հետազոտությունների տնօրենն է։ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Քեւին Ուորշը վերջերս հայտարարեց նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը «կուսումնասիրի նոր ընդհանուր նշանակության տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) տարածման տեմպը, ընդգրկումը եւ տնտեսական ազդեցությունը, ինչպես նաեւ դրանց հետեւանքները Դաշնային պահուստային համակարգի համար»՝ զբաղվածության եւ գնաճի վերաբերյալ իր մանդատներն իրականացնելիս։ Հատկանշական է, որ Ուորշի հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկար ԱԲ-ի՝ ֆինանսական կայունության վրա ունեցած հնարավոր ազդեցության մասին, թեեւ ֆինանսական կայունությունը ԴՊՀ-ի փաստացի երրորդ մանդատն է։ ԴՊՀ-ն որոշ չափով գիտակցել է այն ռիսկերը, որոնք ԱԲ-ն առաջացնում է ֆինանսական կայունության համար։ Ապրիլին ԴՊՀ-ի նախկին նախագահ Ջերոմ Փաուելը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ միասին, հանդիպում էր հրավիրել՝ գնահատելու, թե ինչպես կարող են ԱԲ առաջադեմ մոդելներն ազդել բանկային համակարգի կիբեռանվտանգության վրա։ Սակայն նույնիսկ այս մոտեցումը չափազանց սահմանափակ էր։Միացյալ Նահանգներում եւ՛ ֆինանսական համակարգը, եւ՛ ակտիվների շուկաները դարձել են ԱԲ-ի հաջողության վրա միակողմանի խաղադրույք։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա այս տասնամյակի վերջին ԱԲ-ի տվյալների կենտրոնների ֆինանսավորման չմարված պարտքը կգերազանցի հիփոթեքային պարտքը։ Այժմ ԴՊՀ-ն պետք է պարզի՝ արդյոք այս տվյալների կենտրոններից ստացվող եկամուտները բավարար դրամական միջոցներ կստեղծեն պարտատերերին ժամանակին մարումներ կատարելու համար։Այդ հարցը հաճախ նույնացնում են երկու այլ հարցի հետ՝ արդյոք արհեստական բանականությունը փուչիկ է, եւ արդյոք այն փոխակերպող տեխնոլոգիա է: Գայթակղություն կա ներկայացնել սա որպես երկընտրանք. ԱԲ-ն կամ փուչիկ է, կամ փոխակերպող տեխնոլոգիա, բայց դա սխալ կլիներ: 19-րդ դարում Միացյալ Նահանգներում երկաթուղային բումն ավարտվեց 1873 թվականի խուճապով, իսկ 1990-ականների հեռահաղորդակցության եւ ինտերնետային բումն ավարտվեց ֆոնդային շուկայի փլուզմամբ: Երկու դեպքում էլ տեխնոլոգիան իսկապես փոխակերպող էր, բայց վարկատուներն ու բաժնետերերը, միեւնույն է, ծանր կորուստներ կրեցին, քանի որ ներդրումների ծավալը գերազանցում էր կարճաժամկետ հեռանկարում իրատեսորեն ակնկալվող եկամուտը: Լուսանկարը՝ Reuters Նմանապես, երբ խոսքը վերաբերում է ԱԲ-ին, տեխնոլոգիական հաջողությունը չի երաշխավորում ֆինանսական հաջողություն: Դեռեւս անորոշ է՝ որքան եկամուտ կստեղծի ԱԲ-ն, սակայն վարկառուների պարտավորությունների մարման ժամկետները նախապես սահմանված են: ԱԲ գործիքները կարող են լայնորեն կիրառվել, իսկ տվյալների կենտրոնը կարող է լայնորեն օգտագործվել, սակայն չստեղծել բավարար կանխիկ միջոցներ իրենց սեփականատերերի պարտքերը սպասարկելու համար: Ֆինանսական կայունության հետ կապված մտահոգությունն առաջանում է ենթադրվող ապագա եկամուտների եւ ներկա պայմանագրային պարտավորությունների միջեւ անհամապատասխանությունից:Այս հաշվարկներն ապշեցուցիչ են։ Sequoia վենչուրային կապիտալի ընկերության գործընկեր Դեյվիդ Կանի գնահատմամբ՝ այս տարի հիպերմասշտաբային ընկերությունների կողմից ԱԲ-ի ոլորտում նախատեսվող մոտ 750 միլիարդ դոլարի կապիտալ ծախսերը պետք է սարքավորումների շահագործման ողջ ընթացքում ապահովեն վերջնական հաճախորդներից մոտ 1,5 տրիլիոն դոլարի եկամուտ, որպեսզի այդ ծախսերը փոխհատուցվեն։ Նրա հաշվարկով՝ 2022թ․ ChatGPT-ի գործարկումից ի վեր ԱԲ-ի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծման վրա կատարված ներդրումները փոխհատուցելու համար անհրաժեշտ կլինի առնվազն մոտ 3 տրիլիոն դոլարի կուտակային եկամուտ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Anthropic-ի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 60 միլիարդ դոլար:Bain & Company խորհրդատվական ընկերության հաշվարկներով՝ մինչեւ 2030թ․ ԱԲ-ի ակնկալվող պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ հաշվողական հզորության ֆինանսավորումը կպահանջի ԱԲ-ի ոլորտում տարեկան մոտ 2 տրիլիոն դոլարի նոր եկամուտ։ Հաշվի առնելով, որ ֆինանսական «փուչիկ» է համարվում այն իրավիճակը, երբ ակտիվի գինը զգալիորեն գերազանցում է դրա ստեղծած դրամական հոսքերը, նման կանխատեսումները, կարծես, հիմնավորում են այն նախազգուշացումները, որ ԱԲ-ն իսկապես փուչիկ է։ԱԲ-ի ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումն արդեն վճռականորեն տեղափոխվել է տեխնոլոգիական հսկաների դրամական հոսքերից դեպի կապիտալի շուկաներ: Շրջանաձեւ ֆինանսավորման սխեմաները լայն տարածում են ստացել. չիպեր արտադրող ընկերությունները ներդրումներ են կատարում ԱԲ լաբորատորիաներում, որոնք այդ միջոցներն օգտագործում են չիպեր գնելու համար, իսկ ամպային ծառայություններ մատուցողները ֆինանսավորում են այն ստարտափներին, որոնք վարձակալում են իրենց սերվերները: Արդյունքում ձեւավորվում է գնահատումների աճի եւ կապիտալ ծախսերի միջեւ դրական հետադարձ կապ։ Լուսանկարը՝ Reuters Չիպեր արտադրող հսկա Nvidia-ն դարձել է «նեոամպային» (neocloud) ընկերությունների ֆինանսական հենարանը՝ թույլ տալով սահմանափակ կապիտալ ունեցող ամպային մատակարարներին գրավիչ պայմաններով մասնավոր ֆինանսավորում ներգրավել: Տեխնոլոգիական հսկաները համատեղ ձեռնարկությունների եւ լիզինգային կառույցների միջոցով կուտակում են հսկայական արտահաշվեկշռային պարտավորություններ: Իսկ կապիտալի աճող մասն ապահովում են մասնավոր վարկային ֆոնդերը, որոնք հաճախ վարկավորում են իրենց հովանավորների հետ փոխկապակցված նախագծերը։Ի տարբերություն նախորդ ներդրումային բումերի, որոնց արդյունքում ստեղծվեցին երկարատև արժեք ունեցող ակտիվներ՝ երկաթուղիներ և օպտիկամանրաթելային մալուխներ, այս ներդրումները նման ակտիվներ չեն թողնում։ Չիպերը կազմում են ԱԲ-ի տվյալների կենտրոնի արժեքի մոտավորապես կեսը, եւ 3-5 տարի անց դրանք գործնականում այլեւս պիտանի չեն լինի օգտագործման համար: Արդյունքում, գրավի արժեքը կարող է ավելի արագ նվազել, քան մարվում է պարտքը։Ավելին, ԱԲ-ից ակնկալվող արտադրողականության աճը եւ աշխատաշուկայի վրա դրա ազդեցությունը դեռեւս տեսանելի չեն տվյալներում: ԴՊՀ-ի աշխատակիցների վերջին վերլուծական գրառման համաձայն՝ դա պայմանավորված է նրանով, որ ԱԲ-ն դեռեւս գտնվում է իր «զարգացման» փուլում: Սակայն արտադրողականության կտրուկ աճը նաեւ կպահանջի, որ ընկերությունները հսկայական ներքին ներդրումներ կատարեն՝ իրենց գործընթացները վերակազմակերպելու համար: Այնուամենայնիվ, շուկաներն արդեն իսկ արտացոլում են շահույթի զգալի աճի սպասումները, որոնք մասամբ պայմանավորված են ԱԲ-ի շնորհիվ առաջացած արտադրողականության աճով, ինչն էլ մտահոգություններ է առաջացնում «շահույթի փուչիկի» վերաբերյալ»։ԱԲ-ի շարունակվող բումի անկման ռիսկերի վերաբերյալ քննարկումների մեծ մասը կենտրոնացել է ֆոնդային շուկայի վրա, սակայն ավելի մեծ ռիսկը սպառնում է վարկային շուկաներին: Ներկայումս մենք ունենք «շուկայական» ֆինանսական համակարգ, որտեղ վարկավորումն ավելի քիչ է իրականացվում բանկերի միջոցով, և ավելի շատ՝ պարտատոմսերի շուկաների, արժեթղթավորման կառույցների եւ ոչ բանկային վարկատուների միջոցով։ Վտանգը ոչ թե 1930-ականների ոճով բանկային ավանդների զանգվածային դուրսբերումն է, այլ 2007 թվականի ոճով ստվերային բանկային համակարգից միջոցների զանգվածային արտահոսքը․ վարկերի որակի վերաբերյալ կասկածները հանգեցնում են կարճաժամկետ ֆինանսավորման կրճատման, եւ վարկառուները ստիպված են վաճառել ակտիվներն արդեն իսկ անկում ապրող շուկայում, ինչն էլ հանգեցնում է գների հետագա անկման։Կարճաժամկետ ֆինանսավորման շուկաների կաթվածահար լինելու պատճառով ԴՊՀ-ն կհայտնվի հսկայական ճնշման տակ՝ աջակցելու ոչ բանկային վարկատուներին եւ տվյալների կենտրոնների պարտքին, ինչպես դա արեց 2020 թվականին՝ COVID-19 համավարակի սկզբում՝ աջակցելով դրամական շուկայի ֆոնդերին։ Սակայն ԱԲ-ն այսօր ավելի քիչ ժողովրդականություն է վայելում, քան Ուոլ Սթրիթը 2007 թվականին։ Երկուսի փրկությունը, ամենայն հավանականությամբ, կկործաներ Դաշնային պահուստային համակարգի անկախության վերջին մնացորդները։Հնարավոր է, որ ԱԲ-ի ոլորտում կատարվող զանգվածային կապիտալ ծախսերն արդարացվեն՝ ստեղծելով տրիլիոնավոր դոլարների պարտքի սպասարկման համար անհրաժեշտ եկամուտները։ Սակայն այդ դեպքում աշխատաշուկայի ենթադրվող տեղաշարժը պատմական նախադեպ չի ունենա։ Սա մղձավանջային «գիր ու ղուշ»-ի սցենար է. եթե ընկնի «գիրը», արդյունքը կլինի ֆինանսական անկայունությունը, իսկ եթե ընկնի «ղուշը»՝ զբաղվածության աստվածաշնչյան մասշտաբի ցնցում կլինի։ Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի Դաշնային պահուստային համակարգի ԱԲ օրակարգում։ Նույնիսկ եթե այս անգամ տեխնոլոգիական առումով ամեն ինչ այլ կերպ զարգանա, ֆինանսական առումով կարող է ոչինչ չփոխվել։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 4672