Ներկայացնում ենք Կորեայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Լի Չոնգ-Վաի հոդվածը: Նախկինում նա զբաղեցրել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետի եւ Հարավային Կորեայի նախագահի միջազգային տնտեսական հարցերով ավագ խորհրդականի պաշտոնները։Լի Չոնգ-Վա Գլոբալ անհավասարակշռությունները կրկին դարձել են միջազգային տնտեսական քննարկումների հիմնական թեմաներից մեկը, եւ դրա համար հիմնավոր պատճառներ կան։ Խոշոր եւ երկարատեւ անհավասարակշռությունները հաճախ վատ են ավարտվում՝ լինի դա կապիտալի հոսքերի կտրուկ շրջադարձ, փոխարժեքների բարձր տատանողականություն, աշխարհաքաղաքական հակամարտություն, թե, ինչպես 2008 թվականին, ֆինանսական ճգնաժամ։ Եվ քանի որ Միացյալ Նահանգներն այժմ ունեն ընթացիկ հաշվի զգալի դեֆիցիտ, իսկ Չինաստանը` զգալի ավելցուկ, աճում են մտավախությունները, որ աշխարհը շարժվում է դեպի հերթական ճգնաժամ։Իհարկե, ներկայիս անհավասարակշռությունները զգալիորեն փոքր են, քան նրանք, որոնք նախորդել էին 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամին։ Անցյալ տարի ԱՄՆ-ի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի մոտ 3.6%-ը՝ մինչդեռ մինչեւ 2008 թվականը դրա գագաթնակետը հասել էր 6%-ի։ Չինաստանի ընթացիկ հաշվի ավելցուկը կազմել է ՀՆԱ-ի 3.7%-ը՝ ճգնաժամից առաջ գրանցված ավելի քան 9%-ի համեմատ։ Սակայն բացերը շարունակում են խորանալ, եւ, ի տարբերություն 2000-ականների կեսերի, դա տեղի է ունենում տնտեսական անվտանգության, մատակարարման շղթաների, պահուստային արժույթների, ռազմավարական մրցակցության եւ ֆինանսական կայունության վերաբերյալ աճող անորոշության պայմաններում։Այս անհավասարակշռությունները նպաստել են պրոտեկցիոնիզմի վերածննդին, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առեւտրային դեֆիցիտներն օգտագործում է լայնածավալ մաքսատուրքերը հիմնավորելու համար։ Իրենց հերթին, եվրոպացի առաջնորդները կտրուկ քննադատում են Չինաստանի արդյունաբերական գերհզորությունները՝ էլեկտրական մեքենաների, մարտկոցների եւ արեւային վահանակների արտադրության ոլորտներում։ Քանի որ «China Shock 2.0»-ը կենտրոնացած է հենց այս բարձր տեխնոլոգիական ճյուղերի վրա (որոնց թվում են նաեւ կիսահաղորդիչներն ու ռոբոտաշինությունը), այլ ոչ թե էժան սպառողական ապրանքների, այն ճնշում է զարգացած տնտեսությունների արտադրողներին եւ խոչընդոտում արդյունաբերական արդիականացման ջանքերը զարգացող աշխարհում։Սակայն ներկայիս կայուն անհավասարակշռությունները միայն առեւտրով չեն պայմանավորված։ Ինչպես ցույց են տալիս Արժույթի միջազգային հիմնադրամի, G7-ի եւ Անգլիայի բանկի վերջին վերլուծությունները, դրանք հիմնականում լապ ունեն ներքին խնայողությունների եւ ներդրումների դինամիկայի հետ։ԱՄՆ-ում հիմնական խնդիրը խնայողությունների անկումն է։ Չնայած երկիրն ունի խոշոր բյուջետային պակասուրդներ եւ կուտակում է արտաքին պարտավորություններ, այն շարունակում է օտարերկրյա կապիտալի հսկայական հոսքեր ներգրավել։ Սա մասամբ պայմանավորված է դոլարային ակտիվների նկատմամբ կայուն պահանջարկով, որը բխում է դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից։ Բացի այդ, Ամերիկայի տեխնոլոգիական առաջատար դիրքը ԱՄՆ ֆինանսական ակտիվներն ավելի գրավիչ է դարձրել արտասահմանյան ներդրողների համար։Արդյունքում ԱՄՆ-ն կարողացել է արտաքին դեֆիցիտները պահպանել շատ ավելի երկար, քան երկրների մեծ մասը, ինչը նպաստել է աճող ֆինանսական խոցելիությունների ձեւավորմանը, որոնք տարածվում են նրա սահմաններից շատ ավելի հեռու։ Համաշխարհային ներդրողները զգալիորեն կախված են դոլարային ակտիվներից, ինչպես նաեւ ամերիկյան բաժնետոմսերից եւ պարտատոմսերից, իսկ նրանց ներդրումային պորտֆելները խիստ կենտրոնացված են ակտիվների սահմանափակ շրջանակում, հատկապես արհեստական բանականության հետ կապված բաժնետոմսերում։ Հետեւաբար, ԱՄՆ շուկաներում կտրուկ շտկումը կարող է արագորեն անդրադառնալ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Լուսանկարը՝ REUTERS Չինաստանի ավելցուկը, ընդհակառակը, արտացոլում է հակառակ միտումը՝ թույլ ներքին պահանջարկ արտադրական կարողությունների համեմատ։ Դրա պատճառների թվում են անշարժ գույքի ոլորտի անկումը, տնային տնտեսությունների բարձր նախազգուշական խնայողությունները՝ պայմանավորված սոցիալական պաշտպանության ոչ լիարժեք համակարգով, ինչպես նաեւ ժողովրդագրական ճնշումները։ Թեեւ արդյունաբերական քաղաքականությունը նպաստել է այս միտումների ամրապնդմանը, այն չի կարող ամբողջությամբ բացատրել Չինաստանի ավելցուկը։Այս տարբերակումը կարեւոր է, քանի որ այն փոխում է քաղաքականության հետեւությունները։ Եթե հիմնական խնդիրը արդյունաբերական սուբսիդիաներն ու առեւտրային արգելքներն են, ապա մաքսատուրքերը կարող են որոշակի լուծում առաջարկել։ Սակայն եթե հիմնախնդիրը խնայողությունների եւ ներդրումների միջեւ առկա կառուցվածքային անհավասարակշռությունն է, ապա առեւտրային միջոցառումների ազդեցությունը սահմանափակ կլինի։ Իրականում, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ փոխարժեքների փոփոխություններն ու մատակարարման շղթաների հարմարվողականությունը չեզոքացնում են մաքսատուրքերի երկարաժամկետ ազդեցության զգալի մասը ընթացիկ հաշվի հաշվեկշռի վրա։Ի վերջո, գլոբալ անհավասարակշռությունները ներքին խնդիրներ են, որոնք պահանջում են ներքին լուծումներ։ ԱՄՆ-ը պետք է աստիճանաբար կրճատի իր բյուջետային դեֆիցիտները եւ ամրապնդի ֆինանսական կայունությունը, իսկ Չինաստանը պետք է խթանի ներքին սպառումը՝ ուժեղացնելով սոցիալական պաշտպանության համակարգը, աջակցելով տնային տնտեսությունների եկամուտներին, թույլատրելով իրական փոխարժեքի աստիճանական արժեւորումը եւ նպաստելով կապիտալի երկկողմանի հոսքերի ընդլայնմանը։ Լուսանկարը՝ REUTERS Արտադրական ոլորտի պետական աջակցության սահմանափակումն ու բարձր ավելացված արժեք ունեցող ծառայությունների ընդլայնումը նույնպես կօգնեն Չինաստանին անցում կատարել դեպի սպառման վրա հիմնված տնտեսական աճ։Այս քայլերը բխում են երկու երկրների շահերից։ Պարտքի հաշվին ֆինանսավորվող սպառումն ու աճող արտաքին պարտավորությունները երկարաժամկետ տնտեսական աճի ավելի հուսալի ռազմավարություն չեն, քան արտաքին պահանջարկից կախվածությունը։Թեեւ անհրաժեշտ միջոցառումները հիմնականում ներքին բնույթ ունեն, միջազգային համակարգված համագործակցությունը նույնպես կարեւոր է։ Ի վերջո, անկանոն ճշգրտումները կարող են ֆինանսական անկայունության, փոխարժեքների բարձր տատանողականության եւ կապիտալի հոսքերի հանկարծակի դադարների հանգեցնել, որոնք հատկապես ծանր կհարվածեն զարգացող տնտեսություններին։Հետեւաբար, այսօր հիմնական մարտահրավերը պարզապես առեւտրային անհավասարակշռությունների կրճատումը չէ։ Այն ֆինանսական խոցելիությունների կառավարումն է, որոնք առաջացել են համաշխարհային կապիտալի հսկայական եւ խիստ կենտրոնացված հոսքերի հետեւանքով։ Այս խոցելիություններն ավելի են խորանում ոչ բանկային ֆինանսական հաստատություններում աճող լծակավորման, ներդրումային պորտֆելների չափազանց կենտրոնացված կառուցվածքի, ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գերբարձր գնահատականների եւ պետական պարտատոմսերի շուկաներում աճող ճնշումների պատճառով։ Այս նպատակին հասնելու համար ԱՄՆ-ն եւ Չինաստանը պետք է աստիճանաբար եւ պատասխանատու կերպով շտկեն իրենց ներքին անհավասարակշռությունները։ Սակայն իրենց ներդրումը պետք է ունենան նաեւ մյուս խոշոր տերություններն ու միջազգային կազմակերպությունները։ Արժույթի միջազգային հիմնադրամը, Միջազգային հաշվարկների բանկը եւ Ֆինանսական կայունության խորհուրդը պետք է ուժեղացնեն սահմանահատող կապիտալի հոսքերի, լծակավորման եւ իրացվելիության անհամապատասխանությունների նկատմամբ վերահսկողությունը՝ միաժամանակ զարգացնելով մակրոպրուդենցիալ քաղաքականությունների համակարգումը, սթրես-թեստավորման գործիքները եւ ճգնաժամերի կանխարգելման մեխանիզմները։ Թեեւ 1980-ականների Պլազա Ակորդի նման լայնածավալ մակրոտնտեսական պայմանավորվածություններն այսօր քիչ հավանական են՝ աշխարհաքաղաքական մասնատվածության պայմաններում, G7-ը եւ G20-ը նույնպես կարող են կարեւոր դեր խաղալ՝ խթանելով թափանցիկությունը, երկխոսությունն ու համագործակցությունը։Թեեւ ներկայիս անհավասարակշռությունները կապված են առեւտրի հետ, դրանք հիմնականում պայմանավորված են ներքին խնայողությունների եւ ներդրումների դինամիկայով, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական մրցակցության, տեխնոլոգիական պայքարի եւ համաշխարհային կապիտալի կենտրոնացված հոսքերի փոխազդեցությամբ։ Միայն այս իրողության գիտակցման եւ դրա հետ կապված ռիսկերի համակարգված կառավարման միջոցով հնարավոր կլինի կանխել, որ ներկայիս լարվածությունները վերածվեն հերթական համաշխարհային տնտեսական ճգնաժամի։Թարգմանությունը՝ Դիանա ՄանուկյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1924