Ձեզ գրում են՝ «Շնորհավորում ենք, դուք շահել եք», կամ զանգահարում են՝ զգուշացնելով «կասկածելի գործարքի» մասին։ Մի պահ վստահում եք, իսկ հաջորդ պահին՝ կորցնում ձեր ամբողջ գումարը։ Այսօր նման պատմությունները հազվադեպ չեն, եւ լավագույն պաշտպանությունը գիտելիքն է։ Հունվարի 13-ին Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցում տեղի ունեցած ֆինանսական գրագիտության դասը հենց այդ նպատակն ուներ՝ ճանաչել ու կանխել խարդախությունը։ Դասը վարել է մեդիա-դպրոցի գործընկեր IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ 24.11.2025 | 16:50 IDBank-ի աջակցությամբ մեկնարկել է Մեդիամաքսի երեկոյան մեդիա-դպրոցը Դասի ընթացքում քննարկվել են ֆինանսական խարդախությունների ամենատարածված տեսակները, քաղաքացիների ամենահաճախ հանդիպող սխալները, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը թվային միջավայրում։ Տաթեւիկ Վարդեւանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Տաթեւիկ Վարդեւանյանը շեշտել է, որ մեդիագրագիտությունն ու ֆինանսական գրագիտությունը փոխկապակցված են. խարդախությունները հիմնականում իրականացվում են սոցիալական ցանցերի, մեսենջերների, կեղծ կայքերի միջոցով։«Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ ապօրինի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում հենց մեդիայի միջոցով։ Այդ պատճառով մեդիագրագետ լինելը նշանակում է նաեւ ֆինանսապես պաշտպանված լինել», - նշել է նա։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ բանկերն ու վճարային համակարգերը մշտապես ներդրում են անում անվտանգության համակարգերի զարգացման մեջ, սակայն վերջնական պատասխանատվությունը հաճախորդինն է, որը չպետք է անձնական տվյալները տրամադրի անծանոթներին: «Այսպես ասեմ՝ ձեր տան բանալին անծանոթին չեք տալիս, այդպես չէ՞: Նույնը պետք է անեք նաեւ ձեր անձնական տվյալների հետ», - բացատրում է Տաթեւիկ Վարդեւանյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ֆինանսական խարդախությունների հիմնական տեսակները։Ֆիշինգ. կեղծ էլեկտրոնային նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով անձնական եւ բանկային տվյալներ ստանալու փորձն է։ Օգտատիրոջը առաջարկվում է անցնել հղումով, լրացնել տվյալներ կամ մասնակցել «ակցիայի»՝ իբր շահում ստանալու համար։Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ հաճախ այդ կայքերը նմանակում են իրական բանկային կամ վճարային համակարգերի կայքերին։Վիշինգ. հեռախոսազանգով իրականացվող խաբեությունն է։ Զանգահարողը ներկայանում է որպես բանկի կամ վճարային համակարգի աշխատակից եւ փորձում է կորզել քարտի կամ հավելվածի տվյալները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Շատ հաճախ մարդկանց ասում են՝ ձեր հաշվից կասկածելի գործարք է կատարվել, հիմա ձեզ կոդ կուղարկվի, ասեք այդ կոդը, որ կարողանանք կանգնեցնել գործարքը։ Իրականում այդ կոդը փոխանցելով՝ մարդը ինքն է բացում իր հաշվի մուտքը խարդախների համար», - նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Սփուֆինգ. դեպքում խարդախը ներկայանում է վստահելի անձի կամ կազմակերպության անունից։ Օրինակ՝ «կոտրում» են մտերիմ մարդու սոցիալական էջը եւ այդ էջից գումար կամ տվյալներ են խնդրում։ Վիճակախաղի խարդախություն. տարածված են նաեւ կեղծ խաղարկությունները, թեստերը կամ «երաշխավորված շահումները»։ Օգտատիրոջից պահանջվում է լրացնել տվյալներ կամ վճարել փոքր գումար՝ «շահումը ստանալու համար»։Ներդրումային խարդախություն. մարդկանց առաջարկվում է արագ եկամուտ խոստացող ներդրումային ծրագրեր կամ բաժնետոմսերի «շահավետ» գնումներ։ Դասի ընթացքում առանձնահատուկ շեշտադրվել է անձնական տվյալների պահպանման թեման։ Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ գաղտնաբառերը, PIN կոդերը եւ միանվագ հաստատման կոդերը երբեք չի կարելի տրամադրել որեւէ մեկին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նորից շեշտել է, որ նույնիսկ ամենաառաջադեմ պաշտպանական համակարգերը անզոր են, եթե օգտատերը ինքն է փոխանցում իր տվյալները չարագործներին։Նրա խոսքով՝ վերջին տարիներին խարդախությունների վերաբերյալ մարդկանց իրազեկվածության մակարդակը որոշ չափով աճել է, սակայն խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այո, մարդիկ աստիճանաբար ավելի զգոն են դառնում, բայց, ցավոք, խարդախներն էլ մշտապես նոր մեթոդներ են գտնում։ Այդ մրցավազքում հաղթելու միակ ճանապարհը կրթությունն ու զգոնությունն է», - ամփոփել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 487