Robust Armenia 2025. Էներգաարդյունավետությունն ու կայուն զարգացումը

13.11.2025 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2025թ. նոյեմբերի 12-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն կազմակերպել էին երկրորդ Robust Armenia կոնֆերանսը՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո։

Բացելով կոնֆերանսը, Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասաց.

«Նախորդ տարվա մարտին Մեդիամաքսը եւ Skill Event Marketing Company-ն անցկացրեցին առաջին Robust Armenia կոնֆերանսը՝ նվիրված կայուն զարգացման թեմաներին: Քանի որ այդ կոնֆերանսը մեծ հետաքրքրություն առաջացրեց, Skill-ի մեր գործընկերների հետ որոշեցինք այն ամենամյա դարձնել:


Այս տարվա կոնֆերանսի թեման էր «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին»: Կարծում եմ, որ իրականում արդյունավետությունը նաեւ ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ է եւ պետք է շատ ավելի լուրջ ուշադրության արժանանա պետական մարմինների, մասնավոր հատվածի եւ ընդհանուր առմամբ, մեր հասարակության կողմից: Հուսով եմ, որ այսօրվա կոնֆերանսը ինչ-որ չափով կնպաստի այդ գործին»:
 


Robust Armenia 2025-ի գործընկերներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Evocabank-ը, Team ընկերությունների խումբը եւ «Ավտո Գելլրի» ընկերությունը։ 

Կոնֆերանսի ընթացքում երկու պանելային քննարկում է տեղի ունեցել:

«Ինչո՞ւ եւ ինչպես դառնալ էներգաարդյունավետ եւ ինչ է իրական էներգաարդյունավետությունը» քննարկման մասնակիցներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը, Էվոկաբանկի կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար Կարեն Վարդանյանը, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության գործընկեր, բիզնես խորհրդատվության բաժնի մենեջեր Կարեն Մելիքյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, 


«Նորարությունը եւ կայուն զարգացումը՝ հնարավորություններ եւ ռիսկեր» քննարկման մասնակիցներն էին «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը, Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը, «Ավտո Գելլրի» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Greenvance խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վարդան Մելիքյանը:

Banks.am-ը ներկայացնում է հատվածներ կոնֆերանսի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների ելույթներից եւ պանելային քննարկումների մասնակիցների խոսքերից։

Հանքարդյունաբերության եւ էներգետիկ անվտանգության կապը

Արմեն Ստեփանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն 

Հանքարդյունաբերությունը ուղղակի կապ ունի էներգետիկ անվտանգության հետ: Մարդիկ այսօր խոսում են վերականգնվող էներգետիկայի մասին, բայց հաճախ մոռանում են, որ առանց հանքարդյունաբերության դա անհնարին է պատկերացնել: Օրինակ բերեմ մեր կյանքից անբաժան դարձած սմարթֆոնները: Մոտ 35-40 տեսակի մետաղ է օգտագործվում ինչպես մեր սմարթֆոններում, այնպես էլ այլ սարքավորումներում՝ հեռուստացույցներ, օդափոխիչներ եւ այլն: 

Արմեն Ստեփանյանը

Մետաղի այսօրվա պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել շրջանաձեւ տնտեսությանը, ինչը միտված է իրերը, սարքերը առաջին հերթին ավելի խնամքով օգտագործելուն, իսկ շարքից դուրս գալուց հետո՝ վերաօգտագործելուն կամ վերամշակելուն: 

Արմեն Ստեփանյանը

Ինչպես առանց հանքարդյունաբերության է անհնարին պատկերացնել այսօրվա աշխարհը, այնպես էլ էներգետիկ փոխակերպումն անհնար է պատկերացնել առանց մի քանի մետաղի՝ մասնավորապես պղնձի: Հայաստանում առկա պղինձը մեր երկիր ծավալների համար բավականին շատ է: Պղնձի պահանջարկ այսօրվա էներգետիկ փոխակերպման հետեւանքով, ըստ կանխատեսումների, մինչեւ 2035 թվականը կկրկնապատկվի եւ սա դեռ պահպանողական սցենարն է:

Բանկերի եւ կապի ընկերությունների դերը

Կարեն Վարդանյան, Evocabank-ի կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար 

Հատկապես մեր երկրի համար, որը էներգետիկ անվտանգության խնդիր ունի, ամեն միավոր էներգիան շատ կարեւոր է: Կարեւոր է այդ էներգիայի փայփայումը եւ էներգիայի նոր աղբյուրների ստեղծումը: Բանկերն այսօր միտված են այդ գործին: Միջազգային բանկային համակարգի, պետության եւ տեղական ֆոնդերի հաշվին բանկերը բիզնեսների համար հասանելի են դարձնում էներգաարդյունավետությունը բարձրացնելու ռեսուրսները: Evocabank-ը զարգացնում է այդ ուղղությունը: Ներդրել ենք նոր չափորոշիչներ, նոր համակարգեր: Վերջին տարիներին մեր բանկը ավելի քանի 60 մլն դոլարի ներդրումներ է ներգրավել միջազգային ֆոնդերից, որոնք հիմնականում ուղղված են էներգաարդյունավետ բիզնեսների զարգացմանը:

Կարեն Վարդանյանը

Առանց միջազգային ֆոնդերի, պետական համակարգի կոնսոլիդացիայի եւ բանկային համակարգի փորձի շատ դժվար է այդ ռեսուրսները հասցնել բիզնեսին եւ անհատներին: Բանկերը, այդ թվում՝ մեր բանկը, այդ կամուրջի դերն են կատարում:

Բացի բիզնեսից՝ շատ է տարածվում նաեւ ֆիզիկական անձանց շրջանակում էներգաարդյունավետ վերանորոգումները, էլեկտրական մեքենաների օգտագործումը, տնային տնտեսություններում արեւային կայանների տեղադրումը: Սա կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունի երկրի համար: 

Արամ Բարսեղյան, Team Telecom Armenia ընկերության փոխտնօրեն 

Team Telecom Armenia ընկերությունը 2021 թվականից սկսած մոտ չորս անգամ ավելացրել է այլընտրանքային էներգիայի օգտագործումը եւ մեր հիմնական նպատակներից է, որ մեր սպառած էներգիայի 100 տոկոսը ապահովվի վերականգնվող ռեսուրսների հաշվին: 

Արամ Բարսեղյանը

Այս տարի Գեղարքունիքի մարզում նոր արեւային կայան ենք հիմնադրել, որը տարեկան 16 մլն կՎտ/ժամ հոսանք է արտադրում: Այս ծավալը համեմատելի է Աշտարակի կամ Թալինի ամբողջ 
տարվա հոսանքի սպառման հետ: 

Մենք նաեւ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման առաջամարտիկներից ենք: Հիմա Team Energy-ի շուրջ 200 կայան ունենք, որոնց 70 տոկոսը մարզերում է:

Հայաստանի էներգաարդյունավետության դինամիկան եւ խոչընդոտները

Վարդան Ջհանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ 

Շատ կարեւոր է ոչ միայն էներգիայի խնայումը, այլեւ ճիշտ բաշխումը: Էներգիայի սպառումը եւ դրա գեներացիան պետք է համապատասխանեն իրար, իսկ մենք առայժմ չենք կարողանում ավելի շատ զարգացնել այլընտրանքային կամ վերականգնվող էներգետիկան: Իրական առաջընթացի հասնելու համար պետք է պետական ծրագրերի միջոցով էլեկտրաէներգիայի կուտակման ոլորտը զարգացնել: 

Վարդան Ջհանյանը

Պետք է դիտարկել ոչ միայն էլեկտրաէներգիան, այլեւ դիզելային վառելիքի եւ գազի օգտագործումը: Այսինքն, էլեկտրաէներգիայից բացի, մյուս աղբյուրները նախ պետք է փորձենք փոխարինել այլընտրանքային աղբյուրներով: Սկզբից գազը եւ դիզելային վառելիքը փոխարինենք էլեկտրաէներգիայով, հետո սկսել ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել վերականգնվող աղբյուրներից: 

Հայկ Ալոյան, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն 

Վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ անգամ եվրոպական երկրներն այսօր բանաձեւ են փնտրում՝ ինչպես ձեռք բերել էներգետիկ անկախություն: Հայաստանի համար էլ սա առաջնային խնդիրներից մեկն է՝ լինել ե՛ւ էներգետիկ անկախ, ե՛ւ էներգաարդյունավետ: Այս առումով վերականգնվող էներգիայի զարգացումն ամենակարեւորն է: 

Կարեն Մելիքյանը, Հայկ Ալոյանը եւ Կարեն Վարդանյանը

«Լիդիան Արմենիա»-ն մշտապես կարեւորել է բնապահպանական հարցերը: Որպես ապացույց կարող եմ խոսուն մի թիվ ներկայացնել: Մոտ մեկ տասնամյակ տեւած մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, որի շնորհիվ վեր հանեցինք շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության հետ կապված բոլոր հարցերը եւ հնարավոր ռիսկերը, մեր ներդրումային ծրագրի արժեքն ավելացավ 80 միլիոն դոլարով:

Կարեն Մելիքյան, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության գործընկեր, բիզնես խորհրդատվության բաժնի մենեջեր 

Հավելյալ էլեկտրաէներգիայի ձեւերի սպառման տարբերակներից մեկը կուտակիչների կառուցումն է կամ էլեկտրաէներգիայի արտահանումը: 

Կարեն Մելիքյանը

Արտահանման համար մեզ անհրաժեշտ է զարգացնել բարձրավոլտ ցանցը: Այս երկու ուղղություններն են, որ թույլ կտան այդ հավելյալ էլեկտրաէներգիան սպառել: Բայց հարցն այն է, որ պետք է ավելի արագ գործել: Օրինակ, Հայաստան-Իրան բարձրավոլտ գծի կառուցումը մեկնարկել է մոտ տասնամյակ առաջ եւ դեռ ավարտին չի հասել:

Flash 3.0՝ նոր ձեւաչափ, էներգիա եւ հնարավորություններ

Սանասար Բեգլարյան, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն 

Քանի որ այս տարի լրանում է «Ֆլեշ»-ի հիմնադրման 30-ամյակը, ծնվեց Flash 3.0 ձեւաչափը: Թվային հարթակներից օգտվողները գիտեն, որ ցանկացած հավելված թարմացումներ է ունենում։ Սա էլ մեր «թարմացումն» է։ Flash 3․0 ձեւաչափը գործարկվում է երեք ուղղությամբ՝ նոր ձեւաչափ, նոր էներգիա եւ նոր հնարավորություններ՝ կիրառելի ամբողջ Հայաստանում, միջպետական ճանապարհներից մինչեւ համայնքներ։


«Ֆլեշ»-ը երկար տարիներ զբաղվում է վառելիքի ներկրմամբ, մանրածախ ու մեծածախ վաճառքով, իսկ այս փոխակերպման արդյունքում մենք ցանկանում ենք ներկայանալ իբրեւ ոչ թե վառելիք վաճառող, այլ ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություններ մատուցող ընկերություն։ Մեր ծառայությունները հետաքրքիր են ոչ միայն ներքին այրմամբ շարժիչ ունեցող մեքենաների վարորդների, այլեւ նրանց երեխաների համար, ովքեր ցանկանում են մեր կայաններում համեղ «հոթդոգներ» համտեսել, ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր վարում են էլեկտրական մեքենաներ։

Սանասար Բեգլարյանը

Շուկան 90-ականներից մինչ օրս շատ տրանսֆորմացիաների է ենթարկվել. ժամանակին մարդիկ վառելիքի լիցքավորման կայան էին փնտրում, այսօր վարքագիծն ու մշակույթն այլ է, եւ մենք ուզում ենք մեր 3.0 հայեցակարգի շրջանակում տալ նրանց այն, ինչ մարդիկ փնտրում են։

Երեւանը շատ մեծ չէ, եւ կարող է թվալ, որ էլեկտրական մեքենաներն արդեն գերակշռում են, սակայն իրականում դրանք կազմում են ամբողջ պարկի ընդամենը 5%-ը։ Բայց այս ցուցանիշը վառելիք վաճառողներին շատ չի հուսադրում, քանի որ էլեկտրամոբիլների թիվը շարունակաբար աճելու է։

Սանասար Բեգլարյանը

Շուկան փոխվում է, եւ հնարավոր է հասնել 50/50 հարաբերակցության կամ էլեկտրամոբիլների գերակշռման՝ կախված տեխնոլոգիաների զարգացման միտումներից։ Հոսանքով մեքենաները մոտ ապագայում կլիցքավորվեն գրեթե նույն արագությամբ, ինչ ավանդական վառելիքի պարագայում, եւ մենք անմասն չենք մնալու։ Ոչ հեռու ապագայում Հայաստանում կտեսնենք «Ֆլեշ»-ի նոր ձեւաչափով կայաններ։

Լիցքավորման ենթակառուցվածքի ծածկույթն եւ զարգացումը

Նելլի Մալյան, Team Systems ընկերության տնօրեն 

2021-ին, երբ նոր էինք սկսում մտածել լիցքավորման ենթակառուցվածքի մասին, մեզ հետաքրքրում էր՝ ո՞րն է խթանիչ ուժը՝ մեքենաների քանակը, թե ենթակառուցվածքի առկայությունը։ Հետ նայելով՝ տեսնում ենք, որ դրանք սերտ փոխկապակցված են։ 2021-ին նույնիսկ թեստավորման համար անհրաժեշտ էլեկտրամոբիլներ չէինք կարող գտնել, Հայաստանում գրանցված էլեկտրական մեքենաների թիվը մոտ 400 էր։ Կտրուկ աճը սկսվեց 2023-ին եւ շարունակվում է:

Նելլի Մալյանը

Մենք ամեն տարի կրկնապատկում ենք կայանների քանակը։ Եթե առաջին ալիքի տեխնոէնտուզիաստները՝ ենթակառուցվածքի բացակայության պայմաններում, ինչ-որ կերպ լուծում էին լիցքավորման հարցը, հիմա արդեն ավտոսիրահարները որոշում կայացնելիս հիմնվում են նաեւ ենթակառուցվածքի առկայության վրա, եւ այս խումբն ավելի շատ է օգտվելու հանրային կայաններից։ 

Team Systems-ն արդեն ապահովել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների նվազագույն անհրաժեշտ ծածկույթը Երեւանում եւ մարզերում։ Սկզբում դրանք տեղադրվում էին միմյանցից 100 կմ հեռավորության վրա, այժմ՝ 50 կմ։ Ներկայում սպասարկում ենք ավելի քան 90 արագ եւ ավելի քան 150 ավելի դանդաղ լիցքավորման կայան։ 


Կայանների մոտ 50%-ը գտնվում է մարզերում, եւ 2026-ին պլանավորում ենք ավելացնել դրանց քանակը։ 

Ապագան էլեկտրական է

Գեւորգ Գեւորգյան, «Ավտո Գելլրի» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն 

Հայաստանում գրանցված մեքենաների թիվն ավելի քան 800 հազար է։ Վերջին 3 տարում ներմուծվել է մոտ 25 հազար էլեկտրական մեքենա։ Ընդհանուր չափաբաժինն առայժմ մեծ չէ, բայց եթե դիտարկենք տարեկան ներմուծվող մեքենաների մեջ էլեկտրականների մասնաբաժինը, այն մոտենում է 50%-ին, իսկ ներմուծված մինչեւ երեք տարեկան մեքենաների մեջ՝ կազմում է 80%-ից ավել։ 

Գեւորգ Գեւորգյանը

Հայաստանը հարմար երկիր է էլեկտրական մեքենաների համար. երկար ճանապարհներ չունենք, Երեւանից հարեւան երկրի սահման առավելագույնը 350-380 կմ է, բիզնեսը կամ անհատը օրական 400-500 կմ վարելու անհրաժեշտություն չի ունենում։

Մենք որդեգրել ենք քաղաքականություն՝ ստեղծել ավելի լավ պայմաններ եւ էլեկտրականացնել ավտոպարկը Հայաստանում, ցույց տալ, թե որքան արդյունավետ է դա թե բիզնեսի, թե անհատների համար։ Ամբողջ աշխարհում էլեկտրական մեքենաները թանկ տեխնոլոգիա են, բայց գործող արտոնությունների շնորհիվ՝ մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի ազատման միջոցով, մարդատար մեքենաների համար ստեղծվում է հետաքրքիր էֆեկտ։ Ապագան էլեկտրական է, եւ ենթակառուցվածքներ ստեղծող մեր գործընկերների հետ երկխոսությունը իրապես կարեւոր է:

Գեւորգ Գեւորգյանը

Հայաստանում մեծ թափով աճում է թեթեւ կոմերցիոն մեքենաների թիվը, որոնց մեծ մասն էլեկտրական է։ Խոշոր տեխնիկայի ոլորտում միջազգային ավտոարտադրողները նույնպես աշխատում են էլեկտրական մոդելների վրա, ամեն տարի շուկայում հայտնվում են ավելի երկար վարվող ու ավելի ծանր բեռ տեղափոխող մեքենաներ։ 2026-ի երկրորդ կեսին Հայաստանում եւս կհայտնվեն էլեկտրական ծանր բեռնատարներ։ Սա ոչ միայն բնության պահպանության հարց է, այլեւ՝ արդյունավետության։ Չնայած էլեկտրական ծանր բեռնատարները երկու անգամ ավելի թանկ են, մեր հաշվարկներով՝ 1 կմ 1 տոննա բեռ տեղափոխելու ինքնարժեքը գրեթե 50%-ով ցածր է։ Արդեն առկա աճի տեմպերը եւ գործընկերների ներդրումները ապահովում են լավ պայմաններ ոլորտի զարգացման համար։

Բնապահպանական ռիսկերը եւ կանաչ ֆինանսավորման հնարավորությունները

Վարդան Մելիքյան, Greenvance խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ տնօրեն 

Ռիսկերից մեկն այն է, որ շահույթ հետապնդելիս հաճախ անտեսվում են բնապահպանական կամ շրջակա միջավայրի խնդիրները։ Հիմնական խնդիրն իրազեկվածության ցածր մակարդակն է։ Ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի բոլոր ոլորտները տեղեկացված լինեն տարբեր ստանդարտների ու ակնկալվող ռիսկերի մասին։ 


Շատ խաչվող թեմաներ միասին քննարկելով՝ կարելի է լրջորեն բարձրացնել արդյունավետությունը։ Բիզնեսներից շատերն արդեն օգտվում են կանաչ վարկավորման մեխանիզմներից՝ մասնավորապես բանկերի միջոցով, որոնք կարող են հավատարմագրում ստանալ տարբեր կլիմայական ֆոնդերից եւ խոշորածավալ էժան ֆինանսավորում ներգրավել։ Այս հնարավորությունները բաց են բոլորի համար՝ ոչ միայն ֆինանսական հատվածի ներկայացուցիչների։

Վարդան Մելիքյանը

Արտահանման շուկաներում պահանջները գնալով խստացվում են՝ կապված բնապահպանական ստանդարտների հետ: Այստեղ եւս կարեւոր է իրազեկել, որ այդ ստանդարտներին համահունչ լինելը անհրաժեշտ է, քանի որ ավելի մեծ եկամուտներ ստանալու հեռանկար են ապահովում։ 

Ամփոփելով քննարկումները, Արա Թադեւոսյանը նշեց.

«Մենք փորձում ենք Robust Armenia կոնֆերանսները կազմակերպել այնպես, որ քննարկումները զերծ լինեն ձեւականությունից եւ պաթոսից եւ փորձենք վեր հանել իրական խնդիրները: Այս առումով, կարծում եմ, կոնֆերանսը հաջողված էր եւ հնչած մտքերը կարող որոշակի փոփոխությունների խթան դառնալ»:

Անի Խչոյան, Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Դավիթ Ղահրամանյանի
Դիտում՝ 2725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW