Ներկայացնում ենք Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության եւ քաղաքագիտության պրոֆեսոր Բարրի Այխենգրինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Բարրի Այխենգրին1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, տնտեսագետ Ալբերտ Հիրշմանը հրատարակեց «Ազգային իշխանությունը եւ արտաքին առեւտրի կառուցվածքը» աշխատությունը, որտեղ նա վերլուծում է, թե ինչպես են պետությունները ձեւավորում առեւտրային մոդելները՝ ռազմավարական առավելություն ձեռքբերելու նպատակով: Գիրքը բացարձակ ձախողվեց. այն ընդամենը մեկ անգամ համառոտ հիշատակվեց «American Political Science Review»-ում եւ գրեթե չմեջբերվեց այլ տնտեսագետների եւ հեղինակների կողմից: Ալբերտ Հիրշմանը Այսօր Հիրշմանը եւ նրա ստեղծած ոլորտը, որը հայտնի է որպես «աշխարհատնտեսագիտություն», նոր թափով ի հայտ է եկել՝ հիմնվելով նրա հիմնարար գաղափարների վրա: Դրանք սկսվում են «ազդեցության էֆեկտից», որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է գերիշխող պետությունը կառուցել իր առեւտուրն այնպես, որ խափանումները ավելի շատ վնասեն իր գործընկերներին, քան իրեն: Սպառնալով սահմանափակել արտահանումը կամ մուտքը շուկա՝ այս գերիշխող պետությունը կարող էր հարկադրել եւ զիջումներ կորզել իր գործընկերներից: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահսկում մաքսատուրքերն ու արտահանումը, որպեսզի երկրներին ստիպի ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում կամ ամերիկյան ընկերություններին շուկա մուտք գործելու արտոնյալ հնարավորություն ընձեռել: Ի տարբերություն Հիտլերի Գերմանիային (Հիրշմանի սկզբնական օրինակին)՝ Թրամփի վարչակազմը գիտակցաբար չի ձեւավորել ԱՄՆ առեւտուրը՝ այս ազդեցությունն ուժեղացնելու համար: Թրամփը ժառանգել է ԱՄՆ մեծ շուկան եւ ամերիկյան բարձր տեխնոլոգիական ղեկավարությունը, որը նրան լծակներ է տվել: Սակայն արդյունքում ստացված ռազմավարությունը նույնն է։ Լուսանկարը՝ REUTERS Հիրշմանը մատնանշել է նաեւ երկրորդ մեխանիզմը՝ «մատակարարման էֆեկտը», որտեղ առեւտուրն օգտագործվում է ռեսուրսներ կուտակելու եւ գործարքները հուսալի գործընկերներին ուղղորդելու համար՝ ամրապնդելով տնտեսական դիմադրողականությունը եւ սահմանափակելով խոցելիությունը արտաքին ազդեցությունից: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են երկրները իրենց առեւտուրն ու ներդրումները ուղղորդում բարեկամական երկրներին՝ մեծացնելով ինքնաբավությունը կիսահաղորդիչների արտադրության մեջ եւ հազվագյուտ մետաղներ կուտակելով: Ոչ մի բան չի փոխվում…Բայց որոշ բաներ այլեւս նույնը չեն: Միջազգային ֆինանսական շուկաները, որոնք 1930-ականներին քաոսի մեջ էին, Հիրշմանի գրելու պահին ակտիվ չէին: Այժմ, ընդհակառակը, դրանք աշխարհատնտեսական գիտության հիմնական ասպարեզն են: ԱՄՆ-ն զգալիորեն օգտվեց Ռուսաստանի ֆինանսական կախվածությունից՝ 2022 թվականին Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից հետո, եւ սառեցրեց Կրեմլի արտասահմանյան դոլարային ավանդները՝ զրկելով ԱՄՆ թղթակցային բանկային համակարգ մուտք գործելու հնարավորությունից։Չինաստանն իր «Գոտի եւ ճանապարհ» (BRI) նախաձեռնությունն օգտագործում է ոչ միայն անվտանգ մատակարարման շղթաներ կառուցելու, այլեւ այլ երկրների իր ֆինանսական ռեսուրսներից կախվածություն ստեղծելու համար։ Այս երկրները գիտակցում են դա. 2023 թվականին Իտալիան դադարեցրեց իր մասնակցությունը BRI-ին՝ անհանգստանալով, որ Չինաստանից ֆինանսական կախվածություն ձեռք կբերի։ Ֆինանսական պատժամիջոցների քննադատները մտահոգված են, որ նման միջոցառումները կխաթարեն դրանք կիրառող կառավարությունների լծակները։ Ռուսաստանը եւ այլ երկրները, որոնք մտահոգված են, որ կենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին, կարիք ունեն գտնելու օտարերկրյա ակտիվներ պահելու եւ օտարերկրյա վճարումներ կատարելու այլ եղանակներ։Ռուսաստանը իր ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (SPFS) մղում է միջսահմանային գործարքների ոլորտ: Դոլարի եւ ԱՄՆ թղթակցային բանկային համակարգի ավելի լուրջ մրցակից է Չինաստանի միջսահմանային միջբանկային վճարային համակարգը (CIPS), որին այժմ ուղղակիորեն եւ անուղղակիորեն մասնակցում են մոտ 1700 բանկեր: Վերլուծաբանները զգուշացնում են, որ պատժամիջոցների կամայական կիրառումը ավելի մեծ խթան կհաղորդի նման նախաձեռնություններին եւ, ի վերջո, կվնասի դոլարի գլոբալ դերին ու թույլ չի տա Ամերիկային օգտագործել ֆինանսները իր օգտին: Լուսանկարը՝ REUTERS Նմանապես Չինաստանի պես երկրները, որոնց ԱՄՆ-ն ենթարկում է արտահանման վերահսկողության, պատճառներ ունեն արագացնելու իրենց ներդրումները կրկնակի օգտագործման (քաղաքացիական եւ ռազմական) տեխնոլոգիաների մեջ: Եթե այդպես լինի, իր աշխարհաքաղաքական գործողությունների արդյունքում ԱՄՆ-ն կունենա է՛լ ավելի հզոր եւ տեխնոլոգիապես բարդ մրցակից: Նման արձագանքը չպետք է անակնկալ լինի: Դա հենց այն է, ինչ կարելի էր ակնկալել Հիրշմանի հայեցակարգից ելնելով. Ամերիկայի «ազդեցության էֆեկտի» թիրախավորված երկրները կդիմեն սեփական «մատակարարման էֆեկտներին»՝ իրենց խոցելիությունը սահմանափակելու համար:Այս երկրները կհակադարձեն նաեւ ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով: Հիրշմանը մեծ ուշադրություն չէր դարձրել դրան՝ հաշվի առնելով նացիստական Գերմանիայի եւ դրա թիրախ դարձած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ ուժերի անհավասարակշռությունը։ Ի տարբերություն դրա՝ Չինաստանն այսօր ունի ազդեցության լծակներ։ Թրամփի մաքսատուրքերին եւ արտահանման վերահսկողությանը նա պատասխանեց ամերիկյան արտադրանքի վրա մաքսատուրքերով, կարեւորագույն հանքանյութերի արտահանման վերահսկողությունով եւ ամերիկյան ընկերությունների համար ներդրումային սահմանափակումներով։ Անցյալ տարվա վերջին երկու երկրները հետ քաշվեցին ճգնաժամի եզրից՝ համաձայնելով «մարտավարական զինադադարի» շուրջ, որպեսզի թուլացնեն իրենց առեւտրային պատերազմը։ Սակայն նրանց հակահարվածները հեշտությամբ կարող էին դուրս գալ վերահսկողությունից։ Այդպիսի վտանգ դեռ կա։ Այժմ, երբ Գերագույն դատարանը ստիպեց Թրամփին վերանայել իր մաքսատուրքերը, ամբողջ իրավիճակը պետք է վերանայվի։Սա է մեր վտանգավոր նոր աշխարհը։ Սա միջուկային զսպման տեսության եւ Հիրշմանի աշխարհատնտեսական տեսության միջեւ մտահոգիչ զուգահեռներից մեկն է։ Ինչպես միջուկային զենքի դեպքում, աշխարհատնտեսական զենք ունեցողների սխալ հաշվարկների հետեւանքները կարող են կործանարար լինել։Գլոբալացումը, որին մենք սովոր ենք, դիմակայել է ֆինանսական անկումներին, ճգնաժամերին եւ համաշխարհային համավարակին։ Պարզ չէ՝ արդյոք կդիմանա աշխարհատնտեսական հակամարտության սրմանը։ Աշխարհատնտեսական մարտիկները պետք է լավ մտածեն։ Նրանք վտանգի են ենթարկում հենց իրենց, կամ, ավելի ճիշտ, մեզ։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյդ հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 247