Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքն այսօր համալրում է ֆինանսավարկային ոլորտում մասնագիտացված «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո եւ խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաեւ տրամադրում է հիփոթեքային եւ բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր:Այսօր բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը, եւ ազդարարվել է ընկերության մուտքը կապիտալի շուկա: Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առեւտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաեւ իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատորի տեղաբաշխման հարթակի միջոցով՝ Դայմենշն ընկերության միջնորդությամբ։ ««Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ընկերության հետագա զարգացման ճանապարհին։ Մենք բարձր ենք գնահատում ընկերության պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ֆինանսական գործիքակազմը։ Սա ոչ միայն վկայում է ընկերության գործունեության կայունության մասին, այլեւ խթանում կապիտալի շուկայի ակտիվացումը՝ օրինակ ծառայելով այն ընկերությունների համար, որոնք ձգտում են գործել թափանցիկ եւ հաշվետու պայմաններում»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը;«Հայաստանի ֆոնդային բորսա մուտք գործելը կարեւոր քայլ է մեր ընկերության զարգացման համար եւ հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները։ Մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան, պարզ եւ հասանելի ֆինանսական ծառայություններ, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին եւ ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը: Tweet Դիտում՝ 1306