TOON EXPO-ն այս տարվա հունիսի 27-29-ն առաջին անգամ անցկացվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ Մոսկվայում։ Ցուցահանդեսը նախատեսված էր ռուսաստանաբնակ հայերի եւ ներդրողների համար՝ ներկայացնելու Հայաստանի անշարժ գույքի շուկան, ստուգելու նոր շուկայի արձագանքը եւ գնահատելու ներդրումային հնարավորությունները։ Իսկ արդեն սեպտեմբերի 5-7-ը TOON EXPO-ն կրկին կներկայանա Երեւանում՝ մեկ հարթակում համախմբելով առաջատար կառուցապատողներին, ներդրումային առաջարկներն ու շուկայի միտումները։2022 թվականից ի վեր Երեւանում անցկացված 4 եւ Մոսկվայում՝ 1 ցուցահանդեսներին ընդհանուր մասնակցել է ավելի քան 300 ընկերություն, այցելել ավելի քան 60,000 մարդ եւ վաճառվել $500 մլն գույք։TOON EXPO-ի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր, մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը Banks.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայի ցուցահանդեսի արդյունքներին եւ Երեւանի առաջիկա միջոցառման ակնկալիքներին։- Ինչպե՞ս է սկսել TOON EXPO ցուցահանդեսների շարքը եւ զարգացման ի՞նչ փուլերով է անցել։- TOON EXPO-ն մեր պորտֆոլիոյում առաջին ցուցահանդեսը չէր։ Մինչ այդ արդեն կազմակերպել էինք երկու խոշոր ցուցահանդես, եւ TOON EXPO-ն եղել է երրորդը։ Ցուցահանդեսին սկսել էինք պատրաստվել դեռ 2022 թվականի սկզբից, բայց գաղափարը շատ ավելի վաղ կար՝ դեռ մեր առաջին ցուցահանդեսից առաջ։ 2021 թվականին, Արցախյան պատերազմից հետո, արդեն պլանավորում էինք, անունն ընտրել էինք, սոցցանցերում էջերը բացել։ Պարզապես մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական, ստիպեցին էքսպոն հետաձգել։ Փոխարենը որոշեցինք սկսել MOM & KID EXPO-ով, որը մեզ համար ավելի քիչ ռիսկային էր։ Հետո իրականացրինք Big Christmas Market-ը, եւ միայն դրանից հետո՝ 2022 թվականի հունիսին, անցկացրինք առաջին TOON EXPO-ն։ Դիանա Հարոյանը Լուսանկարը՝ TOON EXPO Ի սկզբանե դժվար էր գործընկերներ ներգրավել։ Մինչ այդ նմանատիպ ցուցահանդեսներ եղել էին, որոնք մեծ արդյունք չէին տվել, եւ հատկապես կառուցապատողներին դժվար էր համոզել, որ TOON EXPO-ն կլինի արդյունավետ։ Պետք էր վստահեցնել, որ միջոցառումը կաշխատի, մարդիկ կգան, հետաքրքրված կլինեն, եւ գույքը կվաճառվի։ Դա բավականին բարդ փուլ էր։- Ինչպես էիք ձեւակերպել TOON EXPO-ի հիմնական նպատակը։– TOON EXPO-ի նպատակն առաջին հերթին կառուցապատողների եւ գնորդների ճանապարհը կրճատելն է՝ շփումն ավելի ուղիղ եւ արդյունավետ դարձնելով։ Եթե սովորական պայմաններում մարդը ամիսներ կարող է ծախսել՝ տարբեր շինհրապարակներ այցելելով, գրասենյակներում հարցումներ անելով, հաճախ դժվարությամբ կողմնորոշվելով, ապա էքսպոյի ձեւաչափը թույլ է տալիս մի վայրում՝ մեկ մուտքով, 1-3 օրվա ընթացքում տեսնել ոլորտի հիմնական խաղացողներին, համեմատել առաջարկները, ընտրել առավել նպաստավորը։Երկրորդ կարեւոր բաղադրիչն այն է, որ մեր բոլոր գործընկերներն այս ցուցահանդեսին մասնակցում են հատուկ առաջարկներով եւ զեղչերով։ Եթե նման պայման չկա, չեն կարող մասնակցել։ Դա գնորդի համար էականորեն պարզեցնում է որոշման գործընթացը, ստեղծում իրական ընտրության հնարավորությունը։ Իսկ կառուցապատողների համար TOON EXPO-ն ոչ միայն վաճառքի, այլեւ մարքեթինգի, PR-ի եւ նույնիսկ HR-ի արդյունավետ գործիք է։- Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել մինչ այժմ TOON EXPO-ի 4 կազմակերպված միջոցառումներից՝ մասնակիցների, վաճառքների եւ գնորդների թվերով։– Առաջին տարում դժվար էր համոզել մասնակիցներին, բայց, այնուամենայնիվ, ունեցանք ավելի քան 130 տաղավար։ Այդ փուլում մասնակիցների ընտրության գործընթացը համեմատաբար բաց էր, քանի որ մեզ համար կարեւոր էր սկսել, ունենալ արդյունք եւ հասկանալ, թե ինչպես է աշխատում ձեւաչափը։ Հետագայում, սակայն, մասնակիցների քանակը թեեւ էականորեն չկրճատվեց, սակայն սկսեցինք ավելի խիստ ֆիլտրման քաղաքականություն կիրառել, ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր գործընկերոջ՝ կառուցապատողի պորտֆոլիոն, անցած ճանապարհը, հանձնված նախագծերը, շինարարության որակը, հետադարձ կապը հաճախորդներից, ինչպես նաեւ՝ ուշացումների պատմությունը։ Եթե չեն բավարարում որոշ որակական չափանիշներ, չենք համագործակցում։ Բացի այդ, կառուցապատողները ժամանակի ընթացքում սկսեցին վերցնել ավելի մեծ տաղավարներ, ինչը տարածքային սահմանափակումների պատճառով ֆիզիկապես նվազեցնում է ընդհանուր մասնակիցների թիվը։ Այդ պատճառով վերջին միջոցառումներում մեր մասնակիցների թիվը մնացել է շուրջ 110-120՝ չանցնելով 130-ը։ Լուսանկարը՝ TOON EXPO Մեր անցկացրած TOON EXPO ցուցահանդեսների արդյունքում վաճառվել է ավելի քան $500 միլիոնի անշարժ գույք, ունեցել ենք 60 հազարից ավելի թիրախային այցելու եւ 300-ից ավելի մասնակից ընկերություն։ Անշարժ գույքի շուկայի վրա տարբեր գործոններ են ազդում, եւ դրանք հաճախ նպաստել են մեր ցուցահանդեսների արդյունավետությանը։ Օրինակ՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի դադարեցումը դրական ազդեցություն է ունեցել՝ ձեւավորելով շուկայի ակտիվ պահանջարկ, եւ ցուցահանդեսն արձանագրել է լավ արդյունք։2022-ին վաճառքներն ավելի համեստ էին, բայց 2023-ի ապրիլին ունեցանք այնքան լավ ցուցանիշներ, որ նույն տարում կրկնեցինք TOON EXPO-ն նաեւ սեպտեմբերին։ Իսկ 2024-ի հոկտեմբերին անցկացված ցուցահանդեսը դարձավ ամենաարդյունավետը՝ հենց եկամտային հարկի փոփոխության ֆոնին։- TOON EXPO-ն հունիսի 27-29-ը առաջին անգամ անցկացվեց Մոսկվայում։ Ինչպե՞ս ընտրվեց Մոսկվան՝ որպես արտերկրում ներկայանալու առաջին ուղղություն։– TOON EXPO-ի՝ Հայաստանի սահմաններից դուրս գալու նպատակն այն վայրերում ներկայություն ունենալն էր, որտեղ մեծ է հայկական սփյուռքը։ Ցանկացանք մեր սփյուռքահայ հայրենակիցներին ներկայացնել, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Այդ տրամաբանությամբ էլ առաջին քաղաքը դարձավ Մոսկվան, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքը։ Լուսանկարը՝ TOON EXPO Մոսկվայում կազմակերպված TOON EXPO-ն այս տարի մեզ համար թեստային էր՝ հասկանալու համար, արդյոք իրականում կա հետաքրքրություն, պոտենցիալ եւ արդյունքի հասնելու հնարավորություն։ Արդյունքներից ելնելով՝ արդեն պլանավորում ենք միջոցառումը անցկացնել նաեւ Սոչիում, մեր թիրախում է նաեւ Լոս Անջելեսը՝ որպես հայկական սփյուռքի եւս մեկ խոշոր կենտրոն։- Ի՞նչ արդյունք է գրանցվել TOON EXPO MOSCOW 2025-ի ընթացքում, կարո՞ղ եք ներկայացնել կոնկրետ թվեր։– Եթե հաշվի առնենք մեր բոլոր գործընկերների պոտենցիալը՝ սկսած ամրագրումներից մինչեւ ներկայում կնքվող պայմանագրեր, ապա TOON EXPO MOSCOW 2025-ի արդյունքում Հայաստան է ներգրավվել շուրջ $20 միլիոն եւ ավելի ներդրում։ Միջոցառումը ծառայեց նաեւ որպես արժեքավոր հետազոտական հարթակ. պարզ դարձավ, որ մի շարք ընկերությունների պրոդուկտները լիարժեք հարմարեցված չէին այդ շուկային։ Բազմաթիվ կառուցապատողներ հենց տեղում կարողացան գնահատել շուկայի արձագանքը, հասկանալ, թե ինչ ձեւով կարելի է ավելի արդյունավետ ներկայանալ։ Ոմանք փոխեցին իրենց առաջարկի փաթեթավորումը՝ սփյուռքահայ լսարանին հարմարեցնելու համար։ Իսկ նրանք, ովքեր չհասան ակնկալվող արդյունքի, ստացան փորձ եւ տեսան, թե ինչ գործիքներով էին աշխատում իրենց ավելի հաջողակ գործընկերները։Միջոցառումն ունեցել է 1500-ից ավելի թիրախային այցելու։ Եթե Երեւանում կարող է լինել 20 հազար այցելու, որի կեսը լինի թիրախային, ապա Մոսկվայի դեպքում այդ տոկոսը բարձր է, եթե մարդիկ հատուկ ժամանակ են տրամադրել գալու համար, նշանակում է, որ հետաքրքրությունն իսկապես իրական եւ նպատակային է։Ընդհանուր առմամբ, TOON EXPO MOSCOW 2025-ը դիտարկում ենք որպես հաջողված փորձարկում։ Մեր գործընկերներից շատերն էլ գոհ էին արդյունքներից։- Այցելուների մասով՝ արդյոք հիմնականում սփյուռքի հայերն էին, թե կային նաեւ օտարերկրացիներ։– Մեր ողջ մարքեթինգային արշավն ուղղված էր սփյուռքի հայերին, եւ մեր հիմնական նպատակը հենց այդ լսարանին հասնելն էր։ Այցելուների մոտ 80-85%-ը հայ էր, իսկ մնացած 15-20%-ի մեջ կային նաեւ ռուսներ, որոնք հետաքրքրված էին Հայաստանում ապրելու կամ ներդրում կատարելու հնարավորությամբ։ Լուսանկարը՝ TOON EXPO Բացի բնակության համար նախատեսված ռեզիդենտ գույքից՝ ներկայացված էին նաեւ ներդրումային անշարժ գույքի տարբերակներ, այդ թվում՝ Dalan Technopark-ը, հյուրանոցային համալիրներ եւ այլ նախագծեր։ Միջոցառման շրջանակում փորձել էինք Հայաստանը դիրքավորել նաեւ որպես գրավիչ ուղղություն անշարժ գույքի ներդրումների տեսանկյունից։ Այս նպատակով նախապես իրականացրել էինք հատուկ նախագիծ՝ Մոսկվայի առաջատար անշարժ գույքի 20 գործակալի հրավիրել էինք Երեւան՝ բրոկեր-տուրի շրջանակում։ Նրանց մեկշաբաթյա այցի ընթացքում ներկայացրել էինք տարբեր շինհրապարակներ, գրասենյակներ եւ նախագծեր։ Շատերը զարմացած էին՝ տեսնելով, թե ինչպիսի որակի եւ պոտենցիալով առաջարկներ կան Հայաստանում։ Արդյունքում գործակալների մի մասը հիմա արդեն համագործակցում է մեր գործընկեր կառուցապատողների հետ՝ ներդրումային հնարավորություններ զարգացնելու ուղղությամբ։- Ի՞նչ քայլեր են արվել TOON EXPO MOSCOW 2025-ի ընթացքում՝ Սփյուռքի ներկայացուցիչներին ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերմանը կամ ներդրումներին մոտեցնելու համար։– TOON EXPO MOSCOW 2025-ին ֆինանսական միակ կառույցը Ameriabank-ն էր, որը ներկայացել էր հատուկ սփյուռքի համար մշակված հիփոթեքային վարկային պրոդուկտով։ Բանկը համագործակցում էր մի շարք խոշոր կառուցապատողների հետ, եւ այցելուները կարող էին միաժամանակ ծանոթանալ բնակարաններին եւ ստանալ վարկավորման խորհրդատվություն հենց ցուցահանդեսի տարածքում։ Բանկի առաջարկը հարմարեցված էր սփյուռքին՝ պարտադիր չէր լինել ՀՀ քաղաքացի։ Սա զգալիորեն հեշտացրել էր որոշման գործընթացը։ Ameriabank-ի ներկայությունն էական ազդեցություն ունեցավ ինչպես գործարքների հարթ կազմակերպման, այնպես էլ շուկայի ուսումնասիրության տեսանկյունից։ Բանկը նույնպես բավարարված էր համագործակցությունից։- Մոսկվայում անցկացված TOON EXPO-ն շարունակակա՞ն է լինելու։- Այո, արդեն պատրաստվում ենք հաջորդ տարվան, սակայն հնարավոր է՝ փոխենք սեզոնը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Նախատեսում ենք միջոցառումը դարձնել ավելի մասշտաբային, թեեւ այս տարին եւս, որպես առաջին փորձ, բավականին համարձակ եւ ընդգրկուն էր։ Մոսկվայի TOON EXPO-ն ձեւաչափով նման է երեւանյան միջոցառմանը՝ մի տարբերությամբ, որ Երեւանում ներկայացվում է անշարժ գույք նաեւ 10-12 այլ երկրից։ Մոսկվայում, թեեւ Դուբայից եւս կար չորս գործընկեր, բայց շեշտը դրված էր Հայաստանի անշարժ գույքի վրա։ Սփյուռքում TOON EXPO-ի գաղափարը հենց հայրենական շուկան ներկայացնելն է։ Հավանաբար, հետագայում արտասահմանյան TOON EXPO-ներին կներկայացվի միայն հայկական գույք, իսկ Երեւանի միջոցառումը կմնա միջազգային ձեւաչափով՝ ցանկացած երկրի ներկայացման հնարավորությամբ։ Լուսանկարը՝ TOON EXPO Մոսկվայում անշարժ գույքի միջազգային ցուցահանդես կազմակերպելը համարձակ քայլ էր մասնավոր ընկերության կողմից, հատկապես՝ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի դադարեցման եւ շուկայում առաջացած մարտահրավերների պայմաններում։ TOON EXPO-ն այս պայմաններում դարձավ արդյունավետ հարթակ՝ ոլորտում նոր շարժ ստեղծելու համար։Նախաձեռնությունը ամբողջությամբ իրականացնում է միայն Big Projects ընկերությունը՝ որպես կազմակերպիչ եւ ներդրող։ Սա լուրջ կազմակերպչական եւ ֆինանսական բեռ է, որը նաեւ կարեւոր ազդակ կարող է դառնալ պետության համար՝ ոլորտը ինստիտուցիոնալ մակարդակում խթանելու նպատակով։ Ելնելով փորձի արդյունքներից՝ կարելի է վստահ ասել, որ պետական աջակցությունն ու մասնավոր նախաձեռնությունը միասին կարող են շոշափելի ազդեցություն ունենալ։- Ինչպե՞ս է ընթանում սեպտեմբերի 5-ից 7-ը կայանալիք TOON EXPO YEREVAN 2025-ի կազմակերպումը։ Ի՞նչ առանձնահատկություններ են նախատեսվում այս տարվա ցուցահանդեսի համար։- Այս տարի TOON EXPO-ն կտրուկ կտարբերվի նախորդ տարիներից։ Նախկինում կառուցապատողները հիմնականում ձգտում էին հնարավորինս շատ վաճառք անել՝ օգտվելով եկամտային հարկի հետվերադարձի օրենքից։ Չնայած այս օրենքը դեռ գործում է որոշ նախագծերում, բայց կառուցապատողների մոտեցումն արդեն փոխվել է, ներկայանում են հագեցած, ընդգրկուն լուծումներով։ Նրանք այժմ կարեւորում են կյանքի եւ կեցության պայմանների ներկայացումը, թե ինչպես է զարգանալու համայնքը, ինչ ենթակառուցվածքներ եւ ծառայություններ են լինելու տարածքում: Բացի ավանդական բնակելի նախագծերից, այս տարի կներկայացվեն նաեւ կրթական ծրագրեր, բիզնես հաբեր եւ այլ ներդրումային գույքեր։Մեր այցելուները եւս փոխվում են, նրանք այլեւս պարզապես բնակության համար անշարժ գույք փնտրող չեն, այլ՝ ակտիվ քաղաքացիներ, որոնք ուզում են հասկանալ, թե որ ուղղությամբ է շարժվում քաղաքը, որ ուղղությամբ է զարգանում երկիրը, ի՞նչ ներդրումներ կարելի է անել Երեւանում կամ դրանից դուրս։ - Քանի՞ կազմակերպություն է հաստատել մասնակցությունը երեւանյան ցուցահանդեսին, եւ ի՞նչ միջազգային ներկայություն է ակնկալվում։- Այս պահին գրեթե ազատ տաղավարներ չունենք: Ունենալու ենք շուրջ 100 մասնակից, մեծ մասը կառուցապատողներ։ Գլխավոր նորություններից մեկն այն է, որ հիմնական սրահում կունենանք կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ։ Կառուցապատողների համար ցուցահանդեսը նաեւ լավ առաջարկներով մատակարարներ ունենալու եւ պայմանագրեր կնքելու հարթակ է։ Երկրորդ՝ մատակարարների կամ B2B սրահում կներկայանան շինարարության համար անհրաժեշտ արտադրանք ու ծառայություններ առաջարկող հայկական եւ օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով։ - Ի՞նչ դեր ունեն հովանավորներն ու գործընկեր կազմակերպությունները միջոցառման իրականացման եւ զարգացման գործում։– Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը շարունակում է լինել ML Mining-ը՝ մեր երկրի ամենավստահելի եւ խոշոր կառուցապատողներից մեկը։ Մեր հիմնական գործընկերներից է նաեւ RED Invest Group անշարժ գույքի գործակալությունը, իսկ ցուցահանդեսի հովանավորն է Majestic Residence-ը։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին՝ աջակցության եւ համագործակցության համար։ Լուսանկարը՝ TOON EXPO Մենք շարունակաբար աշխատում ենք նաեւ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ, եւ TOON EXPO-ն ձգտում է ունենալ ակտիվ համագործակցություն բոլոր ինստիտուցիոնալ կառույցների հետ, օրինակ՝ Քաղաքաշինության կոմիտե, Կադաստրի կոմիտե, Էկոնոմիկայի նախարարություն, բանկեր եւ այլն։Երեւանում սպասվող ցուցահանդեսին, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ներկայացված են լինելու մի շարք այլ բանկերի հիփոթեքային եւ ֆինանսական մոտիվացիոն առաջարկներ։- Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա TOON EXPO YEREVAN 2025-ից։ – Մենք սպասում ենք, որ կունենանք 20 հազար եւ ավելի այցելու, ինչը մեր թիմի համար մշտական նպատակ է։ Ուժեղ մարքեթինգային արշավի շնորհիվ շուտով շատերն արդեն կիմանան, որ Երեւանում սեպտեմբերի 5-ից 7-ը սպասվում է TOON EXPO YEREVAN 2025-ը, եւ ակնկալում ենք մեծ ակտիվություն։ Հաջորդ կարեւոր սպասելիքն է, որ այցելուները լինեն վալիդ եւ իսկապես հետաքրքրված մեր գործընկերների առաջարկներով։ Եվ վերջապես՝ ակնկալում ենք, որ ցուցահանդեսի ընթացքում կլինի ոչ միայն մեկ-երկու բնակարանի վաճառք, այլ նաեւ կձեւավորվեն երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր։ Մեզ համար հաջողություն կլինի, եթե մասնակիցները ձեռք բերեն կայուն ու ամուր կապեր։ Սա կլինի եւս մեկ կարեւոր շարժիչ ուժ մեր երկրի տնտեսության համար։ Այս տարի, հաշվի առնելով ներդրումային առաջարկների բազմազանությունը, կարծում ենք, որ ընդհանուր ներդրումների ծավալը կարող է լինել նախորդ տարիներից էլ մեծ։ Լուսանկարը՝ TOON EXPO Անշարժ գույքի շուկան TOON EXPO-ից առաջ կարծես «սառում» է՝ սպասելով առաջարկներին։ Այնպես որ, նրանք, ովքեր տարբեր մտքեր ունեն անշարժ գույքի հետ կապված, սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կարող են գտնել հստակ պատասխաններ եւ կայացնել ճիշտ որոշումներ։ Անի Խչոյան Tweet Դիտում՝ 15386