Տնտեսագետների հայկական ասոցիացիայի (ՏՀԱ) 15-րդ տարեկան գիտաժողովն այս տարի միավորել է 100-ից ավելի տնտեսագետների եւ հետազոտողների աշխարհի առաջատար համալսարաններից: Այն ընթացել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) հունիսի 30-ից հուլիսի 2-ը: Եռօրյա նիստերն ու մասնագիտական շփումները եզրափակվել են «Արդյոք անհավասարությունն արգելակու՞մ է աճը» թեմայով պանելային քննարկմամբ: Մեդիամաքսը ներկայացնում է գիտաժողովի նպատակն ու քննարկման առանցքային դրվագները: Հայաստանը՝ միջազգային հետազոտության մասՀամաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսագետներին հետաքրքրող մի շարք թեմաներ՝ միկրոէկոնոմիկայից մինչեւ մակրոէկոնոմիկա, տեսականից մինչեւ կիրառական: Տնտեսագետների հայկական ասոցիացիայի նախագահ եւ ՀԱՀ-ի Տնտեսագիտության մագիստրատուրայի կրթական ծրագրի ղեկավար Գուրգեն Ասլանյանի խոսքով՝ ամենամյա գիտաժողովը նպատակ ունի Հայաստան բերելու աշխարհի մակարդակում քննարկվող նոր թեմաները՝ միեւնույն ժամանակ դրանցում ներգրավելով հնարավորինս շատ հայ հետազոտողների: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այս գիտաժողովի շնորհիվ միջազգային հետազոտողները ծանոթանում են հայկական տնտեսական դաշտի հետաքրքիր նախադեպերին, ուսումնասիրում դրանք, հետագայում գրում աշխատություններ, որոնց արդյունքները կարող են օգտակար լինել Հայաստանում քաղաքականության մշակման գործընթացներում»,-նշել է նա՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում ձեւավորվում են գործնական կապեր հայ եւ միջազգային հետազոտողների միջեւ, տեղի է ունենում փորձի փոխանակում:Այս տարի համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ Փրինսթոնի, Քորնելի, Չիկագոյի, ՄաքԳիլի եւ մի շարք այլ աշխարհահռչակ համալսարաններից: Գուրգեն Ասլանյանի խոսքով՝ գիտաժողովին խրախուսում են նաեւ ուսանողների մասնակցությունը՝ թե´ Հայաստանից, թե´ արտերկրից: «Գիտաժողովի համար Հայաստան են գալիս նաեւ աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչը նշանակում է, որ տնտեսագետների նոր սերունդն արդեն իսկ ընկերանում է Հայաստանի հետ եւ ծանոթանում Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նա: Գուրգեն Ասլանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Գիտաժողովի նպատակներն ու ազդեցությունը համահունչ են նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի տեսլականին, որով այն ձգտում է նպաստել տնտեսական ոլորտում հետազոտության զարգացմանը՝ հասցնելով այն միջազգային բարձր չափանիշների: Տվյալահեն քաղաքականությունների մշակումՊոմպեու Ֆաբրա համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Ռուբեն Ենիկոպոլովը, որը նաեւ Երեւանի տնտեսագիտական դպրոցի ակադեմիական տնօրենն է, առանձնահատուկ ընդգծել է հետազոտության դերը ժամանակակից աշխարհում: «Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մարդկային կապիտալն է հիմնականում որոշում տարբեր երկրների համեմատական առավելությունը։ Այս առումով Հայաստանը յուրահատուկ է, քանի որ մարդկային կապիտալի բարձր մակարդակը Հայաստանի ուժեղ կողմերից է: Մենք պետք է այն հնարավորինս շատ զարգացնենք»,- նշել է նա: Ռուբեն Ենիկոպոլովը Լուսանկարը՝ Մեդիամաքս Տնտեսագետը նաեւ հավելել է, որ քաղաքականությունների մշակման մեջ այլեւս անհնար է առաջ գնալ ենթադրություններով, եւ պետք է լուրջ տվյալահեն ու վերլուծական մոտեցում՝ ինչպես պետական, այնպես էլ բիզնեսի մակարդակում: Սա եւս այն պատճառներից է, թե ինչու տարատեսակ գիտաժողովների եւ այլ միջոցառումների միջոցով պետք է զարգացնել Հայաստանի հետազոտական պոտենցիալը՝ դարձնելով այն համաշխարհային հետազոտական միտումների մաս:Ռուբեն Ենիկոպոլովի խոսքով՝ գիտաժողովի տրամաբանական շարունակությունը Դիլիջանում մեկնարկող ամառային դպրոցն է՝ նախատեսված երիտասարդ տնտեսագետների համար: Այն կազմակերպում է Երեւանի տնտեսագիտական դպրոցը՝ Չիկագոյի համալսարանի հետ համագործակցությամբ: Հավասարությունը խոչընդոտու՞մ, թե՞ նպաստում է զարգացմանըԳիտաժողովի ամփոփիչ միջոցառմանը տեղի ունեցած պանելային քննարկման առանցքում աճի եւ հավասարության փոխպայմանավորված կապն էր:ՀԱՀ-ի Մանուկեան Սիմոն գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը պանելի ընթացքում ընդգծել է, որ երբեմն աճն եւ ներառականությունն իրար փոխադարձաբար բացառում են: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Եթե դիտարկենք զուտ միկրոտնտեսական մոտեցմամբ, ապա, հաճախ, աճը կարելի է առավելագույնի հասցնել՝ առանց ներառականության ապահովման: Քաղաքականություն մշակողների մեծ մասը ներառականությանը մոտենում է ոչ թե որպես աճը խթանող ռազմավարության, այլ որպես քաղաքական մարտահրավերի, որի ուղղությամբ պետք է աշխատել»,- նշել է նա: Այս թեմայի շուրջ հետազոտությունները բազմաթիվ են: Վաչե Գաբրիելյանն իր խոսքում առանձնացրել է Աբհիջթ Բաներջիի եւ Էսթեր Դուֆլոյի հետազոտությունը, որով գիտնականները եզրակացրել են՝ թե´ հավասարության բարձր գործակիցը, թե´ անհավասարության բարձր գործակիցը կարող են խոչընդոտ դառնալ աճի համար: Վաչե Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երկրների 80 %-ի պարագայում Ջինի գործակիցը (հեղ.՝ ցույց է տալիս, թե որքան անհավասարաչափ են բաշխված եկամուտները բնակչության առանձին խմբերի միջեւ) տատանվում է 0.25-0.40-ի շրջանում (հեղ.՝ 0՝ բացարձակ հավասար, 1՝ բացարձակ անհավասար) Հայաստանը եւս այդ միջակայքում է՝ բավականին լավ հարեւանությամբ: Օրինակ՝ Չինաստանի Ջինի գործակիցն իր արագընթաց աճի շրջանում 0.41, 0.42 էր, ԱՄՆ-ինը հիմնականում 0.40-ի շրջանում է: Սա նշանակում է, որ աճը հնարավոր է, եւ մեր խնդիրն է հասկանալ՝ ինչպես այն դարձնել ավելի ներառական եւ արդար: Եթե դա չի արվում, ապա առաջ են գալիս ավելի երկարաժամկետ խնդիրներ կապված անկայունության եւ ժողովրդավարական կառավարման հետ: Ավելի պարզ ասած՝ երբ կրթությունը դառնում է համատարած հասանելի, հետեւանքը կարող է լինել,Պ. Տուրչինի բնորոշմամբ, Էլիտայի գերարտադրություն: Մյուս կողմից՝ եթե աճը չունի ներառականություն եւ աճի պտուղները հասու չեն մարդկանց մեծամասնությանը, ապա դա կարող է խաթարել երկրի կայունությունը»,- նշել է Վաչե Գաբրիելյանը՝ եզրահանգելով, որ թեեւ աճն ու հավասարությունը փոխկապակցված երեւույթներ են, սակայն, հաճախ, ոչ թե մեկ ընդհանուր, այլ առանձին առաջադրանքներ: Տնտեսական աճի պտուղները չեն հասնում աղքատներինՀամաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը, անդրադառնալով Հայաստանում հավասար աճը խաթարող խնդիրներին, ընդգծել է, որ թեեւ աղքատության կրճատումը նկատելի է, այն շարունակում է բավականին բարձր մնալ՝ արձանագրված միջին եկամտի պայմաններում: Լեա Հաքիմը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանում աղքատության կրճատումը հետեւողական չէ: Օրինակ՝ 2023 թվականի 8.3 % տնտեսական աճի պարագայում աղքատությունը փոքր-ին աճել է: Սա ցույց է տալիս, որ ՀՆԱ-ի աճը լիարժեք չի փոխանցվում աղքատների բարեկեցությանը»,- նշել է նա: Լեա Հաքիմի խոսքով՝ Հայաստանում աղքատությանը նպաստող գործոններից է նաեւ գյուղական համայնքներում կրթության, աշխատանքի հասանելիությունն ու եկամտի չափի անհամաչափությունը՝ ի համեմատ Երեւանի, որտեղ շարունակում է կենտրոնացած լինել աշխատատեղերի մեծ մասը: Անհավասար հնարավորություններ՝ պայմանավորված ծննդավայրովՇարունակելով անհավասարության շուրջ քննարկումը՝ պանելիստներն առանձնահատուկ շեշտադրել են կրթության դերը: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Սթիվեն Դուրլոֆֆն ընդգծել է, որ կրթության ոլորտում անհավասարությունն ԱՄՆ-ում մի քանի հիմնական պատճառ ունի, որոնցից առաջինը հանրակրթական դպրոցների ֆինանսավորման յուրատիպ համակարգն է: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հանրային դպրոցների վրա ծախսվող եկամտի մոտ 40%-ը գեներացվում է համայնքի մակարդակով։ Միացյալ Նահանգները բաժանված է մոտ 14,000 դպրոցական շրջանների, այդ դպրոցական շրջաններն են գումար են գեներացնում դպրոցներին ուղղելու համար, ուստի եւ շրջանների միջեւ ծախսվող գումարի չափի մեջ շատ մեծ անհամապատասխանություններ կան։ Անհավասարությունը խորանում է, երբ դրան գումարվում է այն հանգամանքը, որ գումարի ծախսի ուղղությունները մեծապես պայմանավորված են տվյալ թաղամասի սոցիալ-տնտեսական առանձնահատկություններով»,- մանրամասնել է Դոկտոր Դուրլոֆֆը՝ օրինակ բերելով այն թաղամասերը, որտեղ հանցագործությունների ու բռնության տարածվածության հետեւանքով կրթության համար նախատեսված ֆինանսները ստիպված ուղղվում են ոչ թե բուն կրթական գործընթացին, այլ այն ապահովող անվտանգային ու աջակցող ծառայություններին: Սթիվեն Դուրլոֆֆը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ըստ տնտեսագետի՝ կրթական անհավասարության մեկ այլ պատճառ է այն «խորհրդանշական տիեզերքը», որում մարդը մեծանում է: «Հյուսիսային Դակոտայի համալսարանում հանդիպեցի մի բժիշկ-պրոֆեսորի, որը բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան ուներ Հարվարդի համալսարանից: Նա պատմեց իր պատմությունը. Արիզոնայի պետական համալսարանում սովորելիս հատկապես առաջատար էր կենսաքիմիա առարկայից: Նրա պրոֆեսորը կանչել է նրան ու ասել, որ պետք է բժշկական համալսարան ընդունվի, ինչին նա արձագանքել է. «Ես չգիտեի, որ հնդիկները կարող են բժիշկ լինել»: Նրա պրոֆեսորն, իհարկե, իմաստուն պատասխան է գտել՝ օգնելով, որ նա հետագայում բժիշկ դառնա, բայց այս օրինակով ուզում եմ ցույց տալ, որ կախված մարդկանց մեծանալու միջավայրերի առանձնահատկություններից՝ մարդկանց գլխում գոյություն ունեցող հնարավորությունները խիստ տարբեր են»,- մանրամասնել է նա:Աջակցություն ծնողներին երեխայի վաղ կրթության շրջանումԼրացնելով ծավալված քննարկումը՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Արիել Քալիլն էլ ընդգծել է ծնողների եւ ընտանիքի դերը վաղ տարիքի կրթությունում: Պրոֆեսորի համոզմամբ՝ նախակրթական հաստատություններն ու դպրոցները չեն կարող ամբողջապես ստանձնել երեխային՝ վաղ տարիքում ձեւավորվող եւ զարգացման համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքը փոխանցելու բեռը: Այս հարցում ծնողները պետք է մեծ ներգրավվածություն ցուցաբերեն, իսկ վերջիններիս աջակցելու համար էլ պետք է ստեղծել համապատասխան ինստիտուտներ: Արիել Քալիլը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երեկ ես ցնցված էի իմ հայ գիդի հետ զրույցից: Նա պատմում էր, որ 10 տարի ԱՄՆ-ում է ապրել, հետո եւս 6 տարի Կանադայում, սակայն մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան՝ խնամելու իր մորը, որովհետեւ հայկական մշակույթում անընդունելի է ծերացող ծնողին ծերերի խնամքի տանը թողնելը: Դա ինձ շատ հուզեց, եւ կարծում եմ սա հավասարապես կարեւոր է նաեւ ԱՄՆ-ում: Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք՝ ինչպես աջակցել բոլոր մարդկանց, որպեսզի ներդրում անեն երեխաների զարգացման մեջ»,- ընդգծել է նա: Պանելի ընթացքում ներկաները նաեւ հնարավորություն են ստացել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու փորձագետներին, որի արդյունքում ծավալվել է ակտիվ քննարկում՝ տեսական գնահատականները տեղափոխելով պրակտիկ փորձի դաշտ: Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 9032