Արցախցի Արմենի լորաբուծության բիզնեսը՝ «Բյուր» գիտելիքներով

10.04.2025 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2023 թվականին Արցախից բռնի տեղահանումից հետո Արմենը բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, որտեղ եւ հիմնել է իր՝ լորաբուծության սեփական բիզնեսը։ Արմենը պատմում է, որ մինչ Գրիբոյեդով տեղափոխվելը Արցախում էլ լորաբուծությամբ է զբաղվել, բայց սիրողական մակարդակով, իսկ գաղափարը բիզնեսի վերածել նրան օգնել է տեղահանված անձանց համար ստեղծված «Բյուր» անվճար կրթական ծրագիրը։ Արմեն Ասլանյանը եղել է այդ ծրագրի առաջին շրջանավարտներից եւ այժմ արդեն կիսվում է իր փորձով «Բյուր»-ի մեծ համայնքի նոր մասնակիցների հետ։


«Բյուր» ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին՝ «Իննոբիզ» ՀԿ-ի եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ: Այն նախատեսված է տեղահանված 1000 անձի համար՝ զրոյից բիզնես ստեղծելու նպատակով: Ծրագիրը մասնակիցներին սովորեցնում է սեփական բիզնես սկսելու եւ վարելու «ինչպես»-ները՝ ինչպե՞ս ձեւավորել բիզնես գաղափարը եւ այն իրականացնելու անհրաժեշտ քայլերը, ինչպե՞ս գտնել հաճախորդներ, ինչպե՞ս հաշվարկել եկամուտ եւ ծախս, ինչպե՞ս շփվել Ֆինանսական կառույցների հետ եւ այլն:

«Բյուր»՝ թվայնացված աջակցություն հազարների համար

ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյանի խոսքով՝ իրենց համագործակցությունը «Իննոբիզ»-ի հետ սկսել է դեռ 2021 թվականից՝ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված անձանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրով:

Զառա Օհանյանը

«Այդ ծրագրով կարողացանք 117 մասնակցի կրթել եւ բիզնես մոդել ստեղծել: Այդ ժամանակ մեզ որպես գործընկեր միացավ նաեւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), որը ֆինանսավորեց 35 բիզնեսի մեկնարկը: Ցավոք, 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղահանվածների հոսքը շատ ավելի մեծ էր եւ գործ էինք ունենալու ոչ թե հարյուրավոր մասնակիցների, այլ հազարների հետ: «Իննոբիզ»-ի հետ միասին գաղափար առաջացավ ստեղծել մի հարթակ, որը 24/7 ռեժիմով հասանելի կլինի օնլայն տիրույթում ու ամեն մի մասնակից իրեն հարմար վայրից եւ ժամի կկարողանա միանալ եւ մասնակցել առաջարկվող դասընթացներին, օնլայն հանդիպումներ ունենալ մենտորների հետ եւ վերջում սեփական բիզնես մոդելը ձեւավորել»,- նշում է Զառա Օհանյանը:

«Մի քիչ թերահավատորեն էի մոտենում նման ծրագրերին»

«Նման ծրագրերին թերահավատորեն էի մոտենում»: Կինս իմացել էր եւ որոշել, որ պիտի մեզ գրանցի»,- ասում է Արմեն Ասլանյանն ու շարունակում. «Դասընթացներին օնլայն միանալն ու ճկուն գրաֆիկն ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ կարողանում էի առօրյա գործերիս հետ համատեղել դրանք: Առավոտյան ժամը 5-ին արթնանում էի, որ դասերը սովորեի: Ամեն առավոտ սովորում էի, թեստերի հարցերին պատասխանում էի: Ինձ հաջողվեց թեստերը հանձնել, աշխատել մենտորների հետ եւ բիզնես մոդել մշակել։ Մենտորական հանդիպումները եւս շատ ճկուն գրաֆիկ ունեին: Դրանք կազմակերպվում էին շաբաթական մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, բոլորս տեղեկանում էինք, թե որ ժամին, որ օրը հանդիպում կա եւ ընտրում էինք մեզ ավելի հարմար տարբերակը»։


«Բյուր» օնլայն հարթակը տեղահանված անձանց համար բաց է 2024 թվականի հունիսից։ Ծրագրի մասնակիցները մասնագիտական տեսադասերը դիտելուց հետո անցնում են ինքնաստուգիչ թեստեր, ունենում են ընթերցանության նյութեր եւ առցանց մենտորական հանդիպումներ՝ ընթացքում ձեւավորելով իրենց բիզնես մոդելը, որը կարողանում են ներկայացնել տարբեր ներդրողների ու դրամաշնորհների դիմելիս: Մասնակիցները հնարավորություն ունեն դասընթացներին եւ մենտորական հանդիպումներին միանալ իրենց հարմար ժամի, հարմար վայրում՝ օգտագործելով համակարգիչ կամ հեռախոս, ինչն էլ որոշիչ դեր է խաղացել «Բյուր»-ի պահանջված լինելու հարցում։

Այսօր «Բյուր» հարթակում սովորում է 1500 շահառու, որոնց շրջանում կան շատ հետաքրքիր ու կենսունակ բիզնես մոդելներ։

Նաիրա Մարգարյանը

«Մենք հպարտանում ենք, որ մեր սաները կարողանում են իրենց գաղափարները բիզնեսի լեզվով ձեւակերպել, դրանք փորձարկել ու համոզվել, որ կարող են սեփական ուժերով կերտել իրենց եւ իրենց ընտանիքների ապագան։ Սակայն այդ գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ։ Այս նպատակով «Իննոբիզ»-ն այժմ իրականացնում է նախաձեռնություն՝ «1 նվիրատվություն՝ 150 ընտանիքի ապագա հայրենիքում» դրամահավաքը, ռեԱրմենիա հարթակի միջոցով։ Մասնակցելով դրամահավաքին՝ միասին կարող ենք ապահովել դրամաշնորհային ֆոնդ, որը փորձառու հանձնաժողովի կողմից կուղղվի «բյուրեցիների» ընտրված գաղափարներից բիզնեսներ ստեղծելուն», - ասում է «Իննոբիզ»-ի նախագահ Նաիրա Մարգարյանը։

«Բյուր»-ը բիզնեսի կառավարման գործում «աչքերս բացեց»

«Դասընթացների եւ մենտորների հետ հանդիպումների ընթացքում հասկացա, որ մինչ այս ինչ գիտեի բիզնես վարելու մասին, բոլորովին էլ այն չէր: «Բյուր»-ն, այսպես ասած, «աչքերս բացեց», սովորեցրեց բիզնես պլան գրել, ֆինանսներ հաշվարկել, վերադիր եւ հիմնական ծախսերը հասկանալ, եկամուտն ու շահույթը հասկանալ, իմանալ ինչ է մարքեթինգը եւ ինչպես աշխատել հաճախորդների հետ»,- ասում է Արմենը:

Նա նաեւ առանձնացնում է մենտորների մոտեցումը՝ նշելով, որ այն կարեւոր է եղել ոչ միայն բիզնես գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաեւ հոգեբանական աջակցության տեսանկյունից։


«Նրանց հետ աշխատանքը մեզ սովորեցրեց չընկճվել: Մենտորական հանդիպումներին այն տպավորությունն էր, որ իրենք ավելի շատ են շահագրգռված, քան մենք, շատ հոգատար էին ու հավատում էին մեզ: Սա ավելի էր օգնում, աշխուժացնում, հույս արթնացնում: Երբ մարդ ամեն ինչ կորցնում է, շատ դժվար է փարոս գտնելը, իրենք դարձան մեր փարոսը»,- նշում է Արմենը:

Համագործակցության ուժը

ՎԶԵԲ-ն ու «Իննոբիզ»-ը շարունակում են ակտիվորեն զարգացնել նաեւ ինստիտուցիոնալ համագործակցությունները, որոնց շնորհիվ 2024 թվականին Արմեն Ասլանյանը եւ իր պես եւս 30 «Բյուր» շրջանավարտ հնարավորություն ունեցան օգտվելու GIZ-ի աջակցությամբ իրականացվող EPIC ծրագրի դրամաշնորհային փաթեթից։

Զառա Օհանյանը եւ Նաիրա Մարգարյանը

«Մեզ հստակ ժամանակ էր տրված, որի ընթացքում պետք էր մեր մշակած բիզնես մոդելի օնլայն պրեզենտացիան անեինք, ներկայացնեինք անհրաժեշտ սարքավորումներից ցանկը՝ բիզնեսը զարգացնելու համար, այնուհետեւ պատասխանեինք հանձնաժողովի անդամների հարցերին: Մինչ բիզնես մոդելը ներկայացնելը կնոջս հետ տանը պարապում էի, որ կարողանամ բիզնես մոդելը ներկայացնելու ժամանակի մեջ տեղավորվել (ծիծաղում է, խմբ.)»,- ասում է Արմենը:

Արմեն Ասլանյանը

Արմեն Ասլանյանը «Բյուր» եւ GIZ EPIC  ծրագրերի շնորհիվ այսօր արդեն ունի երկու ինկուբատոր, սառնարան եւ փետրահան անելու սարք, որոնց օգնությամբ կարողացել է կազմակերպել կայուն արտադրական ու իրացման գործընթաց։ Նա հավելում է, որ ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելուց ու ֆինանսավորում գտնելու աջակցությունից հետո անգամ «Իննոբիզ»-ը շարունակում է մնալ իրենց կողքին:  

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 3668
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW