«Սկզբունքներ». Բիզնեսում ու կյանքում հաջողության մասին գիրք՝ «Արմբրոկ»-ի աջակցությամբ

20.01.2025 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Արմբրոկ» ներդրումային ընկերության հովանավորությամբ Newmag-ը հայերեն է թարգմանել եւ հրատարակել ֆինանսիստ, ներդրող ու ձեռներեց Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը:

Դալիոն իր ներդրումային Bridgewater Associates ընկերությունը հիմնել է Նյու Յորքի երեք սենյականոց բնակարանում։ 40 տարի անց այն դարձել է պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած հեջ ֆոնդն ու ԱՄՆ-ում 5-րդ խոշոր մասնավոր ընկերությունը:



Time ամսագիրը Դալիոյին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Banks.am-ը ներկա է եղել գրքի շնորհանդեսին ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները:

«Մեզ պակասում են հաջողության պատմությունները»

«Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը հիմնված է հաջողության պատմության վրա ու ներկայացնում է՝ ինչպես զրոյից հիմնել կայուն ընկերություն: Սա շատ է ոգեւորում: Այս գիրքը հայերեն թարգմանելու առաջարկն անելիս հույս ունեինք, որ ոգեւորությունը վարակիչ կլինի նաեւ մյուսների համար», - Banks.am-ի հետ զրույցում ասել է «Արմբրոկ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը.

«Գրքում տեղ գտած որոշ գաղափարներ փորձել ենք կիրառել նաեւ մեր ընկերությունում»:

Արամ Կայֆաջյանը


Նրա խոսքով՝ շուկայում գործելով 30 տարի՝ «Արմբրոկ»-ը եւս ունի սեփական փորձը, հաջողության պատմությունն ու սկզբունքները:

«Դրանք բացարձակ թափանցիկությունն ու ազնվություն են: Այս մոտեցումներն օգնում են, որ մեր եւ հաճախորդների միջեւ ձեւավորվի վստահության միջավայր», - ասել է Արամ Կայֆաջյանը:

Նա ընդգծել է՝ գիրքը ոչ միայն հաջողությունների, այլեւ ձախողումների ու դրանցից քաղած դասերի մասին է: Փորձելու, չստացվելու, նորից ու նորից փորձելու ճանապարհով է միայն հնարավոր հասնել ցանկալի արդյունքի.



«Կարեւոր է ասել, որ սա միայն մասնագիտական՝ ֆինանսիստներին կամ ներդրողներին ուղղված գրականություն չէ։ Այն ներկայացնում է կյանքում երջանիկ լինելու եւ հաջողության հասնելու սկզբունքները եւս։ Հետեւաբար, հասանելի է ընթերցողների լայն շրջանակի: Կարծում եմ՝ մեզ որոշ առումով պակասում են հաջողության պատմությունները:  



Հույս ունեմ՝ Դալիոյի օրինակը կոգեւորի հասարակության այն անդամներին, որոնք ունեն գաղափարներ, բայց կարծում են, որ իրենց միջոցները բավարար չեն դրանք իրականություն դարձնելու համար: Ինչպես Սթիվ Ջոբսը սկսեց ավտոտնակից կամ Ռեյ Դալիոն իր բնակարանի մեկ սենյակից, իրենք եւս կարող են մինչեւ վերջ գնալ դեպի ցանկալի հաջողություն՝ սկսելով զրոյական կետից»:

«Բծախնդիր հետազոտական աշխատանք՝ հիմնված սեփական փորձի ու պատմության վրա»

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի կարծիքով՝ գիրքն առավել օգտակար կլինի բիզնեսներ, տնտեսություններ կառավարողների համար, բայց շատ հետաքրքիր՝ ընթերցողների լայն շրջանակի:  

«Սա անձնական աճի, առաջնորդության, ռեսուրսների կառավարման մեծ շտեմարան է։ Օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները գրքում կարող են բազմաթիվ կիրառական խորհուրդներ գտնել», - Banks.am-ին ասել է Գնել Նալբանդյանը:

Գնել Նալբանդյանը


Նրա խոսքով՝ գրքում տեղ է գտել հեղինակի անձնական փորձառությունը.

«Այստեղ տրվող ցանկացած խորհուրդ հիմնված է տասնյակ, նույնիսկ՝ հարյուրավոր փորձերի, սխալների ու հաջողությունների վրա։ Դալիոն կառավարել է տարբեր ֆոնդեր եւ հեղինակություն ձեռք բերել բծախնդիր հետազոտական աշխատանքի շնորհիվ։ Բացի այդ, Ռեյ Դալիոն, լինելով պատմության սիրահար, ուսումնասիրել է վերջին մի քանի հարյուրամյակի աշխարհի կարեւորագույն տնտեսությունների օրինաչափությունները։ Այսինքն, սա գիրք է թե անձնական փորձառության, թե պատմության հիման վրա»:

Գնել Նալբանդյանը նշել է՝ հայ ընթերցողի համար գիրքը կարեւոր է հատկապես հիմա, երբ մենք, օրինակ, առնչվում ենք կենսաթոշակային ֆոնդերին.

«Մարդկանց պետք է հետաքրքրի՝ ինչպես են աշխատում նրանց ֆոնդերի կառավարիչները, ինչպես է աշխատում գումարը, առհասարակ՝ ներքին խոհանոցը: Կարող ենք ասել, որ այս գիրքը ֆինանսական միջնորդի հանդեպ վստահության ցուցանիշների հավաքածու է»:



Խմբագրի խոսքով՝ գիրքը գրված է պարզ լեզվով, ինչը պահպանվել է նաեւ հայերեն թարգմանության դեպքում: Հետևաբար` այն հասանելի եւ հասկանալի է ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլեւ՝ բոլոր հետաքրքրվողներին:  

«Լինել ազնիվ եւ ադեկվատ»

«Դուք հաճույք կստանաք հայերեն թարգմանությունից», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը.

«Մեզ համար շատ կարեւոր է, որ ընթերցողներից որեւէ մեկը չասի՝ «ամեն դեպքում անգլերենով կամ ռուսերենով կկարդամ»»:

Արտակ Ալեքսանյանը


Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ Newmag-ը հրատարակում է գրքեր, փնտրում գործընկերներ, բայց Ռեյ Դալիոյի գիրքն այս առումով հաճելի բացառություն էր:

«Այս գիրքը թարգմանելու առաջարկը մեզ արեց Արամ Կայֆաջյանը: Դալիոյի մասին գիտեինք, բայց անկեղծորեն զարմացանք, որ այսքան լավ գիրքը դուրս է մնացել մեր տեսադաշտից: Արդյունքում՝ հաճույքով համագործակցեցինք: Որպեսզի ընթերցողներին առավել հասկանալի լինի նման գործընկերության կարեւորությունը, ասեմ, որ հիմա Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» գիրքը կարող ենք վաճառել 7800 դրամով, իսկ առանց «Արմբրոկի» աջակցության դրա արժեքը 18 000 դրամ կլիներ», - ասել է Արտակ Ալեքսանյանը:



Նա առանձնացրել է գրքի կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ «լինել ազնիվ եւ ադեկվատ».

«Կարծում եմ՝ այս սկզբունքը շատ կարեւոր է նաեւ այսօրվա Հայաստանի համար: Պետք է ազնիվ լինել ինքդ քո, թիմիդ, հաճախորդներիդ հետ ու ադեկվատ լինել կայացված որոշումներում ու դրանց հետեւանքներում»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 6941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW