«Արմբրոկ» ներդրումային ընկերությունը տոնել է հիմնադրման 30-ամյակը: 1994թ.-ից ընկերությունն անհատներին եւ իրավաբանական անձանց տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական ու ներդրումային ծառայություններ: Banks.am-ը ներկա է եղել տոնական միջոցառմանը, զրուցել «Արմբրոկ»-ի գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանի եւ ֆինանսական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Լուսանկարը՝ «Արմբրոկ» «Հավակնոտ ծրագրերով նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը»«Դժվար է ամփոփել 30 տարվա աշխատանքը, հատկապես, երբ ընկերության ստեղծման տարիներին ֆինանսական ոլորտը Հայաստանում վերափոխվում էր», - ասում է «Արմբրոկ»-ի գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը: Ընկերությունն անցել է տարբեր փուլերով՝ մասնավորեցումից մինչեւ այսօրվա իրականություն. «Կարծում եմ՝ հաջողակ եւ նվաճումներով լի տարիներ էին: Այս ընթացքում ընկերության կապիտալը, շահույթը, հաճախորդների թիվը, ծառայությունների տեսակներն ու որակը հարյուրապատիկ աճել են: Շուկայի ամենահին ընկերություններից ենք եւ ուզում եմ հավատալ՝ նաեւ ամենաապահովը: Ունենք երիտասարդ ու խելացի անձնակազմ, որը պատրաստ է հաղթահարել եղած բոլոր մարտահրավերները»: Արամ Կայֆաջյանը, Էդվարդ Սանդոյանը եւ Սամվել Սահակյանը Լուսանկարը՝ «Արմբրոկ» Արամ Կայֆաջյանի խոսքով՝ այսօր ընկերության նպատակները շատ հավակնոտ են. «Ցանկանում ենք էլ ավելի մեծանալ: Բացի այդ, կապիտալի շուկան ձեւավորման ակտիվ շրջանում է: Ցանկանում ենք մեր ծրագրերով նպաստել դրա զարգացմանը: Վերջին շրջանում մենք եւ գործընկերները ներդրումների ներգրավումը դիտարկում ենք որպես հայաստանյան տնտեսությանն օժանդակելու տարբերակ, հաճախ հայտնվում ենք խոշոր հարկատուների ցանկում: Ինչը պակաս կարեւոր չէ, մենք ստեղծում ենք նոր աշխատատեղեր եւ ձեւավորում մնայուն փորձ»: Լուսանկարը՝ «Արմբրոկ» ««Արմբրոկ»-ի ջանքերով Հայաստան եկան օտարերկրյա ներդրողներ» Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գործադիր տնօրեն Հայկ Եգանյանն «Արմբրոկ»-ը համարում է ՀՀ կապիտալի շուկայի առանցքային ընկերություններից մեկը. «Այս ընկերության շնորհիվ է, որ Հայաստանում դեռ 15-20 տարի առաջ ի հայտ եկան օտարերկրյա ներդրողներ: Կարծում եմ՝ այսօր «Արմբրոկ»-ը կարող է օրինակ ծառայել շուկայի մյուս խաղացողների համար, կիսվել ներդրումների ներգրավման փորձով»: Հայկ Եգանյանը նշում է՝ բրոքերները բորսայի համար կարեւորագույն գործընկերներ են. «Մենք լիահույս ենք, որ «Արմբրոկ»-ն իր վրա է վերցնելու բրոքերային ոլորտում առաջատար լինելու գործառույթը, եւ մեզ հետ համատեղ ջանքերով զարգացնելու է Հայաստանի կապիտալի շուկան»: Հայկ Եգանյանը Լուսանկարը՝ «Արմբրոկ» ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի խոսքով՝ «Արմբրոկ»-ի 30-ամյա հետագիծը բացառիկ է Հայաստանի ֆինանսական շուկայում.«Քիչ են կազմակերպությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն, իսկ «Արմբրոկ»-ը ապացուցել է նաեւ, որ կարողանում է տարիները վերածել որակի: Այս ընկերությունը շատ ակտիվ է շուկայում, ինչպես նաեւ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացնում է մի շարք նախաձեռնություններ: Պատահական չէ, «Արմբրոկ»-ը ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի հիմնադիր անդամներից է»: Նա եւս ընդգծում է՝ ընկերությունն առաջիններից էր, որ կարողացել է ներգրավել միջազգային ներդրողներ՝ Հայաստան բերելով համապատասխան փորձը: Լուսանկարը՝ «Արմբրոկ» «Այսօր «Արմբրոկ»-ում աշխատում են նաեւ բարձր որակավորում ունեցող արտասահմանցի մասնագետներ, որոնք նպաստում են ոչ միայն տվյալ ընկերության, այլեւ՝ առհասարակ ֆինանսական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը», - ասում է Կարեն Զաքարյանը: Նրա խոսքով՝ ընկերությունը շատ ակտիվ է արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման գործում եւ ունի թե՛ բաժնետոմսերի, թե՛ պարտատոմսերի թողարկման մեծ փորձ: «Ներդրումային ծառայություններ մատուցող շատ կազմակերպություններ կան, բայց քչերն են, որ առաջարկում են նաեւ այս ծառայությունները», - ասում է Կարեն Զաքարյանը: ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը հիշում է՝ «Արմբրոկ»-ը Հայաստանի ֆինանսական ոլորտի կայացման ակունքներում կանգնած ընկերություններից է: «Ֆինանսական շուկան սիրում է հաջողակ մարդկանց՝ հաղթողների: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Արամ Կայֆաջյանի եւ Սամվել Սահակյանի գործոնը: Նրանք ժամանակակից, ինտելեկտուալ, ֆանտաստիկ կարողություններ ունեցող պրոֆեսիոնալներ են: Շատ ուրախ եմ, որ իմ երիտասարդ գործընկերներն ու արդեն նաեւ ընկերներն ունենում են նման արդյունքներ», - ասում է Էդվարդ Սանդոյանը: Յանա Շախրամանյան Tweet Դիտում՝ 2732