Լիլիթ Գրիգորյան. Ենթակա բառը սխալ երանգ է տալիս հարաբերություններին

04.11.2024 | 00:13 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ը ներկայացնում է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:

IDBank-ի Գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը հատուկ նախագծի այս հոդվածում պատմել է բանկի բեքօֆիսային գործառույթների, թիմի հետ ճանապարհ անցնելու եւ աշխատանքից չձանձրանալու իր բանաձեւի մասին:

«Բեք օֆիսը», ժամանակի խնայողությունը եւ թվայնացումը

Բանկում գործառնական տնօրենի աշխատանքը հիմնականում երկու կարեւոր ուղղություն ունի՝ մեկը այսպես կոչված բեքօֆիսային աշխատանքներն են, մյուսը՝ գործընթացների օպտիմալացումը: Հետաքրքիր է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արեւմտյան աշխարհում, այդ երկու ուղղությունն է համարվում գործառնական տնօրինության գործառույթ, որոնց հիմնական տիրույթում էլ գործ ենք ունենում։

Լիլիթ Գրիգորյանը


Դասական բենքինգի աշխարհում, եթե ավելի պատկերավոր ներկայացնեմ, ապա բեքօֆիսային գործառույթները սովորաբար սկսվում են այն պահից, երբ հաճախորդը բանկից դուրս է գալիս: Այսինքն՝ հաճախորդը դիմեց որեւէ գործարքի համար, ստորագրվեցին փաստաթղթերը, որին հետո ինչ-որ գործընթացներ պետք է հետեւեն՝ գործարքն իրականացվելու համար։ Ընդհանուր առմամբ սա է «բեք օֆիս» գաղափարի նկարագրությունը։ Այժմ այս տիրույթում են հայտնվում նաև օնլայն հարթակներով հաճախորդների կողմից կատարվող որոշ գործարքներ։

Գործառնական տնօրինության աշխատանքային մյուս ուղղությունը գործընթացների օպտիմալացումն է: Այն կարող է վերաբերել թե՛ հաճախորդների հետ, թե՛ ստորաբաժանումների միջեւ կազմակերպվող աշխատանքի ճիշտ կազմակերպմանն ու ժամանակի խնայողությանը: Վերջին տարիներին մեր աշխատանքային ուղղվածությունների վրա շատ նկատելի է թվայնացման ազդեցությունը: Այսօր մեր օպտիմալացման նախագծերի գերակշիռ մասն իր մեջ ներառում է թվայնացման տարր, որովհետեւ ամեն պահի հասկանում ես, որ ձեռքով գործընթաց անելուն միշտ կարելի է գտնել թվային լուծում, որը կխնայի ժամանակը եւ կբացառի ձանձրալի, կրկնվող տեխնիկական աշխատանքը:

Լիլիթ Գրիգորյանը


Առհասարակ թվայնացումը, հատկապես «պոստկովիդային դարաշրջանում» անգամ բանկային խիստ համակարգին տվեց այն ազատությունը, որ ցանկացած տեղից, ցանկացած վայրից կարելի է աշխատել: Նախկինում, հատկապես բանկերի աշխատակիցների համար շատ ավելի խիստ էր, տնից կամ այլ վայրից հեռավար աշխատելը համարվում էր ոչ այդքան ընդունելի:

«Ենթակա բառը սխալ երանգ է տալիս հարաբերություններին»

Իրականում այնպես է ստացվել, որ երկար տարիներ արդեն ղեկավար պաշտոն եմ զբաղեցնում: Ղեկավարել եմ շատ փոքր թիմեր, տարիների ընթացքում թիմերը մեծացել են, կառուցվածքները փոխվել են, բայց մի բան ինձ համար մնացել եւ մնում է կայուն՝ հնարավորինս հեռու մնալ «ենթակա» հասկացությունից: Կարծում եմ՝ այն մի տեսակ շատ սխալ երանգ է տալիս հարաբերություններին, որովհետեւ երբ թիմ եմ ղեկավարում, նրա հետ իրականում ինչ-որ ճանապարհ եմ գնում: Իմ թիմից  յուրաքանչյուրն իր առանձին թիմն ունի: Այստեղ շատ կարեւոր է իմ վերաբերմունքն իրենց․ ինչպես ես իրենց վերաբերվեմ, իրենք նույն էլ կերպ իրենց թիմերում են լինելու: Այսինքն՝ թիմի ամեն մի անդամի հետ պետք է լինել գործընկեր, դրանից ձեր աշխատանքը միայն կշահի:

Իմ գործառույթն այդ գործը կոորդինացնելն է, բայց դրա չի նշանակում, որ իրենք իմ ենթականերն են։ Ի վերջո՝ բոլորդ միասին մի գործ եք անում, որտեղ ամեն մեկն իր լուման ունի: Սա մեր թիմի հաջողության բանաձեւն է, այդ ճանապարհին քննարկում ենք, վիճում, բանավիճում, արդյունքում գալիս ինչ-որ լուծումների:

Լիլիթ Գրիգորյանը


IDBank-ում մեր թիմը շուրջ 90 հոգի է: Մեծ թիմ ղեկավարելուց ուզես-չուզես, պետք է հասկանաս յուրաքանչյուրի տրամադրությունը, քանի որ դա կարող է ե՛ւ աշխատանքի վրա անդրադառնալ, ե՛ւ կոլեկտիվում հարաբերությունների:

Իրականում միշտ գիտակցում էի, որ որպես ղեկավար մի թերություն ունեմ, կարող եմ տարվել աշխատանքով եւ չնկատել կողքս գտնվող մարդու էմոցիոնալ ֆոնը, որը կարող է աշխատանքի վրա անդրադառնալ: Դրա համար էլ փորձում էի ունենալ շուրջս այնպիսի մարդիկ, որոնք ինձ կհուշեին դրա մասին։ Կարծես, ժամանակի ընթացքում, այդ առումով ես էլ որպես ղեկավար մի քիչ փոխվել եմ (ժպտում է, հեղ.), սկսել եմ ավելի ուշադիր լինել, նկատել ու հասկանալ մարդկանց տրամադրությունները: Դրանից ուրախանում եմ, որովհետեւ շատ կարեւոր է իրականում մեծ թիմ ղեկավարելու դեպքում:

«Օրհնված եմ, որ իմ գործը գտել եմ»

Աշխատանքային ճանապարհս սկսել եմ ՀՀ կենտրոնական բանկից (ԿԲ): Երրորդ կուրսում էի սովորում, երբ որոշեցի աշխատել: 90-ականների կրթության ընթացում պրակտիկ կրթություն որպես այդպիսին չկար, գերիշխում էր տեսականը, հասկանում էի, որ համալսարանում ստացած տեսական գիտելիքներս բավարար չէին ինձ եւ դա ինձ անհանգստացնում էր: Ինձ հաջողվեց հայտնվել ԿԲ-ում, որն իհարկե մեծ դպրոց էր ինձ համար: ԿԲ-ում աշխատանքին հաջորդեց «Արմենիան Քարդ» (ԱրՔա) ընկերությունում իմ աշխատանքը եւ քարտային աշխարհում հայտնվելը:

Ինչպես գիտենք ԿԲ-ն ԱրՔա-ի հիմնական բաժնետերն է, եւ երբ 2000 թվականին ստեղծվում էր ազգային քարտային կառույցը, ինձ մոտ մեծ հետաքրքրություն եւ սեր սկսվեց քարտային համակարգի աշխատանքի հանդեպ: ԱրՔա-ում երկու տարի աշխատելուց հետո տեղափոխվեցի բանկային համակարգ, բայց հետաքրքրությունը քարտային ոլորտի նկատմամբ շարունակեց մնալ նույնը եւ հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ վերջերս նաեւ ԱրՔա-յի անդամ  բանկերի կողմից ընտրվեցի խորհրդի անդամ: Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է դա, քանի որ ԱրՔա-ին վերաբերվում եմ որպես իմ զավակի, քանի որ նրա ստեղծման ականատեսն եմ եղել:

Քարտային ոլորտից անցումը գործառնական տնօրենի գործառույթներին փոփոխություններ, նոր մարտահրավերներ բերեց իմ աշխատանքային ճանապարհին, ինչն էլ թույլ չի տալիս հոգնել բանկային ոլորտից եւ երբեւէ մտածել այլ բնագավառում աշխատանքի մասին:

Լիլիթ Գրիգորյանը


Շատ եմ սիրում աշխատանքս եւ ինձ չեմ համարում դասական բանկիր։ Որովհետեւ ֆինանսական ոլորտում լինելով հանդերձ՝ միշտ առնչվել եմ նաեւ ոչ ֆինանսական ուղղությունների հետ: Աշխատանքիս բնույթը տարբեր է եղել, փոխվել է, եղել է տարիներ, որ զբաղվել եմ B2B սեկտորում վաճառքով, կոորդինացրել եմ մարքեթինգային ոլորտը, հեռախոսային կենտրոն եմ ղեկավարել: Այսինքն՝ աշխատանքային շրջանակս միշտ փոփոխվել է, չեմ ձանձրացել եւ մինչեւ հիմա մեծ հաճույքով եմ գալիս աշխատանքի։ Համարում եմ՝ շատ օրհնված եմ, որ իմ գործը գտել եմ։

«Հաշվի առնել ամեն մանրուք»

Աշխատանքում առաջնորդվում եմ այս սկզբունքով՝ չմոռանալ ոչ մի բան, հաշվի առնել ամեն մանրուք: Ցանկացած նախագծի՝ անգամ ամենապարզի իրականացման ճանապարհին միշտ կարող են ի հայտ գալ մանրուքներ, որոնց լիարժեք ուշադրություն չդարձնելով կամ չնկատելով դրանց շաղկապվածությունը այլ համակարգերի հետ, կարող ենք ձախողել նախագիծը:

Աշխատանքում մյուս սկզբունքը ճիշտ կոմունիկացիան եւ հարցերն են: Պետք է ի վիճակի լինել բացահայտել եւ ճիշտ զրույց վարել բոլոր այն մարդկանց հետ, որոնք ունեն քեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Սա աշխատանքային այն մեխանիզմն է, որն ինձ թույլ է տալիս հաղթահարել մարտահրավերները եւ հաջողել մեր նախագծերը:

Կարդացեք նաեւ՝

Դավիթ Լազարյան. Աշխատակից-ղեկավար շփումը կհաջողի ոչ թե հրամանների, այլ երկխոսության դեպքում

Սոնա Մանուչարյան. ՄՌԿ-ում լավ հաղորդակցվելը միայն գործի մի մասն է

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 4616
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW