Սոնա Մանուչարյան. ՄՌԿ-ում լավ հաղորդակցվելը միայն գործի մի մասն է

02.10.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ն այսուհետ ներկայացնելու է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանը հատուկ նախագծի այս հոդվածում պատմել է բանկում ՄՌԿ աշխատանքի ճկունության, տեսանելի ու անտեսանելի կողմերի եւ ոլորտային առանձնահատկությունների մասին:

Միշտ ճկուն լինել

ՄՌԿ կամ HR ղեկավարի աշխատանքն ունի իր տեսանելի եւ ոչ այդքան տեսանելի կողմերը: Ինձ համար աշխատանքային օրվա առաջին նախապայմանն օրը դրական սկսելն է, այդ տրամադրությամբ աշխատավայր մտնելը եւ գործընկերների հետ օրվա դրական մեկնարկը: Երբ այդպես ես մտնում կազմակերպության տարածք, քո մոտեցմամբ ոգեւորում ես աշխատակիցներին, հետո միայն անցնում ընթացիկ աշխատանքներին եւ տարաբնույթ հարցերի լուծմանը, գործընկերներին աջակցելուն, անմիջապես քո թիմի եւ բանկի տարբեր օղակների հետ հանդիպումներին եւ տարբեր որոշումներ կայացնելուն:

Բացի պարտադիր գործընթացներից, որոնք ունենում ենք աշխատանքային առօրյայում, միշտ լինում են նաեւ չնախատեսված իրավիճակներ, խնդիրներ կամ այլ հետաքրքիր դեպքեր, որոնք, երբեք չգիտես, թե քո հաջորդ օրն ինչպիսին կդարձնեն: Այս առումով HR ղեկավարի օրերը երբեք մեկը մյուսին նման չեն լինում: Միշտ պետք է ճկուն լինել, հակառակ դեպքում չես կարող տեղում շատ հարցերի լուծումներ տալ, հասկանալ, թե այդ պահին աշխատակցին «տուփից» դուրս ինչպես օգնել, միեւնույն ժամանակ ճիշտ համակարգել նաեւ քո թիմի աշխատանքը եւ մշտապես տեղեկացված լինել ժամանակակից HR մոտեցումներից:

Սոնա Մանուչարյանը


Սովորաբար HR ղեկավարի գրասենյակը համեմատում եմ բժշկի աշխատասենյակի հետ, երբեք մենակ չես լինում, միշտ քո դռան դիմաց մարդ կա, միշտ քո կարիքը կա: Դու աշխատում ես մարդկանց եւ ղեկավարներին օգնել հասկանալ այն մոտիվացիան, որի արդյունքում իրենք եւ իրենց աշխատակիցները սիրով, դրայվով գան աշխատանքի եւ աշխատավայրում իրենց ներդրածից հաճույք ստանան, մյուս կողմից էլ միշտ ձգտեն ավելին անել, քան ակնկալվում է, բայց նաեւ չդադարեն մշտապես զարգանալ։

Լավ հաղորդակցվելը միայն գործի մի մասն է

ՄՌԿ աշխատանքում կան ընդհանուր օրենքներ, մոտեցումներ, որոնց, անկախ նրանից, թե որ ոլորտում ես, պիտի հետեւել՝ տվյալ կազմակերպության միջավայրին եւ մշակույթին համապատասխան մարդկանց ընտրել, աշխատանքում նրանց աջակցել, մոտիվացնել, գաղափարները զարգացնել: Բայց, իհարկե, կան ոլորտներ, որոնք իրենց յուրահատկությունն ունեն եւ, օրինակ, բանկային HR-ի աշխատանքը կարող է տարբերվել մշակութային կամ հյուրընկալության ոլորտի HR-ի աշխատանքից: Ինքս 12 տարի է արդեն HR ոլորտում եմ, որից 6 տարին՝ IDBank-ում: Յուրաքանչյուր ոլորտում HR-ը պետք է դասավորվի այնպես, որ կարողանա հասկանալ տվյալ ոլորտի թիրախային անձնակազմն ինչ է ակնկալում եւ ինչ պետք է անել նրանց համար, որ ոգեւորված աշխատեն: Բայց մի բան վստահ կարող եմ ասել, համընդհանուր մարդակենտրոն մոտեցումները պետք է նույնը լինեն, քանի որ մարդը մարդ է ամեն տեղ:

Շատերն ասում են՝ լավ հաղորդակցվում է, ուրեմն լավ HR կլինի: Կարծում եմ, որ լավ հաղորդակցվելը գործի մի մասն է, քանի որ բնույթով կարող ես լինել լավ հաղորդակցվող, բայց մարդկանց հետ ճիշտ լեզու գտնելը եւ խնդիրներին լուծում տալը, որոնք բալանսավորված կլինեն ի օգուտ կազմակերպության եւ աշխատակցի, կարեւոր նախապայման է: Կարեւոր է ճիշտ մարդկանց ճիշտ վայրում պատկերացնել եւ ուղղորդել, լինել մարդասեր եւ հասանելի, կարողանալ ճանաչել եւ ապրումակցել մարդկանց, միայն այդ դեպքում կհասկանաս իրենց ակնկալածը եւ ժամանակային ճիշտ լուծումներ կտաս:

Սոնա Մանուչարյանը


Շատերն են ուզում իրենց փորձել ՄՌԿ-ում, սա լավ է: Այսինքն՝ մտածելակերպ է փոխվել՝ առաջվա կադրային մասնագետն այսօր վերափոխվել է: Այսօր HR-ը պատասխանատու է ոչ միայն ընկերության փաստաթղթաշրջանառության համար, այլեւ բիզնես գործընկերության համար, բիզնես որոշումների կայացման ժամանակ ունի իր դերն ու խոսքը: ՄՌԿ մասնագետ դառնալ ցանկացող երիտասարդներին խորհուրդ կտամ բազային գիտելիքներ ստանալուց բացի՝ հնարավորության դեպքում, թեկուզ անվճար, գնալ տարբեր կազմակերպություններում պրակտիկա անցնել, տեսնել տարբեր HR-ի ձեռագրերը, քաղել տարբեր կազմակերպությունների լավ կողմերը, չվախենալ սկսել սկզբից, տեսնել եւ փորձել HR-ի բոլոր գործառույթները։ Մեր թիմում միշտ ունենք պրակտիկանտներ, չկա մի պահ, որ մեր HR-ում չլինի պրակտիկանտ, նրանցից շատերը հետո մեր թիմակիցներն են դառնում:

Նույնիսկ ծայրահեղ իրավիճակում լսել բոլոր կողմերին

Հարմոնիկ մարդ եմ, ինձ դժվար է հունից հանել կամ բարկացնել, այդ առումով բնավորությունս գործին շատ է օգնում: Հաճախ HR-ներին նայում են որպես իմպուլսիվ գործընկերներ, որ այդ պահին պետք է գան, խնդիրներին ինչ-որ արագ լուծումներ տան։ Ես մի քիչ ավելի դադար վերցնող տեսակ եմ: Լսում եմ բոլոր կողմերին, քանի որ սովորաբար երկու կողմն էլ միշտ ասելիք ունի: Մեկ կողմին լսելով որոշումներ չպետք է կայացնել, նույնիսկ ամենածայրահեղ, կրիտիկական իրավիճակում պետք է կարողանալ լսել երկու կողմին էլ, նոր միայն որոշում կայացնել:

Ցանկացած ընկերությունում միշտ կլինեն սխալներ, կարգապահական հարցեր, գործընկերային կոնֆլիկտներ, ցանկացած իրավիճակ որպես նախադեպ պետք է վերցնել եւ դիտարկել որպես սեփական զարգացման տարբերակ հետագա նման իրավիճակների ավելի արագ լուծման համար: Նախադեպերը կստեղծեն հնարավորություն՝ հետագա կոնֆլիկտային կամ ոչ ճիշտ իրավիճակներին լուծում տալու կամ դրանք կանխարգելելու համար:

Մեր բանկի համար այս պահին ռազմավարական է խնդիրներին լուծում տալ ուսուցման միջոցով, այսինքն՝ ցանկացած խնդրահարույց իրավիճակից, երբ ուզում ենք դուրս գալ, հաջորդ քայլն է, թե ինչ եւ ինչպես սովորեցնել աշխատակցին, որ այդ սխալը չկրկնի: Եթե, օրինակ, սպասարկման հետ կապված խնդիր է, փորձում ենք ուսուցման միջոցով ուժեղացնել այդ կողմը, եթե միջանձնային խնդիր է, փափուկ հմտություններ ենք զարգացնում, որպեսզի մեր որեւէ օղակի աշխատակից չկանգնի դրա առաջ:

Մարդկանց հետ ենք աշխատում, անհնար է, որ չլինի հաղորդակցման բաց, ավելի թիմային լինելու կամ հաճախորդի հետ էլ ավելի լավ բանակցելու մարտահրավեր, այսինքն՝ կոնֆլիկտ կարող է լինել բոլոր օղակներում, բայց դրա լուծման բանալին մեզ համար շարունակական ուսուցումն է՝ մասնագետից մինչեւ ավագ ղեկավարություն:

Ռեսուրսներ տալ նոր աշխատակիցներին

Ինչ վերաբերում է ընդհանրապես մեր բանկում նոր աշխատակիցների ներգրավմանը, որում իր անմիջական մասնակցությունն ունի HR թիմը, ապա պետք է նշեմ, որ IDBank-ը բաց է թե՛ սկսնակների համար, թե՛ փորձառուների: Եթե փորձառու է, կհասկանանք, թե մեր մշակույթին որքանով է համապատասխան, եթե փորձ չունի, պատրաստ ենք տալ բոլոր ռեսուրսները, սովորեցնել եւ դարձնել փորձառու իր ոլորտում: Այս առումով կուզեմ շեշտել մեր IDream ծրագիրը, որով նորավարտ, սկսնակ մասնագետներին հնարավորություն ենք տալիս մեզ հետ սկսել իրենց կարիերան, շուրջ 2 ամիս զրոյից դասընթաց անցնել եւ մասնագիտական առաջընթաց ունենալ: Ունեցել ենք աշխատակիցներ, որոնք սկսել են սպասարկումից եւ հիմա արդեն դարձել են բաժնի ղեկավար:

Սոնա Մանուչարյանը եւ Արփի Ջիլավյանը


Հաճախ են ասում՝ HR-ի գործառույթներից է լավ մարդկանց գտնելը եւ ներգրավելը: Մենք ասում ենք՝ լավ մարդկանց գտնելը գործի կեսն է: Մարդուն պետք է բերել եւ ճիշտ «դասավորել» քո մշակույթում: Երբեմն գործում է տեսողական, առաջին հանդիպման ազդեցությունը, երբ ասում ես՝ իր մտքերով մերն է կամ մերը չէ, բայց հարցազրույցի փուլեր կան, որոնք ներառում են ե՛ւ մասնագիտական հարցեր, ե՛ւ այսպես ասած HR-ական հատուկ հարցեր, որոնցով իր մարդ տեսակն ես փորձում պարզել եւ հասկանալ, թե որքանով կարող է քո կազմակերպության թիմում լինել:

Մեզ մոտ թեստավորումներ կամ հարցազրույց անցնելուն զուգահեռ կարեւոր է բանկի մշակույթը, գործընթացները ամբողջությամբ սովորեցնելու փուլը: Անպայման առաջին երեք ամիսը մենտոր ենք կցում նոր աշխատակցին, որ նրա միջոցով եւս մեր մշակույթը տեսնի եւ դրա մի մասը դառնա:

IDBank-ի ռազմավարության մեջ է նոր ընդունված աշխատակցին օգնելը ամբողջովին տիրապետել աշխատանքի վերաբերող բոլոր անհրաժեշտ նյութերին եւ ռեսուրսներին՝ նախքան աշխատանքի անցնելը։ Այնուհետեւ արդեն փորձաշրջանի ավարտից հետո աշխատակիցն ունենա կարիերայի զարգացման անհատական քարտեզը, թե որ հաջողությունից հետո ինչ է սպասվում, ինչ արդյունքներից հետո ինչ է լինելու։ Սա մեզ համար բավական մեծ ու հետաքրքիր քայլ է, որ պետք է անենք մեր բոլոր աշխատակիցների շարունակական աճն ու զարգացումը ապահովելու համար: Աշխատանքի ընդունվելը մի կարեւոր քայլ է, բայց իսկական «կյանքը սկսվում» է դրանից հետո եւ ընթացքը հետաքրքրացնելը լինելու է անընդհատ, շարունակական կրթության միջոցով, որը, մեր դիտարկմամբ, մոտիվացիայի կարեւոր կետերից մեկն է։

Աշխատանքում՝ HR ղեկավար, տանը՝ երեք բալիկի մայր

Աշխատավայրում ինձ մոտիվացնում են ազդակները, որ գործընկերներս ուրախ են, գնահատված են եւ ձգտում են անել ավելին՝ էլ ավելի լավ արդյունքների համար։ Հաշվի առնելով, որ առօրյայիս մեծ մասն այստեղ է անցնում, ինձ հաճելի է, երբ օրվա ավարտին հիշում եմ որեւէ դրական իրադարձության մասին, որից ես մի նոր բան սովորեցի, կամ թիմիս եւ գործընկերներիս կարողացա սովորեցնել եւ ուղղորդել։

Սոնա Մանուչարյանը


Եթե գնանք անձնական դաշտ, ապա աշխատանքում HR եմ, տանը՝ երեք բալիկի մայր եւ նրանցից ավելի մեծ մոտիվացիա կյանքում այս պահին չեմ պատկերացնում։ Սա հետաքրքիր մետամորֆոզ է, որ պետք է անցնես, որովհետեւ ոչ աշխատանքը պիտի տուն տանես, ոչ էլ կենցաղդ բերես աշխատավայր։ Հետաքրքիր է՝ այն, ինչ գործում է աշխատանքում, միշտ չէ, որ արդյունավետ է տանը։ Դրա համար տանը միայն կին եւ մայր եմ։ Երեք բալիկի հետ միշտ կա հետաքրքրություն, այնպես որ, չեն թողում ձանձրանալ։ Ինձ համար կարեւոր է, որ HR-ը մարդկանց հասկանալուց եւ անհրաժեշտության դեպքում աջակցելուց կամ ուղղորդելուց բացի՝ նաեւ լինի ինքնաբավ իր աշխատանքում ու անձնական կյանքում: Կարծում եմ՝ հենց այդպիսի HR-ներն են հաջողում։ Երբ խոսում եմ անձնական կյանքի մասին, նկատի չունեմ, որ պարտադիր է ամուսնացած լինելն ու երեխաները ունենալը, կարեւոր է երջանիկ լինել կյանքի այն փուլում, որում կաս աշխատանքից դուրս, լինել ինքնամոտիվացված, իրոք ինքնաբավ, որ կարողանաս մյուսներին էլ մոտիվացնել:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 3290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW