Խորհրդատվության դերը, որակական փոփոխությունները եւ միջազգային CMC համաժողովը Հայաստանում

23.09.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հոկտեմբերի 7-ից 11-ը Հայաստանում կանցկացվի գործարար խորհրդատվության միջազգային հեղինակավոր CMC համաժողովը։ Այն կունենա «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը եւ կանդրադառնա ոլորտի մի շարք զարգացումներին։

Համաժողովը նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։ Որպես գործընկեր՝ համաժողովին է միացել«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունը: Banks.am-ի հետ զրույցում IMC Armenia–ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը եւ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի գործընկեր Անի Հակոբյանը պատմել են միջազգային համաժողովը Հայաստանում հյուրընկալելու, դրա ընձեռած հնարավորությունների եւ խորհրդատվական ծառայությունների հեռանկարի մասին։

Համաժողովը, ձեւաչափը եւ մրցանակաբաշխությունը

Սիլվա Մեսրոպյան․Միջազգային CMC համաժողովը կառավարման խորհրդատուների ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խթանել գիտելիքի փոխանակումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ ստեղծել մասնագիտական աճի համար բարենպաստ միջավայր ոլորտի մասնագետների եւ բիզնես էկոհամակարգի համար։ Այն Հայաստանում անցկացնելու իրավունքը ստացել է IMC Armenia-ն՝ որպես ICMCI միջազգային խորհրդի հավատարմագրված անդամ: Խորհրդին անդամակցում է եւ այսպիսի ինստիտուտ ունի 50 երկիր։

IMC Armenia-ն դեռեւս 2018 թվականից ձգտում էր այս միջոցառումը բերել Հայաստան եւ հայկական խորհրդատվական միջավայրում հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից խորհրդատուների: Համաժողովը Հայաստանում հյուրընկալելու իրավունքը մեզ հաջողվեց ստանալ 2020 թվականին, բայց համավարակի պատճառով հետաձգվեց եւ մինչեւ 2023 թվականը միջոցառումն անցկացվում էր միայն օնլայն տարբերակով: Նախորդ տարի համաժողովն անցկացվեց Հորդանանում եւ այս տարի մեզ եւս մեկ անգամ հնարավորություն տրվեց այն հյուրընկալել Հայաստանում։ Երկրները մրցույթի միջոցով են հնարավորություն ստանում համաժողովն իրենց երկրում անցկացնել. հայտարարվում է տենդեր, ներկայացվում են առաջարկներ եւ լավագույն առաջարկն ընտրվում է: Մենք այս տարի արտոնյալ կարգավիճակով ընտրվեցինք՝ հաշվի առնելով 50 երկրների մեջ ունեցած լավ ցուցանիշները՝ անդամների շարունակական աճ, ֆինանսական կայուն ցուցանիշներ եւ ծրագրերի շարունակական զարգացում, փորձի փոխանակման կարեւոր ինստիտուտի ձեւավորում եւ այլն։

Համաժողովը ճկուն ձեւաչափ եւ հարուստ օրակարգ է ունենալու՝ նախատեսված տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսով հետաքրքրված ներկայացուցիչների, գործարարների, առաջատար մասնագետների, խորհրդատվական ընկերությունների համար։ Այն բաղկացած է բազմատեսակ միջոցառումներից՝ ելույթներ, հանդիպումներ, վարպետության դասեր առաջատար դեմքերից, փոխգործակցության հնարավորություններ ոլորտի առաջատար մասնագետների, ընկերությունների եւ կառույցների հետ։ Վարպետության դասերը հատկապես երիտասարդ մասնագետներին հնարավորություն են տալու ավելի փոքր խմբով ավելի բաց քննարկման մասնակից դառնալ։

Սիլվա Մեսրոպյանը


Միջոցառման բացումը հոկտեմբերի 7-ին է, իսկ հաջորդող երկու օրը կլինեն բուն կոնֆերանսային օրեր։ Համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպիսիք են ITC-ի Առեւտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, գործարար Դեյվիդ Յանգը եւ շատ ուրիշներ։

Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 9-ին կանցկացվի «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող երկրներից եւ հաղթող են ճանաչվել 9 երկրներից ներկայացված նախագծեր, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ կան նաեւ մասնակիցներ եւ հաղթող հայկական ընկերություններից։ Հոկտեմբերի 10-ին եւ 11-ին կանցկացվի 50 երկրի պատվիրակների տարեկան հանդիպումը:

Միջազգային CMC 2024 համաժողովին մասնակցել ցանկացող անհատների եւ ընկերությունների համար մշակվել են հատուկ ճկուն տարբերակներ, ընդ որում՝ հայ մասնակիցների համար նախատեսված են նաեւ շահավետ առաջարկներ։

Համաժողովի մասին տեղեկատվությունը, գրանցումն ու տոմսերի մասին մանրամասները եւս ներկայացված են կայքում՝ https://icmci2024armenia.org։

«Գրանթ Թորնթոն Հայաստանի» հետ համագործակցությունը

Սիլվա Մեսրոպյան․ «Գրանթ Թորնթոն Հայաստան»–ի հետ համագործակցությունը եւ կոնֆերանսին միանալը գալիս է հենց այն գաղափարից, որ մեր ինստիտուտը միավորում է եւ համագործակցում է խորհրդատուների հետ։ Մեզ համար շատ կարեւոր է համագործակցել ոլորտում առաջատար ընկերության հետ եւ որպես խոսնակներ իրենց փորձագետներին ներգրավել կոնֆերանսին: «Գրանթ Թորնթոնը» հայտնի միջազգային բրենդներից եւ շուկայի խոշորներից է: Համաժողովին նման կառույցների ներկայացվածությունը շատ ավելի ազդեցիկ է նաեւ տեղացի այլ խորհրդատուների համար, քանի որ երբ միջազգային կոնֆերանսներին վստահում են մեծերը, նշանակում է՝ իրենք նույնպես պետք է այնտեղ լինեն:

Ընդհանրապես, համաժողովը Հայաստանում թիրախավորել է անհատ խորհրդատուներին, խորհրդատվական կազմակերպություններին՝ խոշոր, հայտնի, սկսնակ եւ այլն: Եթե Հայաստանի սահմաններից դուրս գանք, ապա համաժողովին հրավիրված են խորհրդատուներ աշխարհի 80 երկրից:

Անի Հակոբյան․ Երբ իմացանք, որ համաժողովը գալիս է Հայաստան, մեզ համար հստակ էր՝ որեւէ ֆորմատով անպայման պետք է համագործակցենք: IMC Armenia–ի հետ քննարկեցինք եւ հասկացանք, որ պետք է լինենք գործընկեր: Մեզ համար շատ կարեւոր է միանալ այնպիսի միջոցառումների, որոնք իրապես բովանդակություն ունեն: Այս համաժողովը մեզ համար լուրջ բովանդակություն ունի ոչ միայն մեր մասնագետների, այլեւ հաճախորդների եւ շուկայի համար:

Մեր առաջնային նպատակն է միանալ մի միջոցառման, որը հայաստանյան խորհրդատվական ոլորտում կարող է որակական փոփոխություն բերել: Համաժողովին մեր մասնագետները ելույթներ են ունենալու, պանելային քննարկումների մասնակցելու: Մենք հրավիրել ենք նաեւ «Գրանթ Թորնթոն»–ի Լյուքսեմբուրգի գրասենյակի ղեկավարին, որը ղեկավարում է ԲՍԿ խորհրդատվական ոլորտը:

Հայաստանի դերը եւ միջազգային փորձի բացահայտումը

Սիլվա Մեսրոպյան․ CMC 2024 համաժողովի հյուրընկալումը կարեւոր է նաեւ  Հայաստանը ներկայացնելու առումով։ Շատ մասնակիցներ գաղափար չունեն՝ ուր են գալիս եւ նույնիսկ աշխարհագրորեն չեն պատկերացնում Հայաստանի դիրքը, բայց  նախընտրել են գալ եւ դառնալ այդ միջոցառման մի մասը: Համաժողովի բրենդավորումն արտացոլում է Հայաստանի՝ որպես համաժողովի հյուրընկալող երկրի ինքնությունը եւ միջոցառման հիմնական թեման։ Բրենդավորումը կառուցված է հատուկ գույների եւ խորհրդանիշների շուրջ, որոնք փոխանցում են համաժողովի հիմնական արժեքներն ու առանցքային ոլորտների մասին տեղեկատվություն: Համաժողովի բրենդավորման հիմնական խորհրդանիշը նռան վարդակարմիր գույնով պատկերված մատնահետքն է, որը խորհրդանշում է համաժողովի ազդեցությունը, ներկայացնում է այն եզակի եւ մնայուն «հետքը», որը միջոցառումը նպատակ ունի թողնել թվային փոխակերպման եւ կայունության ոլորտներում: Մատնահետքը խորհրդանշում է աշխարհում անհատական եւ առանձնահատուկ հետք թողնելու գաղափարը՝ համաժողովի նպատակին համահունչ՝ կամրջելու նորարարությունները կայուն ապագայի համար։

Համաժողովը լավ հնարավորություն է տեղի խորհրդատուների համար՝ միջազգային խորհրդատուների հետ համագործակցելու, նեթվորքինգ, միջազգային փորձը բացահայտելու առումով: Քանի որ այս համաժողովը մեկ տանիքի տակ է հավաքում խորհրդատուներին եւ բիզնեսի ներկայացուցիչներին, սա նաեւ հնարավորություն է երկխոսելու, բիզնես միջավայրին ներկայացնելու, թե ովքեր են խորհրդատուները եւ որքան կարեւոր է խորհրդատվությունը։

Խորհրդատվական շուկան Հայաստանում եւ հեռանկարները

Անի Հակոբյան․ Խորհրդատվությունն առհասարակ շատ հետաքրքիր ոլորտ է, քանի որ անընդհատ զարգանում է եւ իր բնույթով պետք է մեկ քայլ առաջ լինի տնտեսությունից: Խորհրդատվության զարգացումը տնտեսության զարգացման ամենալավ ազդակներից մեկն է եւ եթե մեկ բառով ասենք, ապա Հայաստանում շուկան այսօր շատ խառն է, բազմաշերտ, տարբեր ոլորտներից մասնագետներ են խորհրդատուի դեր ստանձնում:

Անի Հակոբյանը


Խորհրդատուն բիզնեսի բժիշկն է, որը շատ մեծ գործ ունի անելու ախտորոշումից մինչեւ բուժում։ Խորհրդատուի մասնագիտական որակներից ելնելով՝ հաճախորդը հնարավոր է երբեմն խելացի, երբեմն էլ ոչ այդքան որոշումներ կայացնի։

Հայաստանյան խորհրդատվական շուկայի զարգացումն ինձ ուրախացնում է, քանի որ օրեցօր նոր կազմակերպություններ, անհատներ են հայտնվում։ Այս առումով մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ առողջ մրցակցությունը բերելու է շուկայի զարգացման եւ հաճախորդն ունենալու է ընտրելու հնարավորություն:

Սիլվա Մեսրոպյան․ Մեր խորհրդատվական շուկան այսօր երեք մասից է բաղկացած․ խոշոր կորպորացիաներ, որոնք իրենց հետեւում ունեն կարեւոր մշակույթ, ստանդարտներ, էթիկական նորմեր, ինչը շուկայի համար շատ կարեւոր է, քանի որ նրանք նաեւ հաճախորդ են կրթում, տեղական առաջատար խորհրդատվական կազմակերպություններ, որոնք նույնպես կարեւոր սեգմենտ են ծածկում եւ կարողանում են ապահովել անհրաժեշտ որակ: Շուկայի մյուս հատվածը ֆրիլանսերներն են՝ անհատ խորհրդատուները, որոնք որպես մենտորներ աշխատում են անմիջապես բիզնեսի հետ կամ միջազգային կազմակերպությունների աջակցող ծրագրերում:

Հայաստանում շուկան զարգանում է եւ եթե նախկինում ունեինք ջեներալիստների մեծ շուկա, ապա հիմա շատ հաճելի է տեսնել թիրախային, ոլորտային, նեղ մասնագիտացված խորհրդատվական ծառայություններ, քանի որ շուկան այսօր դա է պահանջում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես խորհրդատվության մասին ընկալումներին, ապա վստահ կարող եմ ասել, որ կոտրվել է այն կարծրատիպը, թե խորհրդատվությունը միջին եւ բարձր տարիքի մարդկանց աշխատանք է: Ներկայիս զարգացումը ցույց է տալիս, որ, այո, մարդիկ փորձառություն են բերում իրենց ոլորտում եւ կարողանում են մուտք գործել խորհրդատվական շուկա՝ լինելով երիտասարդ: Վերջին 3 տարվա ընթացքում մեր վիճակագրության համաձայն՝ Հայաստանում խորհրդատուների թվի աճին զուգահեռ 20%-ով ավելացել են նաեւ երիտասարդ մասնագետները:

Նշեմ նաեւ, որ փորձում ենք այսպիսի միջոցառումների միջոցով ցույց տալ, թե ինչ է իրական խորհրդատվությունը, կարծրատիպեր կոտրել, թե խորհրդատվությունը թանկ հաճույք է եւ միայն խոշոր բիզնեսների համար է, ինչն իրականում այդպես չէ։ Խորհրդատվությունն այսօր հասանելի է յուրաքանչյուր զարգացող բիզնեսի:

Արփի Ջիլավյան

Դիտում՝ 2057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW