Հոր եւ դստեր հիմնած բիզնեսը. EEK Armenia-ի ձեռագործ մանկական կոշիկները

25.03.2023 | 23:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Թեթեւ, փափուկ ու այնքան հարմար, որ երեխաները հագնելուց հետո չեն ցանկանում հանել։ EEK_Armenia-ի հայկական արտադրության ձեռագործ մանկական կոշիկները պատրաստվում են բնական հումքից, նախատեսված են առաջին քայլերն անող եւ ավելի մեծ տարիքի երեխաների համար։

Արտադրությունը հիմնել են Ասյա Գրիգորյանն ու նրա հայրը՝ Արմեն Գրիգորյանը։ Banks.am-ի հետ զրույցում բրենդի հիմնադիրները պատմել են հայկական հումքի բացակայության, կոշիկների ստեղծման եւ մեծ երազանքի մասին։

Մանկական կոշիկներ արտադրելու որոշումը

Ասյա Գրիգորյան

Հայրս կոշկակար է ու ես առհասարակ չեմ իմացել, թե կոշիկ առնելն ինչ է։ Երբ փոքր էի՝ հայրս էր ընտրում ինձ համար պատրաստվող կոշիկների մոդելները, հետո մի մոդել տեսնում էի, հավանում, ոգեշնչվում, փոփոխում էինք որեւէ կերպ ու հայրս կարում էր։

Կոշիկ ստեղծելու պրոցեսը ինձ միշտ դուր է եկել, սիրել եմ հայրիկի հետ «կոշիկի բազար» գնալ, կաշի ընտրել։

Ասյա Գրիգորյանը


Մինչ EEK Armenia-ն հիմնադրելը 10-ից ավելի տարի աշխատել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սիրում էի իմ աշխատանքը, բայց նույնքան երջանիկ չէի, որքան այս գործում։

Մանկական կոշիկների բրենդի ստեղծումը սկսվել է տղայիս ծնունդից։ Հայրս տղայիս համար կոշիկներ էր պատրաստում, վրան էլ խաղալիքի տեսքով փոքրիկ դետալներ կարում։ Ծնվեց աղջիկս ու երբ երեխայի խնամքի արձակուրդում էի, հետաքրքիր մտքեր ունեցա։ Մտածում էի մեծերի կոշիկների արտադրության մասին, բայց հասկանում էի, որ շուկան հագեցած է, պետք է շատ տարբերվող կոշիկներ ստեղծել։ Մտածեցի-մտածեցի ու ծնվեց մանկական կոշիկներ արտադրելու միտքը։ Այս որոշմանը նպաստեց այն, որ ես եւ իմ ծանոթներից շատերը որակյալ մանկական կոշիկ գնելու խնդիր էինք ունենում։



2020-ին որոշեցինք արտադրություն սկսել, բայց վաճառքի առաջին նմուշներն ունեցանք 2022-ի դեկտեմբերին։ Առաջին գնորդն էլ ազգությամբ ռուս էր, Instagram-ով էր մեզ գտել։

«Մի մոդելի ստեղծումը չավարտած՝ անցնում եմ մյուսին»

Արմեն Գրիգորյան

Ավարտել եմ հաշվողական մեքենաների տեխնիկումը, բայց երբ 90-ականներին այլեւս իմ մասնագիտության կարիքը չեղավ, փոխեցի մասնագիտությունս։ Այն վայրում, որտեղ աշխատում էի, կոշիկ պատրաստելու համար մի քանի մասնագետ էր աշխատում՝ մեկը մոդելն էր հանում, մյուսը՝ ձեւում, մեկ այլ մասնագետ կարում էր, իսկ կոշկակարն էլ ավարտին էր հասցնում գործը։ Ես կոշկակարի գործն էի սովորել, բայց կամաց-կամաց սկսեցի կոշիկի մոդել հանել, կարել ու կարողացա ամբողջական կոշիկ ստեղծել։ Սկսեցի կոշիկներ կարել ընտանիքիս անդամների ու վաճառքի համար։

Արմեն Գրիգորյանը եւ Ասյա Գրիգորյանը


EEK-ի հիմնադրումից հետո կոշիկների մոդելներն առաջարկում է Ասյան, քննարկում ենք, նկարում, փորձնական կարում ու պատահում է, որ դեռ մեկը չավարտած, նորն է առաջարկում։

Մարդիկ կարծում են, որ երեխաների կոշիկները պետք է ավելի էժան լինեն, որովհետեւ փոքր են, բայց չեն պատկերացնում, որ փոքր չափի կոշիկ պատրաստելն ավելի բարդ է, աշխատատար, որքան կոշիկը մեծ է, այնքան աշխատանքը հեշտ է։

Որակյալ կոշիկներ եւ տրամադրություն փոխող «փին»-եր

Ասյա Գրիգորյան

Մանկական կոշիկներ ստեղծելու ճանապարհին շատ խոչընդոտների ենք հանդիպել, քանի որ Հայաստանում երեխաների կոշիկների արտադրություն գրեթե չկա, շուկայում դժվար է գտնել գունավոր, գեղեցիկ հումք, որակյալ տակացուներ, կաշի, անգամ՝ կապիչ։
Երբ տեղական շուկայում մեր փնտրած հումքը չգտանք, որոշեցինք արտասահմանից պատվիրել։ Խոսեցի օրթոպեդի հետ, ուսումնասիրեցի ստանդարտները, որպեսզի արտադրության ժամանակ հետեւենք դրանց։



Կոշիկները փափուկ են, թեթեւ, ներսում գոգավորություն ունեն, ինչն ավելի հարմարավետ է դարձնում կրելը։ Մեր բոլոր հաճախորդներն ասում են, որ երեխաները չեն ուզում հանել կոշիկները, այս արձագանքներից հասկանում եմ, որ արտադրում ենք ճիշտ եւ լավ կոշիկներ։



Այս պահին պատրաստում ենք փափուկ կոշիկներ, որոնք հարմար են երեխաների առաջին քայլերի համար եւ ապահովում են բոբիկ ոտքի զգացողություն։ Սա լավագույն լուծումն է երեխաների համար, որոնք նոր են սկսում քայլել։ Մյուս կոշիկները մինչեւ 27 չափի են։ Եթե կարողանանք հարմար տակացուներ գտնել, ապա ավելի մեծ չափերի կոշիկներ եւս կպատրաստենք։



Մեր նպատակը ոչ միայն որակյալ, այլ նաեւ գեղեցիկ ու երեխաների համար հետաքրքիր կոշիկներ արտադրելն էր։ Այսպես` առաջացավ «փին»-երի՝ կոշիկներին գունավոր պատկերներ ամրացնելու գաղափարը։ Այժմ ունենք 20-ից ավելի «փին»։ Կան կոշիկներ, որոնք նախատեսված են ե՛ւ աղջիկների, ե՛ւ տղաների համար։ Մուգ կապույտ կոշիկները, օրինակ, աղջիկները կարող են կրել զատիկ ու ծաղիկ «փին»-երով, իսկ տղաները՝ մեքենայով ու հրթիռով։



Երեխաները շատ են սիրում մեր «փին»-երը, դրանց միջոցով հնարավորություն են ստանում նույն կոշիկը կրել տարբեր պատկերներով։ «Փին»-երը կոշիկներին կպցնելու մի քանի եղանակ ենք փորձել, սկզբում հեշտությամբ պոկվում էին, իսկ հիմա ավելի պինդ են կպնում։

Կոշիկներ՝ բոլոր եղանակների համար

Ասյա Գրիգորյան

Այս պահին դեռ միայն ամառային կոշիկներ չունենք, բայց մոտ ապագայում դա էլ կլինի։ Ուզում եմ, որ երեխաները տարվա բոլոր եղանակներին կարողանան կրել EEK-ի կոշիկները։

1/2

2/2


Երազում եմ, որ մեր կոշիկները հայտնվեն արտասահմանում, բայց մինչ այդ պետք է արտադրությունն այստեղ մեծացնել։ Այս պահին հայրս ձեռագործ կոշիկները պատրաստում է տան փոքրիկ սենյակում, իսկ քանակի համար աշխատուժ, տեխնիկա է պետք։ Այժմ փորձում ենք կայացնել բրենդը՝ պահելով որակն ու մեր ձեռագիրը։

Անի Խչոյան
Դիտում՝ 28328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW