«Մեր այսօրվա թռիչքը կտեւի 30 րոպե». FlyArna-ի առաջին թռիչքը՝ Երեւանից Թբիլիսի

02.11.2022 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Fly Arna
«Հարգելի տիկնայք եւ պարոնայք, բարի օր: Խոսում է օդանավի հրամանատարը: Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության, իմ գործընկեր երկրորդ օդաչուի եւ ամբողջ անձնակազմի անունից ուրախ եմ ողջունել ձեզ մեր Էյրբաս Ա320 ինքնաթիռում։ Մեր այսօրվա թռիչքը կտեւի մոտ 30 րոպե։ Թռիչքը նախատեսվում է իրականացնել 16 000 ֆուտ (ոտնաչափ) բարձրության վրա: Մաղթում ենք հաճելի թռիչք»։

Երեւան-Թբիլիսի առաջին թռիչքից րոպեներ առաջ օդաչուն ողջունում է ուղեւորներին: Ամենատպավորիչ ու հաճելի պահերից մեկն օդանավում հայերենով ողջույն լսելը եւ մայրենիով ցուցումները կարդալն էր՝ «Կապել ամրագոտին նստած դիրքում»:



Banks.am-ը հայաստանյան լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչների հետ հնարավորություն է ունեցել հոկտեմբերի 30-ին մասնակցել Հայաստանի մայրաքաղաքից դեպի Թբիլիսի իրականացվող առաջին թռիչքին:

Թբիլիսի այսուհետ կարելի է գնալ ոչ թե մի քանի ժամում՝ մեքենայով, այլ ընդամենը 30 րոպեում՝ ինքնաթիռով: Թռիչքի ընթացքն անցնում է աննկատ: Մինչ օդանավի անձնակազմը ուղեւորներին ջուր եւ նախապես պատվիրված ուտելիքներն է մատուցում, օդաչուն արդեն հայտարարում է վայրէջքի պատրաստվելու մասին:

Ի դեպ՝ եթե նախապես որեւէ ուտելիք չեք պատվիրել, բայց օդանավում սնվելու ցանկություն է առաջանում՝ բորտուղեկցորդները տեղում նաեւ իրականացնում են նախուտեստների եւ սենդվիչների վաճառք:



Fly Arna-ն հոգացել է նաեւ այն մասին, որ իր օդանավերում ուղեւորների թռիչքը երբեք ձանձրալի չանցնի: SkyTime անվճար սթրիմինգային ծառայության շնորհիվ ուղեւորները թռիչքի ընթացքում հնարավորություն են ունենում ֆիլմեր դիտելու, երաժշտություն եւ աուդիոգրքեր լսելու:



Ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ է իրականացնելու Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ՝ երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:



«Հավատացած ենք, որ մեր ավիաընկերությունն իր ուղեւորներին առաջարկում է այս ուղղությամբ ճամփորդելու լավագույն օրերը եւ ժամերը, ինչը հնարավորություն կտա մարդկանց անցկացնելու իրենց հանգստյան օրերը Թբիլիսիում»,- մինչ թռիչքի մեկնարկը՝ լրագրողների հետ զրույցում ասել է Fly Arna ազգային ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Էնթնի Փրայսը:

Նրա խոսքով՝ սա նաեւ հիանալի հնարավորություն է Մոսկվայից Երեւան ժամանող ուղեւորների համար. «Մոսկվա-Երեւան եւ Երեւան Թբիլիսի ուղղություններով իրականացվող մեր թռիչքների չվացուցակը հնարավոր է դարձնում Մոսկվայից ժամանող ուղեւորներին Երեւանից անմիջապես մեկնել Թբիլիսի։ Մեր ուղղությունների ավելացմանը զուգահեռ կկարողանանք Թբիլիսիի հետ կապող ավելի շատ թռիչքներ առաջարկել մեր ուղեւորներին։ Առաջիկա շաբաթների ընթացքում այլ նոր ուղղությունների մասին կհայտնենք, որոնց շարքում է Բեյրութը: Այս պահին սպասում ենք չվացուցակին, որի հաստատումից հետո կհայտարարենք թռիչքների հաճախականության եւ ժամերի մասին»:



Էնթնի Փրայսը նշել է նաեւ, որ մինչ այս տարվա ավարտը մի քանի նոր ուղղությունների մասին եւս կհայտարարեն։

«Fly Arna-ի համար իսկապես կարեւոր շրջան է այժմ, քանի որ լայնածավալ աշխատանքներ են տարվում թռիչքների աշխարհագրության ընդլայնման շուրջ։ Մենք աշխատում ենք շուրջ 500 տուրիստական գործակալության հետ, ինչպես նաեւ սերտ համագործակցում եւ Հայաստանի, եւ Վրաստանի Տուրիզմի կոմիտեների հետ՝ երկու կողմերով ճանապարհորդելու վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ հետաքրքիր տուրիստական փաթեթների ստեղծման շուրջ։ Հայաստանում վերջերս բացել ենք Cozmo Travel անվամբ նոր տուրիստական գործակալություն, որը մասամբ պատկանում է Fly Arna-ին: Այն այս պահին զարգացման փուլում է եւ մոտ ապագայում արդեն կառաջարկի տուրիստական փաթեթներ այն բոլոր ուղղություններով, դեպի ուր իրականացնում է թռիչքներ մեր ավիաընկերությունը»,- ասել է Fly Arna ազգային ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրենը:

Երեւանից Թբիլիսի մեկնած լրագրողները ճամփորդության ընթացքում հնարավորություն ունեցել շրջել Թբիլիսիի եւ Մցխեթայի տեսարժան վայրերով, մասնակցել ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասին եւ գինու համտեսին:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 45385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW