Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկել է իր գործունեությունը 2022 թվականի հուլիսի 3-ին: Banks.am-ը ընկերության բիզնես մոդելի առանձնահատկությունների մասին զրուցել է Fly Arna-ի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանի հետ:- Fly Arna-ն ներկայանում է որպես low-cost կամ բյուջետային ընկերություն: Կան որոշակի կարծրատիպեր low-cost ընկերությունների վերաբերյալ, օրինակ, պնդումներ, որ նրանցից սպասարկման բարձր որակ ակնկալել պետք չէ: Ինչպե՞ս եք արձագանքում նման պնդումներին:- Այո, Ֆլայ Արնա ազգային ավիաուղիները հետեւում է Էյր Արաբիա խմբի low-cost բիզնես մոդելին, որն ամենեւին չի ենթադրում ցածր որակ: Ֆլայ Արնան հանրությանը ներկայանում է որպես low-cost ավիաընկերություն՝ ցածր գնի դիմաց առաջարկելով հարմարավետություն, հուսալիություն եւ հավելյալ ծառայություններ: Ֆլայ Արնայի պարագայում Ձեր հիշատակած պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր ուղեւորներին հնարավորություն ենք տալիս ընտրելու իրենց հարմարավետությունը մատչելի գներով։ Մի փոքր մանրամասնեմ՝ ինչպես է աշխատում Low-cost ավիաուղին եւ ինչի հաշվին է կարողանում ցածր արժեքով ավիատոմս առաջարկել։ Low-cost բիզնես մոդելով աշխատող ավիաընկերությունները կարողանում են գործառնական ծախսերի կրճատման շնորհիվ առաջարկել հասանելի ավիատոմսեր, ինչը չի ենթադրում պակաս հարմարավետ կամ պակաս հուսալի թռիչքային փորձառություն։ Low-cost բիզնես մոդելում մրցակցային արժեքով ավիատոմսերի ձեւավորմանը նպաստում են տարբեր գործոններ, որոնցից է օրինակ՝ միայն կարճ ուղիներով թռիչքների իրականացումը: Արդյունքում ընկերությունը օրական ավելի մեծ քանակով թռիչքներ է իրականացնում եւ սպասարկում է ավելի շատ ուղեւորների, քան ավանդական մոդելով աշխատող ավիաընկերությունները։ Մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այս ավիաընկերությունները սովորաբար առաջարկում են միայն econom դասի նստատեղեր, ինչը նույնպես բավականին նվազեցնում է ընկերության ծախսերը։ Այլ առանձնահատկությունների շարքում են ուղիղ, առանց կանգառների թռիչքները եւ միայն մեկ տեսակի օդանավերի (Airbus A320) շահագործումը, ինչը նշանակում է, որ օդաչուները եւ անձնակազմը միայն մեկ տեսակի օդանավ շահագործելու պատրաստվածության կարիք ունի։ Գայանե Անտոնյանը Լուսանկարը՝ Արմենպրես Այս բոլոր գործոնները նպաստում են ավիաընկերության ծախսերի կրճատմանը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է լինում առաջարկել ցածր արժեքով ավիատոմսեր։ - Երբ հաճախորդը տոմս է գնում, ինչպե՞ս կարող է համոզված լինել, որ իր բոլոր ցանկալի ծառայությունները ներառված են արժեքի մեջ:- Մեր կայքէջում ավիատոմս ամրագրելիս հնարավորություն կա ընտրելու 3 դասի ավիատոմս՝ ստանդարտ, ճկուն եւ պրեմիում։ Յուրաքանչյուրի նկարագրության մեջ հստակ նշված է, թե ինչ է ներառում տվյալ դասի տոմսը։ Իսկ տուրիստական գործակալների միջոցով ավիատոմսեր գնելիս խորհուրդ կտայի հավելյալ ճշտում կատարել, թե որ դասի ավիատոմս է ամրագրվել ձեզ համար, որպեսզի թռիչքից առաջ ճիշտ սպասելիքներ ունենաք։- Որո՞նք են Fly Arna-ի բիզնես մոդելի առանձնահատկությունները:- Թեեւ մենք առաջարկում ենք միայն econom դասի սպասարկում, մեր առավելությունը ուղեւորներին տրամադրվող հավելյալ ծառայություններն են։ Մեր ինքնաթիռի նստատեղերը սովորական econom դասի նստատեղերի համեմատ շատ հարմարավետ են․ինքնաթիռում կա 174 նստատեղ, որոնց միջեւ հեռավորությունը 81սմ է, եւ սա թույլ է տալիս ոտքերը հարմար տեղավորել թռիչքի ժամանակ։ Մենք ունենք նաեւ SkyTime անվճար սթրիմինգային ծառայություն, որն, ի դեպ, հասանելի է միայն մի քանի ընկերություններում։ Դրա շնորհիվ մեր ուղեւորները թռիչքի ժամանակ ֆիլմեր եւ հեռուստածրագրեր դիտելու, երաժշտություն եւ աուդիոգրքեր (այդ թվում՝ հայերեն) լսելու անվճար եւ լայն ընտրանի ունեն: Գայանե Անտոնյանը Լուսանկարը՝ Արմենպրես Մեր AirRewards հավատարմության ծրագիրը թույլ է տալիս կուտակել միավորներ յուրաքանչյուր թռիչքից եւ օգտագործել դրանք ավիատոմս, թռիչքի ժամանակ սնունդ կամ ուղեբեռ գնելիս։ Մենք այն համարում ենք տարածաշրջանում ամենառատաձեռն հավատարմության ծրագիրը, քանի որ այն 10% cashback-ի հնարավորություն է տալիս մեր ուղեւորներին։ Ինչպես արդեն նշեցի, մենք ուղեւորներին առաջարկում ենք իրենց հարմարավետությունն ընտրելու հնարավորություն։ Ունենք տարբեր դասի ավիատոմսեր տարբեր առաջնահերթություններ ունեցող մարդկանց համար. ստանդարտ ավիատոմսեր այն ուղեւորների համար, որոնք հավելյալ ծառայությունների կարիք չունեն, ճկուն եւ պրեմիում ավիատոմսեր՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հավելյալ հարմարավետություն ստանալ թռիչքի ժամանակ: Օրինակ՝ նախապես պատվիրված սնունդ, հավելյալ ուղեբեռ, ավիատոմսի անվճար փոփոխություն կամ չեղարկում։ Միեւնույն ժամանակ, նույնիսկ ստանդարտ ավիատոմսի դեպքում ներառում ենք 10 կգ ձեռքի ուղեբեռ։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա ուղեւորն է ընտրում իր ճամփորդության հարմարավետությունը՝ իրեն հասանելի արժեքի դիմաց։- Որո՞նք են Air Arabia «ընտանիքի» անդամ լինելու առավելությունները:- Աշխարհի ամենահաջողված ընկերությունների խմբի մաս լինելը բազմաթիվ առավելություններ ունի: Թերեւս, թվարկեմ դրանցից մի քանիսը. փորձված եւ հաջողված բիզնես մոդել, ավիացիոն ոլորտի լավագույն know-how-ի տեղայնացում, միջազգային փորձի ներդրում, միջազգային մասնագետների կողմից անձնակազմի հմտությունների զարգացում։ Tweet Դիտում՝ 86465