Հունիսի 1-ին ընդառաջ Արցախում գործող «Սկյուռիկ» միջոցառումների կազմակերպման ծառայության դերասանները IDBank-ի աջակցությամբ շրջել են Արցախի սահմանապահ գյուղերով՝ փոքրիկների հետ տոնելու Երեխաների պաշտպանության օրը: Banks.am-ը ներկայացնում է նախաձեռնության մանրամասները:Սահմանապահ գյուղերի կողքինՆախորդ տարի Հունիսի 1-ին Արցախի սահմանապահ գյուղերի երեխաների տոնը կազմակերպվել էր Ստեփանակերտում: Այս անգամ միջոցառման ձեւաչափի փոփոխությունը հատուկ խորհուրդ ունի: «Որոշեցինք ինքներս գնալ սահմանապահ գյուղեր: Ընտրեցինք նաեւ քիչ բնակեցված գյուղեր, որոնցից յուրաքանչյուրում ընդամենը 10-25 երեխա կա. քանի որ ճանապարհները դժվարանցանելի են, այստեղի երեխաները հատկապես ուշադրության կարիք ունեն: Մի կողմից ցանկանում էինք, որ երեխաներն ու իրենց ընտանիքները տեսնեն՝ իրենք միայնակ չեն, եւ մյուս կողմից էլ հայ հասարակությանը ցույց տալ, որ այդ գյուղերը կան, մարդիկ երեխաների հետ այնտեղ ապրում են՝ չնայած ամենօրյա սպառնալիքին»,- պարզաբանում է նախաձեռնության կազմակերպիչ Վաչե Վարդանյանը: Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի Ցանկանալով աջակցել նախաձեռնությանը՝ «Սկյուռիկ» միջոցառումների կազմակերպման ծառայության հիմնադիր Անի Հայրապետյանն էլ առաջարկում է իրենց դերասանական խմբի անվճար մասնակցությունը՝ մուլտհերոսների կերպարների մանկական շոուով: Սոցիալական պատասխանատվությունն ԱրցախումIDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ այս տարի նախաձեռնությանն աջակցելու որոշումն ընդունվել է նախորդ տարվա ոգեւորությունը հիշելով։ «Թիմում, առհասարակ, հատուկ վերաբերմունք ունենք երեխաների նկատմամբ, եւ ամեն տարի մեծ ցանկություն կա նրանց համար այս օրն իսկապես տոնական դարձնելու։ Հատկապես ուրախալի է, որ Վաչեի միջոցով հնարավորություն ենք ունենում տոն պարգեւել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ IDBank-ն այս անգամ էլ միջոցառմանը մասնակցել է ֆինանսական աջակցությամբ՝ հնարավոր դարձնելով Արցախի սահմանամերձ համայնքներում զվարճալի ծրագրով շրջագայությունը։ Անչափ ուրախալի է տեսնել փոքրիկների փայլող աչուկներն ու ժպտացող ծնողներին։ Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի Շատ լավ կլիներ, որ մեզնից յուրաքանչյուրն ու, հատկապես, սոցիալական պատասխանատվություն ունեցող կազմակերպությունները գիտակցեին, որ այն հնարավորությունները, որ կան Երեւանում, ո´չ Հայաստանի, ո´չ էլ Արցախի գյուղերին հասու չեն։ Մանկական սրճարանների, մանկական զվարճանքների առատությունը մեզ թույլ է տալիս ցանկացած պահի երեխայի համար ստեղծել ուրախ միջավայր։ Համայնքներում, ցավոք, դա առայժմ հնարավոր չէ, ուստի նման միջոցառումների նպատակը փոքրիկներին երջանկացնել է»,- մանրամասնում է նա՝ հավելելով, որ Արցախը միշտ իրենց մտքում ու հոգում է։ IDBank-ի ընդհանուր սոցիալական պատասխանատվության ծրագրերից խոշորագույնը՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շուտով կբոլորի 2 տարին, իսկ այդ ընթացքում Հայաստանի եւ Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր հիմնադրամներին IDBank-ն իր գործընկեր Idram ընկերության հետ համատեղ փոխանցել է 80 մլն դրամը գերազանցող գումար: Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի ««Մի դրամի ուժ»-ի շահառու են դարձել «Հայաստան համահայկական հիմնադրամը», «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը», «ՎԻՎԱ - Բժիշկներն ու կամավորները Հայաստանին» հիմնադրամը, «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը», «Ժպիտների քաղաք հիմնադրամը», «Դասավանդիր Հայաստան հիմնադրամը», My Forest Armenia հիմնադրամը եւ այլն։ Ինչպես տեսնում եք, ներգրավված են եղել այնպիսի հիմնադրամներ, որոնք անում են առավելագույնը մեր հասարակության կենսական կարիքները հոգալու եւ այն դեպի ավելի լավը փոխելու համար։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներ հիմնադրամներին ու Վաչեի նման անհատներին, որոնք ջանք չեն խնայում մեր երկիրն ավելի լավը դարձնելու համար: Կառուցենք մեր փոքրիկների երազանքների աշխարհը»,- ասում է Տաթեւիկ Վարդեւանյանը: Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի Սովորական ուրախությունն այդքան թանկարժեք«Մեքենաների ձայնազդանշաններով անակնկալ մտնում էինք գյուղեր: Քանի որ փոքր գյուղեր էին, երեխաներին հավաքելն ընդամենը 2-3 րոպե էր տեւում: Նրանց ուրախությունն աննկարագրելի էր: Ծնողներն էլ էին շատ հուզվում, որովհետեւ երբեմն դժվարանում էին հավատալ՝ մի քանի երեխայի համար մի խումբ դերասաններ դժվարանցանելի ու երկար ճանապարհով եկել են իրենց գյուղ: Ասում էին, որ պատերազմից հետո գյուղում ոչ մի միջոցառում չի եղել, իսկ իրենց երեխաները Ստեփանակերտ գնալու հնարավորություն չունեն: Մարդիկ շատ տպավորված էին ոչ այնքան մանկական շոուից եւ նվերներից, այլ պարզ վերաբերմունքից, որ եկել ենք: Սրանում տխրություն կա. պատերազմը կյանքն այնպես փոխեց, որ սովորական ուրախությունները դարձան այդքան թանկարժեք»,- ասում է Վաչե Վարդանյանը: Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի Դերասաններն արդեն իսկ եղել են Կոլխոզաշեն, Քերթ, Ծովատեղ, Խերխան եւ Կարմիր Շուկա գյուղերում, սակայն այսքանով այցերը չեն սահմանափակվելու: Առաջիկա ամսվա ընթացքում անակնկալ հանդիպումներն Արցախի գյուղերում շարունակվելու են: Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի Նրանք են մեր հույսն ու ուժըՄուլտհերոսների հետ երեխաները պարում ու տարբեր խաղեր էին խաղում: Խաղերի թեմաներում կարևորվում էր հայրենիքի հանդեպ սերը, մարդկային բարությունն ու մյուսների հանդեպ հոգատարությունը: Կազմակերպիչները երեխաների հետ շփումներում ընդգծում էին, որ նրանք՝ Արցախի սահմանապահ գյուղերի երեխաներն են մեր ուժը, եւ ինչքան էլ քիչ լինեն, իրենք, միեւնույն է, գալու են նրանց ուրախություն պարգեւելու:Կարմիր Շուկա գյուղի ծնողներից մեկն էլ իր շնորհակալությունն այսպես է հայտնել. «Շնորհակալ ենք մեր երեխաներին պարգեւած ուրախության, իրենց օրը տոն դարձնելու համար: Շնորհակալ ենք, որ իրենք ձեր ուշադրության կենտրոնում են: Մեր հույսը մեր երեխաներն են, որ մեր կորցրածը կվերադարձնեն: Խաղաղություն Արցախ աշխարհին եւ կորցրած տարածքների վերադարձ»:Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 43379