Արցախի սահմանամերձ համայնքների երեխաները Հունիսի 1-ը տոնեցին Ստեփանակերտում

02.06.2021 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արցախի սահմանապահ բնակավայրերից շուրջ 220 երեխաներ իրենց հունիսի 1-ը տոնեցին Ստեփանակերտում: Ծրագիրն իրականացրել է Արցախի Սարուշեն գյուղում բնակություն հաստատած Վաչե Վարդանյանը IDBank-ի ֆինանսավորմամբ:

Banks.am-ը զրուցել է ծրագրի կազմակերպիչների հետ արցախցի փոքրիկների համար կազմակերպված տոնի մասին:

Արագ արձագանք

Վաչե Վարդանյանը, որ պատերազմից հետո տեղափոխվել է Արցախի Սարուշեն գյուղ սահմանամերձ համայնքներում սոցիալական ծրարգրեր իրականացնելու նպատակով, հունիսի 1-ին ընդառաջ որոշել էր միջոցառում կազմակերպել Արցախի սահմանապահ գյուղերի փոքրիկների համար:
«Ինչպես մյուս սոցիալական ծրագրերի դեպքում, այնպես էլ այս գաղափարն իրականացնելու համար սոցիալական հարթակում գրառում կատարեցի՝ փորձելով ֆինանսավորում գտնել: Շատ կարճ ժամանակ անց գրառմանն արձագանքեց ID Bank-ի մարդկային կապիտալի կառավարման տնօրենը, որից հետո սկսեցինք միջոցառման կազմակերպման աշխատանքները»,-պատմել է Վաչե Վարդանյանը:

Վաչե Վարդանյանը


Վաչե Վարդանյանը

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ծրագրի մանրամասների մասին տեղեկացրել են իրենց աշխատակիցներին, որոնք էլ շատ կարճ ժամանակում բավականին մեծ գումար են նվիրաբերել:
«Ի սկզբանե մոտ հարյուր երեխա էր ընդգրկված ծրագրում, սակայն հետո Վաչեին դիմել էին նաեւ այլ գյուղերից, եւ մենք, իհարե, չէինք կարող անմասն թողնել նրանց այս միջոցառումից: Այդպիսով, IDBank-ն ավելացրեց պակասող գումարը՝ մոտ 220 փոքրիկներին տոն պարգեւելու համար»,- պատմել է նա:

Թշնամու հետ ընդհանուր ճանապարհով

«Հունիսի 1-ին առավոտից շունչս պահած սպասում էի, երբ ենք լինելու Ստեփանակերտում, որովհետեւ անցնելու էինք այն ճանապարհով, որը թշնամու հետ ընդհանուր է, եւ այդ նույն օրը թշնամին Շուշի էր գնալու այդտեղով: Երեխաներ կային, որ նախկինում չէին եղել Ստեփանակերտում ու շատ տպավորված էին՝ գույնզգույն լույսեր, հետաքրքիր ներկայացում, նվերներ»,- պատմել է Վաչե Վարդանյանը:



Կարմիր Շուկա, Կարմիր գյուղ, Սարուշեն, Քարահունջ, Խերխան համայնքների երեխաները Ստեփանակերտում այցելել են Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Վաչե Վարդանյանը կարևորել է թատրոնի ընտրությունը նաեւ այն տեսանկյունից, որ պատերազմից ի վեր այն հանդիսատես գրեթե չի ունենում, մինչդեռ պետք է աջակցել, որ թատրոնը եւս ապրի:

Նա պատմել է, որ երեխաներից մեկը մոտեցել է իրեն ու ասել. «Եթե մենք հիմա ստեղ ենք, ուրեմն ամեն ինչ լավ ա արդեն, ծաղրածուներ կան, ուրեմն պատերազմ էլ չի լինելու»:



«Տարբեր համայքների երեխաներ միմյանց հետ էին ծանոթանում, պատմում իրենց մասին, ասում, թե որտեղ էին պատերազմի ժամանակ եւ հիմա ինչ են անում: Երեխաներին նաեւ հարցրի, թե կուզենայի՞ն Ստեփանակերտում ապրել, բայց բոլորն էլ պատասխանեցին, որ անպայման ուզում են հենց իրենց գյուղերում ապրել, ինչը շատ ուրախալի է»,- մանրամասնել է ծրագրի գաղափարի հեղինակը:



Կենտրոնում Արցախն է


Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ պատերազմի մեկնարկից ի վեր IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կենտրոնում Արցախն է ու զինծառայողները:


«IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցները պատերազմից հետո ուղղել ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, «Վիվա» բարեգործական հիմնադրամին: Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից ի վեր մոտ 25 մլն դրամից ավել աջակցություն է ցուցաբերվել: Բանկը նաեւ շատ է կարեւորում կրթությունը՝ շեշտադրելով երեխաների ուսման համար բարենպաստ պայամաններ ստեղծելուն միտված ծրագրերը»,- մանրամասնել է նա:



IDBank-ը երեխաների տոնը լիարժեք դարձնելու համար պատրաստել էր նաեւ նվերներ՝ զարգացնող խաղեր, սպորտային պարագաներ, հայկական արտադրության նոթատետրեր, հուշանվներներ:


«Ուզում ենք շնորհավորել երեխաներին ու մաղթել իսկապես անամպ ու խաղաղ երկինք»,- ամփոփել է Տաթեւիկ Վարդեւանյանը:

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Դիտում՝ 2887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW