Տիբեթ, Պեկին, Թեհրան, Լոնդոն, Բեռլին, Երեւան. Crossway camping-ի ցուցանակի վրա մատնանշվող ուղղություններն ամենեւին էլ պատահական չեն: Վայոց ձորի մարզի «Գետափի խաչմերուկ» կոչվող տարածքի այս քեմփինգը հյուրընկալում է ճանապարհորդների աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց համար Crossway-ը դառնում է սիրելի հանգստի վայր՝ լիցքավորվելու նոր արկածների փնտրտուքից առաջ: Crossway camping-ի հիմնադիրների հետ Banks.am-ը զրուցել է հանգստի այս ձեւի առանձնահատկությունների ու նրանց հյուրընկալած ճամփորդների մասին: Քեմփերների կանգառըՄոտ 8 տարի առաջ, երբ Հայաստանում քեմփինգի հայեցակարգը նոր էր զարգանում, Արմեն Սարգսյանը որոշում է տուրիստական բիզնես սկսել: Նա առաջինն էր, որ Հայաստանում հիմնում է վրանային ճամբար՝ շեշտադրելով ավտոտուրիզմի ուղղությունը: Քեմփինգը հիմնելու համար Արմենն ընտրում է Եղեգնաձորից 3 կմ հեռավորության վրա գտնվող «Գետափի խաչմերուկին» հարող տարածքը: «Բարդությունն այն էր, որ այս տարածքում նախկինում հող չի եղել, ժամանակին գետ է անցել այստեղով: Հետո հող բերեցինք ու հետզհետե սկսեցինք զարգացնել՝ տարեցտարի մի նոր բան ավելացնելով: Առաջինը քեմփերների (ճամփորդական մեքենաների՝ հեղ.) համար կայանման տեղն էր, հիմնական շեշտը հենց դրա վրա դրեցինք, որ ճանապարհորդներն իրենց մեքենաներով կարողանան գալ այստեղ, հանգստանալ, հոգալ իրենց կարիքներն ու շարունակել ճանապարհը»,- պատմում է Արմեն Սարգսյանը: Քանի որ քեմփինգը տեղակայված է Երեւան, Տաթեւ եւ Սեւան տանող մայրուղիների խաչմերուկի հարեւանությամբ, այստեղից զբոսաշրջիկների համար մի շարք երթուղներ են բացվում դեպի մշակութային վայրեր: Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեկնարկային տարիներին Հայաստան այցելող քեմփերները շատ չէին, սակայն հետզհետե շարժն ակտիվացավ:Ընտանիքը՝ նվիրված աշխատուժՇուտով քեմփինգի աշխատանքներին միանում է նաեւ Արմենի կինը՝ Սվետլանա Սեւլիկյանը: Արմենի խոսքով՝ ընտանեկան բիզնեսի առավելություններից է այն, որ ոչ մի աշխատող չի կարող այնքան ջանք ներդնել, որքան ընտանիքի անդամները: Սվետլանա Սեւլիկյանը Սվետլանա Սեւլիկյանը«Որոշեցի աշխատանքից դուրս գալ ու քեմփինգի հարցերում օգնել ամուսնուս: Միշտ չէ, որ համամիտ էինք տարածքի բարեկարգման հարցերում, սակայն հետզհետե կարողացանք համաձայնության գալ: Քեմփինգի հայեցակարգը հասկանալը ինձ մոտ ավելի լավ էր ստացվում, եւ այդ հարցերով ավելի շատ ես սկսեցի զբաղվել»,- պատմում է Սվետլանան:Այս գործում նրա համար շատ հետաքրքիր են նաեւ օտարերկրացի հյուրերի հետ ծանոթությունները: Թեկուզ անգլերեն միայն մի քանի բառ գիտի, բայց դա չի խանգարում ջերմ շփմանը: «Նախկինում մեր տունը Եղեգնաձորում էր՝ շենքի 5-րդ հարկում, ու բարդ աշխատանքային օրից հետո շատ դժվար էր բարձրանալ 5-րդ հարկ: Երբ առաջին շահույթն ունեցանք, նաեւ վարկի օգնությամբ տուն կառուցեցինք այստեղ: Հիմա կարող ենք մշտապես տարածքում լինել՝ հյուրերին մոտ»,- պատմում է Սվետլանան:Քեմփինգի գործերում ծնողներին օգնում է նաեւ Արտաշը, որի համար եւս շատ հետաքրքիր են հյուրերի հետ շփումները: Նա հիմնականում տնտեսական գործերով է զբաղվում, երբեմն էլ մայրիկին խոհանոցում է օգնում:«Ինձ այստեղ նաեւ բնությունն է գրավում, կենդանիները: Ժամանակին մի վիրավոր արագիլի էի պահում այստեղ, վերքերն էի մշակում, ձուկ էի բռնում լճից ու կերակրում: Երկու շաբաթ խնամելուց հետո կարողացավ թռչել»,- հիշում է Արտաշը: Արտաշ Սարգսյանը Մանկության երազանքը՝ իրականությունՏարածքի ձեւավորումը Սվետլանան կազմակերպում է իր դիզայներ քրոջ օգնությամբ՝ օգտագործելով հիմնականում հնաոճ իրեր: Ամեն տարի մի նոր բան է մտածում՝ հյուրերին գիշերակացի ավելի հետաքրքիր տարբերակներ առաջարկելու համար: «Հյուրերը գալիս էին իրենց վրաններով, այդպես համեմատաբար ապահով էր, բայց մի անգամ նկատեցի, որ հենց քնապարկով անմիջապես գետնին են պառկել: Այդ ժամանակ սկսեցի մտածել ավելի բարձր մակերես ունենալու ուղղությամբ: Համացանցում տարբերակներ փնտրեցի, քրոջս հետ խորհրդակցեցինք եւ որոշեցինք մինիմալիզմի ոճում փայտե տնակներ տեղադրել: Դրանք գետնից բավականին բարձր են, իսկ կիսաբաց ձեւը թույլ է տալիս գիշերը վայելել աստղազարդ գիշերվա տեսարանը»,- մանրամասնում է Սվետլանան՝ հավելելով, որ դրանք կարծես մանկության երազանք լինեն: Մանկական հրաշք է հիշեցնում նաեւ ավտոբուս-հյուրանոցը, որի դիզայնը բոհո ոճում է: «Քեմփերները թանկ հաճույք են, ու բոլոր չէ, որ կարող են իրենց դա թույլ տալ: Դրա համար էլ որոշեցինք ավտոբուս-հյուրանոց ունենալ՝ քեմփերի պատրանք ստեղծելով: Հյուրերն ասում են, որ ներսում շատ հաճելի է, կարծես մանկություն վերադառնան»,- հավելում է Սվետլանան: Լուսանկարը՝ Crossway-camping-ի Ամեն ինչ՝ հանգստի համարՔեմփինգում կարելի է հանգստանալ նաեւ սեփական վրանով, ինչպես նաեւ վարձակալել այն: Բացի այդ, կան նաեւ սենյակներ՝ գեղեցիկ տեսարանով ու առանձին սանհանգույցով: Քեմփինգի տարածքում կա նաեւ լողավազան, լվացքատուն, ռեստորան՝ նախատեսված մինչեւ 50 հոգանոց խմբերի համար: «Տուրիստական ընկերությունները սովորաբար տարբեր վայրերում պատվիրում են այդտեղին բնորոշ ուտեստներ, օրինակ՝ Գորիսում տոլմա են պատվիրում, Գավառում՝ քյուֆթա, բայց քանի որ ես ծնունդով Ուզբեկստանից եմ, ինձանից ուզբեկական փլավ են ուզում: Հայկական տարբեր ուտեստներ կարող եմ պատրաստել, բայց չգիտես ինչու զբոսաշրջիկները հենց դա են հավանում, հետաքրքիր է իրենց»,- պատմում է Սվետլանան: Տարածքում կա խոհանոց, որտեղ այցելուները կարող են իրենց համար սնունդ պատրաստել: Նաեւ փոքրիկ այգի ունեն, որից եւս հյուրերը կարող են ազատ օգտվել: Լճակում էլ կարելի է ձկնորսությամբ զբաղվել. «Հյուրերը հիմնականում հետաքրքրության համար են ձուկ բռնում, հետո բաց են թողնում»,- ասում է Սվետլանան: Աշխարհով մեկ ճամփորդողներըCrossway-ում ավելի հաճախ հյուրեր են լինում Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից: Նրանք սովորաբար մարդիկ են, որ ճանապարհորդում են աշխարհով մեկ, բլոգ վարում ու իրենց լսարանին պատմում նաեւ Հայաստանի մասին:Սվետլանան մի նոթատետր ունի, որտեղ հյուրերը գրում են իրենց տպավորությունների մասին: Այստեղ կարելի է գտնել գրառումներ տարբեր լեզուներով, որոնք հիմնականում շնորհակալական խոսքեր են՝ ուղղված Սվետլանային: Սվետլանան իր բոլոր հյուրերին անհատապես հիշում է, սակայն որոշ ճամփորդների պատմությունները հատկապես են տպավորել նրան: Այդպիսիք են գերմանացի ճամփորդներ Սինան եւ Նիլսը: «Զույգին միավորել է արկածների հանդեպ սերը: Նշանադրությունից հետո որոշել են ճամփորդել աշխարհով մեկ՝ բացառապես ավտոստոպի եղանակով: Շուտով 4 տարի կլինի, ինչ շարունակում են իրենց համաշխարհային տուրը: Հայաստանում եղած ժամանակահատվածում Պակիստանի վիզային էին սպասում, եւ մեկ ամիս շարունակ մեզ մոտ մնացին: Գիշերում էին վրանում, զբաղվում յոգայով»,- պատմում է Սվետլանան: Սինան եւ Նիլսը Սվետլանայի ընտանիքի հետ Լուսանկարը՝ Սինայի և Նիլսի ինստագրամյան էջից Այդ օրերին ճամփորդներն իրենց սոցիալական ցանցի էջում պատմել են, որ Հայաստանի բնությունից կարելի է շնչակտուր լինել: Crossway-ում անցկացրած օրերին նրանց հատկապես տպավորել էր գորտերի կռկռոցը, որը երեկոյան ունկնդրում էին իրենց վրանից: «Ի՞նչ կլիներ գեղեցիկ տեսարաններով ու համեղ սննդով աշխարհն առանց այն մարդկանց, որոնք անմիջապես քո սիրտ են մտնում, որոնցից կարող ես սովորել, ծիծաղել նրանց հետ այնքան, մինչեւ ստամոքսդ ցավի: Նման հանդիպումները հարստացնում են սիրտը, եւ Հայաստանում մենք նման հրաշագեղ պահեր շատ ունեցանք ի շնորհիվ մեզ հանդիպած այլ ճամփորդների ու տեղացիների, որոնք հյուրընկալեցին մեզ ինչպես իրենց ընտանիքի անդամի»,- այսպիսի գրառում է կատարել Նիլսն ու Սինան իրենց ճանապարհորդական բլոգում: Սվետլանայի հետաքրքիր հյուրերից էր նաեւ իտալացի Լորենսոն, որ 19 տարի շարունակ ճանապարհորդում էր հեծանիվով: Ճամփորդը նաեւ գիրք է հրատարակել իր շրջագայության մասին: Crossway-ի հյուրընկալած զբոսաշրջիկներից մեկին Սվետլանան նաեւ Եգիպտոս այցի ժամանակ է հանդիպել: «Զարմացել էր, թե 2 տարի անց իրեն ինչպես ճանաչեցի: Աշխարհն իսկապես նեղ է»:3 տարի առաջ աշնանն էլ մի զույգ էր եկել քեմփինգ՝ գերմանուհի Միրան եւ ամերիկացի Ջոշը: Նրանք խնդրել էին, որ իրենց թույլ տան մնալ այդտեղ, իսկ փոխարենն առաջարկել էին կամավորություն անել: «Քանի որ սեզոնն արդեն ավարտվել էր, աշխատանք շատ չկար անելու: Տերեւներն էին հավաքում, օգնեցին նաեւ դիզայնի հարցում, քանի որ Միրան դիզայներ էր: Գիշերային լուսավորությունն իրենք ապահովեցին: Ջոշն էլ ժամանակին ռեստորանում էր աշխատել. շատ արագ էր ամանները լվանում»,- հիշում է Սվետլանան: Արտերկրացի հյուրերից շատերը Սվետլանային մի քանի անգամ են հյուրընկալել: Ասում են՝ մեկ անգամ Հայաստանում լինելը բավարար չէ: Մատչելի հանգիստCrossway camping-ում գիշերակացը տատանվում է 3000-6000 դրամի սահմաններում՝ կախված նրանից, թե հյուրը որտեղ է նախընտրում գիշերել: Սվետլանան վստահ է, որ Հայաստանում հանգստանալը պետք է մատչելի լինի, որպեսզի բոլորը կարողանան ընտանիքով հանգստի գնալ: «Գները չպետք է եվրոպական լինեն, ամեն ինչ պետք է համապատասխան լինի մատուցած ծառայությանը: Երբ նոր էինք սկսել, մեզ մոտ էլ ավելի մատչելի էր: Մեր առաջին օտարերկրացի հյուրերից մեկը, որ 3-4 օր մնաց իր քեմփերով, գնալուց առաջ Արմենին ասաց՝ դու բիզնեսմեն չես»,- ժպիտով հիշում է Սվետլանան: Թեեւ վերջին տարիներին համավարակի պատճառով նվազել է օտարերկրյա այցելուների հոսքը, սակայն դրան զուգահեռ ներքին տուրիզմն է ակտիվացել: Սվետլանայի խոսքով՝ հայ երիտասարդությունը եւս սկսել է ձգտել դեպի վրանային հանգիստը: «Շատերը գալիս են մեկ օրով մնալու, բայց 2-3 օր են մնում, ասում են՝ սիրեցին վայրը: Ինձ համար շատ հաճելի է նաեւ այն, որ այստեղից Տաթեւ կամ Արցախ մեկնելուց հետո նորից վերադառնում են ինձ մոտ: Հասկանում եմ, որ իրենց սրտի մի մասնիկն էլ է ինձ հետ մնացել», -ասում է Սվետլանան:Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 7659