“ԹՄ Աուդիտ” ընկերության գլխավոր տնօրեն, Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի /IFAC/ փորձագետ Թաթուլ Մովսիսյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանն ու Banks.am պորտալին - “ԹՄ Աուդիտը” շուկայում աշխատում է ավելի քան 10 տարի: Ընկերության կայացման եւ զարգացման հատկապես ո՞ր փուլերը կառանձնացնեք: - Ընկերությունը հիմնադրվել և աուդիտորական գործունեության իրականացման լիցենզիա է ստացել 1997թ.-ին: Այս 11-ամյա շրջանը ես կբաժանեի երեք փուլի: 1997-2000թթ. ընկերությունը ակտիվ գործունեություն չէր ծավալում, քանի որ հիմնական անձնակազմը ներգրվված էր ՀՀ-ում հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների իրականացման կարևորագույն գործընթացին: Նրանց ակտիվ մասնակցությամբ են մշակվել, մասնավորապես` “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանները, ֆինանսական հաշվետվությունների փաթեթները, սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը: Հաշվապահական հաշվառման համակարգում տեղի ունեցած լայնածավալ փոփոխությունների հետևանքով խիստ անհրաժեշտություն էր զգացվում իրականացնել կրթական և վերապատրաստման ծրագրեր: Այդ պատճառով էլ մեր մասնագետները սկսեցին վերապատրաստման դասընթացներ իրականացնել բազմաթիվ ընկերություններում, բարձրագույն և մասնագիտացված ուսումնական կառույցներում ու կազմակերպություններում: Դրանց մասնակցեցին մի քանի հազար ունկնդիրներ: Ակտիվ հասարակական աշխատանք էր իրականացվում նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի շրջանակում: Արդյունքում` “ի հաշիվ” ընկերության մեր մասնագետները իրենց ավանդն ունեցան հաշվապահական հաշվառման նոր համակարգի ձևավորման գործընթացում, մեծ փորձառություն, գիտելիքներ ու լայն ճանաչում ձեռք բերեցին: 2000-2004 թթ. կայացման շրջան էր հանդիսանում: Ընկերությունը սկսեց լայն անվանացանկով բարձրակարգ մասնագիտական ծառայություններ մատուցել միջազգային և տեղական բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների: Մասնավորապես`մեր պատվիրատուներից էին Համաշխարհային Բանկի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարարության ծրագրերը իրականացնող Հարավային Կովկասի և տեղական կառույցները, այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք էին “Հայկական ավիաուղիները”, “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը, “Երևանի ոսկերչական գործարանը”, “Նաիրիտը”, “Արայ” ընկերությունը, “Տաշիր Ինվեստ Գրուպը”, “Միկա-ցեմենտը”, “Էլիտ Գրուպը”, “Արմիմպեքսկոնցեռնը”: “ԹՄ Աուդիտը”, որը նախկինում հայտնի էր իր մասնագետներով, այդ ժամանակ էլ ճանաչում ձեռք բերեց որպես հանրապետության առաջատար աուդիտորական, խորհրդատվական կազմակերպություններից մեկը: Որպես փորձագետներ` մենք շարունակում էինք մշտապես մասնակցել ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի փորձաքննությանը, այդ տարիներին հեղինակել ու համահեղինակել ենք հաշվապահական հաշվառման նոր համակարգին նվիրված ավելի քան երկու տասնյակ գրքերի, որոնք մինչև այսօր էլ բազմաթիվ ԲՈՒՀ-երում օգտագործվում են որպես դասագրքեր ու մասնագետների համար հանդիսանում են սեղանի գրքեր: Մեր մասնագետները ընդգրկվեցին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ղեկավար մարմնի, ՀՀ հաշվապահների որակավորման, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աուդիտորների որակավորման հանձնաժողովների կազմում: 2005թ.-ից ակտիվ համագործակցություն սկսվեց հեղինակավոր միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ-ում: Մասնավորապես` ՀՀ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից կատարված բոլոր ներդրումային ծրագրերի ֆինանսական հետազոտության (financial due diligence), այդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ի գլխավոր գրասենյակի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում միշտ հաղթող է ճանաչվել մեր ընկերությունը: ՎԶԵԲ հետ համագործակցության շրջանակում նման ծառայություններ են մատուցվել “Շեն-կոնցեռն” ՓԲԸ-ում, “Թամարա Ֆրութ” ՓԲԸ-ում, “Հայտեքս Պլաստիկ” ՓԲԸ-ում, “Լիկվոր” ՓԲԸ-ում, “Սթար Դիվայդ” ՓԲԸ-ում, “Նաթֆուդ” ՓԲԸ-ում, “Ալֆա-Ֆարմ” ՍՊԸ-ում, “Դիլի” ՓԲԸ-ում: Օրեր առաջ ավարտեցինք նաև “ԱրմենՏել” ՓԲԸ-ի 2007թ.-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը: Ընդլայնվեց ընկերության ծառայությունների անվանացանկը, սկսեցինք վարել բազմաթիվ կազմակերպությւոնների հաշվապահական հաշվառումը, խորհրդատվություններ մատուցել կազմակերպությունների ՀՀՀՀՍ-ներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (IFRS) և ԱՄՆ-ի Համընդհանուր Ընդունված Հաշվապահական Հաշվառման Սկզբունքներին (US GAAP) համապատասխան վերաներկայացնելիս: - Կենտրոնական Բանկը վերջերս որոշում կայացրեց այն մասին, որ այն ընկերությունները, որոնց ԿԲ-ի կողմից շնորհվել է B- եւ ավելի բարձր վարկանիշ, 2009թ.-ից սկսած պետք է ներկայացնեն ֆինանսական հաշվետվություններ` հաստատված համաշխարհային “մեծ վեցնյակի” ընկերությունների մեկի կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը: - Իհարկե, նպատակահարմար էր, որ ՀՀ ԿԲ սահմաներ “աուդիտորների կարճ ցուցակ”, ինչպես դա անում են Համաշխարհային Բանկը, կամ ՎԶԵԲ-ը: Սակայն այդ կառույցները որոշակի պարբերականությամբ (սովորաբար երկու տարին մեկ անգամ) իրականացնում են առաջատար աուդիտորական ընկերություններում ստուգումներ, որոնց արդյունքում որոշում են չափորոշիչներին բավարարող աուդիտորական ընկերություններին: Ինչպես ցույց է տվել նախկին փորձը, որակավորման գործընթացի արդյունքում “կարճ ցուցակում” ընդգրկվել են նաեւ “հայկական” ընկերություններ: Կարծում եմ, որ ՀՀ ԿԲ-ն ևս պետք է շուկայի բոլոր մասնակիցների համար սահմաներ հավասար պայմաններ և որակավորման գործընթացի արդյունքում որոշեր այդ “կարճ ցուցակը”: Ուղղակի նախապատվություն տալով միայն վեցնյակին, առանց որևէ որակավորման գործընթաց իրականացնելու, “խեղդվում են” “հայկական” ընկերությունները, քանի որ հաճախորդների հիմնական շուկան ՀՀ ԿԲ-ի կարգավորման դաշտում է: - Ֆինանսական շուկայի մասնակիցները սկսել են ավելի հաճախակի բարձրացնել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներդրման անհրաժեշտության հարցը: Ո՞ր փուլում է գտնվում այդ գործընթացը: - Խնդիրը վաղուց է հասունացել և հրատապ է: 2001թ. սկսած դադարեցվեցին այդ ուղղությամբ տարվող աշխատանքները` ֆինանսավորման բացակայության պատճառով: Արդյունքում` այսօր ՀՀՀՀՍ-ները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Իսկ օտարերկրյա ներդրողներին անհրաժեշտ են հասկանալի և ընկալելի ֆինասական հաշվետվություններ, որոնք չեն ապահովվում ՀՀՀՀՍ-ների պարագայում: Այդ պատճառով էլ կազմակերպությունները վարձում են խորհրդատուներ (մենք արդեն վեց տարի է, ինչ իրականացնում ենք այդպիսի պատվերներ), որպեսզի ՀՀՀՀՍ-ներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները վերաներկայացնեն կամ IFRS-ներով, կամ էլ US GAAP-ով: Առաջացել է խիստ անհրաժեշտություն ՀՀՀՀՍ-ների փոխարեն թարգմանել և կիրառել IFRS-ները: Անհրաժեշտ աշխատանքները իրականացվել են, խոչընդոտը կրկին “ֆինանսավորման” խնդիրն է: Կարծում եմ` շուտով այս հարցն իր լուծումը կստանա: Tweet Դիտում՝ 7992