Զբոսաշրջությունը համավարակի օրերին. խնդիրներ եւ վերականգնում

27.04.2020 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Զբոսաշրջություն
Կորոնավիրուսի տարածման հետեւանքով ամենաշատ տուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, որն այս օրերին ամբողջապես կանգ է առել ողջ աշխարհում: Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կրած վնասների եւ վերականգնման հեռանկարի մասին Banks.am-ը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ:

Պետական-մասնավոր երկխոսություն

Կառավարության աջակցության միջոցառումների առնչությամբ Տուրիզմի հայկական ֆեդերացիան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով ներկայացրել է առաջարկություններ: Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ դրանք բխում են զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններից:  

«Իրավիճակը պետք է գնահատել զբոսաշրջության ոլորտում եղած առանձնահատկություններով եւ նախատեսել համապատասխան միջոցառումներ ոլորտի համար: Այն այժմ հոգատարության կարիք ունի, քանի որ շատ կարեւոր է երկրի տնտեսության համար: Կայուն զբոսաշրջությունը մուլտիպլիկատիվ ազդեցությամբ նպաստում  է կայուն զարգացմանը, եւ ընդհակառակը, զբոսաշրջության փլուզումը կարող է բերել խորը բացասական տնտեսական հետեւանքների»,- մանրամասնում է Մեխակ Ապրեսյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների ներգրավման միջոցառումներին՝ նա նշում է, որ շատ տնտեսվարողներ չեն կարող գնալ այդ ռիսկին:

«Ելնելով զբոսաշրջային ոլորտի առանձնահատկություններից՝ շատ բանկեր եւս համամիտ են, որ վարկի տրամադրումը չափազանց ռիսկային է: Եթե այցելությունները վերականգնված չլինեն եւ գործարարները եկամուտներ չունենան, ինչպե՞ս են մարելու վարկն այն դեպքում, երբ ամենալավատեսական սցենարում այցելությունների որոշակի վերականգնում կլինի ոչ ավելի շուտ, քան աշնանը»,- նկատում է Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանը

Նա հավելում է, որ կառավարության ու զբոսաշրջության ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը հաստատված է, եւ իրենք շարունակաբար քննարկումներ են ունենում էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների հետ:

Լավատեսական մոտեցումներ

Մեխակ Ապրեսյանը նշում է, որ եթե անգամ աշնանը ոլորտի ակտիվացումը հնարավոր դառնա, նոյեմբերի վերջից կրկին կսկսվի պասիվ շրջանը:

«Վերջին տարիներին հայկական զբոսաշրջային արդյունքների դիվերսիֆիկացման, ձմեռային զբոսաշրջության զարգացման շնորհիվ արդեն շատ զբոսաշրջիկներ սկսել են նախընտրել իրենց Ամանորը անցկացնել Հայաստանում: Այս առումով համավարակի նահանջի դեպքում ձմռանը եւս հնարավոր է որոշակի հոսք, սակայն դրա լիակատար վերականգնումը կարող ենք դիտարկել հաջորդ տարվա ապրիլից»,- մանրամասնում է նա:


Խոսելով վերականգնման փուլի մասին՝ Մեխակ Ապրեսյանն անդրադառնում է նաեւ հանրության վճարունակության խնդրին, սակայն այս պարագայում եւս կան լավատեսական մոտեցումներ:

«Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվում դեռեւս մեծամասնություն են կազմում թոշակառուները, որ հիմնականում եվրոպական երկրներում քիչ թե շատ ապահովված խավ են: Այդ առումով պետք է անենք ամեն ինչ, որ մարքեթինգային քայլերի եւ զբոսաշրջության խթանման միջոցառումների ժամանակին իրականացման շնորհիվ աշխարհին ցույց տանք՝ Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, շարունակում է ավելի հետաքրքիր առաջարկներով հանդես գալ»,- ասում է նա:

Ոլորտի գործարարների մտահոգությունները

Մարզային հյուրանոցներից մեկի տնօրեն Վահագն Բաբայանը մեզ հետ զրույցում նշում է, որ ճգնաժամից հետո զբոսաշրջային ոլորտի վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու։


«Կարծում եմ՝ ավելի արագ կվերականգնվեն այն հյուրանոցներն ու տուրիստական ընկերությունները, որոնց հաճախորդների շրջանակը հիմնականում տեղացիներ են, ներքին տուրիզմը գուցե բիզնեսին «շնչելու» հնարավորություն տա։ Վերականգնումն ավելի բարդ կլինի արտերկրից ժամանող հյուրերի վրա կենտրոնացած ընկերությունների պարագայում»,- ասում է նա։


Հայաստանից դուրս տուրեր իրականացնող զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Վահան Հակոբյանը նշում է, որ համավարակի հետեւանքով չեղարկել են բազմաթիվ պայմանավորվածություններ:

«Կառավարության աջակցության միջոցառումներից երկուսն առնչվում է մեր ընկերությանը, սակայն դա շատ քիչ է ոլորտը փրկելու համար հատկապես այն դեպքում, երբ իրավիճակի կայունացման վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա: Եթե առկա միտումները պահպանվեն, իմ 8 աշխատակիցներից միայն 1-2 հոգու կկարողանամ պահել»,- մանրամասնում է նա:


Մեկ այլ տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Մաթեւոս Բարսեղյանն էլ պատմում է, որ որոշ հաճախորդների հաջողվել է համոզել ամրագրումները տեղափոխել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եւ լավագույն սցենարի դեպքում աշնանը կկարողանան եկամուտներ ապահովել:


«Վատագույն սցենարի դեպքում կլինի բավականին բարդ գործընթաց: Մեր ամենաթանկ կապիտալը մեր աշխատակիցներն են, սակայն իրենց երկար չենք կարող պահել: Վարձատուները պահանջում են տարածքի գումարը, նշում են, որ վճարունակ չլինելու դեպքում պետք է հանձնենք գրասենյակը, մինչդեռ տարածքի բարեկարգման ուղղությամբ մեծ ներդրումներ են արվել ընկերության կողմից»,-ասում է նա:

Գործարարը կարծում է, որ այս պահին կառավարությունն անում է իր հնարավորությունների առավելագույնը, սակայն իրենց խնդիրը իրավիճակի անորոշությունն է. վարկային միջոցներ ներգրավելու ռիսկին դեռեւս չեն կարող գնալ:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 6747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW