Ամերիկացի բլոգերը, Հայաստանն ու տուրիզմի զարգացումը

05.12.2019 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Դեյվիդ Հոֆման #Զբոսաշրջության կոմիտե #
Հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստան էր ժամանել հայտնի բլոգեր Դեյվիդ Հոֆմանը Մայամիից: Այցի շրջանակում նա հասցրել էր լինել Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային վայրերում, ծանոթանալ բնությանն ու խոհանոցին: Banks.am-ի հետ զրույցում Դեյվիդ Հոֆմանը կիսվել է իր տպավորություններով:

«Հայաստանն իսկապես ամենահյուրասեր երկրներից է»

«Հայաստանն այնպիսի երկիր է, որը չի կարելի այցելել 2-3 օրով: Եթե իսկապես ցանկանում ես տեսնել այն, ապա առնվազն 15 օր է անհրաժեշտ»,- կարծում է Դեյվիդ Հոֆմանը:

Նա 10 օր է անցկացրել Հայաստանում: Ասում է, որ շուտով կվերադառնա ավելի շատ ժամանակ անցկացնելու այն շրջաններում, որտեղ չի հասցրել լինել:


«Հայաստանն իսկապես ամենահյուրասեր երկրներից է, որտեղ ես եղել եմ: Մարդիկ շատ բարեհամբույր են, բոլորը գրկաբաց են ընդունում ինձ: Ամեն վայրում 5 րոպե անցկացնելուց հետո արդեն ինձ տանն եմ զգում: Հայաստանում որտեղ որ լինում էի, սպասարկող անձնակազմի հետ գրեթե միշտ գրկախառնվում էինք»,- հիշում է Դեյվիդը:

«Վա՜ու, ինչպիսի բազմազանություն»

Ամերիկացի բլոգերը շրջել է Երեւանով, եղել Էջմիածնում, Դիլիջանում, Վանաձորում, Գյումրիում, ծանոթացել տեղի մշակութային կոթողներին եւ խոհանոցին: Արցախ այցի ընթացքում եղել է Ստեփակերտում, Շուշիում, այցելել Գանձասար, Դադիվանք, Հունոտի կիրճ:

«Շատերը կարող են ասել, թե Հայաստանում եկեղեցիները չափազանց շատ են, բայց կարծում եմ՝ դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Ինձ հատկապես տպավորեցին Տաթեւի վանական համալիրն ու Նորավանքը: Վանքեր այլ երկրներում եւս կարելի է տեսնել, բայց ոչ այսքան հին, ոչ նման պատմությամբ, որովհետեւ Հայաստանն իրապես եղել է Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկը»,- ասում է բլոգերը:


Ճանապարհորդելով Հայաստանի տարբեր շրջաններով՝ Դեյվիդ Հոֆմանին շատ է տպավորել հայկական բնաշխարհը:

«Ուր որ գնում էի, բնաշխարհը բոլորովին տարբեր էր: Գնում ես Դիլիջան՝ անտառներ են, Ենոքավանում՝ լեռներ ու ձորեր, ավելի հյուսիս ես գնում՝ անհամեմատ ավելի ցուրտ եղանակ է ու ասում ես՝ վա՜ու, ինչպիսի բազմազանություն»:


«Հայկական գինին ամենայուրօրինակն է»

Դեյվիդը մասնակցել է նաեւ «Արենի» գինու փառատոնին եւ փորձել բազմաթիվ գինիներ: Ասում է՝ ցնցված էր դրանց բարձր որակով:

«Հայկական գինին ամենայուրօրինակն է այն գինիների շարքում, որ երբեւէ փորձել եմ: Լավագույնն այն է, որ դուք ունեք էնդեմիկ սորտեր, որ աշխարհում որեւէ այլ տեղ դժվար կլինի գտնել, ինչպես Արենին, Ոսկեհատը»,- նշում է Դեյվիդը:

Հիշում է, որ իրեն գինու որակի գաղտնիքը բացատրել են նրանով, որ այն միշտ պատրաստվում է սիրով, հաճախ ամեն ինչ միայն ձեռքով է արվում:


«Տատիկներիս պես ջերմ տիկնայք»

Հայկական խոհանոցի 30-40 ճաշատեսակ ու բազմաթիվ աղցաններ է փորձել: Բացի ճաշակելուց, անձամբ է մասնակցել որոշ կերակուրների պատրաստմանը.

«Հաղարծինում գաթայի պատրաստման վարպետության դասի մասնակցեցի: Ինձ օգնող տիկնայք այնքան ջերմ էին, կարծես իմ տատիկները լինեին: Ես տատիկներիս վաղուց եմ կորցրել, բայց տպավորություն էր՝ նրանք Հայաստանում են»:


Դեյվիդին պատրաստման գործընթացը շատ էր հետաքրքրել, իսկ գաթայի տեսակներից ամենաշատը հապալասովն էր տպավորել:

«Գառնիում լավաշ պատրաստեցի: Իհարկե, ինձ մոտ դա այդքան էլ լավ չստացվեց, հատկապես որ պետք էր այն խփել թոնրի պատին: Առաջինը չհաջողեցի, եւ լավաշն ընկավ, երկրորդն էլ շատ վերեւ ստացվեց»,- պատմում է բլոգերը:

Նա նկատում է, որ հայերս լավաշ օգտագործում ենք գրեթե բոլոր ճաշատեսակների հետ: Կատակում է, որ կցանկանար իր հետ լավաշ պատրաստող մի կնոջ տանել Հայաստանից:


Հրաշալի արձագանքներ

Հայաստանի մասին պատմող հոլովակները դեկտեմբերի կեսին արդեն հնարավոր կլինի գտնել բլոգերի Davidsbeenhere յութուբյան ալիքում: Նրա խոսքով՝ օրական 2-3 հոլովակ է նկարահանել, եւ դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է:  

«Այս ընթացքում սոցիալական ցանցերում փոքր տեսահոլովակներ եւ նկարներ եմ հրապարակել: Հետեւորդներս ցնցված էին: Շատ նամակներ էի ստանում, ասում էին՝ բավական է այդքան համեղ բաներ ուտես, մենք էլ ենք ցանկանում: Իսկապես հրաշալի արձագանքներ էին»,- նշում է Դեյվիդը:

Հավելում է, որ Հայաստանը փոխեց իր՝ աշխարհի այս հատվածի մասին պատկերացումը:


Նմանատիպ այցերի նշանակությունը

Բլոգերների նման այցեր պարբերաբար կազմակերպվում են Զբոսաշրջության կոմիտեի կողմից: Երբեմն բլոգերներն անձամբ են դիմում Հայաստան այցի համար, երբեմն էլ կոմիտեն է առաջարկում:

«Մենք ծանոթանում ենք նրանց աշխատանքին, հասկանում՝ ովքեր են նրանց թիրախային խումբը, ինչ ձեւաչափով են աշխատում: Դեյվիդը դիմեց մեզ եւ մենք որոշ ժամանակ աշխատեցինք նրա հետ՝ հասկանալով, որ լավ համագործացկություն կստացվի: Նաեւ նրա հոլովակների ձեւաչափն էր հետաքրքիր, այն, որ փորձելու էր դրանցում ընդգրկել ամեն ինչ՝ մշակույթ, խոհանոց, բնաշխարհ, ի հայտ բերել Հայաստանի բոլոր զբոսաշրջային առավելությունները»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը:

Գայանե Այվազյանը

Նա հավելում է, որ կոմիտեի ռազմավարության ծրագրով նախատեսված են նմանատիպ այցեր, որոնք իրականացվում են մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

«Դրանց առավելությունն այն է, որ հանրային դեմք հանդիսացող անհատը կարողանում է որպես զբոսաշրջիկ իր անմիջական փորձառությունը փոխանցել հետեւորդներին: Այս դեպքում նյութը շատ ավելի անկեղծ է, զբոսաշրջիկը շրջում ու տեսնում է այն բոլոր առաջարկները, որ ունեն Հայաստանն ու Արցախը»,- ամփոփում է Գայանե Այվազյանը:  

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ Դեյվիդ Հոֆմանի արխիվից
Դիտում՝ 6689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW