«Բու» լեռնային հեծանվապարկ նախաձեռնությունը, որի նպատակը Փամբակի լեռներում հեծանվային արահետների կառուցումն է ու Վանաձորում հեծանվասպորտի զարգացումը, արդեն երեք տարեկան է: Banks.am-ը զրուցել է նախաձեռնության ղեկավար Էմմա Պետրոսյանի հետ՝ ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը հասկանալու համար: Առաջնայինն անվտանգությունն էԾրագիրը դեռ անավարտ է։ Արահետների կառուցման համար անհրաժեշտ գումարը փորձում են հայթայթել՝ դրամաշնորհային տարբեր ծրագրերի դիմելով։ 15.01.2019 | 08:50 Երիտասարդները Փամբակի լեռներում «հեծանիվ են հորինում» Բանն այն է, որ հեծանիվի համար նախատեսված լեռնային արահետներ կառուցելու համար հարկավոր է դրսից մասնագետներ հրավիրել, ինչը մեծ ծախսեր է պահանջում։ «Հեծանվային արահետները միջազգային էքսպերտների՝ շվեյցարացի ու գերմանացի մասնագետների ներգրավմամբ ենք կառուցելու, որովհետեւ մասնագիտական լուրջ մոտեցում է անհրաժեշտ. արահետները պետք է լինեն անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան։ Սկզբից հարկավոր է հատակագծային նախագիծ անել, ըստ որի էլ կսարքվեն հեծանվային արահետները, ամեն տարի՝ մեկ արահետ։ Կան նաեւ «մուլտի յուզ» արահետներ, որոնք միաժամանակ հեծանիվի, քայլարշավի ու ձիարշավի համար են։ Մենք չենք շտապում, այլ անում ենք այնպես, որ մեր կատարած գործն արդյունավետ լինի»,- նախաձեռնության հետագա անելիքների մասին է պատմում Էմմա Պետրոսյանը։ Էմմա Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սարերում եւ ոչ միայնՀեծանվային արահետների կառուցման համար տարբեր դրամաշնորհների դիմելուն զուգահեռ՝ «Բու» լեռնային հեծանվապարկ խմբի կամավորներն ամեն օր աշխատում են Փամբակի լեռներում. արտասահմանից Հայաստան եկած կամավորների հետ քայլարշավային երթուղիներ են կառուցում։ Դեռ նախորդ տարի են մանրամասն քարտեզագրել տարածքն ու որոշել սարի հին ճամփաները բարեկարգ արահետներ դարձնել։ 13 կիլոմետր երկարությամբ շրջանաձեւ արահետը սկսվում է Լոռանց գոմեր կոչվող հատվածից (այստեղ նախկինում ամառանոցներ են եղել)։ «Արահետն «Արջերի տիրակալ» ենք անվանել, որովհետեւ այստեղ արջի ոտնահետքեր ենք տեսել։ Մեր կառուցած բոլոր արահետներն անուններ են ունենալու, որոնք կգրվեն համապատասխան ցուցանակների վրա եւ կտեղադրվեն ճանապարհներին։ Այս արահետի՝ սարի գագաթի 1 կմ հատվածը բացակայում էր, ինչը հարկավոր էր վերականգնել։ Որոշեցինք միջազգային որեւէ կազմակերպության հետ կամավորների հայտ բացել։ Այս անգամ աշխատեցինք «Այզեկ»-ի հետ։ Առաջին փուլում մեր կամավորները 3 հնդիկ տղաներ էին, հիմա նրանց գործը շարունակում են Ֆրանսիայից, Ֆինլանդիայից եւ Լեհաստանից եկած կամավորները։ Վերջիններս նաեւ դրամահավաք են արել ու մի քանի հարյուր եվրո հավաքել արահետաշինության այս ծրագրի համար»,- ասում է Էմման։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Արջերի տիրակալ»-ը կառուցող կամավորներըԷլյա Բուասղիվոն Ֆրանսիայից Հայաստան է եկել՝ բնության հետ շփվելու, շրջակա միջավայրի պահպանության համար ինչ-որ լավ բան անելու մղումով։ Էլյա Բուասղիվոն (Ֆրանսիա) Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այս նախագծին միացել եմ, որովհետեւ շատ էի ցանկանում էկոլոգիայի, բնապահպանության հետ կապված ինչ-որ բան անել։ Ու հասկացա, որ սա այն է, ինչ փնտրում էի։ Մինչ այստեղ գալը երկու շաբաթով Իսլանդիայում էի, նման նախագծի էի մասնակցում։ Շատ երջանիկ եմ, որ նոր մարդկանց հանդիպեցի, նաեւ տարածքն էր շատ հետաքրքիր, երկիրը»,- իր տպավորություններն է կիսում սոցիոլոգ, տնտեսագետ կամավորը։Իսկ 20-ամյա Սանտերի Սավիլային ֆիզիկական աշխատանք կատարելը հիշեցնում է բանակում իր ծառայությունը։ Ասում է՝ աշխատելու մեծ ցանկությունն է եղել առաջին պատճառը՝ համաձայնելու դառնալ այս ծրագրի կամավորը։ Բացի այդ, Հայաստանն ավելի շատ աշխատելու, քան հանգստանալու երկիր է համարում։ Սանտերին Ֆինլանդիայից է ու մտադիր է կամավորական մեկ այլ ծրագրով Կոստա Ռիկա մեկնել ու զբաղվել կրիաների պաշտպանությամբ։ Սանտերի Սավիլան (Ֆինլանդիա) Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայաստանը գերազանցեց իմ սպասելիքները: Տարբեր ծրագրերում կամավոր եմ եղել, բայց այս մեկն ուրիշ էր։ Այս երկիրն իր մշակույթով ու սոցիալական կյանքով այնքան է գրավել ինձ, որ արահետ կառուցելու ծրագիրն ուղղակի մնաց որպես մի փոքր մաս այն ամենի, ինչով տարվել, հիացել եմ Հայաստանում: Ու չնայած Հայաստանն ու Լեհաստանը հեռու են իրարից, բայց ժողովուրդները նման են իրար, ունեն տաք բնավորություն»,- Հայաստանի մասին իր ոգեւորությունն է հայտնում Լեհաստանի Նովի-Տարգ քաղաքից Վանաձոր կամավորության եկած Նատալյա Կուլպան։ Նատալյա Կուլպան (Լեհաստան) Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բու»-ի կամավորներն իրենց ձեռնարկած գործին պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում։ Տեղագրական տարբեր քարտեզներ են ուսումնասիրում, գրքեր կարդում, կիրառում դրսի փորձը, որովհետեւ, ինչպես ասում են, այս գործը սիրողական մակարդակով անել անհնարին է։ «Երկու տարի առաջ այս աշխատանքը սովորել ենք ամերիկացի մի մասնագետից։ Դիլիջան ազգային պարկում ենք սարքել արահետներ՝ «Տրանսկովկասյան արահետ» ծրագրով, կես տարուց ավելի այնտեղ աշխատել ենք՝ այդ փորձը Վանաձորում կիրառելու նպատակով: Հիմա արդեն մենք ենք սովորեցնում մեր կամավորներին։ Նախօրոք բոլորը ստանում են ինստրուկցիա, թե ինչպես աշխատել, ինչ հեռավորության վրա, որքան ջուր օգտագործել, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, չհոգնեն, գլխացավեր չունենան, շատ լարված չաշխատեն, որ մկանները չձգվեն ու հոգնեն»,- աշխատանքի նրբություններն է բացատրում «Բու» նախաձեռնության համահիմնադիր Վաղինակ Կարապետյանը:Դժվարությունների թվում նա առանձնացնում է աշխատանքային գործիքների ձեռքբերումը. դրանք թանկ են ու Հայաստանում չկան, ստիպված են լինում պատվիրել արտերկրից։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Փամբակի լեռներում գտնվող «Արջերի տիրակալ» քայլարշավային արահետը հիմնականում «Էկոլաբ» հիմնադրամի «Բու Այլ Տուն» կենտրոնի այցելուների եւ այն երիտասարդների համար է, որոնք այստեղ ոչ ֆորմալ կրթություն են ստանում։ Այստեղ նաեւ շատ զբոսաշրջիկներ են գալիս ու ցանկանում տեսնել շրջակա միջավայրը, բայց չգիտեն՝ ուր գնալ եւ ինչպես։ Արահետից հետո հաջորդ քայլը, «Էկոլաբ»-ի հետ համագործակցությամբ, վրանային ճամբարների կառուցումն է լինելու, որպեսզի քայլարշավի դուրս եկած զբոսաշրջիկը ցանկության դեպքում նաեւ անտառում գիշերելու հնարավորություն ունենա։ Կլինեն նաեւ ճոճվող կամուրջներ, այլ ենթակառուցվածքներ, որոնք վայրի բնության մեջ կհեշտացնեն մարդկանց տեղաշարժը։ Հեծանվային կենտրոն Լեռներից բացի, «Բու» նախաձեռնության անդամները անելիքներ ունեն քաղաքում։ Վանաձորում հեծանվային կենտրոն են հիմնելու։ Դրա համար համայնքապետարանը 1 հա տարածք է տրամադրել։ Կենտրոնը լինելու է հեծանիվների նորոգման ու վարձակալության կետ՝ սրճարանով, իսկ կողքին՝ հեծանվային մարզահրապարակ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հեծանվային կենտրոնը հետագայում կզբաղվի նաեւ տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, որպեսզի Վանաձորի երիտասարդները ե՛ւ գնալու տեղ ունենան, ե՛ւ ներգրավվեն իրենց քաղաքի զարգացմանը միտված նախաձեռնություններում։ Pedal To The MedalՀունիսի 30-ին «Բու» լեռնահեծանվային պարկ նախաձեռնության անդամները Վանաձորում՝ ապագա հեծանվային կենտրոնի տարածքում, 100-ից ավելի մարդկանց էին համախմբել՝ Pedal To The Medal լեռնահեծանվային մրցույթն անցկացնելու, քաղաքի՝ լեռնահեծանվային սպորտի զարգացման մեծ ներուժը ցույց տալու, ինչպես նաեւ ներդրողներ ներգրավելու նպատակով։ Լուսանկարը՝ Boo Mountain Bike Park Group «Մեր կենտրոնի կառուցումը ֆինանսավորվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԳԷՀ-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) կողմից։ Մենք այս մեծ ծրագիրը դիտարկում ենք ոչ թե որպես բարեգործություն, որ անելու ենք, թողնենք, գնանք, հետո էլ ուրիշ տեղ ինչ-որ բան հիմնենք, այլ որպես բիզնես, որից ստացված եկամուտներով արդեն պետք է այլ բաներ անենք»,- ասում է Էմման: Նախատեսում են գործարկել հետեւյալ վճարովի պրոդուկտները՝ սրճարան, հեծանիվների վարձակալություն, միջոցառումների կազմակերպում եւ այլն:«Բացի այդ, պլանավորում ենք հաջորդ տարի ամբողջ Հայաստանով ու Արցախով լեռնային հեծանվային տուրեր կազմակերպել։ Հիմա աստիճանաբար մեծացնում ենք մեր թիմը։ Դա էլ, կարծում եմ, եկամտաբեր կլինի։ Հնարավորություններ շատ կան, ուղղակի բիզնեսն արդեն ուրիշ է, պետք է կենտրոնանալ սպասարկման որակի, հաճախորդի ցանկությունների վրա: Եթե ուզում ես գումար աշխատել, պետք է ամեն բան կազմակերպված լինի ու պրոֆեսիոնալ։ Առաջին հերթին պետք է մտածել ոչ թե փող աշխատելու, այլ որակի մասին, որպեսզի տվյալ նախաձեռնությունը երկարակեցություն ունենա եւ հետո արդեն գումար բերի»,- վստահեցնում է նախաձեռնության ղեկավարը:Հիմնվելով ՎանաձորումԵրեւանցի Էմման այս տարվա մայիսից տեղափոխվել է Վանաձոր՝ հիմնական բնակության:Քաղաքը շատ է սիրում, անգամ՝ Երեւանի հետ նմանություններ գտնում։ Իսկ շրջապատող լեռները նրա աչքում Վանաձորը կրկնակի հմայիչ են դարձնում։ Թերություններ էլ, իհարկե, կան, բայց քաղաքի տնտեսական զարգացման ընթացքում, կարծում է, դրանք կվերանան։ Իսկ ընդհանրապես քաղաքը զարգանալու մեծ ներուժ ունի, մասնավորապես՝ արվեստի, ինդուստրիալ տուրիզմի ուղղությամբ։ Էմման վստահ է՝ Վանաձորը հնարավորությունների քաղաք է. մի շարք ծրագրեր իրականացնելու դեպքում 5-10 տարի անց այն եվրոպական շատ քաղաքներից առաջ կանցնի։ Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)Լուսանկարները՝ հեղինակի եւ Boo Mountain Bike Park Group-ի ֆեյսբուքյան էջից Tweet Դիտում՝ 8079