«Բու» լեռնային հեծանվապարկ խմբի կամավորները որոշել են հաղթահարել Հայաստանի լեռները ոչ միայն քայլելով, այլեւ հեծանիվ վարելով:Երիտասարդ հեծանվորդները մտադիր են ակտիվացնել լեռնային հեծանվասպորտը՝ դարձնելով այն տնտեսության զարգացման շահութաբեր ուղղություն: Թե ինչ քայլեր են այս ուղղությամբ ձեռնարկում նրանք, Banks.am-ը փորձել է հասկանալ ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանի օգնությամբ: Հեծանվային արահետներ Փամբակում «Բու» խմբի անդամները երիտասարդ հեծանվորդներ են, որոնք ցանկանում են վերապատրաստվել, որակավորվել ու մրցել հեծանվորդ այլ մարզիկների հետ: Դրա համար, առաջին հերթին, համապատասխան վայր է հարկավոր, մարզական գույք ու աջակցություն, եւ նախաձեռնության անդամները որոշել են ձեռքները ծալած չնստել: Վանաձորում՝ Փամբակ լեռան լանջին, նրանք արդեն սկսել են հեծանվային արահետներ կառուցել: «Նմանատիպ նախագիծ Հայաստանում չկա, թեեւ եղել են հեծանվորդներ, որոնք նախկինում փորձել են նման բան անել: Յուրաքանչյուր հեծանվորդի երազանքն է երկրում ունենալ այնպիսի տեղ, որտեղ արահետներ կլինեն եւ որտեղ հնարավոր կլինի ակտիվ հանգիստ կազմակերպել: Նաեւ տուրիստների համար է հետաքրքիր բնության մեջ հեծանիվ վարելը, հատկապես՝ Հայաստանում»,- ասում է «Բու» լեռնային հեծանվապարկ ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանը:Նա ընդգծում է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում լեռնային հեծանվասպորտը վաղուց արդեն նոր բան չէ.«Հայաստանում բարդ է իսկապես, քանի որ հասարակությունը մի տեսակ հեռու է սպորտից, շատերը չեն էլ պատկերացնում, որ սարի վրա կարող է ոչ «բարդ ու մահացու» հեծանվային արահետ լինել, իսկ հեծանիվ վարելուց հնարավոր կլինի հաճույք ստանալ»: Էմմա Պետրոսյանը Լեռներին սիրահարված ԷմմանՀայաստանի լեռներին Էմման սիրահարվել է դեռ ուսանողական տարիներին, երբ Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանող էր: Ու թեեւ մասնագիտանում էր՝ սպասարկման ոլորտում աշխատելու նպատակով, միեւնույնն է՝ տուրիզմի զարգացման սեփական գաղափարները կյանքի կոչելու միտքը նրան հանգիստ չէր տալիս: Էմման նաեւ Armenian Extreme Club-ի անդամ է եղել, շատ է ճամփորդել ու ինքն իր համար բացահայտել, որ մարդն ու բնությունն անբաժան են իրարից: Ասում է՝ հիմա արդեն այնպիսի գործ է ձեռնարկել, որ ընդհանրապես բաժանված չլինի բնությունից: Գաղափարից դեպի ծրագիր «2014-ին Հայաստանի եւ գերմանական «Ֆաուդե» կազմակերպության համատեղ ջանքերով նկարահանված կարճամետրաժ ֆիլմում հանդես էի գալիս որպես հեծանվորդ դերասան: Այդտեղ ծանոթացա գերմանական ու ավստրիական թիմերի հետ, որոնց կազմում պրոֆեսիոնալ մակարդակի հեծանվորդ աղջիկներ էին: Նրանք առաջին անգամ էին Հայաստանում եւ տեսնելով մեր լեռները՝ ասացին. «Էմմա՛, դու պետք է այստեղ ծրագիր սկսես»: Եվ նրանցից ոգեշնչվելով՝ որոշեցի նախաձեռնել այս ծրագիրը»,- պատմում է Էմման:Երկու տարի անց նա արդեն հնարավորություն է ստացել մասնակցելու «Էկոլաբ» հիմնադրամի՝ Վանաձորում անցկացվող դասընթացին ու ներկայացնել լեռնային տուրիզմի եւ հեծանվասպորտի զարգացմանն ուղղված իր ծրագիրը: Այնուհետ սկսել է կառավարման եւ ծրագիր գրելու հմտություններ սովորել, դիմել դոնորների: Այսօր «Էկոլաբ»-ի հետ ամեն ինչ անում են՝ հասնելու ծրագրի վերջնական արդյունքին: Թիմում մարդիկ են, որոնք «վառվում» են գաղափարի համար«Թիմով սովորել ենք, վերապատրաստվել, թե ինչպես կառուցել արահետներ, հեծանվային պարկեր, ուսումնասիրել ենք արկածային տուրիզմն ու հեծանվասպորտը, ձեռք բերել գործընկեր՝ Շվեյցարիայից, որն անձամբ մասնակցելու է արահետների կառուցմանը, իհարկե, եթե ֆինանսավորում գտնենք»,- ասում է Էմման: Ներկայում «Բու»-ն ավելի շատ մարքեթինգի վրա է աշխատում: Բացի այդ, տարբեր միջոցառումներ է իրականացնում: «Արդեն 2 տարի է՝ կազմակերպում ենք «Բայք քեմփ» միջոցառումը, որը շատ մասնակիցներ է ունենում: Գալիս են Երեւանից, Վանաձորից, անգամ՝ Վրաստանից: Նպատակ ունենք 2019-ին ավելի շատ կամավորներ ներգրավել տարբեր երկրներից»,- հետագա անելիքների մասին է պատմում թիմի ղեկավարը:Դրամահավաք՝ ուղղված ծրագրի հանրահռչակմանը 2018-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի թիմը Ֆեյսբուքում դրամահավաք էր կազմակերպել, որի նպատակը, ըստ թիմի անդամների, ծրագիրը լայնորեն տարածելն էր: Մեկ ամսվա ընթացքում նախաձեռնությունը կարողացել է հավաքել $1434, որից $500-ը նվիրաբերել էր «Էկոլաբ»-ը: Դրամատուները գումարը հենց այնպես չեն հանգանակել, այլ գնել են բաժակներ՝ «Տար ինձ սար» գրությամբ: «Մինչեւ հիմա մեր ուզած ներդրումները չունենք, քանի որ թեման շատ սպեցիֆիկ է՝ առողջ ապրելակերպ, հեծանիվներ, տուրիզմ, իսկ այս ոլորտում հիմնականում ներդրումներ չեն արվում կամ շատ քիչ են արվում: Բայց սպասում ենք, ակնկալում ենք, որ ծրագիրը կհետաքրքրի, դուր կգա շատերին»,- ասում է Էմման:Դոնորներ փնտրելու գործին զուգահեռ՝ նախագծի կայքի եւ բրենդբուքի վրա են աշխատում: Ինչո՞ւ «Բու»Սկզբում քննարկել են «Փամբակ» եւ «Վանաձոր» անվանումները՝ հաշվի առնելով հեծանվապարկի տարածքը, այնուհետ՝ ընտրել բոլորովին այլ անուն: «Էկոլաբ»-ը Վանաձորում հայտնի Լոռանց գոմերի մոտ կրթական կենտրոն ունի, որը նախկինում առանձնատուն է եղել: Երբ հիմնադրամը գնել է այդ տունը, առաջին օրը նկատել են, որ տանիքում բուերի բույն կա: Այդպես էլ հետագայում կրթական կենտրոնն անվանել են Boo Alternative House: «Մենք էլ, որպես գործընկեր, վերցրինք այդ անունը: Բացի այդ, կարեւոր էր, որ անունը հայերեն լիներ եւ հեշտ արտասանվեր բոլոր լեզուներով»,- պարզաբանում է Էմման:Ի դեպ, 2018թ. նոյեմբերին Boo Mountain Bike Park Project ծրագիրը SAP UP սոցիալական ձեռներեցության մրցույթում հաղթող էր ճանաչվել՝ իր BooBikes: Cafe, Bike shop and more ստարտափով: Մրցանակը 1 000 000 դրամ էր: Այս գումարով ակնկալվում է գարնանը Վանաձորում հեծանվային սրճարան բացել: Տաթեւիկ ՃուղուրյանԼուսանկարները՝ Boo Mountain Bike Park Project-ի Tweet Դիտում՝ 10220