Դրամի կայունությունն ու ֆինանսական կյանքը հեղափոխական Հայաստանում

27.04.2018 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բագրատ Ասատրյան #դրամի կայունություն
Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ ընդդիմադիր շարժման մեկնարկից եւ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի տնտեսական կյանքի բարելավման համար կան բոլոր նախադրյալները:

Ֆինանսական համակարգի քանդման մասին մտածելու հիմքեր նա չի տեսնում, իսկ այն, որ ազգային արժույթը չի տատանվում, պայմանավորված է հանգամանքով, որ երկրում անկայունություն չկա:

Banks.am-ը Բագրատ Ասատրյանի հետ փորձել է պարզել, թե ինչ մեխանիզմներով են աշխատում կենտրոնական բանկերը, երբ երկրում որոշակի գործողություններ են լինում, որոնք կարող են տնտեսությանն անկայունություն բերել, ինչպիսին է Հայաստանի ֆինանսական կյանքը հեղափոխության օրերին եւ ինչպես պետք է շարունակեն աշխատել ֆինանսական եւ բիզնես ընկերությունները:

Հայկական դրամի փոխարժեքի կայունությունը հեղափոխության օրերին եւ դրանից հետո

Հայաստանում այս օրերին որեւէ անկայունություն չկա։ Որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարող են ազդեցություն թողել տնտեսական գործունեության վրա։ Հավանաբար, դրանց ազդեցությունն այն աստիճան չէ, որ շուկաներն անկայուն լինեն։

Ազգային արժույթի տատանումները կարգավորելու համար կան միջոցներ, գործիքներ ու մեխանիզմներ, որոնք գործի են դրվում այն ժամանակ, երբ դրանց անհրաժեշտությունը լինում է։ Բայց այս պահին, դատելով իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ուզում եմ ֆիքսել, որ բանկային եւ ֆինանսական համակարգերը իրենց բնականոն գործունեությունը կատարում են։

Կարող եմ իմ փորձով ասել, որ որոշակի խնդիրներ կան, բայց այս պահի դրությամբ Կենտրոնական բանկը որեւէ հրապարակային գործողություն չի արել եւ զսպող մեխանիզմները գործողության մեջ չի դրել։

Մեր երկրի կյանքում բազմիցս եղել են լուրջ իրադարձություններ: Հիշենք 1998-ի իշխանափոխությունը, 1999-ը, երբ մեկ ժամվա մեջ երկիրը կորցրեց իր ղեկավարությունը: Կայունությունն ապահովվեց հիմնականում դաշտի ակտիվ մասնակիցների ողջամիտ կեցվածքի շնորհիվ։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ չկա որեւէ իրադարձություն, որը ԿԲ-ի արձագանքի կարիքն ունի, ենթադրում եմ՝ ԿԲ-ն ունի այդ փորձառությունը, եւ եթե կարիք լինի, ապա կդիմի անհրաժեշտ գործողությունների։ Մտածել պետք է, բայց անհանգստանալ, խուճապի մատնվել՝ ոչ:

Սպառողական վարքագիծն այս օրերին

Բնականաբար, այս իրավիճակում, երբ «մութ» ժամանակներ են, նոր վճիռներ պետք չէ կայացնել, պետք է փորձել շարունակել անել այն, ինչ նախապես մտածել ես։ Սպառողական տրամադրությունների մեջ, իհարկե, ավելի զուսպ դրսեւորումն է առաջին հատկանիշը։ Եթե որեւէ մեկը, օրինակ, որոշել է սառնարան գնել, ապա այս իրավիճակում նա այդ գնումը կհետաձգի։ Քաղաքացիների վարքագիծը փոփոխվում է, բայց այդ փոփոխությունը որակական չէ, նրանք ընդամենը 5 օր կհետաձգեն։ 5 օրը, հավատացեք, տնտեսական կյանքի համար ոչինչ է։ Բայց պետք է շեշտել, որ այսօր ակտիվ քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն իրավիճակն արագ կայունացնելուն։

Ներդրումների եւ զբոսաշրջության վրա իրավիճակի ազդեցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցույց է տվել, թե ինչ դրական ազդեցություն են թողել այս իրադարձությունները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, մեր եվրաբոնդերի վրա։ Նա նաեւ մեկնաբանել էր, որ հրաժարականը ժողովրդավարական երեւույթ է, որը, իհարկե, բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը արտաքին ֆինանսական շուկաներում:

Մենք կունենանք ե՛ւ դրական, ե՛ւ բացասական զարգացումներ: Խնդիրը հետեւյալն է՝ քաղաքականության այն երեւույթները, որոնցով կառավարվում էր երկիրը եւ որի հիման վրա կառուցվել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, բերեցին ներդրումների աղբյուրի չորացման։ Հիմա պետք է բոլոր ջանքերն ուղղել, որ վերականգնվի այդ առվակը, որովհետեւ մեր երկիրն առանց ներդրումների չի կարող զարգանալ: Միանշանակ չէ զբոսաշրջիկների կրճատման խնդիրը։

Ֆինանսական եւ բիզնես ընկերությունների անելիքները

Պետք է շարունակել բնականոն գործունեությունը: Տնտեսական կյանքում որեւէ փոփոխություն չի եղել, եւ եթե անգամ եղել է, ապա՝ դրական փոփոխություններ են, որոնք վերաբերում են մարդկանց սպասումներին: Սպառողական վարքագծի հիմքը սպասումներն են, եթե կան դրական սպասումներ, ապա դրանց հետեւելու են հաստատուն տեսքով դրական արդյունքներ:

Մեր ֆինանսական համակարգը, այո՛, թույլ է եւ փոքր, բայց քաղաքական համակարգի նման աղտոտված չէ: Այս առողջ համակարգը պետք է շարունակի իր գործունեությունը: Եթե գործընթացները հարթ գնան, չլինի կոռուպցիոն դեմքերի դիմադրությունը, ես տեսնում եմ Հայաստանի տնտեսության՝ շատ ավելի լավը լինելու նախադրյալները: Հայկական բանկային համակարգում, օրինակ, $1-1,5 մլրդ ավելցուկ իրացվելիություն կա:

Եթե այսօր լուրջ խնդիրներ առաջացած լինեին, ապա ամենասուրը կզգացվեին ֆինանսական ընկերություններում: Եթե դուք ձեռնարկություն եք եւ այս ընթացքում շարունակել եք աշխատել, ապա մեկ-երկու օր վատ աշխատելուց շատ բան չի փոխվում: Եթե առեւտրային կազմակերպություն եք, կարող է մի քիչ առեւտրի ծավալներն են պակասել: Բայց մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ մտածենք ֆինանսական համակարգի քանդման մասին:

Մարի Թարյան
Դիտում՝ 15335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW