Բանկեր՝ դանդաղ, բայց հաստատուն վերականգնում

18.07.2017 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#հաշվետվություն
Հայաստանի բանկային համակարգը 2017թ. առաջին կիսամյակում արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների ոչ այնքան զգալի, սակայն դրական դինամիկա: Առավել ակնառու է եղել շահույթի աճը՝ շուրջ 50% անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2017թ. առաջին կիսամյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվների ոչ զգալի աճ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2017թ. առաջին կիսամյակում 2016թ. վերջի համեմատ աճել է շուրջ 1,6%-ով՝ կազմելով  4 156,75 մլրդ դրամ: Ընդ որում, գրեթե նույն չափով ավելացել է նաեւ վարկավորման ծավալը: Վերջինս անցած տարեվերջի համեմատ աճել է 1,8%-ով եւ կազմել 2 578,3 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Չնայած բանկը 2016թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 9,2% անկում, այն 653,3 մլրդ դրամով շարունակում է գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 15,7%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (405,2 մլրդ դրամ, անկում՝ 18,9%):

Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 7,5%-ով` կազմելով 507,5 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 354,5 մլրդ դրամ` զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 1%-ով:


Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 458,6 մլրդ դրամ (2016թ. վերջի համեմատ՝ 13,4% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 317,7 մլրդ դրամ (աճ` 12,2%) եւ Անելիք Բանկը՝ 308 մլրդ դրամ (աճ` 9,1%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 305,4 մլրդ դրամ (աճ՝ 13,8%), 175,1 մլրդ դրամ (աճ՝ 6%) եւ 246,2 մլրդ դրամ (աճ՝ 13,4%):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 54%-ը:

Դրական տեղաշարժ նաեւ պարտավորություններում

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2017թ. առաջին կիսամյակում 2016թ. վերջի նկատմամբ ավելացել է 1,8%-ով՝ կազմելով 3 487,3 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2017թ. առաջին կիսամյակում նվազել է 10,6%-ով՝ կազմելով 585,5 մլրդ դրամ:

Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Արդշինբանկն է՝ 444,8 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 6,7%):

Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 420,8 մլրդ դրամ (2016թ. վերջի նկատմամբ՝ 14,5% աճ), Անելիք Բանկը՝ 263,8 մլրդ դրամ (աճ` 9,3%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ շուրջ 259 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 14,3%):

Հարաբերական «դադար» կապիտալիզացիայի գործընթացում

2016թ. բանկային համակարգում կարելի է բնութագրել կապիտալիզացիայի ակտիվ գործընթացով, որի արդյունքում առեւտրային բանկերի մոտ կուտակվել են բավականաչափ միջոցներ: Հետեւաբար, բանկերն այլեւս չեն շտապում եւ առաջիկայում դժվար թե իրականացնեն կապիտալի նոր համալրումներ:

Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 1,1%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը 667,8 մլրդ դրամի:

Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 67,8 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 5,3%-ով:

62,7 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ չնայած տարվա առաջին կիսամյակում արձանագրած ցուցանիշի 12,3% անկմանը:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 57,1 մլրդ դրամ (աճ` 3,8%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 47,6 մլրդ դրամ (աճ՝ 1,3%), եւ Ինեկոբանկը՝ 45,9 մլրդ դրամ (աճ` 5,6%):

Զգալի աճ՝ շահույթի ցուցանիշում

ՀՀ առեւտրային բանկերը 2017թ. առաջին կիսամյակում վաստակել են շուրջ 19,1 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 48,6%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Եռամսյակն «օգուտով» են փակել 16 առեւտրային բանկեր, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է շուրջ 23,6 մլրդ դրամ, եւ միայն մեկ բանկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, կրել է վնաս՝ 4,5 մլրդ դրամի չափով:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ինեկոբանկը: Այն 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով վաստակել է 3 560,5 մլն դրամ՝ ավելացնելով իր նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը 81,3%-ով:

3 341,1 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Ամերիաբանկն է, որի շահույթը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55,8%-ով:

Նրան հաջորդում են Արդշինբանկը՝ 2 992,5 մլն դրամ (աճ՝ 34,4%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 2 728,1 մլն դրամ (աճ՝ 2,6 անգամ): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Անելիք Բանկը, որն առաջին կիսամյակում արձանագրել շուրջ 2 388 մլն դրամ շահույթ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 1 189,5 մլն դրամ վնասի փոխարեն:

Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 63,6%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2017թ. 1-ին կիսամյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2016թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2016թ. 1-ին կիսամյակի նկատմամբ):

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:

Սիրանուշ Սիմոնյան
Դիտում՝ 36250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW