Բանկերը վերականգնում են երբեմնի շահույթը

20.04.2017 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հաշվետվություն

Հայաստանի բանկային համակարգում 2017թ. առաջին եռամսյակում արձանագրվել է շահույթի թռիչքաձեւ աճ: Մինչդեռ հիմնական ֆինանսական մյուս ցուցանիշները 2016-ին նկատվող աշխուժությունից անցել են պասիվ վիճակի:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2017թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվները մնացել են անփոփոխ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2017թ. առաջին եռամսյակում 2016թ. վերջի համեմատ գրեթե չի փոփոխվել՝ կազմելով  4 093,2 մլրդ դրամ: Ընդ որում, չնչին է եղել փոփոխությունը նաեւ վարկավորման ծավալում: Վերջինս անցած տարեվերջի համեմատ աճել է 0,1%-ով եւ կազմել 2 536,3 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Չնայած բանկը 2016թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 5,6% անկում, այն 679,4 մլրդ դրամով շարունակում է գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 16,6%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (461,5 մլրդ դրամ, անկում՝ 7,6%):


Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է, որի ցուցանիշը հաշվետու եռամսյակում նվազել է 2,8%-ով` կազմելով 533,1 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 354,5 մլրդ դրամ` զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 1%-ով:

Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 418,5 մլրդ դրամ (2016թ. վերջի համեմատ՝ 3,5% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 308,25 մլրդ դրամ (աճ` 8,8%) եւ Անելիք Բանկը՝ 283,1 մլրդ դրամ (անկում` 0,1%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 293,3 մլրդ դրամ (աճ՝ 9,3%), 167,9 մլրդ դրամ (աճ՝ 1,6%) եւ 216,7 մլրդ դրամ (անկում՝ 0,4%):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 54,3%-ը:

«Սառած» իրավիճակ` նաեւ պարտավորություններում

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ցուցանիշը 2017թ. առաջին եռամսյակում 2016թ. վերջի նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ կազմելով 3 427,7 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2017թ. առաջին եռամսյակում նվազել է 6,4%-ով՝ կազմելով 613,3 մլրդ դրամ:

Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Արդշինբանկն է՝ 472,3 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 1%):

Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ շուրջ 381 մլրդ դրամ (2016թ. վերջի նկատմամբ՝ 3,6% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` շուրջ 250 մլրդ դրամ (աճ` 10,3%) եւ Անելիք Բանկը՝ 239,8 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 0,8%):

Կապիտալիզացիան «մտել» է պասիվ փուլ

2016թ. ամբողջ ընթացքում բանկային համակարգում ընթացող կապիտալիզացիայի գործընթացը մտել է պասիվացման փուլ: Այս մասին են փաստում տարվա առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշները:

Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 0,1%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը 665,5 մլրդ դրամի:

ՀՀ ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ շուրջ 66 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 2,5%-ով:

60,7 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ չնայած տարվա առաջին եռամսյակում արձանագրած ցուցանիշի 15% անկմանը:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 58,3 մլրդ դրամ (աճ` 3%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 48,6 մլրդ դրամ (աճ՝ 3,3%), եւ Ինեկոբանկը՝ 45,6 մլրդ դրամ (աճ` 4,1%):

Շահույթը թռիչքաձեւ աճ է գրանցել

ՀՀ առեւտրային բանկերը 2017թ. առաջին եռամսյակում վաստակել են շուրջ 10,9 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 82%-ով գերազանցում է 2016թ. նույն եռամսյակի ցուցանիշը:

Եռամսյակն «օգուտով» են փակել 15 առեւտրային բանկեր, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է շուրջ 12 մլրդ դրամ, իսկ 2 բանկ կրել է վնաս՝ 1,1 մլրդ դրամի չափով:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ինեկոբանկը: Այն 2017թ. առաջին եռամսյակի տվյալներով վաստակել է 1 705,3 մլն դրամ` ավելացնելով իր նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը 45,5%-ով:

1 644,7 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Ամերիաբանկն է, որի շահույթը 2016թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 37,5%-ով:

Նրան հաջորդում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1 572,2 մլն դրամ (աճ՝ 2 անգամ) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 1 475,3 մլն դրամ (աճ՝ 32%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը՝ արձանագրելով 1 242,2 մլն դրամ շահույթ, որը գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշը 10,3%-ով:

Միայն հինգ առաջատար բանկերին այս եռամսյակ բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 63,6%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2017թ. 1-ին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2016թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2016թ. 1-ին եռամսյակի նկատմամբ):

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:

Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 30997
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW