Զուգահեռներ Հայաստանի եւ Կանադայի ՓՄՁ-ների միջեւ

08.08.2016 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը տնտեսության կայուն զարգացման գործում դժվար է թերագնահատել: Նրանց գործունեությունը նպաստում է երկրում միջին խավի ձեւավորմանը, զբաղվածության ապահովմանն ու աղքատության կրճատմանը:

Կանադական Սքոթիաբանկի (Scotiabank) ՓՄՁ-ների ներդրումների եւ վարկավորման գծով ֆինանսական խորհրդատու Տիգրան Վարդանյանը, որը նախկինում աշխատել է նաեւ Հայաստանում` Կասկադ Բանկում, Ամերիաբանկում եւ «Ինգո Արմենիա»-ում, Banks.am-ին ներկայացրել է ոլորտի առանձնահատկությունները երկու երկրներում` միաժամանակ առաջարկելով դաշտի բարելավման հնարավոր ուղիներ:

ՓՄՁ-ն լինում է տարբեր

Միջազգային պրակտիկայում ՓՄՁ-ները սահմանվում են` ըստ հասույթի մակարդակի եւ աշխատակիցների քանակի, այնուամենայնիվ, դրանց բնորոշումը տարբերվում է երկրից երկիր:

Կանադայում ՓՄՁ է համարվում մինչեւ 500 աշխատակից եւ 15 մլն կանադական դոլար հասույթ/վաճառք ունեցող իրավաբանական անձը եւ/կամ անհատ ձեռներեցը (business for self): Ընդ որում, 1-4 աշխատակից ունեցող ընկերությունը համարվում է միկրո (micro-enterprise), 5-100-ը` փոքր (small business) եւ 101-499-ը՝ միջին (medium-sized business) չափի ձեռնարկություն:

2015թ. տվյալներով` Կանադայում գործում է 1,17 մլն ՓՄՁ, որոնցում ներգրավված է շուրջ 8,2 մլն մարդ կամ երկրի ընդհանուր բնակչության 23%-ը: Համաշխարհային բանկի տվյալներով`այս ձեռնարկություններն ապահովում են Կանադայի ՀՆԱ-ի գրեթե 30%-ը:

Հայաստանում ՓՄՁ-ն տարանջատվում է գերփոքր (միկրո), փոքր եւ միջին ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների: Միկրո են համարվում այն կազմակերպությունները, որոնք ունեն մինչեւ 100 մլն դրամի ակտիվ եւ 10 աշխատակից, փոքր` 5-50 աշխատակից եւ 500 մլն դրամ ակտիվ, միջին` 50-250 աշխատակից եւ 1 մլրդ դրամի ակտիվ:

ՓՄՁ ոլորտում ընդգրկված է ՀՀ ձեռնարկությունների շուրջ 80%-ը:

Զարգացման խոչընդոտներ

Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման առաջնային խոչընդոտները մենաշնորհներն են, որոնց ես անվանում եմ «արհեստական», եւ պետական վարչարարությունը: Վերջինս ուղղակիորեն ծառայում է առաջինի բարգավաճմանը, քանի որ որոշ շրջանակների կողմից ունի «սահմանված» արտոնություններ՝ պայմանավորված մեկ կամ մի քանի անձանց հետ:

Հայաստանի նման երկրում, որը հարուստ չէ բնական պաշարներով, չունի ազգային ավիափոխադրող եւ ուղիղ ելք դեպի ծով, ՓՄՁ-ների գործնականում խրախուսումը չափազանց կարեւոր նշանակություն ունի: Յուրաքանչյուր փոքր եւ միջին ձեռնարկատեր նոր մտքի իրագործման աղբյուր է, որը կարող է բերել տնտեսական օգուտ եւ ստեղծել նոր աշխատատեղեր՝ ստեղծելով բարենպաստ եւ առողջ տնտեսական մրցակցություն:

Առանձնացնում եմ նաեւ ՓՄՁ-ների զարգացման եւս երկու խոչընդոտ` պետության կողմից ֆինանսական միջոցների շրջանառության ապահովման հստակ մեխանիզմների բացակայությունն ու հասարակության լայն շերտերում դեռեւս չձեւավորված համոզմունքը, որ ՓՄՁ-ների զարգացումը կբերի ընդհանուր տնտեսության կայուն աճին:

Միեւնույն ժամանակ, ՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանը խոչընդոտում է ֆինանսների ոչ հասանելիությունը: Վարկավորումը հիմնականում կատարվում է գրավի պայմանով, ինչը ստեղծում է դժվարություններ այս ընկերությունների համար: Գրավով վարկավորումը ռիսկային է դարձել նաեւ առեւտրային բանկերի կամ ֆինանսական այլ հաստատությունների համար: Այստեղ առաջ է գալիս իրացվելիության ռիսկը: Դա արդեն բավական լուրջ խնդիր է, հատկապես, եթե գործ ունենք անշարժ գույքի հետ:

ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտներ գոյություն ունեն նաեւ Կանադայում` չնայած տնտեսական բարձր զարգացվածությանը: Այստեղ սակայն խնդիրները կրում են այլ բնույթ՝ բարձր գործառնական (operational) ծախսերը, մարդկային ռեսուրսների, ֆինանսների եւ ժամանակի կառավարման հետ կապված խնդիրները, առեւտրային նշանակության անշարժ գույքի բարձր գները` ինչպես ձեռքբերման, այնպես էլ վարձակալության նպատակով: Բացի այդ, շուկայում մրցակցությունը բավական սուր է, առկա է ՓՄՁ-ների տարածքային կենտրոնացում՝ պայմանավորված է բնակչության նոսր լինելու հետ, իսկ արագ զարգացող տեխնոլոգիաները հաճախ դուրս են մղում փոքր ընկերություններին:

Ֆինանսների հասանելիության խնդիր կա նաեւ Կանադայում: Սկսնակ բիզնեսին կանադական բանկերն առանց գույքի գրավադրման վարկավորում են առավելագույնը 30 հազ. կանադական դոլարի չափով, ինչն այդքան էլ շատ չէ այնպիսի քաղաքների համար, ինչպիսիք են Տորոնտոն, Վանկուվերն ու Մոնրեալը: Այս միջոցները բավարար են միայն առօրյա շրջանառությունն ապահովելու եւ փոքր գնումներ կատարելու համար, իսկ ավելի մեծ ֆինանսների համար արդեն պահանջվում է անձնական կամ առեւտրային անշարժ գույքի, սարքավորումների, գրավադրումը: Հաճախ բանկերի ռիսկերի կառավարման դեպարտամենտները, գույքի կամ սարքավորման գրավադրումից բացի, պահանջում են բիզնեսի սեփականատերերի կյանքի ապահովագրություն, որը եւս բավական թանկ հաճույք է:

Վերը նշված խոչընդոտները հաղթահարելու նպատակով Կանադայում ակտիվ համագործակցում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Վառ օրինակ է Կանադական ՓՄՁ ֆինանսավորման ակտը (Canada Small Business Financing Act), որը միտված է աջակցելու առեւտրային բանկերի կողմից ՓՄՁ-ների վարկավորումը` տրամադրելով պետական երաշխավորություն:

Բացի այդ, գործում է Անկախ բիզնեսի կանադական ֆեդերացիան (Canadian Federation of Independent Businesses), որը, հիմնականում, զբաղվում է հարկային օրենսդրության բարեփոխումների լոբբինգով, ՓՄՁ-ների շահերի պաշտպանությամբ եւ խորհրդատվության տրամադրմամբ:

Կանադայի հարկային գործակալությունը (CRA – Canada Revenue Agency) իր առաջնային գործառույթից` հարկեր հավաքագրելուց բացի, ունի խորհրդատվական առաքելություն: Յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ կարող է հեռախոսով ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը` ընդհուպ մինչեւ դիմումներ լրացնելու եղանակը:

Քայլ առաջ

Ստորեւ նշված քայլերը գործնականում կարող են օգնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի առողջացմանը, բարելավմանը եւ զարգացմանը՝

-     «Ուղեղների հոսքի» կանխում,
-     Պետության կողմից ռազմավարական ոլորտների առանձնացում, նրանց համար համալիր արտոնությունների մշակում,
-    Բարենպաստ եւ թափանցիկ հարկային եւ մաքսային քաղաքականության իրականացում,
-    Պետության կողմից նոր եւ «առողջ» շուկաների ստեղծում եւ ընդլայնում,
-    Ֆինանսական հաստատությունների եւ ՓՄՁ-ների համագործակցություն` պետական երաշխիքների ներքո,
-    Սպառողների շահերի իրական պաշտպանություն,
-    Արհեստական եւ անվանական մենաշնորհների վերացում,
-    «Պետություն-ՓՄՁ» հաղորդակցման հստակ մեխանիզմների սահմանում, որտեղ սահմանափակված է պետական ներկայացուցչի անձնական շփումը ՓՄՁ-ների հետ` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով,
-     Սկսնակ գործարարներին պետական դրամաշնորհների տրամադրում,
-    Ուսումնական ծրագրերի իրականացում` բիզնես միջավայրի զարգացման համար: Խոսքը վերաբերում է սկսնակ ձեռնարկատերերին տարրական ֆինանսական գիտելիքներ տրամադրելուն` նրանց օգնելու ճիշտ կողմորոշվել ֆինանսների աշխարհում,
-    Հանրակրթական դպրոցների բարձր դասարաններում «Ֆինանսներ» առարկայի ներդրում: Մատաղ սերնդին պետք է սովորեցնել ոչ միայն «լավ սովորել, որպեսզի լավ աշխատանք ունենալ», այլ անհրաժեշտ է սովորեցնել` ինչ է փողը, ինչպես այն հաշվել, տնտեսել, բանկային տարրական գործառնություններ, տարբերակել ակտիվը պասիվից, ինչ է հարկը եւ այլն: Այստեղ կարող են մեծ դեր ունենալ առեւտրային բանկերը` համագործակցելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՏԻՄ-երի հետ,
-    Ոլորտների լիցենզավորում` բացառելու համար «բազմաֆունկցիոնալ» մասնագետներին, այն է՝ նեղ մասնագիտացում յուրաքանչյուր բնագավառում,
-    Պետական կրթական ֆոնդի ստեղծում` տեղական ուսումնական հաստատություններում ուսանելու համար,
-     Միջին-մասնագիտական կրթական հաստատությունների դերի բարձրացում եւ այլն:

Կանադական փորձի ներդրումը ՀՀ-ում

Կանադայում ՓՄՁ-ների վարկավորումը սկսվում է նախքան դրանց գործունեության սկիզբը: Ի՞նչ է դա նշանակում: Գոյություն ունեն մասնագիտություններ (ատամնաբույժ, ընտանեկան եւ նեղ մասնագիտացմամբ բժիշկներ, ակնաբույժներ, դեղագործներ, իրավաբաններ եւ այլն), որոնց ուսման համար պահանջվում է մեծ ծավալի ներդրում (ուսման վարձ, մասնագիտական գրականություն, սեմինարների անցկացում, պրակտիկայի կազմակերպում, ուսանողի ապրուստ եւ այլն)՝ մինչեւ 275 հազ. կանադական դոլար կամ 210 հազ. ամերիկյան դոլար:

Կանադական խոշորագույն 6 բանկերն առանց գրավի ֆինանսավորում են ապագա մասնագետներին՝ ակնկալելով, որ նրանք ուսումը ավարտելուց հետո եւս կշարունակեն մնալ իրենց հաճախորդը, օգտվել ավելի լայն բանկային ծառայություններից եւ խորհուրդ տալ տվյալ բանկը իրենց գործընկերներին, ընտանիքի անդամներին:

Վարկավորման այս գործընթացը ձեռնտու է բոլոր կողմերին. ուսանողը ստանում է հնարավորություն կերտելու իր ապագան, պետությունը`բարձր որակավորմամբ մասնագետ, ֆինանսական հաստատությունը տրամադրում է վարկ` ունենալով հեռանկարում ավելի մեծ վարկավորման եւ ներդրումների պոտենցիալ, իսկ ԲՈՒՀ-ը ստանում է իր վարձավճարը:

Հայաստանում եւս կարելի է կիրառել վարկավորման այս փորձը. այստեղ նույնպես առկա են «փայլուն ուղեղներ», որոնք ունեն ֆինանսական օժանդակության կարիք: Նման ծրագրերը լավ հնարավորություն են՝ ձեւավորելու եւ արդյունավետ իրացնելու պետական հատված - ֆինանսական հաստատություն - անհատ համագործակցությունը:

ՓՄՁ-ների գործունեության խրախուսման նպատակով Կանադայում մեծ տարածում  եւ կիրառում ունեն բարի համբավ ունեցող, եկամտաբեր, սպառողների կողմից լայն օգտագործվող ապրանքանիշների տարածմանը եւ զարգացմանը նպաստող վարկավորման տեսակը՝ ֆրանչայզինգի ֆինանսավորումը: Այդպիսի ապրանքանիշ կարող է հանդիսանալ ինչպես դեղատունը, այնպես էլ արագ սննդի կետը:

Հայաստանը, հանդիսանալով սպասարկման ոլորտում բավական զարգացած երկիր, այս առումով եւս մեծ ներուժ ունի: Եթե, օրինակ, դիտարկենք «Թումանյանի Շաուրմա» կամ «Արտաշի մոտ» սննդի կետերը, ապա Հայաստանի այլ համայնքներում եւս կգտնվեն գործարարներ, որոնք ցանկություն կունենան օգտագործել այս ապրանքանիշներն իրենց քաղաքում կամ համայնքում` ֆրանչայզինգի համար անհրաժեշտ միջոցները ստանալով առեւտրային բանկերից: Գործարքը հավասարապես ձեռնտու է բոլոր կողմերի համար:

Տիգրան Վարդանյան

Դիտում՝ 15482
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW