Գարեգին Թոսունյան."ԱՊՀ-ում առավել զարգացած կարելի է համարել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի բանկային համակարգերը

10.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ազգ (Երեւան), 10 նոյեմբերի, 2006թ. Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Աշոտի Թոսունյանն այսօր Մոսկվայի ամենաաչքի ընկնող հայերից է: Ծնվել է Երեւանում 1955 թ.: Ապշեցնում է իր կրթվածությամբ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ` իրավաֆինանսական բնույթի եւս երկու բուհ: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, իրավագիտության դոկտոր, հեղինակ բազմաթիվ գիտական հոդվածների ու 37 մենագրության: Ռուսաստանում համարվում է ֆինանսաբանկային գործի բարձրակարգ ու հեղինակավոր մասնագետ, որի հետ հաշվի է նստում երկրի քաղաքական ու տնտեսական բարձրագույն ղեկավարությունը: Թոսունյանը միաժամանակ ղեկավարում է մի շարք այլ մասնագիտական, հասարակական ու գիտական կազմակերպություններ:

Մեր անվանի հայրենակիցը սերտ կապերի մեջ է Մոսկվայի հայության հետ եւ նրան միշտ կարելի է տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպվող զանազան ազգային ու համայնքային միջոցառումներին: Նա արդեն առիթ է ունեցել հանդես գալու ՙԱզգում՚ եւ այս անգամ էլ սիրահոժար համաձայնեց հարցազրույց ունենալ մեր թերթի համար:

- Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացան անկախ պետություններ, որոնք սկսեցին ներդնել զարգացման նոր տնտեսական մոդել: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են իրականացվում բարեփոխումներն այդ պետություններում, որտե՞ղ է առկա ամենահաջող փորձը:

- Ձեր հարցը շատ ծավալուն է եւ պահանջում է խոր ուսումնասիրություն ու հետազոտություն: Առաջին իսկ վերլուծության դեպքում կարելի է արձանագրել այն փաստը, որ նախկին ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր երկրներում նկատվում է բաց շուկայական տնտեսությունների կառուցման միեւնույն միտումը: Որոշ երկրներ դեռ տենդի մեջ են, եւ քաղաքական խնդիրները փոքր-ինչ արգելակում են տնտեսական զարգացումը: Բայց հիմնականում բոլոր երկրները վերջին մի քանի տարում ապահովում են տնտեսական աճի բարձր մակարդակ (բացի Ղրղզստանից եւ Ուկրաինայից 2005 թ.), սղաճի ցուցանիշները չեն գերազանցում 10 տոկոսի մակարդակը: Ինչ վերաբերում է կառուցվածքային բարեփոխումներին, այստեղ կարելի է խոսել առավել էական որոշ տարբերությունների մասին, որոնք կապված են բարեփոխումների իրականացման նկատմամբ եղած մոտեցումների հետ: Օրինակ, դժվար է համեմատել Բելառուսը եւ Հայաստանը, քանի որ ընտրված մոտեցումները էապես տարբերվում են, բարեփոխման գործընթացին պետության միջամտության աստիճանը տարբեր է եւ այլն: Բալթյան երկրներն ունեն տնտեսական զարգացման իրենց առանձնահատկությունը, որը կապված է Եվրոմիությանն անդամակցելու հետ եւ այլն:

Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը, որքան ինձ հայտնի է, Հայաստանը հետխորհրդային տարածքի միակ երկիրն է, որն անցել է սղաճի նպատակային կարգավորման ռեժիմի, ինչն ինքնին բնութագրում է մոնետար իշխանությունների եւ նրանց քաղաքականության զարգացածությունը, մանավանդ եթե հաշվի առնենք արդյունքները:

- Հետխորհրդային տարածքի նախկին 15 հանրապետությունների բանկային համակարգերի համեմատման եւ իրավիճակների վերլուծման դեպքում ո՞րն է ձեր կարծիքը այդ հանրապետություններում բանկային համակարգերի զարգացման առնչությամբ, ո՞ր երկրներում են բարեփոխումներն առավել խորացած եւ ինչո՞վ է արտահայտվում այդ զարգացումը:

- Նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչ ենք հասկանում բանկային համակարգերի զարգացում ասելով: Ինձ համար բանկային համակարգի զարգացումը նախ եւ առաջ բնակչության մեկ շնչին ընկնող եւ զարգացած եվրոպական երկրների հետ համեմատելի վարկերի եւ մյուս ֆինանսական ծառայությունների մակարդակն է ու ծավալը, ինչպես նաեւ բանկային սպասարկման մատչելիությունը թե° աշխարհագրական եւ թե° ճյուղային տեսակետներից: Բանկ եկող հաճախորդը պետք է ստանա ֆինանսական ծառայությունների ամբողջ սպեկտրը: Փաստորեն բոլոր շարժական եւ անշարժ ակտիվները (հողը, բնակարանները, արտադրական մակերեսները, սարքավորումները եւ այլն) պետք է անվերապահորեն դիտվեն որպես կապիտալ եւ գրավադրման ընդունվեն տնտեսության վարկավորման համար: Բանկերը պետք է դառնան ձեռնարկությունների գլխավոր ֆինանսական գործակալները: Նրանք պետք է համատեղ ավելացնեն իրենց շահույթները: Այստեղ հակասություններ չպետք է լինեն. պետք է ձեւավորվի գործընկերության մթնոլորտ, որը զարգացման հիմնական գրավականն է: Այս տեսակետից մեր երկրների բանկային համակարգերը դեռ հեռու են կատարելությունից, բայց առաջընթացն առկա է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ տնտեսության մյուս հատվածների համեմատությամբ մեր երկրների բանկային շուկաներն ավելի մրցունակ են, եւ բարեփոխումներն իրականացվում են առավել ակտիվ տեմպերով:

Բացի դրանից, բանկային բիզնեսը ամենաբարդ, վերահսկելի եւ կարգավորելի ոլորտներից մեկն է, եւ այդ հատվածում կենտրոնանում է մեր երկրների մտավոր ներուժը:

Իմ սուբյեկտիվ գնահատումների համաձայն, առավել զարգացած կարելի է համարել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի բանկային համակարգերը:

- Հետաքրքրական է ձեր տեսակետը կորպորատիվ կառավարման սկզբունքների առնչությամբ: Հայաստանի բանկային համակարգի զարգացման ներկա փուլում բարեփոխումներն այդ ոլորտում շատ հրատապ են: Ի՞նչ եք կարծում, դա ինչպիսի՞ հետեւանքների կարող է հանգեցնել, ի՞նչ խնդիրներ է լուծում ԿԲ-ն: Եվ ճի՞շտ է արդյոք այն պնդումը, թե այդ խնդիրների լուծումը վճռական է զարգացման տվյալ փուլում:

- Կորպորատիվ կառավարման սկզբունքների արմատավորումը բանկերի զարգացման գլխավոր գրավականներից մեկն է: Տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացման խնդիրը: Օրինակ, Ռուսաստանի ԿԲ-ն բանկերի դեպոզիտների ապահովագրման համակարգ մտնելու գլխավոր պայման է համարում հենց կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան լինելը: Հայաստանի ԿԲ-ն ընտրել է ավելի կոշտ ուղի եւ օրենսդրության մեջ մտցրել կորպորատիվ կառավարման հիմնական սկզբունքները:

Մասնավորապես, օրենսդրականորեն վավերացվել է բանկի կառավարման մարմինների իրավական կարգավիճակը. տեղի է ունեցել բաժնետերերի ընդհանուր ժողովի, խորհրդի եւ գործադիր ղեկավարության լիազորությունների հստակ սահմանազատում: Միաժամանակ սահմանվել է խորհրդի անդամների եւ բանկերի գործադիր ղեկավարության դրամական պատասխանատվություն: Օրենսդրական մակարդակով մանրամասն նշվել են վարկային հաստատությունների տեղեկատվության բացահայտման եւ թափանցիկության պահանջները:

Նման մոտեցումը թերեւս արդարացված է Հայաստանի համար, քանի որ իրականում փոքր բանկերում հակակշիռների համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում, ամենքն իրար հետ արագորեն պայմանավորվում են, ինչը հաճախ բնավ չի համապատասխանում ավանդատուների եւ հաճախորդների շահերին: Բայց այստեղ պետք է շատ զգույշ գործել եւ չտարվել չափազանց մեծ վարչարարությամբ եւ գործարարությանն ու սեփականատերերի իրավասությանը կառավարման մարմինների միջամտությամբ:

Կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումների արդյունքները հնարավոր կլինի գնահատել 2-3 տարի հետո, երբ կդիտվի բանկերի ամրապնդման գործընթաց եւ էապես կբարձրանա տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության մակարդակը:

- Ձեր կարծիքով, ԿԲ-ն ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի բանկային համակարգը խոշորացնելու եւ առեւտրային բանկերի միջնորդական գործառույթների ծավալը մեծացնելու համար:

- Եթե հարցը սահմանափակենք կարգավորող մարմնի գործողություններով, ապա կուզենայի նշել երկու հիմնական գործոն: Առաջին, ԿԲ-ի գործողությունները պետք է ուղղված լինեն բանկային համակարգի մրցունակության մակարդակի բարձրացմանը: Հայաստանի նման փոքր երկրում թերեւս անհրաժեշտ է ներգրավել օտարերկրյա բանկեր, քանի որ կապիտալացման ներքին ռեսուրսները շատ սահմանափակ են:

Երկրորդ, անհրաժեշտ է շարունակել ենթակառույցի զարգացման նպատակամետ գործողությունները: Ստանձնելով գլխավոր կարգավորողի գործառույթ, Հայաստանի կենտրոնական բանկը լավ հնարավորություն է ստացել ֆինանսական շուկայի ամբողջ շուկայական ենթակառույցը ձեւավորելու եւ ֆինանսական շուկայի մի հատվածից մյուսը ֆինանսական ռեսուրսների հոսքի ուղիներն ապահովելու համար:

- Դուք հանդես եք եկել ամբողջ երկրի ՙբանկավորման՚ նախաձեռնությամբ: Նման խնդիր առաջադրված է նաեւ մեր բանկերին: Ունե՞ք առաջխաղացում այդ ոլորտում, ի՞նչ կարող եք խորհուրդ տալ ձեր հայ գործընկերներին:

- Նախ եւ առաջ թույլ տվեք հայ ընթերցողին պարզաբանել, թե առաջին հերթին ինչ ենք հասկանում ամբողջ երկրի ՙբանկավորում՚ ասելով: ՙԲանկավորումը՚ Ռուսաստանի բանկային համակարգի միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր է: ՙԲանկավորումը՚ ժողովրդավարական հասարակության կառուցման սոցիալ-տնտեսական կարեւորագույն ուղղություններից մեկն է:

Ֆինանսական շուկայի զարգացման միջոցով կարելի է լուծել հասարակության տնտեսական խնդիրները, մեր քաղաքացիներին դարձնել տնտեսապես ազատ մարդիկ, որոնք կունենան ընտրություն: Ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը յուրաքանչյուր անհատի հնարավորություն կտա գնել բնակարան, ավտոմեքենա, հող, բարելավել կենցաղային պայմանները, սեփական գործ սկսել, կրթություն ստանալ: Միաժամանակ վարկը նրան ստիպում է ավելի լավ աշխատել եւ ավելի շատ վաստակել, զգալիորեն մեծացնում է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվությունը:

Ի՞նչ է հարկավոր անել: Մեր կարծիքով, գոյություն ունի երեք հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն:

Առաջին, կտրուկ խորացնել բանկային համակարգի կապիտալացումը, երկրորդ, լուծել բանկային համակարգի ռեսուրսապահովման հարցը, եւ երրորդ, մշտապես կատարելագործել բանկային ենթակառույցը, որն ուղղված է մատչելի հեռավորության վրա եւ մատչելի գնով բանկային ծառայությունների անհրաժեշտ հավաքանու ապահովմանը:

Այս տարվա ապրիլի 17-ին Ռուսաստանյան բանկերի ընկերակցության համագումարում հաստատված ՙՌուսաստանի 2010-2020 թթ. ազգային բանկային համակարգը՚ ծրագիրը նախատեսված է 15 տարվա համար: Այնտեղ առաջին անգամ նշվում է ՙբանկավորում՚ տերմինը:

Հարցի երկրորդ մասի կապակցությամբ կասեմ, որ նման զգալի ժամանակահատվածի համար այսպիսի ծավալուն փաստաթղթի ընդունումն արդեն բավական լուրջ առաջընթաց քայլ է: Թեեւ, անշուշտ, հարկավոր է շատ աշխատել կոնկրետ արդյունքները տեսնելու համար:

- Եթե համեմատենք հետխորհրդային տարածքի երկրներում կարգավորող մարմինների գործունեությունը, ձեր կարծիքով, բարեփոխումները որտե՞ղ են անցկացվում առավել մեծ եռանդով ու ծավալներով եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ես կխոսեի ոչ թե բարեփոխումների, այլ այն մասին, թե որտեղ են առավել զարգացած բանկային ծառայությունները եւ որտեղ է զգալի դինամիկան: Բարեփոխում տերմինը նույնպես գոյության իրավունք ունի: Տվյալ դեպքում հետխորհրդային տարածքում բանկային համակարգերն առավել հաջող զարգացել են Ղազախստանում եւ Հայաստանում, ինչպես նաեւ Մերձբալթիկայում, թեեւ դա հատուկ գոտի է, որն անմիջապես անցավ արեւմտյան բանկերի գոտին: Այնպես որ, Մերձբալթիկան չհաշված, առավել արմատական փոփոխությունները տեղի են ունեցել Ղազախստանում եւ Հայաստանում, որտեղ գլխավոր դերը խաղացել են նրանց կենտրոնական բանկերը: Ընդսմին հաճելի է նշել, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը հաճախ դրականորեն է վկայակոչում նրանց փորձը: Սրանում զարմանալի ոչինչ չկա, քանզի այնտեղ ծավալներն ուրիշ են, շատ վերափոխումներ տեղի են ունեցել ոչ այնքան հիվանդագին կերպով, որքան Ռուսաստանում: Քանզի Ռուսաստանն անչափ հարուստ եւ մեծ երկիր է, որտեղ մի քանի անգամ ավելի շատ են տնտեսական, կազմակերպական եւ զուտ ֆինանսական ու բանկային խնդիրները:

Ամեն դեպքում Հայաստանը Ռուսաստանի համար լավ օրինակ է ինչպես բանկային համակարգի հետ վերահսկիչ մարմնի փոխհարաբերությունների առումով, այնպես էլ ազգային արժույթի եւ բանկային համակարգի կայունության ապահովման նպատակով, մանավանդ վերջին 5 տարիներին կատարված հետեւողական ու հաստատակամ աշխատանքի առումով: Հայաստանում այդ համակարգը կրճատվել է ըստ բանկերի թվի, բայց բազմիցս աճել է ըստ որակի: Դա եղել է շուկայից այն բանկերի հեռացման բնական գործընթաց, որոնք սխալ էին հասկանում այնտեղ իրենց գործառույթներն ու հնարավորությունները: Խոսելով Հայաստանի բանկային համակարգի զարգացման, դրա զտման եւ ազգային արժույթի կայունության ապահովման մասին, պետք է նշել երկրի Կենտրոնական բանկի եւ դրա նախագահ Տիգրան Սարգսյանի խաղացած հսկայական դերը:

Ճիշտ է, դրա համար շատերը Կենտրոնական բանկին գանգատներ են ներկայացնում, քանի որ ազգային արժույթի ամրապնդումը դժվարություններ է ստեղծում արտերկրից ստացվող փոխանցումների հաշվին ապրող քաղաքացիների համար: Իհարկե, դա առաջացնում է որոշակի թյուրըմբռնում, զայրույթ, թերեւս ազդում է նաեւ գների մակարդակի եւ գնողունակության վրա: Բայց միանգամայն ակնհայտ է, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով ազգային արժույթի ամրապնդումն անվիճելիորեն դրական երեւույթ է: Դրա համար հարկավոր է շքանշանով պարգեւատրել եւ ոչ թե քննադատել:

Անշուշտ, չարժե իդեալականացնել: Հավանաբար վերահսկողական չափազանցություններ առկա են նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի գործունեության մեջ: Ճիշտն ասած, Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում ինձ հայտնի չէ որեւէ վերահսկիչ մարմին, որն այս հարցում մեղանչած չլիներ: Հարցի դժվարությունն այն է, որ բանկային ընկերակցությունը կարողանա գրագետ կերպով պաշտպանել իր շահերը: Նա պետք է ի վիճակի լինի կատարելու հակակշռի դերը, փաստարկված կերպով հիմնավորելու եւ պաշտպանելու սեփական դիրքորոշումը: Այս իմաստով, ոչ ոք իդեալ չէ: Զարգացման ճանապարհին միշտ էլ գոյություն ունի պետական եւ մասնավոր կարծիքների տարբերություն: Դա բնականոն գործընթաց է, հենց դա է զարգացումը:

- Հայաստանի բանկային համակարգը համարվում է փոքր, բայց միեւնույն ժամանակ առողջ օղակ: Կարծիք կա, թե հետխորհրդային տարածքի շատ երկրներում բանկային համակարգն իր զարգացման մակարդակով անհամեմատ առաջ է անցել տնտեսության մյուս հատվածներից: Ինչո՞ւ այդպես պատահեց: Դա կարո՞ղ է արդյոք երկար շարունակվել եւ ճի՞շտ է արդյոք:

- Բանկային համակարգերը տնտեսության մյուս հատվածների համեմատությամբ առաջ են անցել կազմակերպվածության մակարդակով: Ինչո՞ւ այդպես պատահեց: Սուբյեկտիվ կողմը ես արդեն նշեցի: Դա կախված է նրանից, թե ո՞վ է գլխավորում ԿԲ-ն եւ երկիրը:

Մեր կարծիքով, կա նաեւ օբյեկտիվ պատճառ: Դա պայմանավորված է նրանով, որ բանկային համակարգն ունի երկակի բնույթ: Մի կողմից նա ազգային տնտեսական համակարգի մի մասն է, մյուս կողմից` համաշխարհային ֆինանսական համակարգի մասը: Առաջին հերթին հենց այդ երկակիությունն է դրան ստիպում զարգանալ առավել արագ տեմպերով, ներդնել բանկային գործի, կարգավորման ու վերահսկման միջազգային չափանիշներ: Ես արդեն ասացի, որ բանկային համակարգը կարող է ամբողջ տնտեսության շարժիչ ուժը դառնալ այն պայմաններում, երբ ապահովում է տնտեսական սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը: Եվ սա ճիշտ է:

Ցավոք, մեր երկրներում անչափ շատ են ֆինանսական շուկայի զարգացումն էապես արգելակող հիմնարար խնդիրները: Նախ եւ առաջ, դրանք իրավական համակարգի, հարկային վարչարարության համակարգի խնդիրներն են: Այսօր դեռ պահպանվում է այն իրավիճակը, երբ տնտեսվարող սուբյեկտների համար առավել ձեռնտու է գործել օրինական դաշտից դուրս, ինչն էապես դժվարացնում է նրանց համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը:

- Պրն Թոսունյան, դուք Ռուսաստանի մասնագիտական խոշորագույն միավորման` Ռուսաստանյան բանկերի ընկերակցության նախագահն եք, ձեր ձայնը լսելի է բոլոր մակարդակներում: Ձեր հարուստ փորձը նկատի ունենալով, ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի բանկերի միությանը:

- Կարծում եմ, բանկերի ընկերակցությունները կամ միությունները կարող են եւ պարտավոր են դեռ շատ բան անել բանկային բիզնեսի զարգացման համար: Ընկերակցությունը մշակութային-մասսայական միջոցառումներ ապահովող հասարակական կազմակերպություն չէ: Դա սեփական անդամների բիզնեսն առաջ մղող ոչ առեւտրային կազմակերպություն է: Սա իր մեջ մտնող առեւտրային կազմակերպությունների բիզնեսի ապահովման ոչ առեւտրային ձեւ է:

Բայց մյուս կողմից համապետական մակարդակով գործող ընկերակցությունը լուծում է ոչ միայն սեփական խնդիրները, այլեւ արտահայտում ամբողջ հասարակության շահերը: Ուստի նման մոտեցման դեպքում Հայաստանի բանկերի միությունը, կարծում եմ, պետք է ղեկավարվի բանկերի կոլեկտիվ, կորպորատիվ շահերով, չմոռանալով, որ այդ կորպորատիվ մոտեցումը պետք է հիմնված լինի նաեւ հասարակական շահերի, բանկային ծառայության սպառողի շահերի վրա: Եթե նման մոտեցումն ապահովվի, ապա բանկային ընկերակցությունը շատ հզոր աջակցություն կգտնի հասարակության մեջ: Առաջ մղելով իր կորպորատիվ շահերը, կապահովի ամբողջ երկրի տնտեսական շահերը եւ կդառնա պետական-իշխանական մարմինների արժանավոր ընդդիմախոսը, հաստատակամորեն հիմնավորելով մասնավոր հատվածի պահպանման եւ շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Քանզի դա հասարակության շահերի մի մասն է եւ ոչ թե սոսկ առանձին սեփականատիրոջ կամ բանկի շահերինը: Հենց այս տրամաբանությամբ պետք է ղեկավարվել: Եթե ընկերակցությունը կարողանա դառնալ ամբողջ հասարակության շահերի հետ կապված կորպորատիվ շահերի արտահայտիչը, ապա կտրուկ կամրապնդի իր դիրքերը եւ կդառնա մասնավոր, բայց ոչ թե առանձին վերցրած, այլ բուն մասնավոր կապիտալի եւ մասնավոր հատվածի շահերի ապահովման հուսալի գործոնը:

Իսկ ընկերակցության մյուս խնդիրը մեր երկրներում պետք է դառնա բանկային ծառայությունների ժողովրդականացումը եւ բանկային համակարգի հանդեպ վստահության մեծացմանն ուղղված գործողությունների իրականացումը:

- Վերջին երեք տարիներին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ազգային արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման թեման: Ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը եւ արդյո՞ք դա միայն հայկական երեւույթ է: Ձեր կարծիքով, ԿԲ-ն կարո՞ղ է արդյոք միաժամանակ լուծել գների կայունության ապահովման եւ արտարժույթի փոխարժեքի կայունացման խնդիրները:

- Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ դոլարի թուլացումը դիտվում է փաստորեն բոլոր ազգային արժույթների նկատմամբ: Արժույթի համաշխարհային շուկաներն այդպես են հակազդում Միացյալ Նահանգների վարած երկարաժամկետ տնտեսական քաղաքականությանը. խնայողությունների գրեթե զրոյական մակարդակ եւ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի վիթխարի պակասորդ: Ընդսմին առանձին երկրների ազգային արժույթների իրական փոխարժեքների վրա համաշխարհային գործընթացների ազդեցության միջոցները կարող են էապես տարբերվել: Գլխավորապես հումք (նավթ, մետաղներ եւ այլն) արտահանող երկրների համար համաշխարհային շուկաներում դոլարի արժեզրկումը կարող է դառնալ առեւտրի պայմանների դրական գործոն (դոլարային համարժեքով համաշխարհային գների աճ): Կամ, օրինակ, ԱՄՆ-ի տոկոսային ցածր կոպարները խթանում են կապիտալի ներհոսը ֆինանսական շուկաներ եւ այն երկրների իրական հատվածներ, որտեղ փողի գինը զգալիորեն բարձր է: Եվ վերջապես ընթացիկ տրանսֆերների էական բաժին ունեցող երկրներում դրանց ծավալը մեծանում է, քանի որ աճում է դոլարային սղաճը համաշխարհային մասշտաբով: Դա նշանակում է մասնավորապես նաեւ դոլարային հաշվարկմամբ աշխատավարձերի աճ այն երկրներում, որտեղ աշխատում են տրանսֆերներ ուղարկող մարդիկ:

Վերոհիշյալներից բացի, գոյություն ունեն նաեւ Հայաստանի տնտեսությանը բնորոշ ներքին գործոններ: Վերջին տարիներին նկատում ենք տնտեսական աճի արագ տեմպեր, որոնք արտադրողականության արագ աճի արդյունքն են, ինչն իր հերթին անխուսափելիորեն հանգեցնում է իրական փոխարժեքի թանկացմանը:

Ամբողջ ասվածը նշանակում է, որ տարօրինակ ոչինչ տեղի չի ունենում: Համաշխարհային առեւտրում ճշգրտում է կատարվում ամերիկյան դոլարի իրական փոխարժեքի անկման եւ համապատասխանաբար մնացած երկրների արժույթների իրական փոխարժեքների բարձրացման հաշվին: Կապիտալի շարժունության եւ արդեն դրսից իրական փոխարժեքի թանկացման պայմաններում մոնետար իշխանությունները հնարավորություն ունեն կամ թույլ տալու անվանական փոխարժեքի բարձրացում եւ ապահովելու սղաճի ցածր մակարդակ, կամ էլ թույլատրելու սղաճի բարձր մակարդակ եւ ապահովելու անվանական փոխարժեքի կայունություն:

Գների կայունությունը նախընտրող երկրներում դիտվում է անվանական փոխարժեքի բարձրացում, իսկ փոխարժեքի կայունությունը նախընտրող երկրներում դիտվում է գների աճ: Փորձը նաեւ ցույց է տալիս, որ անհնար է միաժամանակ ապահովել երկու նպատակները. նման քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆինանսական ճգնաժամի: ԱՊՀ երկրների վերջին տարիների փորձը վերոհիշյալ վարկածների փայլուն լուսաբանումն է. ամրագրված փոխարժեք կամ արժույթի փոխարժեքի կառավարելի խիստ ռեժիմ կիրառած փաստորեն բոլոր երկրներում արձանագրվել է գների (սղաճի) բարձր մակարդակ եւ միայն Հայաստանում սղաճի մակարդակը չի գերազանցել ծրագրված ցուցանիշը, եւ մենք ականատես ենք եղել անվանական փոխարժեքի կտրուկ թանկացման:

Այդ ոլորտում ինձ մեծ մասնագետ չեմ համարում, բայց հակված եմ կարծելու, որ անհրաժեշտ է պահպանել գների կայունությունը: Բերեմ մի քանի փաստարկ:

- Փոխարժեքի փոփոխությունը համապատասխան հետեւանքներ ունի հիմնականում արտաքին տնտեսական գործունեությանը մասնակցող տնտեսվարող սուբյեկտների համար, մինչդեռ գների բարձրացումն անդրադառնում է առանց բացառության ամենքի եւ հատկապես բնակչության ամենաաղքատ խավերի վրա:

- Երկարաժամկետ առումով անհնար է ապահովել փոխարժեքի կայունությունը:

- Փոխարժեքն արտաքին անհամամասնությունների կարգավորման ավելի ճկուն գործիք է, քան սղաճը:

- Գների կայունությունն առավել կարեւոր գործոնի դեր է խաղում երկարաժամկետ տնտեսական զարգացման համար, քան կայուն փոխարժեքը:

Ասվածն ամփոփելով ընդգծեմ, որ ազգային արժույթի պլանաչափ, կայուն եւ կանխատեսելի ամրապնդումն ունի մի շարք դրական կողմեր: Այո, այստեղ վեճեր են սկսվում արտահանման-ներմուծման կապակցությամբ: Բայց նախ Հայաստանը վառ արտահայտված արտահանող երկիր չէ: Այո, նա արտարժույթ ստացող է, բայց ոչ թե արտահանման, այլ սփյուռքի հաշվին, ինչը ամենագլխավոր ուղղությունը չէ: իսկ եթե խոսենք ներքին արտադրության զարգացման մասին, ապա ներքին ազգային արժույթի կայունությունը նպաստում է դրա ամրապնդմանը: Ինչ վերաբերում է համատեղելիությանը, անհնար է գների կայունություն ապահովել առանց կայուն ազգային արժույթի: Այսինքն` հարկավոր է պայքարել կամ դոլարի կայունության համար, կամ էլ դրամի կայունության եւ սղաճի թուլացման համար: Ուստի նման գծի համար հարկավոր է միայն երախտապարտ լինել Հայաստանի ԿԲ-ին, որը պարզաբանում է իր քաղաքականությունը: Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ դա կապված է ոչ միայն Կենտրոնական բանկի քաղաքականության, այլեւ դոլարի փոխարժեքի ընդհանուր անկման հետ:

- Հարկավո՞ր է արդյոք պայքարել տնտեսության դոլարացման դեմ: Ի՞նչ քայլեր խորհուրդ կտայիք ձեռնարկել տնտեսության դոլարացման դեմ պայքարելու եւ ազգային արժույթի հանդեպ բնակչության վստահությունը մեծացնելու համար:

- Հայաստանին պե՞տք է արդյոք անկախություն: Եթե այո, ապա դոլարացման դեմ պայքարելն անհրաժեշտ է, քանզի դոլարացման մակարդակի անկումը բարձրացնում է երկրի ֆինանսական անկախության աստիճանը, ապահովում երկրի կայունությունն արտաքին ֆինանսական ցնցումներից: Ավելին, դոլարացման ցածր մակարդակը մոնետար իշխանություններին հնարավորություն է տալիս առավել արդյունավետորեն վարել դրամավարկային քաղաքականությունը:

Ինչպե՞ս պայքարենք դոլարացման դեմ: Առաջին, անհրաժեշտ է հստակ սահմանել, թե որոնք են դոլարացման պատճառներն արտադրական կամ ֆինանսական հատվածում: Ընդսմին, եթե դոլարացման պատճառներն արտադրական հատվածում են, ապա մենք անխուսափելիորեն դոլարացում ենք նկատում նաեւ ֆինանսական հատվածում: Ըստ որում հակառակ պնդումը սխալ է, քանզի ֆինանսական դոլարացումը կարող է լինել բաց տնտեսության օբյեկտիվ արտացոլումը:

Եթե դոլարացման պատճառները թաքնված են արտադրական հատվածում, ապա անհրաժեշտ է մի կողմից ապահովել մակրոտնտեսական կայունություն, տեղական ժամկետով սղաճի ցածր մակարդակ, մյուս կողմից չսահմանափակել անվանական փոխարժեքի տատանումները, ինչը կնվազեցնեի ազգային արժույթի օգտագործման հետ կապված կորուստները եւ կմեծացնի դրանք գործարքների ժամանակ արտարժույթ օգտագործելու դեպքում: Բացի դրանից, ֆինանսական դոլարացման նվազեցման համար անհրաժեշտ է զարգացնել ազգային ֆինանսական շուկաները, ներդնել ազգային արժույթով արտահայտված նոր ֆինանսական գործիքներ, զարգացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան եւ այլն: Տնտեսական սուբյեկտները պետք է այլընտրանք ունենան ազգային արժույթով խնայողություններ գոյացնելու համար:

Հնարավոր է նաեւ դոլարացման դեմ պայքարելիս վարչարարական մեթոդների կիրառումը: Օրինակ, կարելի է օրենսդրականորեն սահմանափակել արտարժույթով կատարվող գործարքների ցանկը կամ սահմանել արտարժույթի կանխիկացման բարձր տոկոսներ եւ այլն: Բայց նման միջոցները պետք է օգտագործվեն շատ զգուշորեն, քանզի տնտեսական անկայունության պայմաններում կիրառվելու դեպքում դրանք կարող են հանգեցնել ֆինանսական ճգնաժամի:

- Ինչպե՞ս եք գնահատում Fitch վարկանիշային գործակալության կողմից ՙBB՚ ինքնիշխան վարկանիշի եւ ՙMoody°s՚ գործակալության կողմից ՙBa2՚ գնահատականի շնորհումը:

- Երկու առաջատար վարկանիշային գործակալությունների վարկանիշի շնորհումը Հայաստանի ընտրած ուղու եւ տնտեսական զարգացման աստիճանի ճշտության եւս մեկ ծանրակו˕ܠհավաստումն է: Այդ փաստն առանձնակի կարեւորություն է ստանում տարածաշրջանային ենթատեքստում: Հարավային Կովկասի երեք հանրապետություններից մինչեւ օրս միայն Հայաստանը չուներ ինքնիշխան վարկանիշ: Բայց հիմա ունի ոչ թե մեկը, այլ` երկուսը: Դա նույնպես հատկանշական է Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է բուն գնահատականներին, դրանք կարելի է համարել դրական եւ հեռանկարային, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դրանք մեկնարկային վարկանիշներ են: Այժմ ամենագլխավորն է ապահովել դրա դրական դինամիկան: Կարծում եմ, դա հնարավոր է, քանզի Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը կայուն է վերջին 10 տարիներին: Բացի դրանից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գնահատումների համաձայն, 2005 թ. արդյունքներով Հայաստանն առաջատար է համարվում ԱՊՀ երկրների մեջ` բարեփոխումների անցկացման գծով:

 

Դիտում՝ 10515
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW