«Փայտփորիկներ»-ը (Woodpeckers) 2014թ. Արցախում հիմնված փայտե խաղալիքների արտադրություն է: Woodpeckers էկո խաղալիքները ձեռքի աշխատանք են եւ պատրաստվում են փայտի երկրորդային հումքից, մասնավորապես՝ խոշոր արտադրամասերի փայտի մնացորդներից՝ այդպիսով չդառնալով ծառահատման պատճառ: Ծրագրի նախաձեռնողները ցանկանում են հիմնել փայտե ձեռագործ իրերի համահայկական արտադրություն, ինչպես նաեւ համախմբել ոլորտի լավագույն մասնագետներին՝ վերջիններիս ապահովելով արտադրություն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմով եւ արտադրանքի սպառման շուկայով: Մեր նպատակը գյուղացուն գյուղում պահելն է«Woodpeckers-ն ինձ համար զուտ արտադրություն չէ, այլ փոքրիկ երազանք, որի իրագործման գաղափարն ունեցել եմ դեռ վաղուց, սակայն իրականացնելուն ուղղված ջանքեր սկսեցի գործադրել միայն ամիսներ առաջ, երբ տեղափոխվեցի Արցախ»,- պատմում է ծրագրի հիմնադիր եւ հեղինակ Աշոտ Մարգարյանը: Աշոտ Մարգարյանը Նա նշում է, որ հիմնական շեշտը դրել են երեխաների տրամաբանությունն ու երեւակայությունը զարգացնելուն ուղղված փայտե խաղալիքների արտադրության վրա:«Հայաստանը նման ոլորտներում ներմուծողից պետք է վերածվի արտահանող երկրի: Նախատեսել ենք ստեղծել ցանց, որի միջոցով արհեստավորները, փայտե խաղալիքների եւ հուշանվերների պատրաստմամբ հետաքրքրվողները միմյանց հետ կհաղորդակցվեն, ինչպես նաեւ իրենց արտադրանքը գյուղից քաղաք ուղարկելու հնարավորություն կունենան: Մեր նպատակը գյուղացուն գյուղում պահելն է՝ նրան ապահովելով հավելյալ եկամտով, որը կգոյանա իր պատրաստած իրերի վաճառքից»,- ասում է Աշոտ Մարգարյանը՝ հավելելով, որ արդյունքում վերջիններս ձեռք կբերեն լրացուցիչ հմտություններ, նոր գործիքներ եւ հաստոցներ, կայուն հավելյալ ֆինանսական եկամուտ եւ ստեղծագործելու հնարավորություն: Woodpeckers-ի հիմնադրի խոսքով, արտադրանքի նախնական մշակումն իրականացվում է անհատ վարպետների կողմից, որից հետո արտադրանքը վերջնական հղկման է ենթարկվում փոքրիկ արտադրամասում: «Այս փուլում երեխաներին հնարավորություն ենք ընձեռում մասնակցել իրերի վերջնական տեսքի մշակմանը: Կարելի է ասել, նրանք դառնում են այն ստեղծագործ ղեկավարները, որոնց պատկերացումները հետագայում հնարավոր է դառնան մեծաքանակ արտադրության հիմքը»,- նշում է Աշոտ Մարգարյանը: Խաղալիքների սպառման աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ՝ Woodpeckers-ը փորձում է Հայաստանի տարբեր շրջաններում հենց տեղում կազմակերպել երկրորդային հումքի ընդունում եւ դրա հիման վրա արտադրության հիմնում: Անդրադառնալով արտադրության ծավալների ավելացման հետ մեկտեղ հնարավոր աշխատատեղերի բացմանը՝ Աշոտ Մարգարյանը պատմում է իրենց իրականացրած պիլոտային ծրագրի մասին, որի արդյունքում պարզ է դարձել, որ շարունակական պահանջարկի դեպքում արտադրական փուլին կարող է մասնակցել մինչեւ 7 աշխատակից: Էկոլոգիապես մաքուր եւ անվնաս Ինչպես վստահեցնում է նախագծի հեղինակը, Woodpeckers խաղալիքները բացարձակ անվնաս են. դրանք պատրաստվում են բնական հումքից, իսկ օգտագործվող ներկանյութերն էկոլոգիապես մաքուր են եւ բարձր որակի: Առկա խաղալիքների տեսականին իր հումքային բաղադրությամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. խաղալիքները չեն պարունակում թունավոր տարրեր, սուր եզրեր, փոքրիկ բեկորներ: Ծրագրի հիմնադիրը նշում է, որ խաղալիքների ամբողջ տեսականին ներկայացված է շուկայականից ցածր գնով: «Չնայած բարձր որակին՝ մենք փորձել են ապահովել մատչելիություն եւ հասանելիություն մեր հայրենակիցների համար: Այն որակապես գերազանցում է ինչպես արեւմտյան հայտնի ընկերությունների, այնպես էլ շուկան հեղեղած անհայտ ծագման խաղալիքներին:Առայժմ արտադրանքի քանակը սահմանափակ է: Առաջիկայում նախատեսում ենք սկսել խաղալիքների զանգվածային արտադրություն: Մեծ ցանկություն ունենք մեր խաղալիքներով ապահովել Հայաստանի բոլոր մանկապարտեզներին եւ նախակրթարաններին, ուստի կողջունեն համագործակցության բոլոր առաջարկները»,- նշում է Աշոտ Մարգարյանը: «Մեր նպատակն է ՀՀ եւ ԼՂՀ բոլոր երեխաներին ապահովել հայկական արտադրության խաղալիքներով, ստեղծել հայրենական արտադրության բրենդ, որն իր արտադրանքն ապահովում է ոչ թե ծառահատումների, այլ փայտի մշակումից առաջացած մնացորդների հաշվին: Այդպիսով՝ բացի մատչելիությունը, բնությանը հարված չի հասցվի»,- ասում է Աշոտ Մարգարյանը; Ծրագրի շրջանակում անապահով երեխաները, մանկատան եւ մի շարք այլ թիրախային խմբեր փուլ առ փուլ ապահովվում են Woodpeckers-ի խաղալիքներով:Պատրաստեց Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 9228