Սիրիահայ գործարար. Հայաստանում բիզնեսով զբաղվելը մեծ ռիսկեր է պարունակում

05.12.2014 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մոտ մեկ ամիս է, ինչ հայկական շուկա են մուտք գործել AVA Shoes բրենդի կոշիկները, որոնց արտադրությամբ զբաղվում են սիրիահայ երիտասարդներ Անդրանիկ Սաֆարը, Վիգէն Տօլմողլյանը եւ Անդօ Էլէյճյանը: Պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված երիտասարդները որոշեցին բիզնեսով զբաղվել եւ հիմնեցին կոշիկի արտադրամաս, որտեղ այսօր 6 վարպետ է աշխատում՝ բոլորը Հայաստանից:

«Հալեպում ունեինք կոշիկի կաղապարի գործարան՝ 3000 քմ տարածք էր զբաղեցնում: Կոշիկի դիզայնով էի զբաղվում, իսկ մոդելներն ուղարկում էի Իտալիա: Արդեն որոշել էինք կոշիկի արտադրություն հիմնել, բայց պատերազմը խանգարեց»,- Banks.am-ին պատմել է ընկերության համահիմնադիր Անդրանիկ Սաֆարը:

2013 թ-ին լքելով Սիրիան՝ նա մոտ 10 ամիս ապրել է Ռուսաստանում, որտեղ բարեկամներից մեկը կոշիկի գործարան ուներ, սակայն խնդիրներ են առաջացել, եւ տեղափոխվել է Հայաստան:

«Այստեղ որոշեցինք կոշիկի արտադրությամբ զբաղվել: Թուրքիայից, որտեղ շատ բարեկամներ ունենք, հումք եւ այլ անհրաժեշտ պարագաներ բերեցինք: Երեւանում կարճ ժամանակ աշխատեցի կոշիկի խանութում՝ շուկայի մասին պատկերացում կազմելու համար: Ապա սկսեցինք արտադրամասը պատրաստել եւ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ մեկնարկել ենք արտադրությունը»,- պատմում է Անդրանիկ Սաֆարը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, դեռ հույս ունեն Սիրիա վերադառնալ: 



Կոշիկների հումքը բերում են Թուրքիայից, քանի որ մյուս տարբերակը՝ Չինաստանը, ավելի ծախսատար է: Ներկայումս բանակցում են կոշիկի խմբաքանակն այլ երկրներ արտահանելու ուղղությամբ: Անդրանիկը եւ իր գործընկերներն արդեն հաջորդ տարվա ընթացքում նպատակ ունեն կոշիկն արտահանել ԵՏՄ շուկա, ինչպես նաեւ մի շարք եվրոպական քաղաքներ:

Ինչ վերաբերում է հայաստանյան շուկային, ապա, Անդրանիկի կարծիքով, այստեղ դժվար է որակյալ կոշիկ գտնել: «Կաշվե կոշիկների միջին գինը տատանվում է 25-50 հազ. դրամի սահմաններում: Հիմա շուկայում կան այլ ընկերությունների կաշվե կոշիկներ, որոնք վաճառվում են 60-70 հազ. դրամով, մինչդեռ այդ նույն որակի կոշիկները մենք կարող ենք վաճառել 40-45 հազարով՝ սեփական խանութ ունենալու պարագայում: Այնպես որ, առաջիկա նպատակներից է սեփական խանութի բացումը, ինչը թույլ կտա ավելի մատչելի գներով որակյալ կոշիկներ վաճառել: Իսկ մարզերում այս որակով եւ գներով մի փոքր դժվար է արտադրանք իրացնել, քանի որ այնտեղ շատերը նախընտրում են էժան գնով ձեռք բերել չինական եւ թուրքական տարբերակները: Իսկ մենք չենք ցանկանում իջեցնել որակը»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է նա:



Անդրանիկը շուտով կրկին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու ցուցահանդեսի: Առիթից օգտվելով՝  նաեւ կոշիկի հումք  կբերի իր հետ: Ասում է, որ թուրքական կողմը հոգացել է օդանավի տոմսի եւ մասնակցության բոլոր ծախսերը, քանի որ տեղյակ է, որ իրենց երկրից նաեւ հումք է բերելու Հայաստան՝ արտադրությունը զարգացնելու համար: Անդրանիկը կարծում է, որ սա արտասահմանցիներին գրավելու եւ հումք վաճառելու շատ լավ ձեւ է:  

Անդրադառնալով Հայաստանում սփյուռքահայերի կողմից բիզնես սկսելու հարցում առկա դժվարություններին՝ Անդրանիկն նշում է առաջին հերթին նման որոշման կայացման դժվարությունը.
 
«Շատերը մինչ օրս միայն որոշում են, սակայն վերջնական քայլեր, այնուամենայնիվ, չեն ձեռնարկում: Ինչ-որ նոր բան սկսելու համար նրանք քաջալերվելու կարիք ունեն: Մեծ է նաեւ շուկայի խնդիրը: Այն հիմնականում կենտրոնացած է Երեւանում, իսկ մարզերը մեկուսացված են գործընթացից: Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա այն պետք է ներառի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլեւ շուկայի լայնացումը: Շատերը փող ունեն, սակայն վախենում են բիզնես սկսել, քանի որ չեն տեսնում այն շուկան, որտեղ կարող է իրացվել իրենց ապրանքը»,- նշում է Անդրանիկը:



Նրա խոսքով, արտադրամասը բացելիս որոշել են վարկ չվերցնել: Հասկանալով, որ մեկ հոգով սկսելու դեպքում ֆինանսական դժվարություններ կառաջանան, միավորվել են երեք ընկերներով եւ սեփական միջոցներով սկսել:

«Այս փուլում վարկերով չենք հետաքրքրվել, ՓՄՁ-ների համար անցկացվող դասընթացների մասնակցեցինք եւ կարող էինք վարկ ստանալ, սակայն որոշեցինք չվերցնել, քանի որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը մեծ ռիսկեր է պարունակում: Որոշեցինք անձական միջոցներով սկսել, որպեսզի հետո որեւէ մեկին պարտք չմնանք: Երբ բիզնեսը ընդլայնելու ժամանակը գա, միգուցե եւ կմտածենք վարկ վերցնելու մասին»,- նշում է նա:

Զրույցի վերջում մեզ միացավ Անդրանիկի հայրը՝ Գեւորգ Սաֆարը, ով նույնպես աշխատում է արտադրամասում: Նրա խոսքով, եկել են այստեղ եւ ցանկանում են օրինակ դառնալ մյուսների համար՝ որպես հայրենիքում պայքարի միջոցով հաջողության հասած սիրիահայեր:



«Այսքան տարի չարչարվելով՝ կառուցեցինք օտար քաղաքներ, եւ դա մեր սխալն էր: Մենք այդ ամենը պետք է Հայրենիքի մեջ անեինք… Բայց երբ արդեն Հայրենիք եկանք՝ այստեղ հաստատվելու ցանկությամբ, հասկացանք, որ պետք է ինչ-որ կերպ ընտանիք պահել: Այո, Հայրենիքը ծնողի պես բան է, այն չի մոռացվում, բայց ընտանիքին կերակրելու կարողությունը եւս անհրաժեշտություն է»,- նշում է Գեւորգ Սաֆարը, հավելելով, որ Սիրիայից Հայաստան եկած շատ հայեր մեկ-երկու տարի դիմացան, ցանկացան ինչ-որ բան ստեղծել, բայց չդիմացան ու հեռացան:

Այնուամենայնիվ, նա համոզված է, որ արդյունքի հասնելու լավագույն միջոցը պայքարելն է:

«Եթե տունդ թողնես եւ դուրս գաս, շատերը կմտնեն քո տուն, բայց եթե այդ տան տերը լինես եւ անգամ սոված լինելու դեպքում նստես այնտեղ ու պայքարես, ոչ մի օտար չի կարողանա ներս թափանցել»,- եզրափակել է նա:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 7412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW