ՀՀԱԱ-ն հանդես է եկել առաջարկություններով՝ ոլորտի օրենսդրական նախագծերի շուրջ

28.04.2014 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) այսօր հանդես է եկել առաջարկություններով՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումներիմասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք Banks.am-ին տրամադրած ՀՀԱԱ-ի  առաջարկությունների ամբողջական տարբերակը:

Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի փաթեթում (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվող նախագծերի վերաբերյալ կազմակերպել է լայն քննարկումներ:

Քննարկումները կազմակերպվել են ՀՀԱԱ խորհրդի անդամների, աուդիտորական, հաշվապահական եւ խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների,  ՀՀԱԱ անդամների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում հնչեցված՝ նախագծերի վերաբերյալ մտահոգությունները, կարծիքները եւ դրանց վերաբերյալ առաջարկություններ ամփոփ ձևով ներկայացվում են ստորեւ.

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծով (այսուհետ՝ նախագիծ) խոշոր կազմակերպությունների համար (որոնց ակտիվները կամ տարեկան շրջանառությունը գերազանցում են մեկ միլիարդ դրամը) հանվում է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը։

Նախագծի ընդունմամբ կտրուկ հետընթաց է կատարվում հաշվապահության եւ աուդիտի ոլորտի պետական քաղաքականության մեջ։ Տարիներ շարունակ Կառավարությունը կարեւորել է անկախ աուդիտի միջոցով բիզնեսի հաշվառման որակի բարձրացման եւ տնտեսության վերաբերյալ արժանահավատ ֆինանսական եւ այլ տեղեկատվության ապահովումը։ 1998 թվականից ի  վեր ՀՀ-ում ներդրվել են մարդկային ու ֆինանսական ահռելի ռեսուրսներ (ներառյալ նաեւ արտաքին դոնորներից)՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի զարգացման նպատակով: Թարգմանվել եւ ներդրվել են ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի ստանդարտները, նշանակալիորեն զարգացել է մասնագիտական կրթության եւ որակավորման համակարգը, մեծացել է պահանջարկը որակյալ ֆինանսական մասնագետների գծով: Պետության կողմից նշանակալի քայլեր են ձեռնարկվել՝ մի կողմից աուդիտորական ծառայությունների որակի բարձրացման (պետական վերահսկողության ուժեղացում, ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման խրախուսում, ինչպիսին է ՀՀԱԱ կողմից պարբերաբար կազմակերպվող եւ անցկացվող աուդիտորական ընկերությունների կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների միջազգային մոնիթորինգը եւ այլն), իսկ մյուս կողմից՝ բիզնեսի կառավարիչների եւ սեփականատերերի կողմից աուդիտի ծառայությունը կարեւորելու եւ նրա արդյունքներից օգտվելու մշակույթ ներդնելու ուղղությամբ։

Այսպես, բոլորովին վերջերս պետության կողմից արժեւորվեցին աուդիտորական ստուգման արդյունքները (եզրակացությունը)` այն դիտարկելով եւս մեկ չափորոշիչ պետական գնումների համար։ Արդյունքում շատ ընկերություններ բարելավեցին իրենց հաշվապահական հաշվառման, ներքին վերահսկողության եւ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ապահովման համակարգերը, ինչը, ինչ խոսք, բիզնեսի եւ տնտեսության համար ընդհանրապես հանդիսանում է դրական հանգամանք եւ նվաճում:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը, մեր կարծիքով, էականորեն կվնասի ընդհանրապես ՀՀ-ում հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների կազմման կարեւորությանը  կհանգեցնի անցանկալի հետեւանքների։ Մասնավորապես.

1. Կազմակերպություններում հաշվապահական հաշվառման, ներքին վերահսկողության համակարգի  միջազգային չափանիշներին համապատասխան արժանահավատ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման տեսակետից հանրապետությունում տեղի կունենա առկա մակարդակի հետնահանջ, եւ կընկնի երկրի ընդհանուր հաշվետվողականության մակարդակը։  Արդյունքում կտրուկ կաճի հաշվառման եւ ֆինանսական տեղեկատվության ներկայացման խեղաթյուրումների ռիսկը, որոնք, ինչ խոսք, բացասաբար կազդեն բիզնեսի կառավարման արդյունավետության, պետական վերահսկողության, ինչպես նաեւ արտաքին շահագրգիռ կողմերի՝ ներդրողների, վարկատուների, փոքրամասնության բաժնետերերի վրա՝ ի վնաս տնտեսության եւ պետական բյուջեի։

2. Զգալիորեն կնվազի որակյալ հաշվապահական հաշվառման, ֆինանսական եւ հարկային խորհրդատվության, ինչպես նաեւ այլ հարակից մասնագիտական ծառայություններից օգտվելու պահանջարկը։ Դա էլ իր հերթին կնվազեցնի որակյալ մասնագետների պահանջարկը, որը կարող է հանգեցնել դեպի արտերկիր նրանց արտահոսքի։ Առկա է աուդիտորական ընկերությունների դաշտի սահմանափակում, որը կարող է հանգեցնել նրանց աշխատակազմի կրճատումների, ներառյալ` միջազգային աուդիտորական ընկերություններում, որոնց ներկայությունը երկրում խիստ կարեւոր է: Նշենք, որ որակյալ մասնագիտական կադրերի առումով ԱՊՀ երկրներում մենք այժմ առաջատարներից ենք, ինչի համար բազմաթիվ տարիների ջանքեր են պահանջվել, եւ մասնագետների արտահոսքից հետո հետագայում շատ դժվար կլինի վերականգնել այդ կարողությունները:

3. Մեր կողմից ընդունելի է այն հանգամանքը, որ որոշ կազմակերպություններ անտեղի են ընկնում պարտադիր աուդիտի պահանջի տակ: Այդ պատճառով 2012թ.-ից Ազգային Ժողով է ներկայացվել նախագիծ, որը բարձրացնում է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների չափորոշիչները:

«Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Այլընտրանքային հարկային ստուգումը»  (այսուհետեւ՝ ԱՀՍ) ընդհանուր առմամբ կարող է դիտվել որպես դրական երեւույթ, եթե այն իսկապես լինի այլընտրանք։  Ոչ մի անձ, կամ հաստատություն, այդ թվում` հարկային գերատեսչությունը (կամ այլ պետական մարմին), ինքն իրեն այլընտրանք չի կարող հանդիսանալ։

Ստացվում է, որ պետությունը, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ), իր բոլոր վարչարարական եւ ազդեցության այլ լծակներով հանդերձ, մտնում է բիզնես ծառայությունների ոլորտ եւ բացահայտ անհավասար պայմաններով մրցակցում հաշվապահական-խորհրդատվական եւ աուդիտորական ընկերությունների հետ։ Ակնհայտ է, որ նախագծում առկա են բազմաթիվ արտոնություններ՝ «այլընտրանքային հարկային ստուգումը» ՊԵԿ-ի կողմից իրականացման դեպքում, որոնք, տրամաբանորեն կբացառեն պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից նմանատիպ ծառայությունների մատուցումը:

Նախագծով, ըստ էության, գրեթե բացառվում է վերստուգումը՝ ԱՀՍ-ի ծառայությունից օգտվելու դեպքում: Ստացվում է, որ կազմակերպությունը կարող է ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չվարել ոչ մի հաշվառում, չներկայացնել կամ ներկայացնել զրոյական կամ ոչ հավաստի հարկային հաշվետվություն, այնուհետեւ հրավիրել ԱՀՍ եւ համապատասխան վճարի դիմաց ապահովագրել իր հարկային պարտավորությունները՝ չվճարելով տուգանքներ։ Ընդ որում, նախկին տուգանքները, որոնց 90%-ը մտնում է ՀՀ պետական բյուջե, այս նախագծով փոխարինում են ԱՀՍ ծառայության վճարին եւ ուղղվում են ՊԵԿ խրախուսման ֆոնդ։

Նախագիծն իր մեջ պարունակում է նաեւ տնտեսության մրցակցային եւ ներդրումային միջավայրի տեսակետից բազմաթիվ այլ կարեւոր ռիսկեր։ Մասնավորապես.

1. Իմաստազրկվում է պատշաճ, միջազգային չափանիշներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու եւ հարկային հաշվառում իրականացնելու, ընթացիկ հարկային հաշվետվություններ պատրաստելու (կարելի է դրանք մոտավոր եւ ձեւական իրականացնել) ընդունված պրակտիկան, փոխարենը՝ որոշակի գումարով այդ ամենն իրականացվում է վերջում՝ բարձր երաշխավորությամբ ապահովագրելով բոլոր նախկին եւ հետագա ռիսկերը։  

2. Պետք է հաշվի առնել, որ ԱՀՍ չի կարող փոխարինել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններին (ինչպես ներկայացված է ՊԵԿ հիմնավորման մեջ), քանի որ դրանց նպատակներն ու ծածկույթը իրարից էականորեն տարբերվում են: Կարեւոր է նաեւ, որ ՀՀ-ն ու ՀՀԱԱ-ն վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում են Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում հաշվապահության եւ աուդիտի դաշտում ընթացող զարգացումներին, իսկ աուդիտի ու հաշվապահության Եվրադիրեկտիվներում պահանջվում է տնտեսության համար կարեւոր խոշոր կազմակերպությունների` աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը: Նաեւ նշենք, որ Մաքսային Միության երկրներում եւս, որին Հայաստանը նպատակադրվել է միանալ, ըստ էության  դարձյալ գործում է խոշոր ընկերությունների արտաքին աուդիտի պահանջ:

3. Տուժում է ՀՀ պետական բյուջեն. նախկին տուգանքները պետական բյուջեի փոխարեն ուղղվում են ՊԵԿ-ի հաշվին՝ ծառայության վճարի տեսքով:

4. Չի շահում բարեխիղճ տնտեսվարողը՝ հայտնվելով բիզնես անհավասար պայմանների մեջ։ Կստացվի, որ այն կազմակերպությունները, որոնք կանցնեն հարկային ստուգումներ, ենթակա են տուգանքների վճարման եւ այլ հարկային ու քրեական պատասխանատվության, իսկ ԱՀՍ-ին մասնակիցներն ազատվում են պատժամիջոցներից (տուգանքներից, վերստուգման դեպքում՝ օրական տույժերից եւ քրեական պատասխանատվությունից): Իսկ փոքր ու միջին բիզնեսը (որի համար 10 մլն դրամը մեծ գումար է) խոշորի նկատմամբ կհայտնվի խիստ անբարենպաստ վիճակում:

Այս ամենի արդյունքում տուժում է հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվետվողականության՝ հաշվառման հաշվառման եւ հաշվետվությունների համակարգը, որն իր հերթին կազդի վերջին տարիներին իրականացվող տնտեսության ակտիվացման եւ ստվերի դեմ պայքարի արդյունավետության վրա: Կտուժեն նաեւ պետական բյուջեն, օրինավոր տնտեսվարողը, մասնագիտական խորհրդատվական դաշտը եւ այլն։

Մենք, որպես պրոֆեսիոնալ մասնագիտական կառույց, հայտնում ենք, որ, մեր կարծիքով, տեղին եւ նպատակահարմար չէ այս երկու օրենքների նախագծերի ընդունումը, միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու հարկային եւ հաշվապահական օրենսդրության նորմերի առավել արդյունավետ դարձնելուն ուղղված ցանկացած նախաձեռնությանը:

Դիտում՝ 2693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai