Ռուսաստանից Հայաստան է բերվել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացք, որի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին այցելել է Երեւանի լոկոմոտիվային դեպո:Նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է էլեկտրագնացքի հնարավորությունները:«Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղեւորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ եւ իջնել վագոններից»,- նշել են նախարարությունում։Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքն ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։Էլեկտրագնացքը ներկայում թեստավորման փուլում է։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։Վերապատրաստում կանցնեն նաեւ մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով եւ վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:Նախարարությունում նշել են, որ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարության միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Tweet Դիտում՝ 8898