ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն մատուցող տաքսիների որակը չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին։ Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություններ մատուցողների հետ, ինչպես նաեւ քննարկել Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղիների արդիականացման հնարավորությունը։ ՀՀ ոստիկանապետին առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում փորձել բացահայտել առանց լիցենզիայի գործող տաքսիների վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումները, կիրառել դրանց կանխարգելմանն ուղղված պատասխանատվության կոշտ միջոցներ։ «Չսափրված, հողաթափերով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ բերող-ցույց տվող ու տարբեր տարիֆներ կիրառող վարորդների մասին բոլորս գիտենք»,- ասել է վարչապետը՝ կոչ անելով տաքսիների լիցենզիայի տրամադրման ժամանակ կարեւորել նաեւ վարորդի տեսքն ու ուղեւորի հետ պահվածքի հարցը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ նշել է, որ տարիներ շարունակ բարձրացնում են այդ խնդիրը. «Չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված կամ նարկոդիսպանսերում հաշվառված անձիք լիցենզիա չստանան։ Հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»,- ասել է ոստիկանապետը։ Կարեն Կարապետյանը տրանսպորտի նախարարին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին: «Մենք չպետք է խոչընդոտենք բիզնեսին, բայց պետք է նաեւ հսկողություն լինի, դրվեն հայտանիշեր, թե ինչպիսին պետք է լինի նման ծառայություն մատուցողը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 3788