ՀՀ-ում գյուղմթերքի արտահանումը կոորդինացնող կառույց կստեղծվի

07.06.2017 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոբերտ Մակարյան #գյուղատնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ասել է, որ առաջիկայում Հայաստանում կստեղծվի գյուղմթերքի արտահանումը կոորդինացնող կառույց կստեղծի:

Լրագրողների հետ հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է, որ կառույցն իր վրա կվերցնի կայացման փուլում գտնվող ՓՄՁ-ների արտադրանքի իրացման ամբողջ արժեշղթան:

«Կառույցի ստեղծման նպատակն է աջակցել գյուղոլորտի՝ դեռեւս չկայացած ընկերություններին համապատասխանեցնել իրենց արտադրանքի որակը միջազգային ստանդարտներին, կազմակերպել լոգիստիկան, մարքեթինգը, օժանդակել մաքսային եւ իրացմանն առնչվող մյուս գործընթացների իրականացմանը: Նախատեսվում է այս ընկերությունների արտադրանքն արտահանել մեկ հովանոցային բրենդի ներքո. արտադրանքի վրա մակնշվելու է արտադրող կազմակերպությունը, սակայն բրենդը լինելու է միասնական»,- նշել է նա:

Ռոբերտ Մակարյանի խոսքով՝  ՓՄՁ-ների համար արտահանման կազմակերպումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչեւ նրանք «որոշակիորեն կկայանան եւ ի վիճակի կլինեն ինքնուրույն լուծել իրենց վաճառքի խնդիրները»: Պիլոտային ծրագրի մեկնարկն ակնկալվում է այս տարի:

Անդրադառնալով արդեն մեկնարկած՝ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ներկայում իրենք համագործակցում են երեք կազմակերպությունների հետ՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, «Ագբա Լիզինգ»-ն ու «Քարդ Ագրոսերվիս» ՓԲԸ-ն:

«Ծրագրի շրջանակում «ՓՄՁ ներդրումներ»-ն այսօրվա դրությամբ վաճառել է շուրջ 110 մլն դրամի տեխնիկա, 149 մլն դրամի հայտեր էլ հաստատված են եւ ուսումնասիրության փուլում են: Բացի այդ, լիզինգի համար ներկայացվել է 2 խոշոր ծրագիր՝ 150 մլն դրամ եւ 200 մլն դրամ արժողությամբ: Միաժամանակ, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում եւ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերում գտնվում են 35 լիզինգային հայտեր՝ շուրջ 750 մլն դրամ արժողությամբ: «Ագբա Լիզինգ»-ն ու «Քարդ Ագրոսերվիս» ՓԲԸ-ն տրամադրել են գյուղտեխնիկայի ձեռքբերման երեքական լիզինգ»,- նշել է փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ «Սպայկա» ընկերությունը ձեռնարկել է խոշորամասշտաբ «Արմզոն» ծրագիրը՝ էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում եւ մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրանց ընտրած հայկական ապրանքատեսակները:

Փոխնախարարը նաեւ խոսել է վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսություններին  2015-2016 թթ.  մթերված պտուղ- բանջարեղենի եւ խաղողի դիմաց ունեցած պարտքերի մասին՝ նշելով, որ դրանց մեծ մասն արդեն իսկ մարվել է: Մնացած 187 մլն դրամը գրեթե ամբողջությամբ կմարվի առաջիկա մեկ-երկու շաբաթում:

Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ հետագայում այս խնդիրից խուսափելու համար նախարարությունը քննարկում է վերամշակող կազմակերպություններին արտոնյալ պայմաններով մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:

Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, արդեն կբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի տոնավաճառը:
Դիտում՝ 3107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW