ՀՀ Կենտրոնական բանկը, գործակցելով մի շարք ֆինանսական կառույցների հետ, հայտարարել է «Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի մեկնարկը, որը կանցկացվի մինչեւ մայիսի 19-ը:Ամենամյա այս ծրագիրը, որն անցկացվում է արդեն 4-րդ տարին, նպատակ ունի հասարակության շրջանում կարեւորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ բարձրացնել ֆինանսական կրթման մակարդակը:ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է Երեւանի եւ մարզերի բնակիչների համար, թիրախում տարբեր մասագիտություններ ունեցող անձիք են՝ աշակերտներ, ուսանողներ, կանայք, ուսուցիչներ եւ այլն:«Մեզ համար կարեւոր է գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ եւ գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հասարակության լայն շրջանակում բարձրացնելու համար, հետեւաբար այս տարի եւս իրականացվում են ինչպես հասարակության կողմից արդեն սիրված, այնպես էլ նոր միջոցառումներ»,- ընդգծել է Արմենուհի Մկրտչյանը:ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն էլ նշել է, որ ծրագրի միջոցառումներն ուղղված են լինելու գիտելիքների եւ հմտությունների ուժեղացմանը, օրինակ` ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր եւ ում դիմել իրավունքների պաշտպանության համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից:Նա կարեւորել է ֆինանսական կազմակերպությունների դերը ծրագրում` նշելով, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությունն ավելի հստակ պատկերացում կազմի ֆինանսական կառույցների եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ, լուսանկարչական, նկարչական, ինֆոգրաֆիկական եւ վերամշակման մրցույթներ, ֆինանսական շրջագայություն:Ծրագրի գործընկերների թվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն, Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ եւ այլ կառույցներ: Tweet Դիտում՝ 2601