«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը հայտարարել է Մոսկվա-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երկաթուղային եւ լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։Մասնավորապես, մինչեւ այս տարվա հունվար գործող սակագների համեմատ դրանք կնվազեն 32-35%-ով, իսկ Երեւան-Մոսկվա ուղղությամբ` մինչեւ 52-54%-ով` կախված բեռի տեսակից: Այդուհանդերձ, որոշ բեռնատեսակների համար փոխադրման սակագները կմնան անփոփոխ:Ինչպես ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին փոխանցել է ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական եւ ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով տարատեսակ բեռների փոխադրման սակագների համար ստացվել են նվազեցնող գործակիցներ։«Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը եւ նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ մարտի 13-ին գործնական ուժ կստանան նաեւ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները»,- նշել է Սերգեյ Վալկոն։Նախարարությունում ընդգծել են, որ երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլեւ «այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղուն»:«Երկաթուղային եւ լաստանավային փոխադրումներն առավել արդյունավետ են այն տեսանկյունից, որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլայինին: Արտահանման եւ ներմուծման համար ծախսվող ֆինանսների խնայման արդյունքում կկրճատվի նաեւ փոխադրվող բեռի` ապրանքների վերջնական արժեքը, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաեւ այդ ապրանքատեսակների գնագոյացման եւ ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2866